Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սեւանա լիճը կարող ենք փրկել «ծաղկումից»

Եթե, իհարկե, սարքի նմուշը արտադրության վերածվի

Դեկտեմբերի 8, 2022
Հանրապետություն
Սեւանն այս տարի էլ, հավանաբար, «կծաղկի»
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
715
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեւանա լիճը ճահճացումից փրկելու ձեւը գտնված է. նորարարությունը հայ գիտնականները կփորձարկեն հաջորդ տարի։ Այս մասին հայտնեցինք 2021 թ.։ 2022-ին կարող ենք հավելել. նորարարությունը փորձարկվել եւ արդյունք տվել է։

Փորձենք հնարավորինս ոչ գիտական տերմինաբանությամբ բացատրել՝ ինչի մասին է խոսքը։ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնը եւ «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք էին ստեղծում, որի օգնությամբ Սեւանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները պետք է մաքրեին լրացուցիչ օրգանական նյութերից։ Եթե ավելի պարզ, ապա՝ հայ գիտնականները ազգային հարստություն համարվող Սեւանա լիճը ճահճացումից փրկելու դեղատոմս էին առաջարկել։

2020-ից հետազոտվում են Սեւանա լճի ջրի ծաղկման մեխանիզմները, մշակվում է կապտականաչ ջրիմուռներից ջրերի մաքրման նպատակով Հայաստանի ցեոլիտների օգտագործման մեթոդաբանությունը, կատարվում է մաքրման ընթացքում ջրի բաղադրության վրա ցեոլիտների ազդեցության գնահատում։ Գիտական կազմակերպությունները լճից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների հեռացման համար աշխատում էին ստեղծել էժան եւ անվնաս կլանիչներ, որոնց շարքին են դասվում նաեւ բնական ադսորբենտներն ու բնական  պոլիմերները: Հայտնի է, որ Հայաստանը հարուստ է բնական ադսորբենտների հանքային պաշարներով՝ ցեոլիտներ, դիատոմիտներ, պեռլիտներ, կավեր եւ այլն: Որպես ադսորբենտ՝ օգտագործվել են ցեոլիտները, որոնք բնական միներալներ են՝ կազմված  սիլիցիումի, ալյումինի եւ թթվածնի ատոմներից: Ընտրված սորբենտի ազդեցության տակ 10 րոպեի ընթացքում մանրէների քանակը նվազել է 300 անգամ։ Փորձեր էին արվում սորբենտի ազդեցության արագությունը մեծացնելու ուղղությամբ։ Հենց այս ցեոլիտների օգնությամբ մոդելային սարքի միջոցով Սեւանա լճից պետք է կլանվեին լճի համար վնասակար  միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները:

Դեռ նախորդ տարի մեզ հետ զրույցում ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը պարզաբանեց, որ Գիտության պետական կոմիտեի կողմից իրենք նպատակային ֆինանսավորում են ստացել Սեւանա լճի ծաղկման երեւույթների դեմ պայքարելու մեխանիզմներ մշակելու համար։ Աշխատանքներն իրականացվել են մի քանի ուղղությամբ։ Նպատակն էր ստանալ մի սարք, որի օգտագործան դեպքում հնարավոր կլիներ Սեւանա լիճը մաքրել կապտականաչ ջրիմուռներից։ «Աշխատանքի բոլոր փուլերն իրականացված են, մենք հասել ենք այն փուլին, երբ արդեն ստեղծված է մոդելային սարքի նախագիծը, եւ սարքը  պատրաստման ընթացքում է։ Ադսորբենտը բավական բարձր մակարդակով ակտիվացված է, կարողանում է կլանել եւ՛ օրգանական նյութերը, եւ՛ ծաղկած ջրիմուռները։ Հիդրոքիմիական հետազոտությունները կանոնավոր արվում են, եւ գենետիկական հետազոտությունները նույնպես շարունակվում են։ Աշխատանքները շարունակական փուլում են»։

Տեղեկացնենք, որ նախագիծը ստանալու ընթացքում խնդիրներ են ծագել. բարձր գին են առաջարկել այն կազմելու համար։ Գիտնականները ստիպված դիմել են Ռուսաստանի գործընկերներին։ Ի դեպ, «ծաղկումից» մաքրման ճապոնական արդյունավետ սարքեր կան, որոնք, բնականաբար, իրենց նյութերի հիմամբ են աշխատում։ Սակայն  մեր ադսորբենտները ոչնչով չեն զիջում։ Ինչեւէ, մեր սարքի համար օգտվեցինք հենց մեր ադսորբենտներից։ Դրանք արհեստական ծագում չունեն, բնական են։

Հիմա արդեն կարող ենք փաստել՝ ցիանոբակտերիաներից ջուրը մաքրող սարքի փորձարկումը Սեւանա լճում դրական արդյունք է տվել։ Ջրի «ծաղկումը» ջրային էկոհամակարգերում կենսածին տարրերի առատության եւ նպաստավոր ջերմաստիճանային պայմաններում պլանկտոնային ջրիմուռների բուռն աճն է, ինչի հետեւանքով ջրի որակը վատանում է։ Խնդիրն առավել բարդանում է, երբ «ծաղկումը» կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաներն են առաջացնում։ Որովհետեւ սրանք ջրային միջավայր են արտանետում թունավոր նյութեր՝ սպառնալով թե՛ մարդու, թե՛ կենդանիների առողջությանը: Ջրիմուռների քայքայման ընթացքում թթվածնային պայմանները վատանում են եւ, հասկանալի է, խախտվում է էկոհամակարգի բնական վիճակը: 2018-ից լճում ջրիմուռների բուռն աճ եղավ. լիճը «ծաղկեց» Anabaena ցեղի կապտականաչ ջրիմուռներով: «Ծաղկման» երեւույթները շարունակվում են։

Շատերս չենք էլ պատկերացնում, որ այդ ջրիմուռները չեն ծաղկում, այսինքն՝ բառի բուն իմաստով՝ ծաղիկ չեն տալիս։ Ավելին՝ մասնագիտական գրականությունը հուշում է, որ այդ կապտականաչ ջրիմուռներ ասվածն իրականում ջրիմուռներ էլ չեն, բակտերիաներ են: Ջրիմուռներ ենք ասում, որովհետեւ այդ բակտերիաները կպչում են իրար, կալոնաներ են առաջացնում, ջրիմուռի նման են, դրա համար ենք ասում ջրիմուռ: «Ծաղկումից» հետո դրանք մահանում են, իջնում ջրի հատակը՝ ստեղծելով օրգանական նյութի ավելցուկ: Եվ այս ավելցուկը հաջորդ տարի, երբ գալիս են նորերը, այդ նորերի բազմացման համար է՛լ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում: Այսինքն՝ ինչքան մենք ծաղկում ենք ունենում, հաջորդ տարի այդ ծաղկումն ավելի ծաղկուն է լինում։ Այդ կապտականաչ ջրիմուռներին երբեմն անվանում են նաեւ ցիանոբակտերիաներ։ Հայտնի է մոտ 2000, ՀՀ-ում՝ 160 տեսակ՝ նոստոկ (Nostoc), անաբենա (Anabaena), սպիրուլինա (Spirulina), օսցիլատորիա (Oscillatoria) եւ այլն: Սեւանա լճում անաբենա ցեղի տեսակներն են։ Եվ այս անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռներ ասվածը լճում առաջին անգամ նկատվել է դեռ նախորդ դարի 40-ականներին, բայց ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թ.։ Հետո տարբեր տարիների կրկնվել են տարբեր ծավալներով։ 1976-1978 թթ. ամենաբուռն ծաղկումն է եղել. այդ տարիներին լճի մակարդակը շատ էին իջեցրել։ 2000-ականներին լճի մակարդակը մի քանի տարի շարունակ բարձրացավ, եւ այդ խնդիրը չունեցանք։ Հետո կրկին ծաղկում եղավ, որովհետեւ լճի մակարդակի իջեցում գրանցվեց։ Մեծ ծավալով ծաղկում եղավ մեկ էլ 2018 թ. եւ շարունակվեց։ Ինչ վերաբերում է այս անաբենա ցեղին (մասնագիտական՝ anabaena), ապա հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։

«Ծաղկման» երեւույթների դեմ պայքարելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության պետական կոմիտեի աջակցությամբ 2020-ից սկսվել են «Սեւանա լճի էվտրոֆացման մեխանիզմների հետազոտում, «ծաղկման»  երեւույթների բացահայտում եւ վերջինիս դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրի աշխատանքները, որոնց մասնակցում են վերոհիշյալ գիտական կենտրոնի, ինստիտուտի եւ ընկերության աշխատակիցները։ Ծրագրի գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը, ով  ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահն է։

«Կարո՞ղ ենք ասել, որ գոնե այս՝ Սեւանը «ծաղկումից» փրկելու խնդրի լուծումը գտնված է». երեկ մեր այս հարցին ի պատասխան Բարդուխ Գաբրիելյանը պարզաբանեց, որ խնդրի լուծումը գտնված է, բայց խնդիրը լուծված չէ, որովհետեւ «այո՛, սարքը փորձարկել ենք, այո՛, աշխատում է, գործում է, այո՛, արդյունավետ է գործում, բայց այն ընդամենը նմուշ է, փորձարարական մոդել, իրական արդյունքի, այսինքն՝ խնդիրը լուծելու համար պետք է մտնի արտադրական փուլ։ Հասկանալի է՝ մենք ամեն կերպ կաջակցենք արտադրողին, բայց արտադրողը մենք չենք, մենք սարքը ստեղծողն ու փորձարկողն ենք, եւ մեր աշխատանքն արդյունք տվել է»։ Որպեսզի փորձարարական նմուշը նմուշ չմնա, անհրաժեշտ է գումար։ Սեւանը փրկելու համար կտա՞ պետությունը այդ գումարը, ընթացքը ցույց կտա։

ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ Սեւանա լճում «ծաղկում» առաջացնում է հիմնականում Dolichospermum/Anabaena flos-aquae տեսակի ցիանոբակտերիան։ Լիճքի դիտակետի նմուշներում հայտնաբերվել են նաեւ Anabaena flos-aquae տեսակի հետերոցիստներ, որոնց քանակը մեկ լիտրում հավասարվել է մոտ 500000 բջջի։ Ակտիվացված ցեոլիտներով ջրի մաքրում իրականացնելուց հետո լճի ջրում Anabaena flos-aquae  տեսակի ջրիմուռների բջիջներ կամ հետերոցիստներ չեն հայտնաբերվել։ Լճի ջրի գենաթունային եւ կանցերոգեն հատկությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «ծաղկման» շրջանում լճի ջրում նկատվում է գենետիկական ազդեցության մակարդակի զգալի աճ, գրանցվում է ամենաբարձր ռեցեսիվ մուտացիաների հաճախականություն, իսկ «ծաղկման» շրջանից հետո գենետիկական ազդեցության մակարդակն զգալիորեն նվազում է: Գիտնականներն օգտագործել են գենետիկական տեստ մարկերներ ցեոլիտի մաքրման արդյունավետությունը գնահատելու համար։ Ցեոլիտով մշակված ջրի նմուշներում նկատվել է ուսումնասիրվող գենետիկական թեստ-մարկերների մակարդակի նվազում՝ չմշակված տարբերակների համեմատ։ ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի հետ համատեղ կիրառվել են Tradescanrtia (clon 02) բույսի երկու թեստ համակարգեր, ինչի արդյունքում ստացված տվյալները վկայում են, որ լճի «ծաղկման» ժամանակ ցեոլիտի օգտագործումը որպես բնական սորբենտ նպատակահարմար է լճի ջրի թունավորման մակարդակի նվազեցման համար:

Գիտնականների խումբը Սեւանա լճում փորձարկել է ջուրը կապտականաչ ջրիմուռներից՝ ցիանոբակտերիաներից մաքրող մոդելային սարքը: Ցեոլիտների օգնությամբ (մենք ցեոլիտի հարուստ պաշարներ ունենք,- Ա. Մ.) մոդելային սարքի միջոցով Լիճքի հատվածում լճից կլանվել են վնասակար  միկրոօրգանիզմներ, միկրոջրիմուռներ, ցիանոբակտերիաներ: Փորձարկումն արվել է 2022 թ. հուլիսին՝ Սեւանա լճի «ծաղկման» երեւույթների դրսեւորման ընթացքում: Սարքի ստեղծման համար հիմք են ծառայել ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունները, որոնք կատարվել են Սեւանա լճի Լճաշենի, Նորաշենի, Լիճքի լճախորշերում (այստեղ գրանցվել էին լճի ջրի «ծաղկման» առավել ինտենսիվ երեւույթներ)։

Միով բանիվ՝ Սեւանը «ծաղկումից» մաքրելու խնդրի լուծումը գտնված է։ Երբ լուծումը կա, այն չկիրառելը արդարացում չի ունենա։ Քանզի  Սեւանը մեր ազգային հարստությունն է, եւ այն փրկելու համար գումարներ ծախսելն արդարացված է։

Թեգեր: էկոմիջավայրջուրՍեւան
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Համագործակցում են Արցախի կառավարությունը եւ ՀԲԸՄ-ն

Համագործակցում են Արցախի կառավարությունը եւ ՀԲԸՄ-ն

Թուրքիան կաշխատի «Թուրքական հոսքի» մրցակցի հետ

Թուրքիան կաշխատի «Թուրքական հոսքի» մրցակցի հետ

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist