Երբ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ երբ հայտարարեց, թե Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, մեր իրականության դառը փորձից ելնելով՝ ցավոք, ստիպված եղանք մտածել հավանական զիջման մասին։ Չնայած պետնախարարն անմիջապես հայտնեց, թե «առանց որեւէ նախապայմանների, առանց մեր կողմից որեւէ զիջման» է Ադրբեջանը վերականգնել գազի մատակարարումը։
Անշուշտ, գազամատակարարման վերականգնումը չի նշանակում, թե Հայաստանի ու Արցախի հանդեպ Ադրբեջանն այլեւս խնդիրներ չի ստեղծելու։ Ստեղծելու է եւ՝ մշտապես։ Քանի դեռ մենք չենք ամրապնդել ու մեծացրել մեր պաշտպանական, անվտանգային, տնտեսական ու քաղաքական դիրքերը։ Քանի դեռ մեր թշնամին միջազգային հարթակներում բացահայտ պաշտպաններ ունի, եւ քանի դեռ չենք հասել այն դիրքին, որ կարողանանք նույն միջազգային շրջանակներում ամուր դիրքերից հակադարձել մեր թշնամիներին։
Երբ Հայաստան-Արցախ միջանցքն ադրբեջանական «բնապահպանների» անվան տակ փակեցին հատուկ ծառայությունների աշխատակիցներ ու զինվորականներ, Թուրքիայի ԱԳ նախարարը բացահայտ հայտարարեց, որ Անկարան աջակցում է Բաքվին, որովհետեւ, իբր, Արցախում հայերն Ադրբեջանին պատկանող հողերում հանքեր են շահագործում եւ թույլ չեն տալիս ադրբեջանցի մասնագետներին մոտենալ ստուգումների։ «Սա նշանակում է, որ Ադրբեջանի բնական հարստությունը գողանում են»,- ասել էր Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, թե իրենք շարունակելու են աջակցել Ադրբեջանին։
Չավուշօղլուն ընդգծել էր նաեւ, թե կոչ է անում Հայաստանին անմիջապես, վայրկյան առաջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ, միեւնույնն է, Երեւանը դրսից՝ ոչ Արեւմուտքից եւ ոչ էլ Արեւելքից որեւէ բան չի ստանա։
Փաստորեն, Թուրքիան, որ արդարացնում է Արցախի համար հումանիտար ճգնաժամ ստեղծած ադրբեջանական քայլերը, որ 44-օրյային ամեն ինչով աջակցել է Ադրբեջանին, որ ամեն օր խոսում է, թե Հայաստանին թույլ չի տա վերականգնել իր ներուժը, հանկարծ խոսում է այն մասին, որ իրենք անկեղծորեն խաղաղություն ու կայունություն են ուզում՝ նույն անկեղծությունն ակնկալելով Հայաստանից։ Անկարան, որ միշտ հպարտանում է իր՝ դահճի կերպարով, սպառնում է Երեւան մտնել, Հայաստանից խաղաղության համաձայնագրի ստորագրում է ուզում։
Եվ ինչու միայն Թուրքիան, Ադրբեջանը հպարտանում է նաեւ Իսրայելի աջակցությամբ։ Հոլոքոստ տեսածը, որ հարմար առիթներով ասում է, թե հայերն ու հրեաները բախտակից ժողովուրդներ են, թյուրքին աջակցության ժամանակ հանկարծ մոռանում է հայի հետ բախտակցությունը։ Այն թյուրքին աջակցության, որ աշխարհում անմրցելի է մարդասպանության ամենազարհուրելի ձեւերում։ Հասկանալի է՝ Հոլոքոստ տեսածը հայրենիքից չի զրկվել, բնօրրանից չի վտարվել եւ այս առումով բախտակից չէ հայերիս։ Այնքան բախտակից չէ, որ 44-օրյայից զատ հիմա էլ է բացահայտ պաշտպանում հայկական հողերի վրա արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետությանը։ Օրերս Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, թե Իսրայելն ամեն ինչ կանի Ադրբեջանն ուժեղացնելու եւ նրան ուղղված ցանկացած սպառնալիք կանխելու համար։ Որովհետեւ «Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական գործընկերներ են»։ Ավելին՝ դեսպանը շեշտել է, թե իրենք հենց այնպես չեն գործածում «ռազմավարական» բառը, իրենց եւ Ադրբեջանի «գործընկերությունը խորն է» եւ ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ (հատկապես պաշտպանականն ու ռազմատնտեսականը,- Ա. Մ.)։ Իսկ արցախյան հարցում Իսրայելի դիրքորոշումը միանշանակ է՝ իրենք «աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։
Իսրայելը դեսպանի միջոցով Հայաստանին ուղիղ մեսիջ ուղարկելուց զատ՝ Իրանին էլ է «նամակ» ուղարկում. «Ադրբեջանի որոշ հարեւաններ չեն վախենում նրան սպառնալ, նրանք բացահայտ կամ քողարկված սպառնում են նրա անկախությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Մենք՝ որպես բարեկամ, ամեն ինչ կանենք Ադրբեջանին ուժեղացնելու համար, որպեսզի կանխենք այն սպառնալիքը, որը կարող է գալ ցանկացած ուժի կողմից մեր գործընկեր Ադրբեջանի դեմ»։
Այս օրերին (Բերձորի միջանցքի փակման) իսրայելական մեկ այլ տեսակետի ենք հանդիպում։ Իսրայելի «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին, մեկնաբանելով («news.am»-ի հետ զրույցում) Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, նշել է, թե Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը՝ ասելով, թե «միջազգային բոլոր խաղացողներն իրենց այլասերվածության չափով են արձագանքում դրան»։ Ընդունել նշվածը իբրեւ անկեղծ տեսակետ, թե իսրայելական ձեռագրին համապատասխան քայլ, բարդ չէ հասկանալը՝ հաշվի առնելով Կեդմինի նախկին աշխատանքը։
Անշուշտ, միջազգային արձագանքները կարեւոր են, եթե կարողանում ենք «պրոտոկոլային» տեքստերը ճիշտ հասկանալ եւ սպասելիքը նույնպես ընկալել։ Բայց հօգուտ մեզ հնչած նույնիսկ այս կամ այն չափով հասցեական միջազգային կոչերը ոչինչ չեն տա մեր երկրին, եթե ոտքի չկանգնենք։ Իսկ ոտքի կանգնելու հնարավորություն ունենք նույնիսկ հիմա էլ։ Բայց դրա համար նախեւառաջ պետք է մի կողմ դնենք այս ու այն կողմից ակնկալիքը՝ հույսներս դնելով բացառապես մեզ վրա։ Ամեն գնով, ուժերի գերլարումով պետք է գործադրենք մեր ներուժն ուժեղ տնտեսություն ունենալու։ Բայց սա միայն ոլորտային գործ չէ, այն ենթադրում է գիտական, ռազմական ու դիվանագիտական համատեղ աշխատանք։ Ժողովրդավարական երկիր համարվելը մեզ ոչինչ չի տալիս, բացառապես ոչինչ, որովհետեւ մեզ այդպիսին համարող Արեւմուտքը չի խորշում Ադրբեջանին ե՛ւ ռազմական, ե՛ւ նյութական աջակցություն տրամադրել, ոչ էլ երբեւէ Թուրքիային է պատժում ծավալապաշտական, պանթուրքական ու ֆաշիստական քայլերի համար։ Հետեւանքն այն է, որ Բաքուն ու Անկարան ստանում են այն, ինչ ուզում են, իսկ մենք… համարվում ենք ժողովրդավար։ Պատճառը մեր տնտեսական ու ռազմական խնդիրներն են, որոնց լուծումը գիտենք, բայց չենք լուծում։
Անկեղծ լինենք՝ փաստացի մենք (Հայաստան, Արցախ) այսօր կենսական բազմաթիվ խնդիրներ ունենք՝ արտաքին պարտքի՝ մեր տնտեսության վիճակի համեմատ ահռելի չափով, ամենօրյա պայթյունավտանգ իրավիճակներով, պատերազմը գլխներիս վերեւում կախված, տարածաշրջանային անբարենպաստ ծավալումներով։ Այս բոլոր մարտահրավերներին դիմակայելու մի ձեւ կա՝ տնտեսություն եւ բանակ։ Որովհետեւ թշնամին միշտ թշնամի է մեզ։ Նա միշտ շարունակելու է հայաջինջ քաղաքականությունը, իսկ այդ նպատակով անընդհատ մեծացնելու է իր պահանջները։ Դեւին հաղթելու մի ձեւ կա՝ հալածելը։ Հալածելու գործիքները մենք պիտի ստեղծենք, արտադրենք, հետո նորից մշակենք, լավարկենք, կրկին արտադրենք։ Կյանքի ճշմարտությունն է սա, որից ոչ թե փախչում են, այլ՝ ընդունում այն։