Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգային

Միջազգային դատական ատյաններում գործընթացն սկսված է

Փետրվարի 22, 2022
Հանրապետություն
Ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգային
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
282
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռազմագերիների վերադարձի ձգձգումը համարվում է պատերազմական հանցագործություն։ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից բավականին ժամանակ է անցել, սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքի դրույթները՝ միաժամանակ չկատարելով գերիների մասով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Արդյունքում առայսօր հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ քաղաքական եւ հանրային օրակարգերում։ Այս ուղղությամբ տեղի ունեցող իրավաքաղաքական զարգացումների, միջազգային դատարաններում ընթացող գործընթացների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

Ադրբեջանը ռազմագերիների խնդիրը մտցրել է քաղաքական օրակարգ, եւ քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է, դրանով փաստացի լեգիտիմացվում է բանակցությունների միջոցով ռազմագերիներին վերադարձնելու խնդիրը։ Արդյունքում այդ խնդրի ամբողջական եւ վերջնական լուծումը կապվում է քաղաքական պահանջների կատարման հետ։ «Դա է պատճառը, որ իրավական առումով խնդիրներ են բարձրաձայնվում պատանդառության մասով։ Ռազմագերիները չեն հայրենադարձվում եւ պահվում են որպես պատանդներ ի երաշխիք քաղաքական պայմանավորվածությունների կատարման կամ նոր քաղաքական պահանջների բավարարման։ Իրավական առումով, խախտումների տեսանկյունից բարձրաձայնվում է նաեւ անձնական ազատության հարցը, քանի որ այս պահին Ադրբեջանի կողմից ռազմագերիներն ապօրինի են պահվում, եւ նրանց անազատության մեջ պահելու իրավական հիմնավորումներ ուղղակի գոյություն չունեն»,- մանրամասնեց Սահակյանը։

Միջազգային դատական ատյաններում ձեւական առումով գործերը վարույթ են ընդունված, գործընթացն սկսված է։ Հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը եւ գործերի քննության միջին տեւողությունը, դեռ ամիսներ կպահանջվեն բուն գրավոր դատաքննությանն անցնելը։ «Իհարկե, այդ գործերին դատարանը տվել է առաջնահերթություն, եւ եթե այլ համանման դեպքերում գործերի քննության տեւողությունը կարող էր տեւել 5-7 տարի, ապա մեր պարագայում ակնկալում ենք, որ մինչեւ 3 տարվա ընթացքում կունենանք արդեն վերջնական դատական ակտեր»,- նշեց զրուցակիցս։

Ադրբեջանի նման հանցագործ կեցվածքը հաշվի առնելով եւ միջազգային քաղաքական օրակարգում խնդրին ավելի լայն հնչեղություն տալու նպատակով, իրավապաշտպանն ընդգծեց հայկական կողմի որոշ քայլերի անհրաժեշտության մասին. «Հայաստանը կարող էր ակտիվություն ցուցաբերել եւ քաղաքական մակարդակով դատապարտել այս պատերազմական հանցագործության կատարումը, որպեսզի գործընկեր երկրները Բաքվի բարձր քաղաքական, ռազմական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդման սպառնալիքներ ստեղծեին։ Սա  ավելի կոշտ ճնշման գործիք կլիներ, քան ընդհանրական ձեւով դատապարտող կոչերը կամ ազատ արձակելու հորդորները»։

Որքան էլ հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները, միջազգային մարդու իրավունքների կառույցները բարձրաձայնեն խնդրի մասին, այնուամենայնիվ, ինքնիշխան պետության կողմից բարձրաձայնումը եւ համագործակցությունը միջկառավարական կազմակերպություններում այլ նշանակություն ու ազդեցություն ունեն։ Այս հարցը չպետք է թողնել միայն մասնավոր կազմակերպությունների վրա, կան աշխատանքներ, որոնք կարող են իրականացվել բացառապես դիվանագիտական կորպուսի միջոցով։ Սահակյանը նշեց, որ չնայած դրան, իրենք կանոնավոր կապ են պահում միջազգային կառույցների եւ դեսպանների հետ, նրանց կողմից նկատվում է հետաքրքրվածություն եւ ներգրավվածություն գործընթացին, բայց հասկանալի պատճառներով հարցը պահանջում է այլ մակարդակի միջամտության անհրաժեշտություն։ Զրուցակիցս նկատեց, որ միջազգային հանրությունը զսպվածություն է ցուցաբերում՝ հաշվի առնելով ընթացող քաղաքական գործընթացները։

Անդրադառնալով միջազգային դատարանների կողմից մինչ այս ընդունված որոշումներին եւ այն դիտարկմանը, թե արդյոք փորձ չի արվում որոշ դեպքերում «հավասարություն պահպանել» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչն առաջացնում է իրական անհավասարություն, Սահակյանը նշեց, որ Եվրոպական դատարանն ուներ նման հակումներ, բայց իրենց հաջողվել է կոտրել այդ կարծրատիպը, եւ դատարանը հավասարության նշան է դրել միայն փախստականների խնդրով։ Ինչ վերաբերում է կյանքի իրավունքի պաշտպանությանը, խոշտանգումներին, առեւանգումներին, ապա այս մասով կան արդեն մեկ տասնյակ ավարտված գործեր, որտեղ Եվրոպական դատարանն արձանագրել է հայ զոհերի իրավունքների խախտումները, մինչդեռ նմանատիպ մոտեցումներ որդեգրված չեն Ադրբեջանի կողմից ներկայացվող գործերում։ «Այդպիսի գործերի թվաքանակը շատ փոքր է, հայտնի է Ասկյարովների գործը։ Այլ միջադեպեր չեն եղել, այսինքն՝ դատարանն ունակ է եղել այդ տարբերակումը մտցնել։ Ավելին՝ Գուրգեն Մարգարյանի գործով դատարանն արձանագրել է պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականության եւ հանցագործներին հովանավորելու Բաքվի վերաբերմունքի մասին»,- ասաց նա։

Զրուցակիցս նկատեց, որ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում գտնվող գործերի մասով, ինչպես եւ կանխատեսել էր, Հայաստանի հայցի ներկայացումը հանգեցրեց հայելային գործընթացի Ադրբեջանի կողմից։ «Եթե հաշվի ենք առնում իրավաքաղաքական բոլոր գործոնները, ապա գործնականորեն անհնար էր, որ ՄԱԿ-ի դատարանը բավարարեր Հայաստանի բոլոր պահանջները եւ մերժեր Ադրբեջանի բոլոր պահանջները։ Գործերի քննության վաղ փուլերում դատարանը նույնական մոտեցում էր ցուցաբերելու երկու պետությունների հայցերին»,- ասաց նա։ Չնայած դրան, դատարանն իր ձեւակերպումներում, այնուամենայնիվ, արձանագրել է որոշ առանձնահատկություններ, օրինակ՝ երբ խոսքը վերաբերել է Ադրբեջանի կողմից իրականացվող խտրականությանը, ապա հստակ մատնանշվել է պետական մակարդակով իրականացվող քաղաքականության մասին, իսկ երբ քննարկվել են Հայաստանի կողմից ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի դրույթները, նշվել է, որ դրանք առանձին քաղաքացիների կամ ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կողմից դրսեւորումներ կարող են լինել, որոնք պետք է կանխվեն պետության կողմից։ «Այսպիսով, Հայաստանի պարագայում պետությունը միայն կանխելու խնդիր ունի, իսկ Ադրբեջանի դեպքում՝ պետությունն այդ քաղաքականության կազմակերպողը, կառավարողն ու թելադրողն է»,- պարզաբանեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ դատարանի կողմից օգտագործված ձեւակերպումներում արտացոլված են առկա առանձնահատկությունները, եւ մենք չենք կարող խոսել հավասարության նշան դնելու մասին։

Գերիների թեման բավականին զգայուն հարց է հանրային գիտակցության համար. մեր կողքին են ապրում հայրենակիցները, որոնց զավակները, ամուսինները կամ հարազատները հայտնվել են նման կարգավիճակում։ Ինչպե՞ս պետք է արձագանքել այս թեմային՝ անհատից մինչեւ լրագրող, հանրային ու քաղաքական գործիչ, որպեսզի վնաս չհասցվի ներկայումս գերեվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին եւ այն աշխատանքին, որն իրականացվում է փաստաբանների կողմից։ Սահակյանը նշեց, որ ցանկալի կլիներ, որ շատ անհատականացնող տեղեկությունները լայն քննարկման առարկա չդառնային, քանի որ դրանք հետագայում խոչընդոտում են անձանց իրավունքների իրացմանը տարբեր իրադրություններում եւ հանգամանքներում։ «Ողջունելի է, որ մեր հասարակությունը կարողացավ դրական վերաբերմունք ցուցաբերել վերադարձածների հանդեպ եւ հետագա խտրականության կամ ճնշումների չենթարկեց, ինչը դրական է բնութագրում մեր հասարակությանը։ Իհարկե, եղան նաեւ ծայրահեղ մոտեցումներ, երբ փորձ արվեց հերոսացնել այդ գործելակերպը, ինչը վտանգավոր էր եւ նսեմացնում էր այն տղաների արիությունները կամ սխրանքները, որոնք կատարվել էին մարտի դաշտում եւ կյանք էին արժեցել։ Ուստի դրանք կարող էին արժեքաբանական շատ մեծ փոփոխությունների հանգեցնել մեր հասարակության ներսում, ինչը չէր նպաստելու բանակի նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունքի ձեւավորմանը կամ դրական փոփոխությանը։ Բարեբախտաբար, վերջնարդյունքում հասարակությունը համարժեք է ընկալում եւ արձագանքում գերեվարումներին, այն է՝ ուշադրության տակ են պահում ռազմագերիների խնդիրը, բայց չեն ենթարկում խտրականության, քննադատությունների, այլ ընդհակառակը փորձում են նպաստել նրանց վերաինտեգրմանը»,- նշեց զրուցակիցս։

Իրավապաշտպանը մտահոգիչ համարեց, որ լինում են դեպքեր, երբ հրապարակայնորեն ձեւախեղում են պատմությունները, ինչն ազդում է միջազգային գործընթացների վրա։ Օրինակ՝ դրական լույսի ներքո են ներկայացնում Ադրբեջանում իրենց հանդեպ վերաբերմունքը, դրանով ցանկանում են ցույց տալ, թե հաղթահարել են դժվարությունները, եւ ոչինչ չի կոտրել իրենց։ «Այդ ամենի արդյունքում խեղաթյուրվում են իրականությունը, փաստերը, եւ այստեղ լրագրողները պետք է զգուշավոր լինեն, որպեսզի ապացուցողական նշանակություն ունեցող պատմություններն առանց լրացուցիչ ստուգողական գործողությունների չհանրայնացվեն։ Դրանք վերլուծվում եւ օգտագործվում են նաեւ ադրբեջանցիների կողմից»,- ընդգծեց Սահակյանը։

Թեգեր: ԱրցախՄԻԵԴպատերազմռազմագերիներՍիրանուշ Սահակյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թեհրանը դժգոհ է Էրդողանի դիվանագիտությունից

Թեհրանը դժգոհ է Էրդողանի դիվանագիտությունից

Ինչպես ընտրել առաջնահերթ ուսումնասիրվողը

Ինչպես ընտրել առաջնահերթ ուսումնասիրվողը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist