Մեր երկիրն այնքան լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած, որ հատկապես 44-օրյայից հետո հիմնականում ուշադրության կենտրոնում պահելով պաշտպանական-անվտանգության խնդիրները, ակամա անտեսում ենք ազգային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն այլ թեմաներ։ Այս պարագայում խոսքը մեր երկրում սպառվող աղի մասին է, ավելի ստույգ՝ այն մասին, թե ի՛նչ աղ է սպառվում այն հատվածում, որ լրացվում է ներկրածով։
Անարձագանք ահազանգի հետեւանքները
Արդեն երկու ամսից ավելի այս թեմայի թելը մեր ձեռքերում է։ Եթե իրերի դրությունը հակիրճ ու պատկերավոր նկարագրենք, ապա, ինչպես ասում են, արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին։ Ճիշտ եւ ճիշտ Ավանի աղի կոմբինատի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի վիճակն է՝ յոթ երգն էլ աղի մասին է. խնդիրը բարձրաձայնում է, ահազանգը հնչեցնում, լուծումներն առաջարկում, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ի դեպ, պատկան մարմինները տեղյակ են ահազանգից։ Համոզվեցինք, երբ ամենատարբեր կառույցներ էինք զանգում, ու հարցը դեռ կես ճամփին, պատասխանում էին՝ այո, տեղյակ ենք խնդրին։ Բանն այն է, որ, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցնում է Ա. Ղուկասյանը, ինքը շատ պաշտոնյաների է հանդիպել, շատ նամակներ է այս ու այնտեղ ուղղել, բայց անօգուտ։
Եվ խնդիրը միայն այն չէ, որ մենք աղ ենք ներկրում այն պարագայում, երբ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն աղ արտադրող միակ ձեռնարկությունն է տարածաշրջանում, այլ այն, որ ներկրվում է նաեւ արդյունաբերական աղ, որը պարզ չէ, թե իրացման ինչ շղթայով է անցնում։
Այս կոմբինատը կառուցվել է 1967 թ. անմիջապես աղի հանքավայրի վրա։ Երկու հիմնական արտադրություն ունի՝ բարձրորակ յոդացված «Էքստրա» կերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկա եւ քարաղի արդյունահանման լեռնահանքային արտադրություն։ «Էքստրա» կերակրի աղը, նատրիումի քլորիդի 99.5 տոկոս նվազագույն բաղադրությամբ, արտադրվում է մոտ 1200 մ խորությամբ գտնվող ստորգետնյա հորաններից ստացվող հագեցված աղաջրի վակուում-գոլորշիացման եղանակով։ Մոտ 300 մ խորության վրա գտնվող կոմբինատի հանքում հորատապայթեցման եղանակով արդյունաբերվում է կերային քարաղ, նատրիումի քլորիդի 93 տոկոս նվազագույն բաղադրությամբ, որն օգտագործվում է անասնապահական կարիքների համար, եւ աղացած աղ, նատրիումի քլորիդի 90 տոկոս նվազագույն բաղադրությամբ, որն օգտագործվում է տեխնիկական նպատակների համար։ Այսինքն՝ մենք արտադրում ենք եւ կերակրի, եւ տեխնիկական աղ, ի վիճակի ենք բավարարելու ներքին պահանջարկը, բայց ներկրում ենք։ Հետեւանքը՝ տեղական արտադրանքի ծավալը 40 տոկոսով նվազել է։
Խոսում ենք տեղական արտադրության զարգացումից, բայց թույլ ենք տալիս, որ տեղական արտադրությունն անկում ապրի այն դեպքում, երբ որակի խնդիր էլ չունենք։ Կոմբինատում գործում է ԻՍՕ 22000։2005 սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային համակարգ, 2002-ից կոմբինատը Աղ արտադրողների եվրոպական ասոցիացիայի (EuSalt) անդամ է։ «Հայկական աղում չենք օգտագործում ոչ մի քիմիական հավելանյութ աղի որակը լավացնելու համար։ Սկզբունքորեն չենք օգտագործում, մեր աղը լավորակ է։ Մատակարարում ենք մաքուր աղ։ Տարածաշրջանում միակ ձեռնարկությունն է, որն արտադրում է էկոլոգիապես մաքուր աղ։ Աշխարհի գրեթե բոլոր աղ արտադրողներն օգտագործում են հակապնդեցուցիչներ՝ աղի գույնը սպիտակեցնելու եւ հոսուն սարքելու համար։ Մենք դա չենք անում՝ մեր ազգակիցների առողջության մասին մտածելով։ Դրա համար մեր աղը երբեմն պինդ է, բայց ինչն է խնդիրը, մի փոքր սեղմվելուց փափկում է։ Մեր եվրոպական գործընկերները զարմանում են։ Մեր արտադրանքը Հայաստանի սահմաններից դուրս էլ հայտնի է, համագործակցում ենք շատ երկրների հետ, այդ թվում՝ աղի արտադրության ոլորտում վերջին տեխնոլոգիաները կիրառող Շվեյցարիայի, Գերմանիայի, Ավստրիայի հետ»,-նշում է Արեգ Ղուկասյանը։
Տեղական արտադրության զարգացմանը չխթանելուց զատ մեկ այլ խնդիր էլ կա։ Ուսումնասիրելով շուկայի շարժը՝ մեր զրուցակիցը տխուր, եթե չասենք՝ ահազանգին արժանի եզրահանգման է եկել. «Ներկրվում է արդյունաբերական աղ, ընդ որում՝ օրենքը չխախտելով։ Արդյունաբերական աղ կարելի է ներմուծել։ Բայց արդյունաբերական աղը այնպիսի արտադրանք է, որ չի կարելի գործածել սննդում։ Եվ քանի որ չի կարելի գործածել, սննդի անվտանգության ծառայությունը չի ստուգում որպես կերակրի մեջ օգտագործելու պիտանի ապրանք։ Այդ քանակությունը հասնում է տարեկան 10 հազ. տոննայի»։
Իսկ ինչո՞ւ է կոմբինատի տնօրենը վստահ, որ այդ արդյունաբերական աղը, քիմիական արդյունաբերությունից զատ, գործածվում է նաեւ սննդի արտադրությունում։ Որովհետեւ, ինչպես նա է վստահեցնում, իր բոլոր հարցումները՝ տարբեր մարմիններին ուղղված, թե ո՞ր ընկերություններն են արդյունաբերական աղը գնում, անպատասխան են մնացել։ Ներկրումից հետո վաճառքը ՀԴՄ կտրոնով է, այն է՝ հնարավոր չէ պարզել գնորդին։ Իսկ եթե լիներ հաշիվ-ապրանքագրով, գնորդը կերեւար։ Այն, որ արտադրող խոշոր ձեռնարկության արտադրության ծավալները նվազել են, նշանակում է՝ արդյունաբերական աղը նաեւ սննդի արտադրությունում է գործածվում։ «Տեսեք, երբ գնում ենք աղ, այո, մենք կարող ենք որոշել՝ ինչ աղ գնենք, բայց գնում ենք նաեւ պանիր, երշիկ եւ չգիտենք՝ ինչ աղ է գործածվել դրա մեջ։ Սա մեր պետական մարմինների համար ահազանգ պետք է լինի՝ որտեղ է, ի վերջո, գործածվում այդ արդյունաբերական աղը, արդյոք հենց արդյունաբերությունո՞ւմ»,- մտահոգություն է հնչեցնում աղի կոմբինատի ղեկավարը։
Առեւտրի կետեր կան, որտեղ աղը պարկով դրված է՝ առանց հայերեն մակնշման։ Քանի որ, մեր զրուցակցի խոսքով, կերակրի համար պիտանի չէ, մակնշման մեծ պահանջ չկա։ Ո՞վ է գնորդը՝ երշիկ, հաց, կիսապատրաստուկ արտադրո՞ղը։ Այս հարցը բաց է, եւ պատասխան տվող չկա։ «Նամակներ եմ գրել անգամ ԱԱԾ,- ասում է մեր զրուցակիցը,- սա ազգային անվտանգության հարց է, մենք, մեր ծնողները, երեխաներն են գործածում։ Այդ աղի մեջ գործածվում է թունավոր նյութ՝ սպիտակ, հոսուն սարքելու համար։ Իհարկե, կա թույլատրելի չափ, բայց ոչ մեկը չի ստուգում՝ ինչքան է մեջը։ Էնպես չէ, որ ուտում են այսօր, վաղը մահանում են։ Քիչ-քիչ օրգաններն են հիվանդանում, հիվանդություններն են ավելանում, մարդու դիմադրողականությունն է ընկնում»։
Մասնագիտացված էջերում համացանցային փնտրտուքը հուշում է, որ աղին կալիումի ֆեռոցիանիդ են ավելացնում (մակնշվում է իբրեւ E536 հավելում)՝ աղը սպիտակ ու սորուն դարձնելու համար։ Գոյություն ունի թույլատրելի չափ, իհարկե, բայց արդյոք պահպանվո՞ւմ է այդ չափը։ Շատ տնային տնտեսուհիներ կվկայեն, որ սիրում են այդ «հավեսով սպիտակ» աղերը։ Հետեւանքը կարող են լինել լյարդի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունը, ավշային ու նյարդային համակարգերի խանգարումները։ Հատկապես ռիսկային խմբում են երեխաներն ու վերարտադրողական տարիքի կանայք։ Այսինքն՝ այս հարցը ուղղակիորեն ազգի առողջության հարց է։ Մեր ուսումնասիրությունը նաեւ ցույց տվեց, որ սա աշխարհում տարածված խնդիր է, եւ մասնագետները մշտապես բարձրաձայնում են այդ մասին։ Մեր՝ տեղական աղում, ինչպես ասացինք, այս հավելումը չի գործածվում։ Ասել կուզի՝ մենք հանքն ունենք, ինքներս արտադրում ենք, արտադրանքը որակյալ է, կարող ենք ինքնըստինքյան այս խնդիրը չունենալ։ Բայց ունենք, որովհետեւ չկա պատշաճ վերահսկողություն։
Փորձեցի դիտարկում անել սուպերմարկետների մի քանի ցանցերում։ Վաճառողներին խնդրեցի տալ հայկական աղ, տալիս են փաթեթավորված աղ, վրան հայերեն գրված՝ աղ։ Հարցնում եմ՝ որ երկրի աղն է, պատասխանում են՝ հայերեն է գրված, մերն է։ Ամենատարբեր փաթեթներ են առաջարկում՝ վստահ լինելով, որ եթե հայերեն «աղ» է գրված, ուրեմն՝ տեղական արտադրանք է։ Վաճառողներից մեկին ցույց եմ տալիս փաթեթավորման վրա գրված ծագման երկիրը, երկրի կոդը՝ ասելով, որ աղը հայկական չէ։ Զայրանում է՝ «դե ես ի՜նչ իմանամ, աղ է գրած»։ Սպառողներից շատերն էլ չգիտեն՝ ինչ աղ են գնում։ Նկատի ունենանք նաեւ, որ սա այն դեպքը չէ, երբ իրացումը կարող ենք արդարացնել գնային գործոնով։ Տարբերությունը 10-15 դրամ է։ Չհասկանալով ու տեղեկացված չլինելով՝ 10 դրամի պատճառով կարող ենք հետեւողականորեն թունավորվել։
Բայց կարող է, չէ՞, հարց ծագել։ Լավ, իսկ ինչո՞ւ պիտի շարքային քաղաքացին ստիպված լինի այս ամենն իմանալու, կամ՝ ո՞ր ոլորտը վերահսկի, ո՞րը թողնի, իսկ ի՞նչ անեն պատկան մարմինները։ Տեսնենք՝ ինչ ցույց տվեցին տարբեր կառույցներին ուղղված մեր հարցերը (նախորդ տարվա դեկտեմբերին ենք ուղարկել մեր հարցումները եւ այս ամբողջ ընթացքում ուսումնասիրություն արել):
Խնդրի վիճակը՝ պատկան կառույցներում
Պետեկամուտների կոմիտեից ցանկանում էինք պարզել, թե ի՞նչ կարգի աղ է ներկրվել Հայաստան 2020, 2021 եւ 2022 թթ., ո՞ր երկրներից է ներկրվել։ ՊԵԿ-ը մեզ, ինչպես եւ սպասելի էր, ուղղորդեց հենց իրենց կայքում ներմուծման վիճակագրությանը ծանոթանալու՝ «հրապարակման ենթակա տեղեկատվությունը տեղադրված է» ասելով։ Իհարկե, բացատրեցինք, որ ահազանգը ուզում ենք շտապ հնչեցնել ու մինչեւ կգտնենք, թե մեր ուզած ապրանքը ԱՏԳ ԱԱ ինչ կոդի ներքո է կամ կթափառենք 1000-ից ավելի ապրանքացանկում, ժամանակ կկորցնենք։ Փոխարենը իրենք «ձեռքի տակ» ունեն տեղեկությունը եւ արագ կարող են փոխանցել, եւ այստեղ որեւէ խնդիր չկա։ Ինչեւէ, չփոխանցեցին, նայեցինք, գտանք, բայց այդ թվերն այսօր մեր նյութին էական ոչինչ չեն ավելացնի, որովհետեւ կա իրականությունը նկարագրող ցավոտ թիվը՝ 2022 թ. միայն հունվար-հունիսի կտվածքով 40.1 տոկոսով նվազել է հայկական աղի արտադրությունը՝ կազմելով 9 468.5 տոննա:
Բավարար չէ, որ տեղական որակյալ արտադրության ծավալներն են նվազում, մի բան էլ պիտի մտածենք՝ ինչ անել, որ ներկրված արդյունաբերական աղի շարժը վերահսկվի, եւ գոնե վստահ լինենք, որ այն սննդի արտադրության ոլորտում չի գործածվում։ «ՊԵԿ-ը հետեւո՞ւմ է ներկրված արդյունաբերական աղի իրացման շղթային. հաշիվ-ապրանքագրո՞վ է վաճառվում, թե՞ ՀԴՄ-ով». մեր այս հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ ՄՎ եւ ԵՀ վարչությունը պատասխանեց. «ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ եւ 56-րդ հոդվածներով սահմանված են ՀՀ-ում իրականացվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքների փաստաթղթավորմանը վերաբերող կարգավորումները։ Մասնավորապես՝ նշված կարգավորումներով այդ գործարքների փաստաթղթավորման համար կիրառվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթեր՝ հարկային հաշիվներ, հաշիվ վավերագրեր եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ։ Հետեւաբար՝ ՀՀ տարածքում իրականացված ապրանքների, այդ թվում՝ գրությամբ նշված ապրանքատեսակի՝ աղի օտարման գործարքները կարող են փաստաթղթավորել ինչպես հարկային հաշիվներով կամ հաշիվ վավերագրերով, այնպես էլ ՀԴՄ կտրոններով»։
Տնտեսական մրցակցության հանձնաժողովից փորձեցինք ճշտել՝ աղի ոլորտում ուսումնասիրություն արե՞լ են, ինչ շրջանակ է ներառել, ինչ խախտումներ են հայտնաբերվել եւ ինչ են առաջարկել։ ՏՄՀ-ից տեղեկացանք, որ անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոց է կիրառվել «Ոսկե հասկ գրուպ» ՍՊԸ նկատմամբ (հանձնաժողովի՝ նախորդ տարվա նոյեմբերի 29-ի որոշմամբ)։ Այս ընկերության կողմից փաթեթավորված եւ իրացվող «Ոսկե հասկ» անվանումով, «Աղ էքստրա կերակրի յոդացված» մակնշումով, 1000 գրամ քաշով կերակրի աղի եւ Ավանի աղի կոմբինատի կողմից արտադրվող եւ իրացվող «Հայկական աղ» անվանումով «Կերակրի էքստրա յոդացված», «1000 գ» մակնշումներով կերակրի աղի փաթեթավորումների գունային համակցության համընկնումը, դասավորվածությունը եւ փաթեթավորումների կառուցվածքի նմանությունն առերեւույթ պարունակում են «Ավանի աղի կոմբինատ» ընկերության եւ նրա առաջարկած ապրանքների նկատմամբ շփոթության առաջացման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ։ Ինչեւէ, «Ոսկե հասկն» առարկել է, հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է գործը եւ որոշել է «Ոսկե հասկի» վերոնշված՝ կերակրի աղի իրացումը որակել որպես շփոթության առաջացման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն։ Օրենքի խախտման համար «Ոսկե հասկ գրուպին» տրվել է նախազգուշացում, եւ հանձնարարվել է 10 աշխատանքային օրում շտկել օրենքի խախտումը, այն է՝ դադարեցնել մինչեւ 2022 թ. հոկտեմբերի 3-ը փաթեթավորված «Ոսկե «հասկ» ավանումով, «Աղ էքստրա կերակրի յոդացված» մակնշումով, 1000 գրամ քաշով կերակրի աղերի իրացումը, այդ թվում՝ այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել։
Այս երկու հարցերն էինք ուղղել էկոնոմիկայի նախարարությանը. «Մեծածախ վաճառակետերում պարկերով աղ է վաճառվում առանց հայերեն մակնշման։ Չէ՞ որ մակնշման պարտադիր պահանջ կա, ինչո՞ւ չի գործում», եւ «Աղի արտադրության ոլորտում նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում տեղական արտադրության պաշտպանության եւ տեղական արտադրությանը նպաստելու, զարգացնելու ուղղություններով»։ 1-ին հարցի պատասխանը սա էր. «Տեղեկացնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հավելվածի՝ Արձանագրության 6-րդ կետին համապատասխան՝ Միության տարածքում արտադրանքը շրջանառելիս արտադրանքի մակնշումը պետք է կատարվի ռուսերենով եւ անդամ պետությունների օրենսդրության համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով, որի տարածքում իրացվում է արտադրանքը։ Աղը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ է հանդիսանում, իսկ հայերեն լեզվով պարտադիր մակնշման պահանջը սահմանված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը նշանակում է, որ տվյալ արտադրանքի համար պարտադիր է մակնշումը հայերենով եւ ռուսերենով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ոլորտի քաղաքականությունը, վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը»։
Մտածեցի կրկին գրություն ուղարկել նախարարություն եւ հուշել, որ եթե հարցրել ենք՝ ինչու չի գործում մակնշման պարտադիր պահանջը, նշանակում է՝ մակնշման ձեւերն էլ գիտենք, օրենքի տեղն էլ, հետեւաբար՝ մեզ համապատասխան իրավական ակտերի հղումներ պետք չեն: Սակայն երկրորդ հարցի պատասխանը թույլ չտվեց կրկին դիմել նախարարություն։ Թե ինչ են անում աղի արտադրության ոլորտում տեղական արտադրությունը պաշտպանելու համար, պատասխանը եթե հակիրճ, ապա այն էր, որ կարեւորում են տեղական արդյունաբերության զարգացումը։
Հաջորդ կառույցը, որին դիմեցինք, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էր։ 1. Հասկանալի է, որ ՀՀ ներկրված արդյունաբերական աղը չի ստուգվում ձեր կողմից այն պարզ պատճառով, որ կերակրի չէ։ ՍԱՏՄ-ն, սակայն, ի՞նչ կարգով է հետեւում, թե սննդի արդյունաբերությունում ի՞նչ աղ է օգտագործվում, աղի որակի հետ կապված ի՞նչ կարգի ստուգում է արվում, ի՞նչ պարբերականությամբ։ 2. Նախորդ եւ այս տարի քանի՞ ստուգում է արվել, եւ արդյոք աղի որակի հետ կապված խախտումներ հայտնաբերվե՞լ են։ Մասնավորապես՝ արձանագրվե՞լ է այնպիսի խախտում, երբ սննդի շղթայում հայտնաբերվել է ոչ կերակրի աղի գործածում։ 3. Սահմանային կետում ունե՞ք ներկայացուցիչ, աղի հետ կապված ի՞նչ ստուգում է արվում՝ զուտ փաստաթղթայի՞ն։
Այս հարցերի՝ ՍԱՏՄ-ի պատասխանը հետեւյալն էր։ «Տեսչական մարմինը պետական վերահսկողությունը սննդի շղթայի բոլոր մասնակիցների մոտ իրականացնում է գործող ոլորտային օրենսդրության համաձայն՝ դրանցում ամրագրված պահանջների պահպանման նկատմամբ: Ըստ այդ պահանջների՝ մշակվել են ստուգաթերթեր, եւ վերահսկողությունն իրականացվում է դրանց համապատասխան: Մասնավորապես՝ արտադրությունում ստուգվում են, թե արդյոք ընդունվող սննդամթերքն ու պարենային (սննդային) հումքը համապատասխանում են դրանց անվտանգության պահանջներին, ունեն անվտանգությունը հավաստող (հիմնավորող) փաստաթղթեր եւ ուղեկցվում են հետագծելիությունն ապահովող ապրանքաուղեկից փաստաթղթերով:
Համաձայն «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման եւ տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» առողջապահության նախարարի 2016 թ. մարտի 23-ի թիվ 829-Ա եւ գյուղատնտեսության նախարարի 2016 թ. մարտի 18-ի թիվ 74-Ա համատեղ հրամանի՝ տեսչական մարմնի կողմից իրականացվում է կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ պետական վերահսկողություն՝ դիտարկում եւ հսկիչ գնում։ Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հաստատված տարեկան պլանի համաձայն՝ եռամսյակային կտրվածքով։ Պետական վերահսկողության ընթացքում նմուշառված եւ ներմուծված կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ լաբորատոր փորձաքննության արդյունքները, համաձայն համատեղ հրամանի հավելվածի ձեւ թիվ 1-ի, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, մինչեւ հաջորդ ամսվա 15-ը ներկայացվում է առողջապահության նախարարություն, տեղադրվում է նաեւ «snund.am» կայքում։
2021 թ. իրականացվել է կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ լաբորատոր 440 փորձաքննություն, որից 17-ում հայտնաբերվել է անհամապատասխանություն: Ներմուծված կերակրի աղի 142 նմուշ է ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որից 5-ում (222410 կգ) հայտնաբերվել է անհամապատասխանություն (այդ խմբաքանակի ներմուծումն արգելվել է)։
2022 թ. 1-ին, 2-րդ եւ 3-րդ եռամսյակներում պետական վերահսկողության ընթացքում իրականացվել է կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ լաբորատոր 342 փորձաքննություն, որից 14 նմուշում հայտնաբերվել է անհամապատասխանություն: Ներմուծված կերակրի աղի 130 նմուշ է ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որից 1-ում (22000 կգ) հայտնաբերվել է անհամապատասխանություն (այդ խմբաքանակի ներմուծումն արգելվել է)։ Տեսչական մարմինը նաեւ աղի նկատմամբ վերահսկողություն է իրականացրել հանրապետության իրացման ցանցում: Որոշ խանութներում նկատվել է, որ չյոդացված արդյունաբերական կամ տեխնիկական աղը վաճառվում է սննդի հետ նույն բաժնում: Դրանք հանվել են սննդային տաղավարներից եւ տեղափոխվել տնտեսական ապրանքների վաճառքի բաժիններ:
ՀՀ ներմուծված կերակրի աղի յուրաքանչյուր խմբաքանակ տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ենթարկվում է զննման, կատարվում է նմուշառում, պատվիրվում է լաբորատոր փորձաքննություն։ Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թ. դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 880 որոշման՝ ՀՀ ներմուծված կերակրի աղը ենթակա է համապատասխանության գնահատման՝ համապատասխանության հայտարարագրման ձեւով: Տեսչական մարմնի աշխատակիցները ներմուծված կերակրի աղին անվտանգության սերտիֆիկատ տրամադրելու ժամանակ ներմուծողից պահանջում են լաբորատոր փորձաքննության արձանագրությունը եւ համապատասխանության հայտարարագիրը»։
Ահա այն ամբողջ պատկերը, որ այսօր ունենք աղի շուկայում։ Փաստորեն, քանի դեռ արդյունաբերական աղը, որը ներկրվում է Հայաստան մեծ քանակություններով, վաճառվում է ՀԴՄ-ով, ոչ թե հաշիվ-ապրանքագրով, այդպես էլ չենք կարող ստույգ իմանալ՝ ենթադրենք՝ մեր գործածած հացում կերակրի՞ աղ է, թե՞ արդյունաբերական։ Կա խնդիր, որն ունի լուծում, բայց…