Խոսելով այս տարվա գնաճից՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին հայտնել է, որ էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի գների աճը 2022 թ. գնաճին հավելյալ կավելացնի 1-1.5 տոկոս. «Քանի որ գազի գնաճի մասով մի փոքր անորոշություն կա, թե ինչ տեղի կունենա, ենթադրությունների սցենարային վերլուծությունների արդյունքում կարգավորվող գների ընդհանուր գնաճը գնահատում ենք 1-1.5 տոկոս»։
Հիմա մի կողմ թողնենք «ենթադրությունների սցենարային վերլուծությունը», գանք հստակ փաստերին՝ հասկանալու համար, թե ինչ է մեզ սպասում։ Էլէներգիան ու ջուրն արդեն թանկացել են։ Ընդ որում` թանկացումն աննշան չի եղել: Ջրի խմ-ն հունվարի 1-ից 180 դրամից դարձել է 200.47 դրամ, իսկ էլէներգիայի միջին կշռված սակագինը բարձրացել է 4.7 դրամով՝փետրվարի 1-ից։ Ինչու ենք ասում միջին կշռված սակագին, որովհետեւ տարբերակումներ կան՝ ըստ սպառած էլէներգիայի ծավալի։ Այն է՝ սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11 տոկոսը) համար գործող սակագները մնացին անփոփոխ, ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը) համար սակագները ավելացան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը) համար սակագները ավելացան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), մնացած սպառողների համար սակագներն ավելացան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Սա ունենալու է սոցիալ-տնտեսական իր հետեւանքը։ Չմոռանանք նաեւ, որ սրան գումարվելու է թեկուզ հենց էլէներգիայի թանկացման հետեւանքով երկրորդային էֆեկտի ազդեցությունը։ Այսինքն՝ նույնիսկ այն խավը, որի համար էլէներգիան չի թանկացել, միեւնույն է, զգալու է այդ էֆեկտի ազդեցությունը։ Բացի այդ, այն «մնացած սպառողները», ում համար սակագինն ավելացել է 5.5 դրամով, բնավ էլ միայն հարուստները չեն։ Նշյալ 400 կՎտժ-ից ավելի սպառողները կարող են լինել մարդիկ, որոնք բնակարանը էլտաքացուցիչներով են ջերմացնում կամ ունեն մանկահասակ երեխաներ, եւ իրենց աշխատաժամանակը գիշերն է։ Կամ նրանք, ովքեր տանն ունեն անկողնային հիվանդ, բնակարանը հոսանքով են տաքացնում եւն։ Ինչ են անելու այս մարդիկ…
Կարող ենք հուսալ, որ եթե գյուղատնտեսական տարին հաջող լինի, 2022-ն էլ կանցկացնենք։ Այստեղ ուզում ենք նորից փաստեր նշել, որոնք վկայում են, որ գյուղմթերքն այս տարի էլ է թանկ լինելու։ Թեկուզ հենց այն պատճառով, որ մեր գյուղատնտեսությունում լայնորեն գործածվող ազոտական ու ֆոսֆորական պարարտանյութերը թանկացել են։ Ազոտական պարարտանյութը 18 հազ. դրամ է դարձել՝ հետեւում թողնելով երբեմնի 6500 դրամանոց գինը։ Ֆոսֆորական պարարտանյութը 21500-22000 դրամ է դարձել։ Սրան հավելենք դիզվառելիքի գները, նաեւ՝ այն գինը, որ գյուղտեխնիկա չունեցող գյուղացին վճարելու է տեխնիկական ծառայությունների դիմաց։
Մեկ այլ փաստ, որի մասին խոսել ենք դեռ պատերազմից առաջ եւ, ցավոք, պարբերաբար խոսում ենք պատերազմից հետո։ Այն է՝ ՀՀ-ն բոլորովին այլ պետություն էր պատերազմից առաջ եւ բոլորովին այլ՝ պատերազմից հետո։ Արցախի մեծ մասի կորուստը մեզ կանգնեցրեց ամենատարբեր մարտահրավերների առաջ՝ սոցիալականից սկսած մինչեւ անվտանգության։ Այլ կերպ՝ տանք պարզունակ ձեւակերպում՝ շատերին հասկանալի լինելու համար. ուզո՞ւմ ենք լավ ապրել, նորից պետք է Արցախի հետ ու Արցախով ապրենք։ Ամենատարբեր օրինակներ ենք բերել պատերազմից հետո. Արցախի մեծ մասի կորստով ունենք էժան էլէներգիայի, ջրային պաշարների, հացահատիկի, խոտի, թարմ մսի, անասնագլխաքանակի եւ այլ խնդիրներ։ Հետեւանքը՝ թանկացում։ Այո, իբրեւ այլընտրանք կարող են դիտարկվել գյուղմթերքի թարմ, սառեցված կամ պաղեցված վիճակում ներկրումները։ Բայց հարցն այն է, թե այդ ներկրումները ինչ են տալու մեր գյուղացուն ու մեր գյուղատնտեսությանը…
Այնուամենայնիվ, այս իրավիճակով հանդերձ՝ հաշվի առնելով նաեւ սպասվող ու դեռ չերեւակվող մարտահրավերները՝ ձեռքերն անզոր ծալել պետք չէ։ Մենք իրապես կարող ենք ուժեղ տնտեսություն ունենալ եւ ամուր պետություն կառուցել։ Սա պրոֆեսիոնալների, մասնագետների գնահատականն է, եւ «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ դրանք ներկայացրել է, եւ, ընդ որում, դա կարող ենք անել ոչ երկար ժամանակահատվածում։ Բայց դրա համար պետք է որ խորքային փոխենք տնտեսական մեր քաղաքականությունը։ Խորքային ու որակապես։ Մեզ տնտեսական բոլորովին նոր մշակույթ է պետք։ Ու երբ ասում ենք, որ ունենք զարգացման ներուժ, պետք է հասկանանք, որ եւ՛ այդ ներուժն առաջ մղելը եւ՛ անխելամտորեն վատնելը մեր ձեռքում են։ Ուզո՞ւմ ենք ամուր տուն կառուցել՝ զանազան ցնցումներից չփլվող, ուրեմն պիտի հիմքից սկսենք։