Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող միջազգային զարգացումները հասկանալու համար պետք է դուրս գալ զուտ տարածաշրջանային խնդիրների հարթակից եւ հետեւել նույն միջազգային էներգետիկ դիվանագիտական շարժերին։ Դրանք այսօր ուղղակիորեն պետք է դիտարկել ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում Ռուսաստան-Արեւմուտք եւ դրանից ածանցվող հարաբերություններում։ Եվ ամենակարեւորը՝ այս ամենում չպետք է մոռանալ ուղիղ գծում տեղավորել թյուրքական կողմի նկատմամբ տարբեր երկրների հարաբերությունները 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո։
Ուկրաինական հակամարտության հետեւանքով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամ է։ Այս վիճակից ճիշտ պահին օգուտ քաղեց թյուրքական կողմը եւ հարմարավետ տեղավորվեց Արեւմուտք-Ռուսաստան հակասությունների «բազմոցում»։ Ընդ որում՝ ինչքան թյուրքական կողմը հարմարավետ փռվեց, նույնքան պասիվ դարձավ Հայաստանի ու Արցախի հանդեպ միջազգային կոչվող դիրքորոշումը։ Այդ դիրքորոշման փաթեթավորումները տարբեր են՝ երբեմն հասցեական՝ ընդդեմ ադրբեջանական կողմի, երբեմն ավելի շատ ի աջակցություն ու զորակցություն հայկական կողմի, բայց գեղեցիկ փաթեթավորման ներսի «ապրանքը» նույնն է՝ զուտ կոչը՝ ուղղված ադրբեջանական կողմին եւ իրականում լռություն՝ հայկական կողմի հանդեպ։ Այո, երբ նայում ենք ԵՄ-Ադրբեջան գործակցության տնտեսական թեւի էներգետիկ հատվածին (թվերով խոսել ենք այս մասին), տեսնում ենք, որ գերակշիռը քաղաքական բաղադրիչն է, որն էլ հենց ազդեցություն է ունենում տարածաշրջանային, մասնավորապես՝ Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող զագացումների վրա։
Այս պատկերն ամբողջական դարձնելու համար պետք է նաեւ հիշենք, որ Եվրոպան մշտապես ցանկացել է նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Զարգացումները հստակ կցուցանեն հայկական կողմի հանդեպ եվրոպական վերաբերմունքը թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ թե՛ պատերազմից հետո ցայսօր։ «Լույս» հիմնադրամը ճիշտ է դիտարկել («Էներգետիկ ճգնաժամը եվրոպայում եւ ադրբեջանական գազի գործոնը», 2022 դեկտեմբեր). դեռեւս 2019-ին, ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում էներգակիրների՝ առաջին հերթին բնական գազի գործոնը մեծ կարեւորություն ձեռք բերեց Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) ամբողջական շահագործումից անմիջապես հետո։ «Ընդ որում, եթե այդ նախագիծը դեռ իրականացման փուլում ԵՄ կողմից համեմատաբար փոքր ուշադրության էր արժանացել եւ ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման հարցում ՀԳՄ-ն Բրյուսելի կողմից չէր դիտարկվում որպես առաջնահերթություն՝ հաշվի առնելով ծրագրի մշուշոտ տնտեսական բաղադրիչը, ապա ուկրաինական հակամարտության պատճառով ԵՄ-ում ստեղծված էներգետիկ ճգնաժամը կտրուկ փոխեց ադրբեջանական նախագծի նկատմամբ ինչպես ԵՄ առանձին երկրների, այնպես էլ պաշտոնական Բրյուսելի վերաբերմունքը»։
Բաքուն գնալով քաղաքականապես առավել նպաստավոր է դիրքավորվում հատկապես այն երկրների հետ հարաբերություններում, որոնք ադրբեջանական էներգակիրների շահառու են դիտարկվում։ Ըստ «Լույսի»՝ վերջին տարիներին Ադրբեջանի ազդեցությունը հատկապես մեծացավ այն երկրներում, որոնք ադրբեջանական էներգակիրների անմիջական կամ հեռանկարային շահառուներ են։ Օրինակ՝ ուշագրավ է, որ ադրբեջանական գազի եւ նավթի հիմնական շահառուն՝ Իտալիան, վերջիններից էր, որ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, այն էլ 44-օրյա պատերազմից հետո միայն՝ 2020 թ. դետեմբերին։ «Հարկ է հիշատակել նաեւ իտալացիների որոշ քաղաքական ռեւերանսները՝ ուղղված Բաքվին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո. օրինակ՝ իտալական եւ ադրբեջանական մամուլը պատերազմից կարճ ժամանակ անց ակտիվորեն շրջանառում էր տեղեկություն, թե իբր Իտալիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու առաջիկա G20 գագաթնաժողովին, թեեւ հետագայում Ադրբեջանը միջոցառմանը այդպես էլ չմասնակցեց»։
