ՌԴ նկատմամբ գործի դրված եւ դեռ դրվող արեւմտյան պատժամիջոցները միայն ՌԴ-ին չէ, որ վնասելու են։ Դա, բումերանգի էֆեկտով վնասում է եւ վնասելու է նաեւ այն երկրներին, որոնք կիրառում են այդ պատժամիջոցները։ Բայց այդ վնասից զերծ չեն մնում նաեւ այլ երկրներ, օրինակ՝ Հայաստանը, ում համար Ռուսաստանը տնտեսական գլխավոր գործընկեր է։ Մասնագետները նաեւ նշում են, որ Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները կարող են հնարավորություններ բացել Հայաստանի տնտեսության համար։ Այդ ի՞նչ հնարավորությունների մասին կարող է խոսք լինել։ Պարզաբանումների նպատակով «ՀՀ»-ն դիմեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Ատոմ Մարգարյանին։
-Մեծ հաշվով, հնարավորությունները պայմանավորված են, օրինակ, այն սահմանափակումներով, որոնց հետեւանքով Ռուսաստանը ներմուծումների բնագավառում լուրջ խնդիրների է բախվում. փակ են արեւմտյան շուկաները, արեւելյան բազմաթիվ երկրների շուկաներ, որոնք միացել են պատժամիջոցներին։ Եվ դա լրացուցիչ պահանջարկ է ստեղծում այլ երկրների համար, ավելի ճիշտ՝ վերաբաշխում են այն երկրների օգտին այդ պահանջարկը բավարարելու հնարավորությունը, որոնք պատժամիջոցների դաշտում չեն։ Խոսքը, օրինակ, Հայաստանի տնտեսության այն չիրացված կամ կարճ ժամկետով որոշակի հզորությունները վերագործարկելու կամ հզորությունները մեծացնելու հնարավորությունների մասին է, որոնք վերաբերում են հատկապես սննդի եւ թեթեւ արդյունաբերությանը։ Այսինքն՝ շրջանառությունների ավելի կարճաժամկետ ցիկլ ենթադրող արտադրություններ գործարկելու կամ հավելյալ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն է։ Եվ այս իմաստով Ռուսաստանի շուկան կարող է մեծացնել Հայաստանից արտահանումները։ Առաջին հերթին սա նկատի ունեմ, որ իրական հնարավորություն կարող է լինել մեր ներդրողների եւ, ինչու ոչ, նաեւ ռուսական ներդրողների համար, որոնք կցանկանան աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում եւ վաճառել ապրանքը ռուսական շուկայում։ Ռուսաստանն ընդհանրապես 2014-ից հետո ներմուծման փոխարինման մեծածավալ ծրագրեր է իրականացրել, հատկապես՝ գյուղատնտեսության, սննդի վերամշակման, թեթեւ արդյունաբերության ոլորտներում եւ որոշակիորեն պատրաստված է այս պատժամիջոցներին։ Բայց կան մրցակցային որոշ առավելություններ, օրինակ՝ էժան աշխատուժը։ Եթե Հայաստանում միջին աշխատավարձը 400-450 դոլարի կարգի է, ապա Ռուսաստանում 45-50 տոկոսով ավելի բարձր է եղել։ Այս խզվածքը կարող է հավելյալ շահադրդումներ ստեղծել՝ նման վեկտոր ձեւավորելու կամ եղածները զարգացնելու ուղղությամբ։
-Բայց չմոռանանք նաեւ, որ արտահանումների առումով կարող են փոխարժեքի հետ կապված խնդիրներ առաջանալ, նաեւ խնդիրներ՝ վճարահաշվարկային համակարգերի հետ կապված։
-Այո, բայց այստեղ էլ կարծես կայունացում է ընթանում, եւ այլ որոշակի՝ այլընտրանքային լուծումներ են մշակվում ու ուրվագծվում։ Մասնավորապես՝ փոխադարձ վճարումներն ազգային արժույթներով իրականացնելու սխեմաները, որոնց մասին շարունակ խոսել ենք, եւ օրակարգում այսպիսի հարցադրումներ եղել են։ Բայց երեւի պետք է այս պատժամիջոցները լինեին, որպեսզի մտածեին, որ դա կարող է երկուստեք ձեռնտու լինել։
-Փորձը ցույց է տալիս, սակայն, որ ծագող հնարավորություններից անհնար է լիարժեք օգտվել, եթե այդ հնարավորությունները չեն համակարգվում ու չեն կառավարվում։
-Ճիշտ եք նկատել։ Ընդհանրապես՝ հնարավորություններից օգտվելու համար պետք է հավասարակշռված եւ հիմնավորված քաղաքականություն։ Այդ լիբերալ՝ ազատական ասվածը, թե, իբր, շուկան ամեն ինչ կկարգավորի, հիմնական հոսքերը սպոնտան կձեւավորվեն, եւ զարգացում տեղի կունենա տնտեսական համակարգերում, իրականում միֆ է։ Ժամանակակից տնտեսությունները, նույնիսկ ամենազարգացած արեւմտյան, կարգավորվող, ընդ որում՝ կոշտ կարգավորվող են, եթե իրենց ռազմավարական գերակայություններին է խոսքը վերաբերում։ Իդեալական ազատական պայմաններով որոշվող տնտեսության հեքիաթները վաղուց դադարել են գործել։ Եվ կառավարությունները վարում են շատ ակտիվ կառուցվածքային, ինովացիոն քաղաքականություններ եւ ակտիվորեն պաշտպանում են իրենց ներքին շուկաները, եթե դա անհրաժեշտ է։ Խոսքը վերաբերում է եւ ԱՄՆ-ին, եւ ԵՄ-ին ամբողջությամբ, եւ առանձին երկրների՝ Ճապոնիային, Չինաստանին… Ժամանակն է, նույնիսկ շատ ուշացել ենք, որ մենք էլ փոխենք մեր տնտեսական պատկերացումները, մոդելները, շեշտադրումները։
-Ե՛վ կառուցվածքային, ե՛ւ որակի մասով, այո՞։
-Միանշանակ՝ այո՛։ Եթե նայում ենք, թե այսօր կառուցվածքային առումով որոնք են հիմնական շարժիչները կամ դրայվերները, տեսնում ենք լայն իմաստով՝ խաղաբիզնեսը։ Սա, շա՜տ մեղմ ասած, ճիշտ չէ… Գերվարկավորված են հիմա պետությունը, բիզնեսը, տնային տնտեսությունները։ Խոսուն է նաեւ պարտքի դինամիկան։ Եթե հակիրճ, ապա՝ տասնամյակներ եւ այսօր էլ որակական փոփոխություն չկա։ Հետեւանքը մեր տնտեսության պատկերն է։ Դրա համար եմ ասում՝ տնտեսական մոդելներն ու շեշտադրումները պետք է փոխվեն…
-Ճշգրտենք՝ այս իրավիճակում մեզ ի՞նչ է պետք հստա՛կ անել։
Ամեն ինչին համակողմանի պետք է նայել։ Ունեցանք արհավիրք՝ պատերազմ, դրա շարունակությունը, սրացումները Հայաստանի Հանրապետության սահմաններին եւ Արցախում։ Սրան էլ գումարվել է գլոբալ քաոսը՝ ռուս-ուկրաինական այս իրավիճակի հետ կապված։ Հիմա պարզ է, չէ՞, մեզ ինչ է պետք։ Պե՛տք է, որպեսզի մեր էկոնոմիկան փոխադրվի մոբիլիզացիոն վիճակի։ Պե՛տք է լինի պատերազմական վիճակին բնորոշ տնտեսական համակարգ։ Իսկ դա ունի իր կանոնները։ Նախ հարկավոր է, որ ենթակառուցվածքային ոլորտների, լեռնահանքային արդյունաբերության ընկերությունների, խոշոր ընկերությունների նկատմամբ վերահսկողությունն ուժեղանա։ Այդ ընկերությունների չվճարված հարկերի չափով պետք է ակտիվներն ուղղակի պետականացվեն։ Նույնը վերաբերում է բնական մենաշնորհների ոլորտին (էլեկտրաէներգիա, ջուր եւն)։ Պետության աչքը մշտապես պետք է այս բիզնեսների մեջ լինի բոլո՛ր հոսքերի հանդեպ՝ որտեղ են վճարվում, ուր են գնում։ Օրինակ՝ բնակչությունը վճարում է դրանց դիմաց էլեկտրոնային ավտոմատներից, այդ գումարները շրջանառվում են օֆշորներում, որովհետեւ այնտեղ են գրանցված։ Մեր պայմաններում սա ուղեղի մեջ չտեղավորվող իրավիճակ է։
Մեկ այլ խնդրի մասին։ Վերջապես պետք է լուծվի ռեսուրսների հասանելիության խնդիրը։ Հատկապես այն ոլորտներում, որոնք նշեցի (էլէներգիա, ջուր, գազ, կապ), պետք է լրջագույն աուդիտ անցկացվի, ռեալ ծախսերը ֆիքսեն, իրական սակագներն ու իրական շահույթները պարզվեն։ Եվ այստեղ սակագները վերանայելու՝ նվազեցնելու մեծ ռեզերվ ու ռեսուրս կա, հավատացնում եմ ձեզ։
Երրորդ խնդիրը հարկային քաղաքականությունն է։ Համահարթող մոդելը պետք է փոխվի. կազինոների բիզնեսն ու, ասենք, սպիտակեղեն արտադրող ընկերության բիզնեսը նույն շահութահարկով հարկելը պարզապես անընդունելի է։ Պետք է նախ իջեցնել արտադրական սեկտորի հարկերը փոքր ու միջին ձեռնարկությունների համար եւ սահմանել ավելի մեղմ հարկային ռեժիմներ, որպեսզի գործարարը կարողանա ընդլայնել իր բիզնեսը։ Հիմա խոսում ենք Ռուսաստանի վիճակից։ Հնարավորությունները այստեղ խիստ սահմանափակվելու են, եւ այնտեղ աշխատող մեր հայրենակիցները վերադառնալու են։ Ի՞նչ է արվելու այստեղ։ Որպեսզի սեփական նախաձեռնությամբ բիզնես հիմնելու, եղած բիզնեսն ընդլայնելու, հնարավորություններն իրացնելու խթաններն ուժեղացնենք, պետք է հարկային քաղաքականությունը վերանայենք։ Սա վերաբերում է եւ շահութահարկին, եւ եկամտահարկին։
-Այս պարագայում առաջ է գալիս հաջորդ խնդիրը՝ բյուջեն կտուժի։
-Այո, այս մասով կորուստներ կունենանք։ Բայց այդ կորուստները պետք է փոխհատուցել, եւ ասացի՝ որ ոլորտներից՝ լեռնահանքային, բնական մենաշնորհների… Այ թե որտեղից կարելի է վերցնել այդ ռեսուրսները եւ նախեւառաջ, արդիականացնել մեր բանակը, զինել, պաշտպանական համակարգերը ուժեղացնել։ Մենք այլընտրանք չունենք։ Միջոցները կան, միջոցների շահառուները՝ նույնպես, հոսքերն էլ հստակ ֆիքսված են։ Լուծումներ շատ կան, բայց դրա համար օրակարգը պետք է փոխել։ Սա է պահանջում մեր երկրի շահը բոլոր՝ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական անվտանգության առումներով։
-Այս ամենն իրագործելու փոխարեն հեշտ պատասխան ենք տալիս՝ մեր միջոցների սղությունից ու Ադրբեջանի նավթագազային պաշարներից ենք խոսում։
-Իսկ Հայաստանի ոսկու եւ պղնձամոլիբդենի պաշարների մասին մոռանում ենք։ Եթե համեմատենք ու հարաբերենք, ոչնչով չեն տարբերվում։ Պարզապես մեր հարստությունները բավարար ծավալով չեն ծառայել ու չեն ծառայում մեր երկրին։ Տնտեսական մոդելներն ու շեշտադրումները փոխենք, անվտանգության եւ բարեկեցության հարցերն էլ կլուծենք։ Այս երկու վեկտորները փոխլրացնող են։ Բարեկեցությունը կամ տնտեսական հզոր համակարգը նաեւ հզոր պաշտպանական ու անվտանգության համակարգ է։ Կա՞ այդ ֆունդամենտը, կլինի պաշտպանություն։ Ունե՞նք այլ ճանապարհ, քան մեր երկրի ու պետության մասին ամեն վայրկյան մտածելն ու դրա օգտին գործելը՝ ո՛չ։ Իրավունք ունե՞նք հապաղելու, միանշանակ՝ ո՛չ։ Երկի՛ր, հայրենի՛ք, պետությո՛ւն. հանուն սրա պետք է լինի մեր ամեն օրը։