Մարտի 1-ին սահմանվեցին բնական գազի սակագները. ապրիլի 1-ից սպառողների համար այն կբարձրանա 4.7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։
Երբ կառավարության 2021 թ. տարեվերջի նիստերից մեկում մի որոշում ընդունվեց, շատերն էին հուսով, որ գազը, այնուամենայնիվ, չի թանկանա։ Այդ որոշման համաձայն՝ նախատեսվում է տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինին պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Եվ կառավարության որոշման հիմնավորումում նշվում էր, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է եղել առեւտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաեւ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետեւանքով «Գազպրոմի» կողմից կատարված ներդրումները ոչ միայն հետ չեն գնվել, այլեւ վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։ Նշվում էր նաեւ, որ համապատասխան արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խմ-ի համար (7900 կկալ/խմ)։
Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս տարվա գարնան առաջին օրվա նիստում քննարկեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը եւ որոշեց ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետեւյալ սակագները.
1. ՀՀ կառավարության 2016 թ. նոյեմբերի 3-ի թիվ 1122-Ն որոշման համաձայն` սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։
2. Բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։
3. Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն):
4. Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։
5. Վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչեւ 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) եւ 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։
Այս բոլոր սակագներն էլ ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն։
Հիմա չենք խոսի «գազային բանակցությունների» արդյունքի պատճառահետեւանքային կապից, գեոէկոնոմիկ շահերի հարթակում մեզ համար ձեռնտու «անկյունում» չտեղավորվելու հանգամանքներից, այլ հնարավորինս մատչելի ու հակիրճ կասենք այն, թե ինչ է սպասվում գազի թանկացումից։
Նախ՝ այդ թանկացումն ինքնին յուրաքանչյուր ապրանքի ինքնարժեքի գնի որոշակի բարձրացում է թելադրում։ Հետո, բնականաբար, կավելանան այն ձեռնարկությունների ծախսերը, որոնք ավելի էներգատար են՝ էլէներգիա, գազ շատ են օգտագործում։ Թե ինչ է ենթադրում ծախսերի ավելացումը, բացատրելու կարիք չկա. դա զգում է սպառողը։ Այո, ընկերությոնները կարող են իրենց արտադրանքը չթանկացնել, որպեսզի, ենթադրենք, մրցունակությունը պահպանեն։ Բայց այդ դեպքում էլ կպակասի այդ ընկերությունների եկամուտը։ Կգնա՞ որեւէ ընկերություն այդ քայլին, հարցն առկախ թողնենք։
Դատելով որոշումից՝ ջերմոցային տնտեսությունների համար սեզոնային զեղչեր են սահմանվել։ Ջերմոցային տնտեսություն ունեցող ծանոթս, որ, իր խոսքերով, տարեկան 14-15 մլն դրամի գազ է ծախսում, ասաց, սակայն, որ այդ զեղչն իրենց բեռը չի թեթեւացնելու, որովհետեւ ջերմոցի համար անհրաժեշտ ամենատարբեր պարագաներ թանկացել են եւ ավելի են թանկանալու։ Իրենց բեռը թեթեւացնելու տարբերակ կլիներ, օրինակ, գազի գնում ներառված ավելացված արժեքի հարկը հանելը, որը 20 տոկոս է։ Եթե այս ամենին հավելենք նաեւ համեմատաբար էժան թուրքական պտուղ-բանջարեղենի՝ մեր երկիր մուտքը (չմոռանանք, որ ՀՀ կառավարությունը չերկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը) ու հաշվի առնենք սրա հետեւանքով մեր արտադրանքի՝ գնային տեսակետից անմրցունակ դառնալը, ապա պատկերը կհստակեցվի։