Խոսակցական հայերենում հաճախ ենք գործածում «աստառ» բառը։ Դարձվածքն էլ կա՝ «Երես տվինք, աստառ ուզեց»։ Տարբեր բառարաններում՝ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» (Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երեւան, 1969), «Արդի հայերենի բացատրական բառարան» (Է. Աղայան, «Հայաստան» հրատարակչություն, 1976), «Հայոց լեզուի նոր բառարան» (Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան, Պէյրութ, 1992), «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան» (Ա. Սուքիասյան, ԵՊՀ, Երեւան, 2009) եւ այլն, «աստառի» բացատրությունը ներկայացված է իբրեւ՝ 1. հագուստի ներսի կողմը կարված կտոր, 2. գործի ներքին՝ գաղտնի հանգամանք, պատճառ, հիմք։
Բառն էլ, դարձվածքն էլ իսկը հայ-թյուրքական հարաբերությունների հակիրճ բնութագիրն են՝ հենց երես ենք տալիս, աստառն էլ հետն են ուզում։ Այսպես է եղել պատմության շրջափուլերում, այսպես է հիմա։ Երկկողմ պարագայում երեսն էլ, աստառն էլ լավ տեսանելի են, չկա ոչ մի ներքին, գաղտնի հանգամանք։ Հենց Երեւանն ասաց, որ պատրաստ է խաղաղության, Անկարան ու Բաքուն չթաքցրին իրենց նպատակը՝ ամբողջը վերցնելու, հայաջինջ քաղաքականությունը շարունակելու, իրականում պատերազմ, ոչ թե խաղաղություն ուզելու։
Մեր խնդիրը թշնամուն երես չտալու համար աստառն էլ մեզ մոտ պահելն է։ Մեր «աստառը» հզոր տնտեսություն ունենալն է, որ մեզ իրապես երես կտա խաղաղություն չհայցելու, պատերազմին բոլոր առումներով պատրաստ լինելու՝ հոգեբանականից սկսած, տնտեսականով շարունակած եւ քաղաքականով ավարտած։ Հակառակ պարագան հենց նշյալ հայցն է, որ իրականում մշտապես նոր պատերազմի սպառնալիք է մեզ համար։
Թուրքիայի նախկին վարչապետ եւ արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն թուրք լրագրող Մուրադ Յեթքինի հետ զրույցում, մատնանշելով հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, ասել է. «Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Ադրբեջանը բռնազավթված իր տարածքների մի զգալի հատվածը նաեւ Թուրքիայի աջակցությամբ է վերադարձրել։ Հայաստանն ունի քաղաքական եւ տնտեսական խնդիրներ։ Պայմանները հարմար են, որպեսզի Թուրքիան կարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է» («Էրմենիհաբեր»)։
Ուշադրություն դարձնենք՝ «Հայաստանն ունի քաղաքական եւ տնտեսական խնդիրներ», այսինքն՝ վաղը, եթե Հայաստանը չունենա այդ խնդիրները, Թուրքիայի համար դրությունը նպաստավոր չի լինի՝ մեզնից ուզելու այն, ինչ ցանկանում է։
Հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը հերթական քայլն է ձեռնարկել՝ փակելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Թշնամու՝ իբր բնապահպանական այս շարժման խորքային պատճառների մասին խոսել ենք։ Բայց դրան տալ արծարծվող «սադրանք» բնորոշիչը՝ անհեթեթություն է։ Քանզի իրականում այն ռազմական քայլ է՝ ուղղված Արցախում ապրող 120 հազար հայի կյանքի, անվտանգության ու տեղաշարժի իրավունքը խախտելուն, արցախահայությանը հումանիտար աղետի առաջ կանգնեցնելուն, ի վերջո՝ Արցախը հայաթափելուն։ Որ սա ռազմական քայլ է, բավարար է ընդամենը մեկ ապացույց՝ Հայաստանի եւ Արցախի կենսական ճանապարհը փակել է «գորշ գայլերի» նշաններով «բնապահպանական» ամբոխը։ Նշան, որ թյուրքական ահաբեկչական կառույցի բնորոշումն է։ Բոզկուրտ կամ գորշ գայլեր. թուրքական ազգայնական կազմակերպություն է (իրականում՝ ոչ թե ազգայնական՝ նացիոնալիստական, այլ՝ ազգայնամոլական՝ շովինիստական, թեեւ թուրքական համապատկերում տեղին չէ «ազգ» բառի գործածումը,- Ա.Մ.), հավատարիմ է պանթուրքիզմի եւ նեոֆաշիզմի գաղափարախոսությանը, նպատակն է Մեծ Թուրանի ստեղծումը, ակնհայտ հնչեցվում են թյուրքական տեսակի գերազանցության թեզերը։
Այս ամենը նշանակում է, որ թշնամու ոչ մի երդում, խոստում, քարին գրված գիր, բանավոր ու գրավոր հայտարարություն մեզ խաղաղության երաշխիք տալ չեն կարող։ Խաղաղության երաշխիք միայն մե՛նք կարող ենք մեզ տալ։ Բայց դրա համար պետք է պատրաստ լինենք պատերազմին։ Իսկ պատերազմին կարող ենք պատրաստ լինել հզոր տնտեսություն ունենալով միայն։ Հզոր տնտեսությունը ենթադրում է ուժեղ արդյունաբերություն, բարձրագույն տեխնոլոգիաների զարգացում, կայուն ռազմարդյունաբերություն։ Որպեսզի գիտական հատվածի տված միտքը նմուշային մակարդակում չմնա։ Որպեսզի գեներացնենք ավելացված արժեք։ Որպեսզի տեսնենք տնտեսության իրական հատվածի աճ։ Որպեսզի շղթայական արդյունքի զարգացման ականատես լինենք։ Սա նշանակում է գումար, բանակ, անվտանգություն։ Այլ կերպ՝ Հայաստանը չի ունենա քաղաքատնտեսական խնդիրներ, իսկ թշնամին կզրկվի մեզնից ամեն ինչ ուզելու հարմար պայաններից։ Այսինքն՝ թշնամին ինքը կհրաժարվի մեր դեմ պատերազմի վտանգից, մենք էլ իսկապես խաղաղություն կստանանք։ Հստակեցնենք մի բան՝ պատերազմ ասվածով միայն բուն պատերազմը նկատի չունենք, այլ՝ ժամանակակից աշխարհում կիրառվող քարոզչական, տեղեկատվական, տնտեսական, դիվանագիտական եւ այլ պատերազմները։ Եվ արդի այս բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար մեզ պետք է տնտեսական հիմք։
Քանի դեռ չունենք սա, թշնամին ունի «հարմար պայման»։
Թյուրքական քաղաքականությունը մեր հանդեպ երբեւէ չի փոխվել՝ ոչ երեկ եւ ոչ էլ այսօր։ Ապացույցն իրականությունն է՝ Հայաստան-Արցախ փակ ճանապարհով, ՀՀ սահմանից ներս թշնամու ներկայությամբ, թուրք-ադրբեջանական ամենօրյա՝ հակահայկական թե՛ հռետորաբանությամբ եւ թե՛ գործնական քայլերով։ Սա եւս մեկ հարմար պահ է թյուրքական դիմագիծը ցույց տալու մեր հանրության այն հատվածին, որ միամտորեն հավատում է փոխված թուրքի ու թուրքական խաղաղության գաղափարին։ Կրկնենք՝ խաղաղությունը միակողմանի չի՛ լինում, իբր, խաղաղության ձեռք մեկնողը կենսական նշանակության ճանապարհ չի փակում։
Ուրեմն՝ մեզ այլ բան չի մնում, քան հաջորդող իրադարձություններին պատրաստվելը՝ անպայման հաջողելու «ծրագրավորմամբ» եւ բոզկուրտ «բնապահպանակներին» դուրս նետելու վճռականությամբ։