Հայաստանի ջրային պաշարները կառավարելու համապատկերում ջրամբարաշինությունից հաճախ է խոսվում՝ ներառելով ոչ միայն գործողների վերակառուցման ու ամրացման, այլեւ՝ նորերի կառուցման գործոնները։ Վերջիններիս շարքին է դասվում Վեդու ջրամբարը։
Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող հենց այս ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի ընթացքն ապահովելու նպատակով կառավարության այս շաբաթվա նիստում համապատասխան որոշում ընդունվեց։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, թե աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ. «Պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջին ջրամբարի կառուցումը կավարտվի: Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում բնակչությանը, մինչեւ ջրամբարը կլցնենք ամբողջովին»։
Ինչպե՞ս սկսվեց Վեդու ջրամբարի պատմությունը։ Առաջին փաստաթուղթը, որ ստորագրվեց, 2013 թ. նոյեմբերի 25-ի թվագրությամբ է՝ «Վեդիի ջրամբարի եւ նրա ոռոգման տարածքների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն եւ Վեդիի ջրամբարի շինարարության մանրամասն նախագծի պատրաստում» խորհրդատվության համար։ Այդ ժամանակ նշվեց, որ Վեդիի ջրամբարը Արարատյան հարթավայրի 4,0 հազ. հա հողակտորները ոռոգելու համար է, որոնցից 2.8 հազ. հա-ն` մեխանիկական ոռոգման եղանակից կանցնի ինքնահոս ոռոգման եղանակի, ինչի արդյունքում տարեկան կխնայվի 12.0 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա, եւ որ Վեդիի ջրամբարի հիդրոհանգույցի կառուցման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ եւ զարգացման ֆրանսիական գործակալության («AFD-Agence Francaise de Developpement») տրամադրած ֆինանսական օժանդակության միջոցներով խորհրդատվական ծառայություններ են մատուցվում: Այս ջրամբարի կառուցումն ի սկզբանե իրատեսական էր՝ կայուն ֆինանսավորմամբ պայմանավորված, թեեւ 2016 թ. հաստատված ծրագրով պլանավորված աշխատանքների ծավալը նվազեցվել էր։
Վեդիի ջրամբարի եւ ոռոգման համակարգի շինարարության մեկնարկի մասին հայտարարվեց 2017 թ. հունվարին։ Այդ ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հունվարի 23-ին Երեւանում հայտարարեց, որ «դա կլինի առաջին ջրամբարը, որը անկախ Հայաստանի պատմության ընթացքում կառուցվել է զրոյից»: Նա հայտնել էր, որ Վեդիի 29 մլն խմ ընդհանուր ծավալով եւ 120 հա մակերեսով ջրամբարի շինարարական աշխատանքները կսկսվեն մարտին եւ կավարտվեն 4 տարում: Ջրի աղբյուրները կլինեն Վեդի եւ Խոսրով գետերի ջրառ հանգույցները: Նախատեսվում է կառուցել 85 մ բարձրությամբ պատվար, ոռոգման համակարգի երկարությունը կկազմի 37 կմ, ինչի արդյունքում կհաջողվի ոռոգել մոտ 4 հազար հա տարածք: Ծրագրի իրագործման հետեւանքով Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18 մլն խմ-ով: Վեդիի ջրամբարի շինարարության արժեքը կկազմի մոտ 90 մլն եվրո, որից 75 մլն-ն կկազմի Ֆրանսիական զարգացման գործակալության վարկը, իսկ 15 մլն եվրոն` ՀՀ համաֆինանսավորման գումարը:
2020 թ. ապրիլի 18-ին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց ջրամբարի շինհրապարակ։ Այդ ժամանակ նշվեց, որ ծրագրի իրագործման շնորհիվ ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25 տոկոսով, էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսումը կկազմի մոտ 19.0 մլն կվտ. ժ։ Եվ որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թ. մարտին:
2021 թ. մայիսի 27-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն թիվ 1»-ի ստորագրման առաջարկությանը, որով նախատեսվում է երկարաձգել «Վեդի ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների իրականացման եւ վարկային միջոցների մասհանման ժամկետները: Այդ պահին, պաշտոնական տեղեկության համաձայն, իրականացվել էր ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 71 տոկոսը։ Կառավարության որոշման տեղեկանք-հիմնավորումում նշվում էր, որ ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջեւ 2016 թ. հունվարի 26-ին է ստորագրվել «Վեդի ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի վարկային համաձայնագիրը՝ 75 մլն եվրո գումարի չափով։ Եվ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016 թ. մարտի 12-ին։ Ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացման վերջնաժամկետ էր սահմանվել 2021 թ. մարտի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2021 թ. մայիսի 31-ը։ Վարկային միջոցների ընդամենը մասհանված գումարը կազմում է 56 մլն եվրո, իսկ վարկային միջոցների չմասհանված միջոցների ընդհանուր գումարը կազմում է 19 մլն եվրո։ Ծրագրի աշխատանքների իրականացման վերջնաժամկետը փոփոխությամբ կերկարաձգվի մինչեւ 2023 թ. հուլիսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը` մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 30-ը։ Ծրագիրն իրականացվել է «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ի կողմից, իսկ ՀՀ կառավարության 2020 թ. փետրվարի 28-ի որոշման համաձայն ծրագրի հետագա իրականացման գործառույթները փոխանցվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։
Այդ պահին ընթացքի մեջ էին Վեդու ջրամբարի երկու պատվարների (85 մ եւ 17 մ), ցեմենտացիոն վարագույրի, վարարային ջրհեռի շինարարական աշխատանքները։ Ամբողջությամբ ավարտված էին Վեդի եւ Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների եւ ջրի փոխադրող համակարգի շինարարական աշխատանքներն ու ճնշումային փորձարկումները, իսկ Վեդի ջրամբարի իշխման տակ գտնվող եւ Վեդի գետից ինքնահոս սնվող ընդհանուր 4000 հա հողատարածքների ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման համար արդեն ընտրվել էին փորձնական տարածքները։
2022 թ. փետրվարի 23-ի նիստում կառավարությունը հավանության արժանացրեց 2022 թ. պետբյուջեի մասին օրենքում վերաբաշխում, լրացումներ եւ փոփոխություններ ու 2021 թ. դեկտեմբերի 23-ի որոշումում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այս տարվա բյուջեում Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի ընդգրկմամբ եւ այդ ծրագրի բնականոն ընթացքի ապահովմամբ։ Եթե ավելի հստակ, ապա հարկ է ապահովել «Վեդի ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման» ծրագրի իրականացման շրջանակներում ներառված «Վեդի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների, ջրառ հանգույցների եւ ջրի փոխադրող համակարգի նախագծում եւ կառուցում» շինարարության տեխնիկական վերահսկողության խորհրդատուի մասնակի ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամաշնորհային ծրագրի ընթացքը։ Նախատեսվում է վճարումներ կատարել շինարարության տեխնիկական վերահսկողության խորհրդատու «Արտելիա» կազմակերպությանը՝ նախագծային լուծումների փոփոխության, խորհրդատուի անձնակազմի նախատեսվածից ավելի շուտ շինարարության վերահսկողության աշխատանքներում ներգրավվածության, արագացված ժամանակացույցով աշխատելու եւ այլ աշխատանքների համար։ ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիմամբ ԶՖԳ-ն առաջարկել է տրամադրել 394.4 հազ. եվրո դրամաշնորհային միջոցներ։ Դեռ նախորդ տարի ՀՀ ՖՆ եւ ԶՖԳ միջեւ օրենքով սահմանված կարգով սկսվել է դրամաշնորհային միջոցների տրամադրման գործընթաց, մասնավորապես՝ հունիսին ստորագրվել եւ ուժի մեջ է մտել ֆինանսավորման համաձայնագրի թիվ 2 համաձայնագիրը, որով նախատեսվում է տրամադրել 192,030.0 եվրո, իսկ մնացյալ գումարի տրամադրման համար հոկտեմբերին էլ մեկ այլ համաձայնագիր է ստորագրվել, որը վավերացվել է դեկտեմբերին։ 192 հազ. եվրո գումարից ԶՖԳ-ի կողմից ուղիղ վճարումների ձեւով 188 հազարի չափով վճարումները կատարվել են նույն դեկտեմբերին։ Իսկ 202 հազ. եվրո գումարի շրջանակներում դեռ վճարումներ չեն կատարվել ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման (2021 թ. հոկտեմբեր) եւ վավերացման (2021 թ. դեկտեմբեր) գործընթացների ժամանակատարության պատճառով։ Համապատասխան վճարումները պետք է կատարվեն մինչեւ դրամաշնորհային միջոցների մասնհանման սահմանված ժամկետի ավարտը՝ այս տարվա մարտի 31-ը։
Հիմա Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով խորհրդատուի վճարումների լիարժեք կատարման համար էլ անհրաժեշտ է 2022 թ. ՀՀ պետական բյուջեում ընդգրկել վերոնշյալ միջոցառումը եւ կատարել համապատասխան միջծրագրային եւ միջհոդվածային վերաբաշխումներ, ինչը եւ հաստատվեց։ Ու, ինչպես վստահեցնում է ՏԿԵՆ-ը, տարեվերջին կտեսնենք այն աշխատանքի արդյունքը, որ թեթեւացնելու է Սեւանի բեռը։ Աշխատանք, որ շուրջ մեկ տասնամյակ տեւեց։