Միջազգային հանրության կարծիքը բեւեռացել է ուկրաինական իրադարձությունների վրա: Նրա մի մասը քննադատում է Ռուսաստանի ռազմական գործողությունները, մյուսներն ընդհակառակը՝ ողջունում են միաբեւեռ աշխարհ ձեւավորելու դեմ կատարվող ռուսական քայլերը: Պետությունների ղեկավարներն էլ հստակեցնում են իրենց քաղաքական դիրքորոշումներն ուկրաինական հակամարտության վերաբերյալ: Այս հարցում միանշանակ կարծիք չկա նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շրջանում: Նրանց մի մասը մեկնարկած ռազմական գործողությունների դեմ ծայրահեղ բացասական կարծիքի արտահայտման եւ գործնական պատժամիջոցների է դիմում, դրա փոխարեն կան Թուրքիայի ու Գերմանիայի համեմատաբար մեղմ դիրքորոշումները եւ պատժամիջոցների հանդեպ ոչ միանշանակ դրական կեցվածքը: Այն, իհարկե, պայմանավորված է ՌԴ-ից որոշակի կախվածությամբ, մասնավորապես՝ ռուսական գազի եւ տնտեսական այլ կապերի առումով: Միանշանակ պրոռուսական դիրքորոշում են հայտնում Չինաստանը եւ Իրանը: Այս երկու պետությունն էլ ունեն անվտանգային խնդիրներ, ինչպես՝ Ռուսաստանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողությունների մեկնարկին հստակ նշեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն բավարարել դեպի իր երկրի սահմանները չընդլայնվելու ՌԴ պահանջը եւ շարունակել են զինել Ուկրաինային՝ լավ իմանալով, որ վերջինս ունի Դոնեցկի եւ Լուգանսկի հիմնահարցերը: Ավելին՝ այդ երկրների խրախուսմամբ Ուկրաինան մոտ 200 հազարի հասնող զինուժ կուտակեց չճանաչված հանրապետությունների սահմաններին՝ սադրելով Ռուսաստանին դիմելու անվտանգային խնդիրների լուծման գործնական քայլերի, ինչի մասին ՌԴ-ն բազմիցս զգուշացրել էր:
Ուկրաինայում ռազմական գործողություններ է իրականացնում Հայաստանի թերեւս միակ ռազմավարական գործընկերը: Պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այդ հակամարտությունում միանշանակ է եւ չի կարող հակասել ՌԴ դիրքորոշմանը ոչ միայն այն պատճառով, որ մենք ռազմավարական հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, այլեւ այն հիմնավորմամբ, որ ՌԴ-ն հանդես է գալիս ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք ընդլայնման դեմ, որի անդամն է Թուրքիան, եւ վերջինիս նախաձեռնությամբ հրահրվեց 44-օրյա աղետալի պատերազմը, ինչի հետեւանքով Ակնայում դե-յուրե հայտնվեցին թուրքական զինծառայողներ, իսկ դե-ֆակտո Ադրբեջանի ողջ բանակը Թուրքիայի զինված ուժերի մասնաճյուղի վերածվեց: Ավելի պարզ ասած՝ մի քանի հազարից ավելի հայ ընտրյալների կյանքի գնով, ըստ էության, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ընդլայնումը դեպի արեւելք այն նույն սցենարն է, որի դեմ այսօր ռազմական գործողություն է սկսել ՌԴ-ն: Չնայած ՀԱՊԿ մի քանի պետությունների՝ ՌԴ-ին սատարելու մասին հայտարարություններին, պարզ է, որ առանց հայտարարության էլ Հայաստանի դիրքորոշումը ՌԴ-ի գործողություններին միանշանակ սատարումն է:
Մյուս կողմից՝ Ուկրաինայում կա բավականին պատկառելի հայկական համայնք, եւ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող իր բնակչության թիվը երեք անգամ գերազանցող սփյուռք ունեցող հայկական պետությանն անտարբեր թողնել: Դրանից բացի, պատերազմ տեսած Հայաստանը չի կարող նաեւ խանդավառվել որեւէ այլ պատերազմով, ինչպես դա արեց Ուկրաինան արցախյան պատերազմում՝ թեկուզ ոչ իշխանության բարձրագույն մակարդակով: Թերեւս սրանով է պայմանավորված ՀՀ իշխանությունների՝ իր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի կողքին զուսպ կանգնած լինելու կեցվածքը:
Դրան ի պատասխան՝ նույնիսկ այսօրվա դժվարին իրավիճակում Ուկրաինայի պաշտոնական շրջանակները շարունակում են հակահայկական հայտարարություններն ու գործողությունները, որոնք եղել են արցախյան հակամարտության ողջ ընթացքում: Օրերս Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին Բաքվում հրավիրված 30 րոպե տեւողությամբ ասուլիսի ողջ ընթացքը հակահայկական հայտարարություններով է համեմել:
Վերջինս, ցանկանալով ՌԴ-ի հետ Ուկրաինայի հակամարտությունում ստանալ Ադրբեջանի աջակցությունը, անհարկի զուգահեռներ է անցկացրել այնտեղ ընթացող գործողությունների եւ 44-օրյա պատերազմի միջեւ՝ պնդելով, թե Ուկրաինայում տեղի ունեցող հրետակոծությունները շատ են նման Գանձակի եւ ադրբեջանական այլ քաղաքների հրետակոծություններին: Կանեւսկու խոսքով՝ ինքը լավ է հիշում «բարութի հոտը», երբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ, հրետակոծության հաջորդ օրը գնացել էր Գանձակ եւ փլատակների մոտ իր ձեռքը վերցրել երեխայի կոշիկը, որն, իր խոսքով՝ ամբողջն էր, «ինչ մնացել էր երեխայից», եւ զուգահեռներ անցկացնելով ուկրաինական պատերազմի հետ, նշել էր, թե նույն իրավիճակն է այսօր Ուկրաինայի քաղաքներում: Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանն ասուլիսում նաեւ հայտնել է, որ իր նախաձեռնությամբ Ադրբեջան է ժամանել ուկրաինացի 20 երգիչ, որոնք ելույթ կունենան Խոջալուի դեպքերի 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, իսկ ասուլիսից երկու օր անց ներկա գտնվեց պատմական կեղծիքը ճշմարտության վերածելուն միտված բեմականացմանը: Գաղտնիք չէ, որ եւ՛ Գանձակի ռմբակոծությունը, եւ՛ Խոջալուի դեպքերն ադրբեջանական կեղծիքի քարոզչության գլուխգործոցներ են, եւ Ուկրաինայի դեսպանի նման քայլերը, մեղմ ասած, դիվանագիտական չեն:
Նման ծանր իրավիճակում հայտնված Ուկրաինան, մեր կարծիքով, պետք է դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներով հակամարտությունը կանգնեցնելու համար աջակցություն հայցի անխտիր բոլոր երկրներից: Միանշանակ է, որ այդ հարցում նաեւ իր միջնորդական ջանքերը կարող է ներդնել Հայաստանը՝ որպես պատերազմ տեսած երկիր: Սակայն Ուկրաինան ընտրել է ակնհայտ կողմնապահ կեցվածք եւ լծվել ադրբեջանական կեղծիքի խոսափողին, այն դեպքում, երբ Ադրբեջանը հակամարտությունից ընդամենը երկու օր առաջ դաշնակցային հարաբերությունների հռչակագիր ստորագրեց Ռուաստանի հետ: Պարզվում է, որ, ինչպես միշտ, այս դեպքում էլ որոշիչ է նավթը, ոչ թե՝ պատմական ճշմարտությունն ու ժողովուրդների բարեկամությունը: Դա փաստում է Ադրբեջանի վերջին հայտարարությունը, որով թույլատրվեց հումանիտար նպատակներով Ուկրաինայում «ՍՈՔԱՐ» բենզալցակայաններից անվճար վառելիք տրամադրել:
Այլ կերպ ասած՝ Ուկրաինայի դիվանագիտական բլոկի ներկայացուցիչն ակնհայտ ոչ դիվանագիտական քայլերով եւ կեղծիքներ տարածելով է պատասխանում Հայաստանի անհամեմատ զուսպ կեցվածքին, որն, ի դեպ, աննախադեպ մեղմ է, եթե նկատի ունենանք այն, որ բազմաթիվ են Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու Ուկրաինայի քայլերը փաստող ապացույցները, թեկուզ դիվանագիտական հարթության վրա ադրբեջանաթուրքական ագրեսիան ողջունող հայտարարությունները եւ պատերազմի ելքով խանդավառվելու միտումները: