Շրջեցինք հետպատերազմյան եւ համավարակի դժվարություններով հագեցած 2021 թ.: Երկու իրադարձությունն էլ բազմաթիվ խնդիրներ ստեղծեցին պետության ու հասարակության առաջ, որոնց հետեւանքների հաղթահարման, պետականության զարգացման ուղին վերագտնելու համար 2022-ին հետեւողական, նպատակային աշխատանք, ջանքեր են պահանջվում ոչ միայն պետական կառույցների, այլեւ մեր հասարակության կողմից: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում՝ հասարակության մեջ ստանձնած սոցիալական դերի շրջանակներում, անելիքներ ունի:
2022 թ. պետության մեջքն ուղղելու համար բեկումնային տարի է լինելու: Մեծ արագությամբ առաջ վազող աշխարհում հապաղելը հարյուրավոր մղոններով հետ է գցելու մեր պետականության առաջընթացը: Վերոնշյալ աղետների հետեւանքների հաղթահարման դեռեւս չավարտված գործընթացից, սոցիալ-հոգեբանական բարդ վիճակի կարգավորումից բացի առաջնային նշանակություն ունի տնտեսական ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելը: Առանց տնտեսության հզորացման պետության «մեջքն» անհնար է ուղղել:
Ըստ որոշ փորձագիտական շրջանների գնահատականների՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական համաշխարհային ցնցումները կսկսեն տեղի տալ 2022 թ. կեսերին, հետեւաբար, առաջնային խնդիր է դառնում ոչ միայն համավարակի տնտեսական հետեւանքներին դիմակայելու ծրագրերի արդյունավետ իրականացումը, այլեւ պետության տնտեսական համակարգը նաեւ հետհամավարակային զարգացման մեկնարկին նախապատրաստելը: Միանշանակ է, որ համավարակը ոչ միայն տնտեսական ձեւախեղումներ, գնաճ եւ այլ անբարենպաստ երեւույթների բերեց, այլեւ նախաքովիդյան շուկաների վերաբաշխում եւ համաշխարհային տնտեսության մեջ այդ նոր հարթակները գրավելու որոշակիորեն հավասար մեկնարկային պայմաններ ստեղծեց, պահանջարկի եւ առաջարկի համաշխարհային քարտեզը վերաձեւեց, ինչը Հայաստանի նման զարգացող եւ պատերազմ տեսած երկրների համար լավ հնարավորություններ է ընձեռում իրենց տնտեսությունները նոր պայմաններին ադապտացնելու համար:
Տնտեսական համակարգն աշխատեցնելու համար պետք է վերլուծությունների, իրավիճակի գիտական-փորձագիտական գնահատականների հիման վրա տնտեսության որոշ ճյուղերի խթանման ֆինանսական եւ ինստիտուցիոնալ գործիքակազմ կիրառել: Օրինակ՝ 2021 թ. փաստեց, որ կտրուկ ավելանում է գյուղմթերքի պահանջարկը, ինչի արդյունքում, չնայած Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի անկմանը, արտահանման աննախադեպ ծավալներ արձանագրվեցին: Ստեղծված իրավիճակում պետությունը պետք է գյուղոլորտի աջակցության ծրագրերն ընդլայնի եւ նպատակային դարձնի, որպեսզի այնպիսի ծավալի գյուղատնտեսական ապրանքներ արտադրվեն, որ հնարավոր լինի եւ՛ արտահանման աճ, եւ՛ ներքին շուկայում գների կայունություն ապահովել: Նախորդ տարի գյուղատնտեսական ապրանքների զգալի թանկացումների հիմնական պատճառներից մեկը նաեւ արտահանման ծավալների մեծացումն էր:
Այսպիսով, միանշանակ է, որ առաջընթացն առանց տնտեսության զարգացման անհնար է: Մյուս կողմից էլ այն պայմանավորված է ոչ միայն համաշխարհային, այլ նաեւ տարածաշրջանային գործոններից: Այս տեսանկյունից տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումն առաջնային նշանակություն ունի, եւ այդ ուղղությամբ ընթացող գործընթացները մեկնարկած տարում որոշակի արդյունքներ են նախանշում: Այստեղ դիվանագիտական ջանքերը կրկնապատկելն առաջնային կարեւորություն է ստանում՝ հետպատերզմյան իրողություններում տարածաշրջանային գործընթացներն առավելագույնս Հայաստանի, հետեւաբար՝ նաեւ Արցախի շահերին համապատասխանեցնելու թիրախային նպատակին հասնելու համար: Այս առումով կարեւոր է «3+3» ձեւաչափի գործարկումը: Ակնհայտ է, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցություն միանշանակ դրականորեն կարող է ազդել մեր պետության զարգացման վրա, եթե դրանք ճիշտ գնահատվեն եւ օգտագործվեն: «3+2» ձեւաչափը, բնականաբար, լիարժեք չի լինի հայկական պետությունների համար, քանի որ դա կնշանակի Արեւելք-Արեւմուտք ուղու գործարկման մաս կազմել, մինչդեռ Վրաստանի ներգրավմամբ Հայաստանն ուղղակիորեն կգտնվի ոչ միայն Արեւելք-Արեւմուտք տնտեսական հաղորդակցային ուղու, այլ նաեւ Հարավ-Հյուսիս ուղու առանցքային հանգույցում: Հետեւաբար, ՀՀ-ի այս տարվա դիվանագիտական ճակատում հիմնականում այս թիրախն է լինելու:
Ակնկալվում է, որ ընթացիկ տարում կլուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը, որը հնարավորություն կտա Ադրբեջանի հետ սահմանագծման, սահմանազատման ու հաղորդակցության ուղիների վերաբացումից հետո վերսկսել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները:
Հայաստանի եւ Արցախի առջեւ կանգնած այս կարեւոր մարտահրավերները լուծելու եւ դրանք ընդգրկող գործընթացները հայկական կողմի համար շահեկան ուղու վրա դնելու համար անհրաժեշտություն է պետության, հասարակության եւ հայկական սփյուռքի ներուժի մեկտեղում: Միայն այդ ձեւով հնարավոր կլինի մեր պետության համար բախտորոշ այս ժամանակահատվածը հաղթահարել եւ պետությունը զարգացման նոր ուղու վրա դնել: