Կառավարությունը երեկվա նիստում փոփոխություններ ու լրացումներ կատարեց 2010 թ. սեպտեմբերի 9-ի որոշումում, եւ այդ փոփոխությունները վերաբերում են տրանսպորտային միջոցների պետական գրանցման հետ կապված վարչարարության բարելավմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը եւ դրանց գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով: Տրանսպորտային միջոցների պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները նախատեսված են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի կարգավորումներով, որի 10-րդ մասը հստակ նախատեսում է այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի գրանցումը ենթակա է մերժման։ Մասնավորապես 1-ին կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է, եթե ներկայացված չեն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկով նախատեսված փաստաթղթերը։
Կառավարության 2010 թ. հիշյալ որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության դեպքում, ի թիվս այլ փաստաթղթերի, պարտադիր ներկայացման ենթակա փաստաթուղթ է տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը։ Կարգավորման իմաստով տրանսպորտային միջոցների պետական գրանցման կամ հաշվառման գործողություններ իրականացնող անձը ստիպված է փաստաթուղթ ներկայացնել ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանն այն մասին, որ պետական գրանցման կամ հաշվառման ներկայացվող տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորություններն այդ պահի դրությամբ ամբողջությամբ կատարված են։ Եվ նշված փաստաթղթերը տրվում են համայնքների եւ վարչական շրջանների կողմից, իսկ սա ժամանակատար է եւ անհարմարություն է պատճառում պետական գրանցման գործողության մասնակիցներին։
Այսքանը՝ ներկա վիճակի մասով։ Հիմա ի՞նչ է լինելու փոփոխությունների հետեւանքով։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի` երեկվա նիստում ընդունված որոշումը ,նպատակ ունի ապահովել գույքահարկի վճարման փաստաթղթերի ներկայացման պահանջների մասով վարչարարության բարելավումն այն իմաստով, որ տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորություններն այդ պահի դրությամբ ամբողջությամբ կատարված լինելու հանգամանքի ստուգումն իրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցովե։ Առաջարկվում է պետական գրանցման եւ հաշվառման ներկայացվող տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների մասով ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու «պահանջը թողնել»։
Միաժամանակ, սահմանվում է, որ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները տրանսպորտային միջոցի պետական գրանցման եւ պետական հաշվառման գործողություններ կատարելիս, տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթուղթ չեն պահանջում, եթե այդ տեղեկատվությունը հնարավոր է ստանալ էլեկտրոնային առցանց եղանակով։
Իսկ եթե ավելի պարզ, ապա, ՏԿԵՆ-ի խոսքերով, հիմա շարժական գույքի պետական գրանցման դեպքում կարեւոր է, որ քաղաքացին ներկայացնի այդ գույքի հետ կապված պարտականություններ, պարտքեր չունենալու այսպես ասած` ,զրոյական տեղեկանքե: Դրա համար քաղաքացիները պարտավոր էին գնալ համայնքապետարան կամ վարչական ղեկավարի մոտ՝ այդ տեղեկանքը թղթային տարբերակով բերելու. «Հատկապես դժվարություն է առաջանում, երբ այդ մեքենան տարբեր մարզերում է գրանցված: Բայց նախորդ տարվանից էլեկտրոնային համակարգ է գործարկվել, որով մեր քաղաքացիները կարողանում են անշարժ գույքի հետ կապված վճարումներ իրականացնել: Այսուհետ այդ համակարգում լրացում է արվում, եւ շարժական գույքն էլ է այդ բազայի մեջ մտցվում։ Հետեւաբար, եթե քաղաքացիները նույնիսկ ոստիկանությունում պարզեն, որ որոշակի պարտք ունեն, չեն վճարել, կարող են մի քանի րոպեում մտնել համակարգ, արագ իրենց վճարումն անել եւ ավարտել գործը»։
Մի խոսքով՝ այս որոշումից ակնկալիքն այն է, որ տրանսպորտային միջոցի պետական գրանցման վարչարարության պարզեցում եւ բարելավում կլինի, ինչպես նաեւ այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների ու վարչական մարմինների ռեսուրսները կտնտեսվեն։