Այսօր հայոց բանակի կազմավորման օրն է, իսկ ավելի ճիշտ՝ հայոց հպարտության ու արժանապատվության գիտակցման ու գնահատման օրը: 31 տարի առաջ հայ ժողովուրդը հիմնադրեց իր նորօրյա ամենահզոր բերդը՝ բանակը ու նրան ի պահ տվեց իր երազանքների իրականացման պատկերացումները, նրա հետ կապեց ազգային նպատակների իրագործման հույսերը, որոնք միտված են մեր ժողովրդին ի վերուստ տրված արարչագործության իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանների պաշտպանությանը եւ ապահովմանը… Հայոց նորօրյա բանակը 31 տարեկան է, բայց նրա ամբողջական պատմությունն ավելի խորն է եւ տանում է դեպի Ք. ծ. ա. 2492 թ.՝ Հայոց ձորի ճակատամարտը, որում մեր հիմնադիր Հայկը պարտության մատնեց իր ազատության վրա ձեռք բարձրացրած բռնակալ Բելին ու հայտարարեց հայրենիքում անկախ ու ինքնիշխան ապրելու հայոց վճռականության մասին…
Կարելի է երկար խոսել այն դրության մասին, որում գտնվում էր հայ ժողովուրդը բանակի ստեղծման օրերին: Հիրավի, տիտանական կամք ու վստահություն պետք է ունենալ՝ մի կողմից կռվելու, իսկ մյուս կողմից՝ հենց կռիվների ընթացքում բանակ ձեւավորել-կայացնելու համար: Բայց դա հնարավոր դարձավ միայն հայ ժողովրդի պատմական հիշողության ու, որպես արդյունք, նրա ոգեղեն ուժի ու կամքի շնորհիվ: Այդ հիշողությունը բանակի ստեղծման մեր ձգտումը կապում է հազարամյա պատմության քառուղիներում անօրինակ մաքառումների ու խոշոր հաղթանակների հետ: Նույնիսկ պետականության բացակայության պայմաններում, երբ հարկադրված ենք եղել կռվել ուրիշների ազգային նպատակների համար, երբ զոհվել ենք հանուն այնպիսի նպատակների իրականացման, որոնք, ըստ էության, վերջնարդյունքում ուղղված են եղել հենց մեր շահերի դեմ, մենք զինվորներ ենք եղել, ովքեր մարտնչել են չկորսվելու համար: Մարտնչել են ու ապրել: Մարտնչել են 4515 տարի՝ ազդարարելով, որ հայոց զինվորը հայկյան ավանդույթների պահապանն է: Հայկից մինչ օրս բոլորս զինվորներ ենք եւ պայքարել ենք ոչ միայն մեզ համար, այլեւ ուրիշների: Մշտապես եղել եւ մնում ենք ճշմարտության զինվորները. որպես այդպիսին, չենք պարտվում, զիջում ենք, նահանջում, վրդովվում ու զոհվում, բայց հառնում ենք փյունիկի պես ու գնում դեպի ռազմադաշտ՝ պահպանելու հաղթողի մեր կերպը, այն տեսակը, որն արարում է, պաշտպանում աստվածայինը եւ ոչ թե սպանում:
Ցավոք, դաժան են եղել մեր թշնամիները: Հաճախ դժվար է նրանց մասին խոսել մարդկայնության չափորոշիչներով: Սպանելով աստվածային արժեքները՝ նրանք միաժամանակ փորձել են «սպանել» Աստծուն: Կեղծիքի զինվորները, անկախ այն բանից, թե ով են, ինչ ազգ են ներկայացնում եւ ինչ հավատ ունեն, ոչնչացնելով մարդու արարած արժեքները՝ դրանով իսկ կրակել են Արարչի վրա: Այսպիսի «շրջապատում» հերոս պետք է լինել չխելագարվելու եւ արարչագործությանը զրոյից կրկին ձեռնամուխ լինելու համար: Հայ ժողովուրդն իսկապես հերոս է, իսկ այդ հերոսության ակունքները կապվում են հայոց հիմնադիր Հայկի, հայոց արդար բանակի, հայոց հզոր զինվորի հետ: Հերոս ժողովրդի բանակը չի կարող հերոսական չլինել:
Այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ տեսանելի ու անտես թշնամիները հավաքվել են՝ վերացնելու հայոց անկախությունը, սպանելու նրա ոգին, հայ հասարակության մեջ ստեղծելու պատկերացում, որ նա ի վիճակի չէ պաշտպանվել ու լիովին կախված է «հաղթողների մեծահոգությունից»: Բայց հենց այսօր հայկական բանակը պետք է առավել ամուր լինի, քան երբեւէ, իսկ դրա համար անհրաժեշտ է պատնեշներ կառուցել օտար քամիների դեմ մեր լեռներում: Հիմա վերքերն ապաքինելու ժամանակն է, բայց մոտ է պահը, երբ թշնամին փախուստ կտա մեր լեռներից ու դաշտերից՝ ահաբեկված հայկական կենսատարածքի ազատման համար ձեռնարկվելիք միջոցառումներից: Իսկ որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է բանակը պահել մեկ այլ հարթության վրա, որտեղ ազգային ձգտումները բյուրեղանում են ընդհանուր նպատակի մեջ:
Թշնամին հասկանում է հայոց բանակի դերը, գիտակցում է հայ ռազմիկի ուժը, ուստի տարբեր միջոցներով փորձում է հակասություններ սերմանել մեր մեջ, բանակի ու պետական իշխանության միջեւ սեպ խրել, սադրել քաղաքացիական պատերազմ եւ ոչնչացնել Հայաստանը: Եվ միաժամանակ գիտակցում է, որ անզոր է, որ հայ ժողովուրդը հասկանում է դա եւ կնախապատրաստի իր հակաքայլերը:
Հասկանալի է, որ այժմ մեզ հարկավոր է միասնություն՝ բանակի ամրապնդման խնդիրները լուծել կարողանալու համար: Նրա հիմքում պետք է դնել ազգային ու պետական նպատակների իրականացման կարեւորության գաղափարը, օգնելու, որպեսզի հայ զինվորը լիարժեք պատկերացնի, թե ով է ինքը եւ անհրաժեշտաբար դեպի ուր պետք է գնա: Ձեւավորելու կատարյալ զինվորներ, ովքեր վերադասին կվերաբերվեն որպես «հուսալի մեջքի», իսկ անհրաժեշտության դեպքում կստանձնեն նույն այդ վերադասի պարտականությունները եւ խնդրի լուծումը կհասցնեն տրամաբանական ավարտի: Որպեսզի հայ ժողովուրդն արտաքին ու ներքին մարտահրավերներից իր պաշտպանության գործում ապավինի իր իսկ բանակին, պետք է իմանա, որ նրա հիմքում բացառապես կանոնադրային հարաբերություններն են՝ վերցված ոչ թե այլոց բանակներից, այլ սեփական, հարազատ, հայ տղամարդու արժանապատվությունը ոչ մի կերպ չվիրավորող հարաբերությունները, որոնց նպատակակետը ոգեղեն ու ֆիզիկական առումներով հզոր զինվորն է՝ որպես ինքնիշխանության կատարյալ խորհրդանիշ: Երկրի կյանքում նրա դերակատարությունը յուրահատուկ է, յուրահատուկ պետք է լինեն նաեւ նրա տեղն ու դերը մեր ժողովրդի կյանքում:
Կարծում եմ՝ զուգահեռաբար անհրաժեշտ է հայոց պատմության մեջ փնտրել հայկական այն հաղթական մարտավարություններն ու ռազմավարությունները, որոնց կիրառումը ծանր անակնկալ կլինի ցանկացած թշնամու համար: Անհրաժեշտ է զարգացնել դրանք՝ համապատասխանեցնելով մերօրյա պահանջներին, հարստացնել ոչ միայն միջազգային ռազմական նորամուծություններով՝ երբեք հետ չմնալով իրադարձությունների զարգացումից, այլ նաեւ ստեղծելով սեփական զինատեսակները, որոնք հայոց սահմանների պաշտպանության գործում անգնահատելի դեր կխաղան, քանզի կդառնան հերթական ծանր անակնկալը թշնամու համար:
Հայկական բանակը երբեք պատերազմ չի հրահրել, նույնիսկ իր հզորության տարբեր ժամանակաշրջաններում իրականացրած արտաքին նվաճումների ընթացքում միտված է եղել իր դեմ թշնամական հնարավոր գործողությունների կանխարգելմանը՝ երբեք կասկածի տակ չդնելով այլոց ապրելու իրավունքը: Սա ազնվական ժողովրդի դիրքորոշում է, մարդկությանը ծնունդ տված ժողովրդի համոզմունք: Սա արժեհամակարգ է, որին քաղաքակիրթ աշխարհը պետք է հանգեր սոսկ 20-րդ դարում եւ մինչ օրս չսովորեր ամբողջությամբ կատարել դրա իրականացման ապահովումը՝ մարդկային հարաբերությունների կենտրոնում դնելով նյութական շահը, այլ ոչ թե մարդկային կյանքերը, նրանց ազգային ու համամարդկային արժեքները: Հայկական պետականությունն իր պատմության ընթացքում միշտ ապավինել է այս արժեհամակարգին, ուստի որակական միանգամայն բարձր մակարդակով եւ պատվավոր դերակատարությամբ կարող է մասնակցել միջազգային խաղաղապահ ու խաղաղարար առաքելություններին՝ մեծացնելով հայ ժողովրդի դերն աշխարհում խաղաղության հաստատման գործում:
Հայոց բանակը մարտական ու հայրենասիրական բարձր ոգի ունի եւ դրա շնորհիվ 2020 թ. 44 օր դիմակայեց Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի միացյալ հարձակմանը լիակատար մեկուսացվածության պայմաններում: Այդ պատերազմում թշնամին ներգրավել էր նաեւ Պակիստանի ու այլ երկրների ռազմական օգնությունը, այդ թվում՝ մեր դաշնակցից: Իսկ հայ ժողովուրդը մենակ էր այն պայմաններում, երբ ուժերի հավասարակշռությունն առանց այդ էլ խախտված էր հօգուտ Ադրբեջանի: Թշնամին խաղարկել ու խաղարկում է նավթի ու գազի գործոնները: Հայոց բանակը պետք է սովորի պարտադրել խաղաղություն՝ հակառակորդին զրկելով իր խաղաքարտերից: Երբ նժարին սեփական անվտանգության ապահովման հարցն է, պետք է վանել մտահոգությունները, թե հայկական բանակի հարվածների արդյունքում ովքեր կարող են զրկվել նավթագազային մատակարարումներից: Դա առաքողների ու ստացողների խնդիրն է, եւ նրանք պետք է ձգտեն՝ ստեղծելու պայմաններ, որոնք կբացառեն խոչընդոտների հայտնվելը առաքման ճանապարհին: Եվ եթե միջազգային հանրությունը համոզված լինի, որ հայկական բանակը անհրաժեշտության դեպքում կխոցի իրեն սպառնացող պետության ցանկացած թիրախ՝ կազմալուծելու համար նրա տնտեսությունը, երբեք չի թույլատրի հարձակվել ու վտանգել մատակարարումները: Այս դեպքում նավթագազային գործոնը կդառնա ոչ թե պատերազմի խթան, այլ ռազմական հակամարտությունը կանխարգելող գործոն: Կարծում ենք՝ նման խնդիրների լուծումն ապահովող հատուկ ստորաբաժանումների ստեղծումը բանակում պատմական անհրաժեշտություն է:
Հայաստանին բանակային նոր համակարգ, նոր կառուցվածք է անհրաժեշտ՝ բացառելու համար բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը: Կրթական ու գիտական հատուկ ծրագիր է անհրաժեշտ: Յուրաքանչյուր զինվորի ֆիզիկական ու ոգեղեն վիճակի պատասխանատուներն առաջին հերթին նրա զինվոր ընկերներն են: Եվ այսօր զուգահեռաբար պետք է լիովին վերանայել այն կրթական քաղաքականությունը, որն իրականացվում է մեր երկրում: Պետք է հանրության մեջ գործնական քայլերով փոխել մոտեցումը, որ զորամասը ճամբար է: Այն հզորների կերտման կենտրոն է, եւ այնտեղ հավաքվում են ազգի լավագույն ներկայացուցիչները: Չէ՞ որ միայն ուժեղագույններին է վստահվում երկրի ու նրա յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանության կարեւոր գործը:
Վերադառնալով տոնական օրվա հետ կապված հարցին՝ կուզեինք, որ այսօր սկսենք ամենասկզբից. հանուն մեր իսկ զավակի կյանքի նրան բանակ ճանապարհելիս խուսափենք հորինված «արժեքների» քարոզից, նրան ու հայոց բանակին մաղթենք արեւշատություն, իսկ զինվորին հազար ու հազար անգամ շնորհավորենք այդպիսի պատվի ու հաղթական լինելու այդպիսի բացառիկ հնարավորության համար: