Նախորդ հրապարակումներում մանրամասն անդրադարձել ենք ուկրաինական թնջուկին: Ընդհանրապես՝ այսօր ողջ աշխարհի ամենօրյա, ամենժամյա ուշադրությունն այս ճգնաժամին է սևեռված։ Հայաստանում այդ խորքի վրա դրությունն ավելի է սրվել, քան աշխարհի այլ հատվածներում։ Եվ դա անսպասելի չէր. Առաջին աշխարհամարտի արդյունքներով՝ առանձնահատուկ դեր և, առավել ևս, ոչ մի մեղավորություն չունենալով հանդերձ, Հայաստանը, տոկոսային հաշվարկով վերցրած, ավելի տուժեց, քան աշխարհի որևէ պետություն և ժողովուրդ` թե՛ բնակչության, թե՛ տարածքային առումներով։ Իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։
Այսօր հայաստանյան շրջանակներում ինտենսիվ քննարկվում են մեր անելիքները միջազգային այս բարդագույն իրադրության պայմաններում։ Դե ինչ արած, երբ աշխարհն ուրիշ շատ մտահոգություններ ունի, մնում ենք մենք մեզնով։ Ողբերգականն այն է, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ մեր իսկ հարցում մեզնից շատ քիչ բան կախված լինի։ Հայաստանի վրա ազդեցություները երկու կարգի են լինելու` տնտեսական և քաղաքական։ Հայաստանի և Արցախի սահմաններին վերջին սրացումները ստիպում են առաջինը անդրադառնալ քաղաքական հանգամանքներին։ Գոնե համառոտ դրույթների կարգով։
Հայաստանը՝ երկու երկու քարի արանքում
Ճակատագիրը հետքրիստոսյան երկու հազար տարում Հայաստանին դատապարտել է երկփեղկված կյանքի։ Սկզբում Բյուզանդիան և Պարսկաստանը, հետո` Թուրքիան և Իրանը, հետո`Ռուսաստանը և Թուրքիան։ Ծագումնաբանությամբ և մշակույթով հայերն անվիճելիորեն Արևմտյան քաղաքակրթությանն են պատկանում։ Սակայն դրա օրրան Առաջավոր Ասիայում այդ քաղաքակրթության իսպառ վերացման հետևանքով հայերը նույնպես սեղմվեցին դեպի Կովկաս`պահպանվելով որպես հնդեվրոպական փոքրիկ օազիս։ Այդ օազիսը մնացել է, որքան էլ դժգոհենք, որքան էլ հասկանանք նրբությունները և անարդարությունները, այնուամենայնիվ, փաստ է, որ ռուսական հատվածում։ Արևմտյան Հայաստանը, որտեղ կրթված հայերի երկրորդ լեզուն ֆրանսերենը, գերմաներենը կամ անգլերենն էին, այլևս գոյություն չունի, կամ պահպանվում է հիշատակը Նոր Արաբկիր, Նոր Կիլիկիա, Նոր Եդեսիա և այլ թաղերի անունների մեջ։ Այսօր աշխարհին սպիտակ արջերի թվաքանակի պահպանման հարցը հետաքրքրում է հազարապատիկ ավելի շատ, քան մեր ոսկեղենիկ հայերենի շուրջ երկու տասնյակ արևմտյան բարբառների իսպառ և անվերադարձ վերացումը։
Այսպիսով՝ մենք ուղղակի դատապարտված էինք ռուսական կողմնորոշման։ Այս պետությունը մի ժամանակ նպատակ ուներ ուղղափառ քրիստոնեության առաջնորդը դառնալ. Երրորդ Հռոմ էին կառուցում։ Այսօր մարդկության ժամանակակից և ամենակատարյալ` ինդուստրիալ դարաշրջանը հիմնած Արևմտյան կամ քրիստոնեական պատկանելության հանգամանքն այլևս գործոն չէ։ Իսլամը հզոր գործոն է, պանթյուրքիզմը մեծ հեռանկար ունեցող հանգամանք է, քրիստոնեությունը` ամենևին։
Այս պայմաններում Հայաստանն անհնարին ճիգեր է գործադրում՝ մնալու քաղաքակիրթ ազդեցության տիրույթում։ Ցավալին այն է, որ Ռուսաստանը նույնպես բոլորիս աչքի առաջ կորցնում է համբավն ու հեղինակությունը։ 92-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարի մի փոքրիկ ակնարկը բավարար էր, որ Թուրքիան հեռու մնա մեր տարածաշրջանի գործերին խառնվելու մտադրությունից։ Հինգ տարի առաջ Թուրքիայում ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը ստիպեց երկրի ղեկավարին հրապարակավ ներողություն խնդրել Ռուսաստանի նախագահից։ Այսօր Թուրքիան իրական հայտ է ներկայացրել՝ իր իշխանությունը տարածելու Կովկասում և միջնորդական հանձնառություններ է իրականացնում Ռուսաստանի և Արևմտյան տերությունների միջև։ Իսկ Արցախում սկսել են արհամարհվել ռուսական խաղաղարար առաքելության պայմանավորվածությունները և նախազգուշական ոտնձգություններ են կատարվում նրանց ուղղությամբ։ Ուկրաինական իրադարձությունները վերջնականորեն հեռացրել են Ռուսաստանին Արևմտյան (Ատլանտյան) համակարգից՝ առաջացնելով պատմության մեջ ամենասրված հակասությունը այս երկու, բոլոր իմաստներով արևմտյան քաղաքակրթությունների միջև։
Այս իրավիճակը մեզ համար առանձնահատուկ ծանր է այն իմաստով, որ մենք մնացել ենք բառացիորեն երկու քարի արանքում։ Բազմաթիվ ճակատագրական վճիռների շարքում մեր առջև գծագրվում է պարտադրված ընտրություն կատարելու հրամայականը Ռուսաստանի և Արևմտյան աշխարհի միջև, քանի որ նրանց հարաբերությունները դարձել են բացարձակ հակամարտ։ Այս պայմաններում մեր վերջին փորձերը` պահպանելու անկախությունը և մեզնից չվանելու արևմուտքին, կարող են ոչ միանշանակ ընկալվել։ Մինսկի խումբը և Արցախի խնդիրը միակն էր, որ երկար ժամանակ հակասություն չէր հարուցում այս երկու ուժերի միջև։ Հայաստանը դիմել է Մինսկի խմբին` հայ-ադրբեջանական հակամարտության խնդրով։ Դեռ ժամանակին նշել ենք, որ Ռուսաստանի համար իր խաղաղարար առաքելության և հարավկովկասյան գործընթացներում լավ կլիներ ներգրավել Մինսկի խմբին, քանի որ իր ուժը միայնակ չի բավականացնելու թուրք-ադրբեջանական ճնշման առջև։ Բայց այն ժամանակ դեռ Ուկրաինայի դեպքերը չկային, և Ռուսաստանն ավելի ինքնավստահ էր` իր ազդեցության գոտին է։ Արևմուտքի և Ռուսաստանի համաձայնությունը Արցախի խնդրում այսօր արդեն կարող է չգործել կամ ազդեցություն չունենալ` ոչ թե դատապարտելու, այլ դարձյալ ձեռքերը լվանալու կարգով։ Ռուս-ուկրաինական բախման արդյունքում Արևմուտքում էլ ավելի անցանկալի է դարձել ազգերի ինքնորոշման սկզբունքի գաղափարը և ճիշտ հակառակը՝ ամրապնդվել է տարածքային ամբողջականության պահպահման սկզբունքը։ Արևմուտքը հակված է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափը փոխարինելու Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով։ Եվ եթե առաջ հասկանալով էին վերաբերվում Հայաստանի` Ռուսաստանից անբաժանելիության հանգամանքին, այսօր, հակառուսական աննախադեպ տրամադրվածության պայմաններում, կարող են մեր նկատմամբ արդեն այդքան նրբանկատ չգտնվել։ Հայտնի է, որ վերջին օրերս սրվել է ճնշումը նաև Թուրքիայի վրա` կողմնորոշվելու Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունում, բայց եթե այս երկիրը մեծ կարողություններ ունի՝ իր անկախ կեցվածքը պահպանելու, մեր հնարավորություններն ակնհայտորեն ավելի քիչ են, և դա էլ ավելի ծանր է դարձնում մեր վիճակը։
Հասկանալի է, որ ձևավորված կարծրատիպերը և պատմական փորձը խանգարում են, սակայն դա չպետք է հակադրվի անհրաժեշտություններին։ Առաջին հանրապետության տարիներին Արամ Մանուկյանը մի անգամ ստիպված եղավ ողջագուրվել թուրք զորահրամանատարի հետ։ Հետո ասում էր` տեսեք՝ երկիրը պահելու անհրաժեշտությունն ուր հասցրեց ինձ… Քանի Թուրքիան մոտիկություն է անում Ռուսաստանի հետ, մենք էլ կարող ենք այդ պատրվակով պահել խաղաղությունը, եթե կռվեն`պիտի կողմնորոշվենք։ Օրինակ` Ռուսաստանը դեռ չի պնդում Սյունիքով միջանցքը բացելու հարցը, նույնիսկ հակառակը։ Թուրքիային էլ առայժմ հայ-թուրքական բանակցությունների փաստը ինչ-որ տեղ հետ է պահում ադրբեջանական սադրանքներին ուղղակի մասնակցելուց։ Մենք սա չպետք է թերագնահատենք և պիտի կարողանանք օգտագործել` սուր զարգացումները կանխելու, գոնե հետաձգելու նպատակով։ Այսօր սպասողական դրությունը գործոն է, վաղը կարող է այդպես չլինել։ Վերլուծաբաններն արդեն համեմատել են այս պահը Ստալինգրադի ճակատամարտի հետ` կարծում են, որ Թուրքիան դարձյալ սպասում է ելքին։ Սակայն այսօր Ռուսաստանն ավելի քան անկյուն է մղված և մեկուսացված, իսկ Ուկրաինայում Դոնբասից հետո Ռուսաստանի ներխուժման շարունակությունը անհասկանալի է դարձրել` որն է լինելու Ռուսաստանի հաղթանակը և որը` պարտությունը։ Թուրքիային և Ադրբեջանին, մեզ հետ լեզու չգտնելու պարագայում, կարող է ավելի նպատակահարմար լինել՝ օգտվելու այս խառը վիճակից։ Հայկական հարցն ապագայի կտրվածքով Թուրքիայի համար շատ ավելի իրական և օրախնդիր է, քան Ուկրաինայինը, և նա հույսը կտրելու դեպքում կարող է չցանկանալ սպասել մինչև 2020 թ. հայտարարագրով սահմանված ժամկետը, մանավանդ որ Ադրբեջանն էլ իր կողմից է անհամբեր, իսկ Արևմուտքի համար այստեղ նոր ճակատ ունենալը ցանկալի և խոստումնալից նպատակ է։ Բնականաբար, Ռուսաստանի համար ներքուստ հաճելի չեն հայ-թուրքական ուղիղ բանակցությունները, քանի որ դրանք արևմտյան ծրագիր են, նպատակը` Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Բանակցությունները մի անգամ Ռուսաստանում անցկացնելու զիջումը կամ Ռուսաստանի տված դիվանագիտական հավանությունը դեռևս քիչ բան են նշանակում, Ռուսաստանի համար ավելի կարևորը դրանց միջոցով առայժմ երկրորդ ճակատից խուսափելը և Թուրքիային իր ազդեցության տիրույթից բաց չթողնելն է։ Անվիճելի է, որ Ուկրաինայից հետո, անկախ ելքից, հաջորդ հարվածը Ռուսաստանին հասցվելու է հարավից։ Հարցը միայն այն է`Հայաստանի վիճակն ինչ է լինելու այդ դեպքում։ Սա աշխարհաքաղաքական հարց է, և մենք պիտի պարզապես գործենք այդ պայմաններում նվազագույն կորուստների ակնկալիքով, բաց չթողնենք առիթը և հնարավոր է` ստիպված լինենք ընտրություն կատարել վատի և վատթարագույնի միջև։ Այլապես եթե ժամը գա, որ հայտնվենք այսօրվա Փարուխի և Խրամորթի վիճակում, իսկ որ ավելի վատ է, բայց, ի վերջո, հնարավոր, կիևցիների նման սկսենք նախապատրաստել մետրոյի ապաստարանները, այդ դեպքում, ըստ սովորության, մեղավորներ փնտրելն ամենահեշտ գործն է լինելու։ Բայց դա վիճակը փրկելու միջոց չէ։ Այսօր մենք քայլում ենք ածելու սայրի վրայով, բայց դա պարտադրված իրավիճակ է, որը հնարավոր է, նաև մեզնից նոր զիջումներ պահանջի, պարզապես պիտի կարողանալ հավասարակշռել ամենը։ Մեր նախորդ վարչակարգերից ոչ մեկին չի հաջողվել իրականացնել իր հիմնական մտահղացումը, դոկտրինը։ Մենք նույնիսկ պատասխանը չունենք` լավ է դա, թե վատ։ Փորձություններն անպակաս են մեզնից։ Լրջանալու հրամայականն անընդհատ հետապնդելու է մեզ ճակատագրով։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