Եվրոպայում գազի գինը պարբերաբար ռեկորդային ցուցանիշներ է սահմանում։ Ուկրաինական այս ճգնաժամի ֆոնին պետք է հասկանալ` հնարավո՞ր են սակագնային փոփոխություններ նաեւ ոչ եվրոպական ուղղությամբ։ Այլ կերպ՝ մեզ համար գազի գնի կրկին թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ։ Հարցի պատասխանն ստանալու համար էլ նախ պետք է հասկանալ՝ ընդհանրապես աշխարհում գազի առեւտուրն ինչպե՞ս է արվում, ի՞նչ ձեւերով ու մոդելներով են գործարքները սահմանվում։ Եվ, իհարկե, այս ամենի համապատկերում չմոռանանք գազի՝ ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական գործոնի պարագան։ Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանին եւ տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանին։
Էներգետիկ անվտանգության փորձագետը բացատրեց, որ գազի առեւտուրն աշխարհում իրականացվում է երկու հիմնական մոդելներով՝ սփոթային գործարքներով, որոնք իրականացվում են ապրանքային բորսաներում եւ երկարաժամկետ պայմանագրային գներով: Այժմ եվրոպական շուկայում առկա գների ռեկորդային աճը վերաբերում է բացառապես սփոթային ճանապարհով իրականացվող առքուվաճառքին: Միաժամանակ, նույն Եվրոպայում կան երկրներ, որոնք Ռուսաստանից գազ են ներկրում երկարաժամկետ պայմանագրային գներով: Օրինակ՝ Սերբիան, որի համար դեռ նախորդ տարի գազի սահմանված 260 դոլար գինը շարունակում է գործել առ այսօր: Այս նույն սփոթային մոդելը գործում է նաեւ ասիական շուկաներում, բացառությամբ առանձին երկրների ու գործարքների: Օրինակ՝ նույն Ճապոնիան Ռուսաստանից հեղուկացված գազ է ներկրում պայմանագրային գնով, քանի որ մասնակցում է Սախալին-1 հանքավայրերի խմբի շահագործմանը, իսկ Չինաստանի համար գործող պայմանագրային գները պայմանավորված են երկուստեք ձեռք բերված երկարաժամկետ քաղաքական պայմանավորվածություններով: «Բարեբախտաբար, Հայաստանը Ռուսաստանից գազը եւս գնում է երկարաժամկետ պայմանագրային գներով, եւ այսօր մեր սահմանին գործող 165 դոլար գինը ամենացածրն է Բելառուսից հետո»,- նկատեց Վ. Դավթյանը:
Բայց մեր պարագայում առկա է ներքին սակագների խնդիրը, որի դեպքում, թերեւս, փակուղային իրավիճակ ունենք: Թեկուզ հաշվի առնելով այն, որ շատ դժվար է ապահովել «Գազպրոմ Արմենիա»-ի ներքին եկամտաբերության նորմը, որը սահմանված է 9 տոկոսի չափով, սակագների շարունակական աճը դարձել է անխուսափելի: «ՀՀ»-ի դիտարկմանն ի պատասխան՝ էներգետիկ անվտանգության փորձագետը պարզաբանեց, թե դժվարությունն այն է, որ առ այսօր շահագործման հանձնված չէ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, ինչի հետեւանքով «Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետագա շահագործումն աննպատակահարմար է, մինչդեռ այս օբյեկտն արդեն իսկ կուտակել է մոտ 100 մլն դոլարի պարտք: Արդյունքում՝ ելք չեղավ նաեւ կառավարության որոշումը «Գազպրոմ Արմենիա»-ի կորուստները փոխհատուցելու վերաբերյալ՝ տարեկան պետբյուջեից ընկերությանը հատկացնելով 32 մլն դոլար: Դրան զուգընթաց մենք արդեն երրորդ տարին անընդմեջ առերեսվում ենք սակագների բարձրացման հետ: «Այնպես որ, կարծում եմ, պետք է նախեւառաջ խոսել Հայաստանի գազատրանսպորտային օպերատորի բիզնես-մոդելի վերանայման մասին, ինչը հնարավորություն կստեղծի ապագայում ավելի սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն իրականացնելու համար»,- ասաց Վ. Դավթյանը:
