2022 թ. աշխարհի ամենաաղքատ երկրները ստիպված կլինեն կտրուկ ավելացնել վարկատուներին վճարումները, ինչը մեծացնում է դեֆոլտի առաջացման ռիսկը։ Այս մասին «խոսել» է Համաշխարհային բանկը։ Բանկի փորձագետները հայտնել են, որ աշխարհն այժմ պարտքային ճգնաժամի շեմին է, քանի որ համավարակի ժամանակ խոցելի երկրները գումարներ են վերցրել կապիտալի շուկաներից՝ միջազգային կազմակերպություններից գումար վերցնելու փոխարեն։
Հայաստանին սպառնո՞ւմ է դեֆոլտի վտանգը, ինչքանո՞վ է, ընդհանրապես, հավանական ռիսկը։ Վերջերս տնտեսական ոլորտի շատ մասնակիցների հետ ենք խոսել այս թեմայի շուրջ։ Կա մտահոգություն Իսկ չմտահոգվող կողմը հղում է անում դարձյալ նույն Համաշխարհային բանկին՝ մեջբերելով այն փաստը, թե 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը դուրս է մնացել GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմից հենց այն պատճառով, որ համարվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր։ Փորձենք, սակայն, խնդրին խորքային՝ մասնագիտական տեսանկյունից մոտենալ՝ հասկանալու համար մեր երկրի մասով դեֆոլտի ռիսկը եւ հնարավոր այն քայլերը, որոնք թույլ կտան խուսափել այդ ռիսկից։
Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում բացատրեց, որ խնդրո առարկայի շուրջ հայաստանյան իրավիճակը հասկանալու համար նախ պետք է հստակ պատկերացնել, թե ինչ է կատարվում աշխարհում։
Ըստ մեր զրուցակցի՝ տնտեսական գործունեության կտրուկ կրճատմանը աշխարհի պետություններն արձագանքել են լայնամասշտաբ հակաճգնաժամային միջոցառումներով, որոնք, բնականաբար, հանգեցրել են նաեւ պետական պարտքի կտրուկ աճի ամբողջ աշխարհում: Պետական եկամուտների կրճատման եւ ծախսերի անխուսափելի ավելացման պարագայում պետական պարտքի աճը եւս անխուսափելի էր, եւ աշխարհի բոլոր երկրները բախվել են այս խնդրին։ «Միայն նշեմ, որ 2020 թ. համաշխարհային համախառն պետական պարտքի ծավալն աճել էր 15 տոկոսով եւ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի, 2021 թ. վերջին կանխատեսվում էր, որ այն կհասնի համաշխարհային ՀՆԱ-ին՝ ընդհուպ գերազանցելով այն: Միայն զարգացող երկրների պարտքի վճարումները 2010-2021 թթ. աճել են 120 տոկոսով, եւ ներկայումս ամենաբարձրն են 2001-ից ի վեր: Կառավարությունների եկամուտների մասնաբաժինը, որն ուղղվում է արտաքին պարտքի վճարմանը, աճել է 2010 թ. 6.8 տոկոսից մինչեւ 14.3 տոկոս 2021 թ.»,- ասաց Կարեն Սարգսյանը։
Փաստացի, պետական պարտքի մակարդակի նման աննախադեպ աճի պայմաններում համաշխարհային ֆինանսական համակարգը լուրջ փորձության կենթարկվի, եւ համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամին կարող է հաջորդել պարտքային ճգնաժամը, որն էլ, իր հերթին, կհանգեցնի նոր ֆինանսատնտեսական ճգնաժամի: Համաշխարհային պարտքի արագ աճի պայմաններում ֆինանսապես նվազ կայունություն ունեցող երկրները ստիպված կդիմեն պարտքերի վերակազմավորման կամ դեֆոլտի ընթացակարգերի: «2020 թվականը հենց նաեւ ռեկորդային դարձավ պետությունների դեֆոլտների թվաքանակով,- նշեց տնտեսագետը,- եւ արդեն իսկ պետական պարտքի բարձր մակարդակ ունեցող մի շարք պետություններ՝ Արգենտինան, Լիբանանը, Էկվադորը, Սուրինամը, Զամբիան հայտարարել են դեֆոլտի մասին»:
Տնտեսագետը նկատեց, որ արտաքին պարտավորությունների հետ կապված՝ համեմատաբար մեծ ռիսկեր են առկա հատկապես այն երկրների մոտ, որոնք ֆինանսավորման դժվարություններ են ունեցել դեռ համավարակից առաջ: Խոսքը պակասուրդային բյուջե եւ ընթացիկ հաշվի մշտական պակասուրդ ունեցող երկրների մասին է, որոնց մեջ առավել հստակորեն առանձնանում են Թուրքիան եւ Ուկրաինան: Համեմատաբար ավելի ցածր ռիսկային գոտում են հայտնվել նաեւ Հնդկաստանը, Բրազիլիան եւ եվրոպական մի շարք երկրներ: Ըստ Համաշխարհային բանկի հրապարակած վերջին զեկույցի՝ աշխարհի ցածր եկամուտ ունեցող 74 երկիր պետք է վճարեն 35 մլրդ դոլար, ինչը 2020 թ. համեմատ գրեթե 45 տոկոսով ավելի է։ Պետական պարտքի դեֆոլտի ռիսկի տակ են Շրի Լանկան, Գանան, Սալվադորը եւ Հոնդուրասը։
Գանք Հայաստանին։ Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար մասնագետը թվային պատկեր ներկայացրեց։ Ըստ այդմ, պայմանավորված համավարակի տնտեսական ազդեցություններով, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմական գործողություններով, 2020 թ. պետական պարտքի մակարդակը եւս կտրուկ աճել է: 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ՝ ՀՀ պետական պարտքն աճել է 14 տոկոսով, ընդ որում՝ նշված աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի ընդլայնման հաշվին։ Հայաստանի պետական պարտքի ծավալը 2021 թ. վերջին կազմել է 9 մլրդ 225.7 մլն դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 15.8 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 26 տոկոսով: ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 8 մլրդ 767.9 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 16.8, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 28.3 տոկոսով: ՀՀ կառավարության արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 6 մլրդ 185 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 10.5, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ՝ 16.8 տոկոսով: ՀՀ կառավարության ներքին պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 2 մլրդ 583 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 35.3 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 68.1 տոկոսով: ՀՀ ԿԲ արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 457.7 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 0.5 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 6.5 տոկոսով:
ՀՀ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքը 2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 481.1 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 3.95 տոկոսով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճելով 4.05 տոկոսով, 2021 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի կառուցվածքում՝ 1) միջազգային կազմակերպությունների բաժինը կազմել է 77.38 տոկոս, ինչն ավելի է 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից 0.47 տոկոսային կետով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի ցուցանիշից ավելի է 2.21 տոկոսային կետով, 2) օտարերկրյա պետությունների բաժինը կազմել է 22.24 տոկոս, ինչը 2020 թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ պակաս է 0.41 տոկոսային կետով, իսկ 2019 թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ պակաս է 2.11 տոկոսային կետով, 3) առեւտրային բանկերի բաժինը կազմել է 0.38 տոկոս, ինչը 2020 թ. եւ 2019 թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ պակաս է համապատասխանաբար՝ 0.06 եւ 0.1 տոկոսային կետերով։
Կարեն Սարգսյանը մանրամասն վերլուծել է նաեւ նշված ժամանակահատվածում կառավարության պարտքի գծով վճարված ներքին ու արտաքին տոկոսավճարները, ընդհանրապես՝ պարտքի կառուցվածքը, ժամկետները Համարում է, որ «ներկա դրությամբ Հայաստանում դեռեւս առկա չեն դեֆոլտի հետ կապված բարձր ռիսկեր՝ հաշվի առնելով հենց նաեւ պետական պարտքի երկարաժամկետ բնույթը, որը կազմում է միջին հաշվով 9 տարի»։ Սակայն, ըստ մեր բանախոսի, մյուս կողմից՝ տնտեսությունը հետճգնաժամային փուլում վերականգնելու եւ 44-օրյա պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար ակնհայտորեն դեռ մեծ ֆինանսական ներարկումներ են պահանջվում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է պետական պարտքի հետագա աճին։ Սակայն պետական պարտքի ծավալի աճին զուգընթաց, Հայաստանում պետք է ապահովվի նաեւ տնտեսության կառուցվածքի էական փոփոխություն եւ վերջինիս ներառականության աճ, խթանվեն ներդրումների ներհոսքերը, ինչի շնորհիվ պարտքի մարումները կիրականացվեն տնտեսության մեջ ձեւավորված հավելյալ արդյունքի, այլ ոչ նոր պարտքերի ներգրավման հաշվին:
«Ուստի մեծապես կարեւոր է, որ կառավարության կողմից ներգրավված միջոցները բացառապես ներարկվեն տնտեսության մեջ՝ ենթակառուցվածքների զարգացման եւ նոր արտադրական հզորությունների գործարկման ուղղությամբ։ Այլ կերպ ասած դրանք պետք է ուղղվեն դեպի այնպիսի ոլորտներ, որոնց հաշվին առաջիկա տարիներին հնարավոր կլինի ապահովել շոշափելի տնտեսական աճ։ Այլապես եթե ստացված փոխառու միջոցները ծախսվեն բյուջետային ընթացիկ պարտավորությունների կատարման եւ գործող պարտքերի սպասարկման ուղղությամբ, ապա չի բացառվում, որ առաջիկա տարիներին կհայտնվենք դեֆոլտի լուրջ վտանգի առջեւ, ինչպես դա տեղի է ունեցել արդեն բազմաթիվ երկրներում։ Մինչդեռ Հայաստանի պարագայում ներգրավված միջոցների զգալի մասն ուղղակիորեն չի ներարկվում տնտեսության մեջ, այլ ծախսվում է այլ ուղղություններով՝ կառավարության ընթացիկ ծախսերի համար։ Սակայն ակնհայտ է, որ այդ պարտքերի վերադարձը պետք է ապահովվի հենց տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին, իսկ եթե դա առկա չէ՝ ստիպված նոր պարտքերի ներգրավման ճանապարհով։ Սակայն Հայաստանի ոչ բարվոք տնտեսական հիմնարարների առկայության պայմաններում շատ հնարավոր է, որ նոր վարկեր նաեւ չտրամադրվեն, իսկ եթե տրամադրեն անգամ, ապա շատ ավելի թանկ եւ ոչ բարենպաստ պայմաններով։ Պետական պարտքի ծավալը մեր տնտեսական իրողությունների դեպքում արդեն իսկ մոտեցել է «կարմիր գծին»։ Եվ եթե չփոխվեն տնտեսության կառավարման մոտեցումները, ապա էլ ավելի լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ կարող ենք հայտնվել շատ մոտ ապագայում»,- եզրափակեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը։