ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի եւ «ClinSoft» կազմակերպության համատեղ հետազոտությունների արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսի ծանր ընթացքը կանխորոշող իմունոգենետիկական նոր՝ HLA-C*04:01 տարբերակը։ Այս մասին «ՀՀ»-ին տեղեկացրել են ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
Տեղեկատվության նույն աղբյուրը նշում է, որ վերահաստատելով այլ գործոնների նշանակությունը հիվանդության ընթացքի վրա, ինչպիսիք են արական սեռը եւ մեծ տարիքը, բացահայտվել է, որ Հայաստանի բնակչության շրջանում վարակի ծանր ընթացքին նպաստում են նաեւ մարդու գենոմում հյուսվածքահամատեղելիության համար կարեւոր HLA-C*04:01 տարբերակի առկայությունն ու քանակը։
ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարինե Մայիլյանը բացատրում է, որ HLA-C*04:01 տարբերակի բացակայությունը պայմանավորում է հիվանդության անախտանիշ ընթացքը բնակչության մեծ մասի համար։ Պարզվում է նաեւ, որ «այս տարբերակի երկակի կրելը խաթարում է իմունային բջիջների կողմից օրգանիզմ ներթափանցած կորոնավիրուսի ճանաչումը եւ դանդաղեցնում իմունային պատշաճ պատասխանի ձեւավորումը՝ նպաստելով հիվանդության ծանր ընթացքին»։
Ի դեպ, հետազոտությունը ներառել է Հայաստանի ավելի քան 3000 բնակչի բերանի խոռոչի քսուքից կամ արյունից անջատված եւ սեքվենավորված ԴՆԹ նմուշներ։ Սեքվենավորման եւ կլինիկական տվյալների հիման վրա էլ մշակվել է հիվանդության ծանր ընթացքի ռիսկի գնահատման ալգորիթմ։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշում է, որ հանրային առողջապահության տեսակետից այս կարեւոր արդյունքը հիմնավորում է «թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը COVID-19-ի դեմ, ինչը թույլ կտա կանխել հիվանդության ծանր ընթացքը»։ Հետազոտության արդյունքները տպագրվել են հեղինակավոր «Frontiers in Immunology» գիտական ամսագրում։