Ուկրաինական ճգնաժամն ինչքան խորանա, այնքան թյուրքական կողմի հանդեպ եվրոպական սեթեւեթանքը կգունագեղվի։ Եվ ոչ միայն եվրոպական, ամերիկյանը՝ նույնպես։ ԱՄՆ-ն հնարավորինս երկար է ուզում Եվրոպային ընդդեմ Ռուսաստանի պահել։ Դրա համար պետք է Եվրոպային էներգետիկ ճգնաժամին դիմանալու «ցուցիչ» տա, իսկ դա ադրբեջանական գազն է։ Ոչինչ, որ Բաքուն անհրաժեշտ ծավալով դա չի կարող անել, ոչինչ, որ խաղեր տալով Մոսկվայի ու Բրյուսելի հետ, կարող է Եվրոպային նաեւ ռուսական գազ վաճառել, ոչինչ, որ Եվրոպայում հանրությունն ու ընկերությունները բողոքում են իրավիճակից, Վաշինգտոնի համար կարեւորը ուկրաինական ճգնաժամը թեժ պահելն է։ Եվ ոչ միայն Վաշինգտոնի, այլեւ՝ եվրոպական իր «կցորդի»՝ Մեծ Բրիտանիայի համար։
Բաքուն լավ է հասկանում, որ այս ամենի մեջ իր կարիքը կա, դրա համար էլ հանգիստ անում է իր քայլերը՝ ե՛ւ ՀՀ սահմաններից ներս ներխուժելով, ե՛ւ Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը փակելով։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կգովերգեն Ադրբեջանին, որովհետեւ վերջինս եվրոպական էներգետիկան դիվերսիֆիկացնելու գործում դեր ունի (չափը կարեւոր չէ քաղաքական բաղադրիչում), Ադրբեջանն էլ կոգեւորվի ու բրիտանական ընկերություններին կդարձնի մեր Արցախի հանքերի շահառու։
Ինչպես վերեւում նշեցինք՝ Եվրոպան մշտապես ցանկացել է նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Պատահական չէր 44-օրյայի ընթացքում եվրոպական դիրքորոշման իրականում չգոյությունը նույնիսկ այն բանից հետո, երբ Արցախում թշնամին դիմեց ռազմական հանցագործության՝ սպիտակ ֆոսֆոր թափելով անտառների եւ մեր զինվորների վրա։ Բաքու-Բրյուսել հարաբերություններում հանկարծ իրապես դեն նետվեցին բարձրագույն արժեքներ՝ ազգային ինքնորոշման իրավունքներ, մարդու իրավունքներ, բնության պահպանություն եւն։ Եվրոպայի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ դիվանագիտությունը ձեւախեղեց Եվրոպայի երբեմնի՝ իբր որդեգրած բարձրագույն արժեքները։ Ընդ որում՝ ձեւախեղվեց եւ շարունակաբար ձեւախեղվում է հրապարակային, կոշտ, առանց դիվանագիտության։ Ի դեպ, «Լույսն» էլ է խոսում արցախցիների իրավունքների եւ ազատությունների, մասնավորապես՝ ինքնորոշման անքակտելի իրավունքի հարցում ԵՄ «աստիճանաբար դեգրադացվող դիրքորոշումից»։
«Հարավային Կովկասում ինչպես հավաքական Արեւմուտքի, այնպես էլ զուտ ԵՄ-ի շահերը խարսխվում են երեք հիմնական նպատակների վրա՝ ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, Հարավային Կովկասում ձեւավորել այնպիսի աշխարհաքաղաքական միջավայր, որը տարածաշրջանից աստիճանաբար դուրս կմղի Ռուսաստանի ռազմական, տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը, խոչընդոտել Հարավային Կովկասում Իրան-ՌԴ ռազմաքաղաքական առանցքի ձեւավորումը եւ Իրանի դերակատարության մեծացումը։ Այս նպատակներին հասնելու համար Արեւմուտքը պատրաստ է աչք փակել տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության, այդ երկրներում մարդու իրավունքների անմխիթար վիճակի, անգամ հարեւան ժողովուրդների նկատմամբ վերջիններիս ցեղասպանական հակումների նկատմամբ» (մեջբերումը նշյալ հիմնադրամի վերլուծությունից է,- Ա. Մ.)։
Ինչ պետք է անեն այս իրավիճակում Հայաստանն ու Արցախը, երբ թյուրքական կողմը նպաստավոր իրավիճակից առավելագույնս օգտվում է, ԱՄՆ-ը սատարում է դրան, Եվրոպան «ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե»(Ռուբեն Սեւակ), Ռուսաստանն էլ զբաղված է իր ուկրաինական ճակատով: Հայաստանն ու Արցախը պետք է անեն այն, ինչ արեցին 90-ականներին, երբ դարձյալ ոչ միայն միջազգային առումով մեր վիճակը բարենապաստ չէր, այլեւ ԽՍՀՄ-ն էլ կազմաքանդվելով՝ նաեւ Հայաստանի գլխին էր փլվում։ Այն ժամանակ հավատացինք մեր ուժերին ու տեր կանգնեցինք մեր կամքին ու ճակատագրին։ Արդյունքը ստացանք՝ ինքնիշխան ապրող Հայաստան եւ Արցախ։ Եվ այս արդյունքին թշնամին չէր էլ համարձակվում մոտենալ։ Մեզ ոչ ոք չի խանգարում մեկ անգամ եւս տեր լինել ինքներս մեզ ու տերեր չփնտրել։ Հակառակ պարագան հղի է բոլոր վատթարագույն հետեւանքներով՝ եւս մեկ ցեղասպանությամբ ու եւս մեկ անգամ հայրենազրկմամբ։ Չե՞նք ուզում, ուրեմն մի կողմ դնենք միջազգային սպասումները, ինչը բնավ չի ենթադրում, որ դիվանագիտական աշխատանք չպետք է տարվի տարբեր երկրների հետ, եւ չտրվենք հոսանքին՝ սպասելով, թե երբ միջազգային ծավալումները մեզ համար բարենպաստ կլինեն։ Դրանք բարենպաստ կդառնան միայն այն ժամանակ, երբ իրապես կաշխատենք քաղաքական ու տնտեսական ոլորտներում։