Միաժամանակ, նրա խոսքերով, պետք է հաշվի առնել նաեւ այն, որ աշխարհը թեւակոխել է թանկ էներգակիրների շրջան, եւ էներգետիկ դիվանագիտության ձախողման պարագայում անգամ Ռուսաստանի դաշնակից պետությունների համար կարող է գնի աճ տեղի ունենալ: Հարցը բացառապես քաղաքական տիրությում է: «2025 թ. պետք է կյանքի կոչվի ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկան՝ իր գազային, էլեկտրաէներգետիկ, նավթային ու նավթամթերային բաղադրիչներով: Նախատեսվում է ստեղծել ապրանքային բորսա, որտեղ Միության անդամ-պետությունները կիրականացնեն էներգակիրների առուվաճառք: Այսինքն՝ արդեն մի քանի տարուց Հայաստանը եւս պետք է մասնակցի բորսային առեւտրին՝ հարմարվելով շուկայական կոնյունկտուրայով պայմանավորված ու գրեթե ամեն օր փոփոխվող գներին»,-եզրափակեց փորձագետը:
Գանք կրկին սկզբին. գազի բորսայական գները եվրոպական շուկայում արդեն մի քանի շաբաթ է սրընթաց աճում են՝ հասնելով ընդհուպ 4000 դոլարի շեմին՝ դրսեւորելով խիստ տատանողականություն։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանը նշեց, որ գների նման մակարդակն առնվազն չորս անգամ գերազանցում է դեռեւս այս տարվա փետրվարի սկզբին գազի բորսայական ֆյուչերսների գինը, որը մոտ 950 դոլար էր։ Այնուամենայնիվ, վերջին մի քանի օրերի ընթացքում պատմական առավելագույնն արձանագրելուց հետո գազի ֆյուչերսային գները շուրջ եռակի նվազեցին՝ վաճառվելով 1300 դոլարի սահմաններում։
Գազի գնի նման աննախադեպ կտրուկ բարձրացումը տնտեսագետը պայմանավորեց մի շարք գործոններով. 1. ռուս-ուկրաինական հակամարտության սրացմամբ, 2. Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների հնարավոր դադարեցմամբ, 3. եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների շրջանակում գազի մատակարարումներից հնարավոր հրաժարմամբ, 4. Ուկրաինայում, որպես տարանցիկ երկիր, գազամուղի հնարավոր վնասմամբ, 5. Եվրոպական գազապաստարաններում գազի ծավալների կտրուկ նվազմամբ։
«Պետք է նշել, որ ներկայումս եվրոպական երկրների կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից բավական մեծ է։ Ռուսաստանն ապահովում է Եվրոպայի կապույտ վառելիքի ընդհանուր ներմուծման ծավալի ավելի քան 40 տոկոսը։ Թերեւս սա է պատճառը, որ արեւմտյան պատժամիջոցների ցուցակը դեռ սահմանափակվում է նավթամթերքներով եւ առայժմ շրջանցում է գազի մատակարարումներից հրաժարումը, ինչը նաեւ ոչ մեկ անգամ հավաստում են եվրոպական մի շարք երկրների բարձրաստիճան ղեկավարները։ Հենց այս հանգամանքն էլ որոշակի լավատեսություն ներշնչեց շուկայի մասնակիցներին գազի մատակարարումների չընդհատման պահով, համենայնդեպս առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- հայտնեց Կարեն Սարգսյանը։
Սակայն, ըստ նրա, այս ոլորտում անորոշությունների աստիճանը դեռ բավական բարձր է, ուստիեւ՝ գազի գնանշումները մեծ տատանողականություն կունենան առաջիկայում։ Մասնավորապես, պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումը կամ եղանակային պայմանների վատթարացումը, ինչը կբերի պահեստարաններում գազի ծավալների էլ ավելի նվազման, կարող են անմիջապես ազդել գազի շուկայական գնանշումների վրա։
Եվրոպական շուկայում գազի գների նման բարձրացումը, ինչն աննախադեպ էր 1996-ից ի վեր, սկսվել էր անցած տարվա գարնան ամիսներից, երբ գազի սփոթային (անմիջական վաճառքի) գները կազմում էին 250-300 դոլար հազար խմ-ի դիմաց։ Սակայն արդեն ամռան ամիսներին այն հասավ 600 դոլարի, իսկ աշնանը կազմեց արդեն 1000 դոլար։ Գների նման բարձրացումը պայմանավորված էր նախեւառաջ մատակարարների սահմանափակ առաջարկով, հեղուկ գազի նկատմամբ ասիական երկրների կողմից առաջարկի կտրուկ աճով, ինչպես նաեւ եվրոպական գազի պահեստարաններում ցուրտ եղանակների պատճառով գազի ծավալների ցածր մակարդակով։
«Փաստացի, պետք է նշել, որ եվրոպական շուկայում գազի գնանշումների նման կտրուկ աճը որեւէ կերպ պայմանավորված չէ ռուսական գազի մատակարարման գների փոփոխության հետ, այլ պայմանավորված է բորսայական սպեկուլյատիվ միտումներով։ Ռուսաստանն առհասարակ իր պայմանագրային մատակարարման գները չի փոփոխել որեւէ երկրի համար եւ բորսայական գների նման գնի բարձրացումից օգուտներ չի ստանում։ Այն դեպքում, երբ մատակարարման գները հստակ ամրագրված են պայմանագրերով, դրանք մնացել են նույնը, իսկ այն պայմանագրերում, որտեղ մատակարարման գները կապակցված են բորսայական գնանշումներին, ապա այդ երկրները հիմա բավական թանկ են վճարում դրա դիմաց»,- ընդգծեց Կ. Սարգսյանը։
Ռուսաստանն, այնուամենայնիվ, չի հրաժարվում գազի մատակարարումներից, այդ թվում՝ Ուկրաինայի համար, որը տարանցման երկիր է։ Մատակարարումից չհրաժարվելը Ռուսաստանի համար կարեւոր է ներկայիս իրավիճակում այնքանով, որ ապահովում է արտարժութային զգալի մուտքեր, ինչի կարիքը Ռուսաստանը ներկա պահին շատ ունի։ Փաստացի, գազի մատակարարման հարցում թե՛ Եվրոպայի եւ թե՛ Ռուսաստանի տեսակետները ներկա պահին համընկնում են ու այս առումով, տնտեսագետի խոսքով, հնարավոր է մոտ ժամանակում ականատես լինենք գազի գների հետագա անկման՝ նաեւ հաշվի առնելով եղանակի տաքացումն ու պահանջարկի անկումը։
Ինչ վերաբերում է Հայաստանին գազի մատակարարման գնի հնարավոր փոփոխությանը։ «Գինն ամրագրված է «Գազպրոմ» ընկերության հետ կնքված պայմանագրով, իսկ, ինչպես արդեն նշեցի, պայմանագրով ամրագրված գները նույնիսկ եվրոպական շուկայում ներկա դրությամբ չեն փոփոխվում, այլ թանկացումը վերաբերում է միայն բորսայական գներին, ինչը հիմնականում սպեկուլյատիվ բնույթ է կրում։ Ուստի, կարծում եմ, գազի պայմանագրային գնի նոր վերանայում, համենայնդեպս, առաջիկայում չի սպասվում»,- եզրափակեց Կարեն Սարգսյանը։