Մեկնարկել են Հայաստանի՝ արեւելյան եւ արեւմտյան սահմանակից պետությունների հետ հարաբերություններ հաստատելու գործընթացները: Աներկբա է, որ այդտեղ մեր կողմից պետք է արվեն պրագմատիկ, գիտականորեն հիմնավորված հաշվարկներ՝ մեր պետության դիմակայունության բարձրացման ուղղությամբ, ոչ միայն սպասվող էժան ապրանքների եւ կապիտալի հոսքերին դիմակայելու առումով, այլեւ հասարակական-քաղաքական գործընթացներում: Հայաստանը հարաբերություններ է սկսում երկրների հետ, որոնք արդի աշխարհում կարեւորագույն՝ ժողովրդավարության հարցերում, մեղմ ասած, լավ վիճակում չեն: Ներքին հասարակական-քաղաքական, հետեւաբար նաեւ տնտեսական ոլորտներում ժողովրդավարության ցածր ցուցանիշ ունեցող Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելն էական ռիսկեր ու լրացուցիչ խոչընդոտներ է պարունակում:
Սովորաբար տարածաշրջանային ցանկացած քաղաքակիրթ փոխգործակցության արդյունավետությունը մեծապես կախված է այդտեղ գտնվող երկրների իշխանությունների վարքից, որի հիմնական ցուցիչը ներքին ժողովրդավարությունն է: Բրիտանական «Economist Intelligence Unit» հետազոտական եւ վերլուծական ընկերության հրապարակած ամենամյա զեկույցում՝ «Ժողովրդավարության ինդեքս 2021»-ում, ամրագրվել է, որ 167 երկրների մեջ Թուրքիան զբաղեցրել է 103-րդ տեղը եւ կրկին դասվել «հիբրիդային ռեժիմների» շարքին: Բրիտանական վերլուծական կենտրոնը հայտնում է, որ այս երկիրը հնարավոր 10-ից հավաքել է 4.35 միավոր։ Այս առումով առանձնակի վատ են Ադրբեջանի ցուցանիշները, որը 2.68 միավորով 141-րդն է: Վերջին տարվա ընթացքում Վրաստանում ծավալված քաղաքական գործընթացների հետեւանքով նվազել է նաեւ այս երկրի գործակիցը. չնայած վերջինս պահպանել է 91-րդ հորիզոնականը, բայց ժողովրդավարության ցուցիչն իջել է մի քանի տասնորդական կետով եւ կանգնել 5.12-ի վրա:
Այս կարեւոր ցուցիչով տարածաշրջանի լավագույն ցուցանիշն ունի Հայաստանը, որը 5.49 միավորով 89-րդ հորիզոնականում է: Միանշանակ է, որ մեր երկրում հետպատերազմյան գերշիկացած քաղաքական մթնոլորտի բացակայության դեպքում այս ցուցանիշն ավելի բարձր էր լինելու: «Economist Intelligence Unit» կենտրոնը նման գնահատականները հաշվարկում է արդեն երկար տարիներ մշակված եւ կիրառվող մեթոդով՝ հատուկ ցուցիչների ու չափանիշների վերլուծությամբ, որն առավելագույնն է արտացոլում երկրների ժողովրդավարության վիճակը: Ժողովրդավարության վերոնշյալ ցուցանիշները չեն կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա: Շատ դեպքերում իր երկրի ներսում առկա խնդիրներից սեփական հասարակության ուշադրությունը շեղելու համար իշխանություններն արտաքին թիրախներ են ստեղծում եւ սկսում պայքարել դրանց դեմ՝ հաճախ նաեւ սանձազերծելով բացահայտ պատերազմներ, ինչպես արեցին Թուրքիան եւ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի 27-ին:
Այս իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերվելիս որոշակի զգուշավորություն են ցուցաբերում նաեւ վերջինիս գործընկեր երկրները: Մասնավորապես՝ ԱՄՆ-ն վերջերս չեղարկեց Անկարայի հետ գերժամանակակից F-35 կործանիչների ծրագիրը: Ավելին, այսօր արդեն ԱՄՆ կոնգրեսականները դեմ են արտահայտվում դրանում Անկարայի ներդրած գումարների դիմաց նրան 40 միավոր արդիականացված F-16 կործանիչ վաճառելու, ինչպես նաեւ Թուրքիայի ունեցած մոտ 80 ամերիկյան այդ սերնդի կործանիչներն արդիականացնելու ծրագրին: ԱՄՆ-ի կոնգրեսականներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը եւ կովկասա-հունական հանձնախմբի ղեկավար Մայքլ Բիլիրակիսը նամակ են հղել Պենտագոնի եւ պետքարտուղարության ղեկավարներին, որում շեշտել են, որ նման կործանիչների վաճառքը Թուրքիային չի ստիպի, որ նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխի այն քաղաքականությունը, որն այժմ իրականացնում է: Դիմումի մեջ ասվում է, որ Էրդողանը ոչ լեգիտիմ ճանապարհով է ընտրվել վերջին նախագահական ընտրություններում: Ըստ նրանց՝ Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը, քանի դեռ Վաշինգտոնը չի կիրառել դիվանագիտական միջոցներ, ինչպես նաեւ պատժամիջոցներ: Նամակում շեշտվում է, որ Էրդողանը շարունակում է խախտել մարդու իրավունքները եւ ճնշել հասարակությանը: Կոնգրեսականները նաեւ հիշեցրել են, որ թուրքական բանակն ապակայունացնող գործոն է տարածաշրջանում: Որպես օրինակ՝ շեշտվել է, որ այն իր մասնակցությունն է ունեցել Հարավային Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Միջերկրական ծովի ավազանում իրավիճակի ապակայունացման գործում:
Թուրքիայի հետ հարաբերությունների գնալիս Հայաստանը պետք է ժողովրդավարության ցուցիչի այդ հանգամանքը մշտապես աչքի առաջ ունենա: Իհարկե, պատմական դառը փորձ ունեցող հայ ժողովրդի համար ժողովրդավարության այդ գործոնն անհամեմատ ավելի մեղմ փաստարկ է Թուրքիայի հետ հարաբերվելիս, բայց ժամանակակից աշխարհում հարաբերությունների եւ փոխգործակցության առանձնահատկությունները կարեւոր են դարձնում նաեւ դրա ռիսկերի գնահատումը: Թերեւս, Հայաստանը, իր սահմանները բացելիս, պետք է դիտարկի ոչ միայն տնտեսական էքսպանսիային դիմագրավելու մեխանիզմները, այլեւ քաղաքականը եւ հասարակականը: Միջազգային հարաբերություններում իր դիրքերը պահպանելու համար Հայաստանին անհրաժեշտ է բարելավել ժողովրդավարության այս ցուցիչը՝ այդ առումով երկիրը հնարավորինս զերծ պահելով երկու հարեւանների բացասական ազդեցությունից: Այն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի նաեւ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում միջազգային բանակցային սեղանին Հայաստանի ուժեղ դիրքերի եւ փաստարկների առումով: Ժողովրդավարությունը միջազգային հարաբերություններում սահմանված խաղի կանոն է, եւ այն այսօր մեր քաղաքական զինանոցի հիմնական զենքն է, որը պարտադրված ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել: