Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց տարբեր ոլորտներում ձեռք բերված հաջողությունները, ապագայի ծրագրերն ու անելիքները: Լրագրողները լրացուցիչ տեղեկություններ ստացան նաեւ մարզպետարանի մեկ տարվա գործունեությունը ներկայացնող տեսաերիզից:
Գնահատելի է, որ առաջին հերթին անդրադարձ եղավ «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովում» ծրագրի կատարման ընթացքին: Սպիտակի երկրաշարժից անցել է բավական ժամանակ, բայց դեռեւս ընտանիքներ ունենք, որոնք աղետի հետեւանքով կորցրած բնակարանի փոխարեն դեռ սեփական տանիք չունեն: ՀՀ կառավարության որոշմամբ մնացյալ 153 ընտանիքների բնակապահովման համար Լոռու մարզպետարանին հատկացվել է ավելի քան 2 մլրդ 635 մլն դրամ: Մարզպետարանի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» միջեւ կնքված համաձայնագրով 127 ընտանիքների համար կառուցվել են բնակելի տներ. աշխատանքներն ավարտված են, իսկ 26-ի մասով դեռեւս աշխատանքներ կան: Իսկ գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ ծրագրի շրջանակներում մեկ սենյակի շահառու ճանաչված 5 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով 2021 թ. ուղղակի ֆինանսական աջակցություն է տրամադրվել՝ յուրաքանչյուրին 3 մլն դրամի չափով, ինչպես նաեւ Սպիտակ քաղաքում եւ գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած 13 ընտանիքի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրվել է ֆինանսական աջակցություն (շուրջ 67 մլն դրամ):
Քաղաքաշինության ոլորտում իրականացվել եւ իրականացվում են խոշոր օբյեկտների շինարարական աշխատանքներ՝ վերակառուցվում են Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի, գյուղատնտեսական պետական քոլեջները: Երկուսն էլ՝ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվում են Ստեփանավանի թիվ 3, Ալավերդու թիվ 2 դպրոցները, վերակառուցվում է Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի մեկ մասնաշենք: Վերգետնյա անցում է կառուցվել Վանաձորի թիվ 7 դպրոցի սաների անվտանգությունն ապահովելու համար, վերակառուցվել է թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը: Զգալի ներդրումներ կան ճանապարհաշինության ոլորտում: Մի շարք համայնքների սեփական ներդրումներով կառուցվել եւ բարելավվել են փողոցային լուսավորության ցանցերը, վարչական շենքի տանիքներին արեւային կայաններ են տեղադրվել, պետբյուջեի միջոցներով Ստեփանավանում ֆոտովոլտային կայան է գործում, համայնքի 4-րդ միկրոշրջանում էլ ջրատաքացուցիչ համակարգեր են տեղադրվել, Սպիտակում ճանապարհային լուսավորության նոր եւ 70 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային 2 համակարգ է տեղադրվել:
Ջրամատակարարման եւ ջրահեռացման բնագավառում մեկնարկել են մարզի Վանաձոր համայնքի օղակաձեւ համակարգի վերականգնման եւ շրջակա 9 գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգերի վերականգնման աշխատանքները: Առողջապահության ոլորտում առաջնային խնդիրը եղել է պայքարը համավարակի դեմ: Մարզում գործող 3 հիվանդանոցներ վերապրոֆիլավորվել են որպես COVID-19 կորոնավիրուսային վարակի բուժման հիվանդանոցներ՝ ընդհանուր 180 մահճակալ հզորությամբ: Կատարվել է ավելի քան 107 հազար պատվաստում: Դսեղում «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի կկառուցվի առողջության ժամանակակից կենտրոն՝ հագեցած ժամանակակից բուժսարքավորումներով:
Դրական առաջընթաց կա նաեւ սոցիալական աջակցության ոլորտում. նախատեսված ավելի քան 5.1 մլրդ դրամից սոցիալական ծառայության տարածքային մարմինների կողմից վճարվել է շուրջ 4 մլրդ դրամ պետական նպաստ: Լոռու մարզի հաշմանդամություն ունեցողները պետության կողմից անվճար ստացել են վերականգնողական տարաբնույթ պարագաներ: Գյուղատնտեսությունում անելիքները շատ են. ցանքատարածությունները կազմել են 21.596,3 հա, բայց նպատակային օգտագործվել է վարելահողերի 51.4 տոկոսը: Սկսվել են իրականացվել մի շարք կարեւոր ծրագրեր: Ուշադրության կենտրոնում են եղել բնապահպանական խնդիրները. անցյալ տարի շուրջ 182 հա անտառ է ստեղծվել:
Ա. Խաչատրյանն անդրադարձավ նաեւ կրթության, հողաշինության եւ հողօգտագործման, մշակույթի եւ սպորտի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում կատարված ներդրումներին եւ ձեռքբերումներին, ներկայացրեց մարզի համար կարեւորագույն զարգացման ծրագրերը, պատասխանեց լրագրողների հարցերին:
«ՀՀ» թղթակցի հարցը վերաբերում էր գրեթե բոլոր համայնքներում տեղ գտած ցավոտ խնդրին՝ ապօրինի շինություններին: Թույլտվությամբ, առանց թույլտվության, բոլորիս աչքի առաջ, պուրակներում, մայթերին հանկարծակի «ծլում» են անշուք, հակագեղագիտական տարբեր շինություններ: Հնարավո՞ր է դադարեցնել, հարցը կարգավորել: Մարզպետը խնդիրը, իրոք, մտահոգիչ համարելով՝ վստահեցրեց, որ ոչ միայն հնարավոր է, այլ նաեւ հույժ անհրաժեշտ: Այդ ուղղությամբ մի շարք միջոցառումներ իրականացվել են:
Մարզպետի հավաստիացմամբ՝ Վանաձորում ծագած եւ բարձրաձայնվող հարցերի շուրջ տեղի են ունենում ամենօրյա քննարկումներ՝ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետարանի պաշտոնյաների եւ նախարարությունների հետ՝ հնարավորինս փորձելով օրենսդրությամբ ամրագրված լուծումներ առաջադրել: Համայնքի բնականոն բյուջետային գործընթացն ապահովելու նպատակով մարզպետարանի միջնորդությամբ արդեն իսկ համապատասխան գերատեսչություններին առաջարկվել են որոշակի լուծումներ: Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի համայնքապետարանի, գյուղական բնակավայրերի ներկայացուցիչների ներգրավվածությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գործում է գրեթե ամենօրյա ռեժիմով:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի