Ցեղասպանությունների կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաները մի շարք մարտահրավերներ են առաջ բերում մարդկության համար, բայց միեւնույն ժամանակ տեխնոլոգիաները, մասնավորապես թվային տեխնոլոգիաները դրական հնարավորություններ են ընձեռում՝ խթանելու կայուն խաղաղություն եւ անվտանգություն։ Ցեղասպանությունները պատահական չեն լինում, դրանք հաճախ սկսվում են ատելության խոսքից, որոնք առավել լայն տարածում են ստանում հատկապես սոցիալական հարթակների օգնությամբ։
Մատենադարանում երեկ մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման խնդրին։ Երկօրյա ֆորումի շրջանակներում անդրադարձ է կատարվելու ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին եւ հեռանկարներին: Միջոցառումը կազմակերպվում է ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի աջակցությամբ եւ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի եւ Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) հետ սերտ համագործակցությամբ:
Ֆորումի լիագումար նիստի բացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ թեեւ ՀՀ ներկայացուցիչներն ընդգծում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, բայց այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը եւ վտանգը դիտարկվում են որպես հրատապ կանխարգելման երեւույթ մեր տարածաշրջանում։ «Թվում էր, թե 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմներ Լեռնային Ղարաբաղի հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց, ցավոք, հետագայում քայլ-քայլ մենք տեսանք եւ շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական»,- ասաց նա՝ անդրադառնալով ցեղասպանության իրական սպառնալիքի մասին Արցախից եկող ահազանգերին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով, 2020 թ. ագրեսիվ պատերազմի հետեւանքները մինչեւ օրս հաղթահարված չեն. «Ավելին՝ նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին եւ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետեւանքով տեղի ունեցան մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, սեփականության, գերիների հետ վարվելակերպի: Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչեւ այս պահը վերացված չեն»։ Միրզոյանը նկատեց, որ 21-րդ դարն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վրա:
Քինի պետական քոլեջի Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի պատվավոր վարիչ, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորջիի խոսքով, ցեղասպանության բոլոր դեպքերը պետք է ճանաչվեն միջազգային մակարդակով եւ հատկապես ցեղասպանություն իրականացրած պետությունների կողմից։ Նա հիշեցրեց, որ համաժողովը Երեւանում անցկացվում է այն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած է հարեւան երկրների կողմից նոր ցեղասպանության սպառնալիքների առաջ, ինչպես նաեւ վկայում է Հայաստանի՝ հումանիստական ավանդույթների առաջնորդությունը ստանձնելու պատասխանատվությունը՝ ստեղծելու մի աշխարհ, որտեղ չկա ցեղասպանություն։ Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորջին կարծիք հայտնեց, որ ամենահզոր գործիքը, որն այժմ ունեն՝ դիվանագիտական ճնշումն է Թուրքիայի վրա։ «Մինչ այժմ բավարար դիվանագիտական ճնշում չի գործադրվել Թուրքիայի վրա ցեղասպանությունը ճանաչելու համար։ Դա պայմանավորված է Թուրքիայի շատ կարեւոր աշխարհառազմավարական դիրքով եւ այն հզորությամբ, որը նա ունի աշխարհում եւ հատկապես ՆԱՏՕ-ում»,- հավելեց նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն նշեց, որ դեկտեմբերի 9-ը մեզ հիշեցնում է ոչ միայն անցյալում տեղի ունեցած դեպքերի մասին, այլեւ որոշ գործողությունների, որոնք կարելի էր կանխարգելել։ Ցավոք, տեսնում ենք, որ ցեղասպանական գործողություններ տեղի են ունեցել անգամ գիտակցության բարձրացման պարագայում, իսկ ռիսկի գործոններին չպատասխանելը, համարժեք չարձագանքելը թույլ են տալիս, որ ցեղասպանական գործողությունները դեռեւս տեղի ունենան եւ զոհերի թիվը աճի։ «Տեխնոլոգիաները կարեւոր դեր են խաղում սոցիալական ներգրավվածության բարձրացման եւ ամբողջ աշխարհում մարդկանց միավորելու գործում։ Միեւնույն ժամանակ ավելի հեշտ է արագացնել վայրագությունների կանխարգելումը, որն ուժեղացնող ազդեցություն է ունենում հենց տեխնոլոգիաների շնորհիվ։ Նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռում, օրինակ՝ կյանք փրկող սարքերի հնարավորություն, ավելի հասանելի տեղեկատվություն եւ այլն,- ասաց նա, ապա շարունակեց,- սոցիալական մեդիայի ընդլայնումն առանց բովանդակության վերահսկման կարող է հանգեցնել առցանց ատելության խոսքի տարածմանը, խտրականության, թշնամանքի, բռնության ուժեղացմանը։ Ատելության խոսքի դեմ պայքարը պետք է լինի բոլորիս համախմբված գործը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները։ Եթե չկանխարգելվեն ատելության խոսքն ու ատելության հռետորաբանությունը, ապա դա վտանգի տակ կդնի մարդկանց կյանքը, նաեւ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»։
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS) նախագահ, միջազգային իրավունքի դոցենտ Մելանի Օ՚Բրայենն անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելման հարցում գիտնականների դերակատարությանը։ Նրա խոսքով, իմանալով, թե ինչպես են տեղի ունենում ցեղասպանությունները, մարդկությունը դրանք կանխարգելելու հնարավորություն է ունենում։ Նոր տեխնոլոգիաները օրինակ հեշտացնում են մարդկանց նույնականացման հարցը զանգվածային սպանությունների պարագայում։ Գիտնականների հետազոտությունները կարող են նաեւ կիրառական նշանակություն ունենալ հանցագործներին հետապնդելու եւ պատժելու համար։
Հունաստանի Հանրապետության կրթության եւ կրոնի հարցերի փոխնախարար, միջազգային իրավունքի եւ արտաքին քաղաքականության դոցենտ Անգելոս Սիրիգոսը նկատեց, որ խմբային ինքնության վերացումը, եթե անգամ անհատները կարողանում են վերապրել, չի վերացնում գործած հանցագործության ամբողջ պատասխանատվությունը։ Նա համեմատություն անցկացրեց Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ՝ ընդգծելով, որ հնարավոր չէ պատկերացնել, թե Գերմանիայի կառավարությունը կաջակցի կամ կխրախուսի ատելության խոսք եւ այլատյացություն քարոզող որեւէ կազմակերպության կամ անհատների, մինչդեռ Թուրքիայում ազատորեն գործում են նման կազմակերպություններ։ Միրիգոսը նաեւ հիշեցրեց, որ Թուրքիան այն երկիրն է, որը զենք է առաջարկել Ադրբեջանին կռվելու Արցախի դեմ։ Խնդրի լուծման հիմքում նա տեսնում է կրթությունը, երբ հնարավոր կլինի առերեսվել սեփական պատմությանը եւ պատրաստ լինել ընդունելու, որ պապդ կամ հայրդ մասնակցել է մեկ այլ ազգի բնաջնջմանը։ «Ցեղասպանությունը կործանարար է ամբողջ աշխարհի համար։ Այն աշխարհի վերջն է»,- եզրափակեց նա։
Այսօրվա նիստի առաջին քննարկումը նվիրված է «Նոր տեխնոլոգիաները եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման եւ հետցեղասպանական վերականգնման համատեքստում» թեմային։ Նիստի ընթացքում քննարկվելու են մշակութային ժառանգության եւ կրոնական վայրերի միտումնավոր ոչնչացման օրինակներ՝ ուղղված կոնկրետ թիրախային խմբի պատմությունը ոչնչացնելուն, նրա ինքնությունը խաթարելուն եւ ջնջելուն: Այն կանդրադառնա կրոնական եւ էթնիկ խմբերի մշակութային ժառանգության պաշտպանության, պահպանման եւ վերականգնման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման խնդրին եւ դրանց՝ միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ամրապնդման, խաղաղաշինության գործընթացների խթանման եւ հետցեղասպանական հաշտեցման նախաձեռնությունների հարցում ունեցած դերին։
Ֆորումը կեզրափակվի համատեղ գործողությունների մասին հռչակագրի ընդունմամբ՝ առաջադեմ տեխնոլոգիաների ներուժը ցեղասպանության եւ այլ դաժան հանցագործությունների վաղ նախազգուշացման եւ կանխարգելման համար օգտագործելու վերաբերյալ:
Հատկանշական է, որ մինչ Երեւանում անցկացվում է ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային ֆորումը, Ադրբեջանը շարունակում է Արցախի էթնիկ զտման ու հայերի հայրենազրկման քաղաքականությունը։ Երեկ ադրբեջանական կողմը կեղծ ու մտացածին պատճառաբանություններով արդեն երկրորդ անգամ փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նման քայլը որակել է «աննախադեպ մարտահրավեր պետության ու ժողովրդի համար»՝ կոչ անելով ամբողջ հասարակությանը «համախմբվել ու հանգստություն ցուցաբերել»։ Արցախի նախագահը կարեւորել է նաեւ միջազգային հանրության այլ դերակատարների անելիքները՝ ընդգծելով՝ «ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, եւ Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման»: Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը՝ հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Ինչպես իրավացիորեն նշում են ֆորումի մասնակիցները, ամեն ինչ սկսվում է ատելության խոսքից, որը համարվում է բռնության շատ լուրջ ազդակ։ Ցեղասպանական գործողությունների, թշնամանքի, բռնության եւ ատելության բոլոր ձեւերն ու դրսեւորումները կարելի է արձանագրել Ադրբեջանի կողմից հայության եւ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի դեմ տարվող քաղաքականության համատեքստում։ Սահմաններ չճանաչող ատելության խոսքն ու թշնամանքը թեեւ հնարավոր չէ կանխարգելել միայն խոսքով, սակայն պետք չէ թերագնահատել նաեւ միջազգային հանրության, գիտական, քաղաքական շրջանակների, միջազգային տարբեր հարթակների կոշտ արձագանքը։
Հավելենք նաեւ, որ 4-րդ գլոբալ ֆորումը նաեւ նվիրված է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը եւ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ին, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2015 թ. սեպտեմբերի 11-ի 69/323 թվակիր բանաձեւում։ Բանաձեւը նախաձեռնել էր Հայաստանը՝ հիմնվելով իր իսկ հեղինակած ցեղասպանության կանխարգելման մասին բանաձեւի վրա, որը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015 թ.։