Թուրքիային օգնած երկրների շարքում Հայաստանին «չհիշելը» մոռացկոտություն չէ, անփութություն չէ, երկրների ցանկի սխալ կազմում չէ, ոչ էլ նույնիսկ փոքրոգություն, այլ՝ սառը հաշվարկ է՝ թյուրքական նենգության հայտարարով։ Եթե մեզ թվում է, որ ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանը երկրաշարժից հետո օգնության է հասել Թուրքիային, ապա սխալվում ենք։ Աշխարհը լսում է Էրդողանին, եւ նրա արտաբերած ցանկում Հայաստանը չկա։ Ինչո՞ւ չի արտաբերել։ ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի խոսքերով՝ «անհնար կլիներ միջազգային՝ արդեն խիստ նոսրացած առողջ հատվածին բացատրել, թե այդ դեպքում, հենց քո ջանքերով ծանր կորուստներ կրած, բայց ձեռք մեկնողին շնորհակալություն հայտնելու փոխարեն, ինչպես կարելի է անվրդով շարունակել պաշարել ու տանջանքների մատնել ողջ Արցախը, ինչպես կարելի է զորքն աղետի գոտում օգտագործելու փոխարեն պահել Արցախի շուրջ, որ շարունակվի ցեղասպանության հասցնող հումանիտար աղետը, մանավանդ որ զորավարժությունները հետաձգվել են։ Երկրաշարժը մարդկանց կյանքեր խլող բնական աղետ է, թշնամուն անգամ չեն ցանկանում, բայց թշնամին էլ պետք չէ այսչափ նենգ ու երախտամոռ լինի»։
Իսկ թշնամին ոչ միայն այդչափ նենգ ու երախտամոռ է, այլեւ՝ անգերազանցելի՝ բացասական բոլոր եզրույթներում. 1. պետություն ստեղծեց մեր իսկ հողերում, 2. գաղտնիք չէ, որ հայերի տնտեսական գործունեության ամբողջ արդյունքը տառացիորեն թրքական ու քրդական ցեղասպան ամբոխների «պարգեւավճարը» դարձավ», նաեւ՝ Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայի ռազմատուգանքի վճարամիջոց: Թուրքիայի այսօրվա տնտեսությունը հայերիս ֆինանսական ռեսուրսով է կառուցված, 3. արյունռուշտը չհագենալով՝ իր գործունեությունը շարունակեց 1920, 1921 եւ 1922 թթ. (համապատասխանաբար՝ Արեւելյան Հայաստան, Կիլիկիա, Զմյուռնիա եւն), 4. խորհրդային տարիներին, իր կովկասյան տարրի միջոցով, «սովետական եղբայրական» քարոզչությունից օգտվելով, ՀԽՍՀ լավագույն՝ բերրի ու ջրովի հողերին տիրացավ, 5. 44-օրյայի ընթացքում անթաքույց, ամեն ինչով աջակցեց իր մնացուկին՝ Ադրբեջան հորջորջյալ արհեստածին պետությանը, 6. այսօր էլ բացահայտ շարունակում է Ադրբեջանին աջակցությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների նախապայման տեսնելով ադրեջանական պահանջների կատարումը։
Երկրաշարժ եղավ Թուրքիայում, եւ Հայաստանն օգնության ձեռք մեկնեց։ Թուրքիան այն վիճակում է (բնության հետ խաղ չես անի), որ միանգամից ընդունեց Հայաստանի օգնությունը՝ բայց դարձյալ իր նենգությունը բաց չթողած։ Այն է՝ Բերձորի միջանցքը, որ Հայաստանն ու Արցախը կապող կենսական ճանապարհն է, շարունակում է փակ մնալ։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ասում է, թե «Թուրքիայում նման մեծ ողբերգության պայմաններում հուսադրող է տեսնել Հայաստանի աջակցությունը։ … նման մեծ ողբերգության պայմաններում ոգեւորիչ է տեսնել իր հարեւան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը եւ դրա ստեղծած դրական արձագանքը»։ Եթե, ըստ Կլաարի տրամաբանության, Թուրքիային օգնողների ցանկում Հայաստանը չնշելը դրական արձագանք է, ապա, այո՛, Հայաստանն էլ է անչափ «ոգեւորված», որ օգնել է ցմահ երախտամոռի։ Անասելի «երջանիկ» է, որ 44-օրյային իր վրա սպիտակ ֆոսֆոր թափողին օգնել է պարենամթերքով, դեղորայքով, ջրով, շտապ օգնության այլ փաթեթներով, 27 փրկարար է ուղարկել։ «Ուրախությունից» պարզապես «ցնծում» է, որ հատել է վաղուց փակ հայ-թուրքական սահմանը՝ թուրքին օգնելու համար, այն դեպքում, երբ նույն թուրքը երկու ամսից ավելի փակ է պահում Բերձորի միջանցքը։
Մտածել, թե Թուրքիան խնդիր ունի միայն Հայաստանի ու հայերի հետ, այդպես չէ։ Այո, նա առավելապես խնդիր ունի հայերի հետ, քանզի քանի դեռ աշխարհում հայ կա, Թուրքիային ասելու է, որ սա անհայրենիք տարր է, ցեղախումբ, որ պետություն է ստեղծել հայի հողում։ Թյուրքական տարրը մասնավորապես այլ ազգերի ու ժողովուրդների հետ էլ խնդիրներ ունի։ Այդ է նրա բնույթը՝ ավերիչ-կլանող, խաղաղությունն ատող։ Քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը շեշտում է. «Իսկ ո՞վ է ասել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելով մեխանիկորեն չեզոքացնելու ենք անվտանգության սպառնալիքը: Թուրքիան Սիրիայի հետ էլ, այլ հարեւանների հետ էլ բարեկամական հարաբերություններ ուներ, բայց տեսանք՝ ինչ եղավ»:
Թուրքիայում երկարաշարժի հետեւանքները վերացնելու համար Գերմանիան ու Ավստրիան էլ են օգնության ձեռք մեկնել։ Այն Գերմանիան, որ դեռ Կայզերական Գերմանիայի ժամանակներից սկսած, ապա նացիստական Գերմանիայով շարունակած, այսօր էլ իր տարածքում բազմաթիվ թուրքերի պահող, Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ական դաշնակից է։ Ի՞նչ է անում Գերմանիան, նաեւ՝ Ավստրիան. դադարեցնում են իրենց աշխատանքը Թուրքիայում՝ «անվտանգության ռիսկերի» եւ «անհայտ խմբերի» միջեւ բախումների մասին հայտարարելով։ Այսինքն՝ նույնիսկ հիմա, այս վիճակում Թուրքիայում ագրեսիվ մթնոլորտ է։ Ի դեպ, Գերմանիային ու Ավստրիային ավելացել է Իսրայելը։ Իսրայելական որոնողափրկարարական «United Hatzalah» խումբը հեռանում է Թուրքիայից՝ վեց օր տեղում մնալուց հետո՝ խմբի դեմ «անվտանգության զգալի սպառնալիքի» պատճառով. այս մասին CNN-ն է հաղորդել։ «United Hatzalah»-ի գործադիր տնօրենն ու օպերատիվ գծով փոխնախագահն ասել են, որ իրենք «հետախուզական տեղեկատվություն են ստացել իսրայելական պատվիրակության համար հստակ եւ անմիջական սպառնալիքի մասին, եւ պետք է առաջին հերթին մտածեն անձնակազմի անվտանգության մասին» (իբրեւ պատճառաբանություն բերել են նաեւ սիրիական սահմանին մոտ գտնվելու հանգամանքը): Իսրայելական երկրորդ օգնության խումբը՝ IsraAID-ը, դեռ Թուրքիայում է։
Թուրքիայի եւ այլ երկրների հարաբերությունները թողնենք մի կողմ. ի՞նչ ենք անում մենք։ Հանրությանը մատուցում ենք կեղծ թեզ այն մասին, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական աճի։ Այս թեզի ոչ իրական լինելը բացատրելու համար հնչեցնենք մի քանի պարզ հարցադրումներ, որոնց ակնհայտ պատասխաններն ինքնին կբացահայտեն ամբողջ ճշմարտությունը. 1. այդ ի՞նչ ենք ուզում արտահանել, որ հիմա չենք կարողանում, եւ մեզ անպայման Թուրքիայի հետ բաց սահման է պետք։ 2. Արդյո՞ք Թուրքիան ուզում է մեզ հետ բաց սահման, եթե այո, ապա ինչո՞ւ է փակ պահել Բերձորի միջանցքը՝ ռազմական քայլի դիմելով Արցախի եւ այնտեղ ապրող մեր 120 հազար հայրենակիցների հանդեպ (միայն թե միամտաբար Բերձորի միջանցքի փակ պահելը չվերագրենք Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանը երբեք ինքնուրույն չի եղել, առավելեւս՝ այդպիսին չէ 44-օրյայից հետո, երբ նույնիսկ իր բարձրաստիճան պաշտոնյաներին է նշանակում Թուրքիայի «ձեռամբ»), 3. Ի՞նչ որակի տնտեսական աճի մասին է խոսքը։ Մենք հիմա էլ տնտեսական աճ ունենք՝ ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում Հայաստան տեղափոխվածների, տրանսֆերտների, խաղատնային բիզնեսի հաշվին։ 2022 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Այո, արդյունաբերության ոլորտ է, այն, ինչ մենք մշտապես կարեւորում ենք, բայց, չմոռանանք, որ կոմբինատի հարկերի աճին նպաստել է նաեւ միջազգային շուկաներում պղնձի գնաճը։ Այսինքն՝ արտահանող ընկերություն է, դրա հաշվին է լրացուցիչ եկամուտ ապահովել, բնականաբար եւ ավել հարկեր։ Նույնը՝ Ագարակի պղձամոլիբդենային կոմբինատի մասով է։ Բայց առաջին խոշոր 10 հարկատուների ցանկում են նաեւ ծառայություն մատուցող ընկերություններ։ 4. Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններում աճ ենք ուզում ներկրումների՞, ծառայությունների՞ հաշվին։ Եթե ոչ, այդ ի՞նչ ենք արտահանելու։ 5. Կամ՝ եթե նույնիսկ ունենանք արտահանելու բան, թուրքական կողմը թողնելո՞ւ է, որ մենք արտահանմամբ զբաղվենք։ Ի՞նչ է, տնտեսությունը զանազանո՞ւմ ենք քաղաքականությունից։ Թուրքիան զանազանելո՞ւ է։
Զանազանելու լիներ, 1993-ից փակ հայ-թուրքական սահմանը (իմա՝ Մարգարայի կամուրջ) բացելով՝ Բերձորի միջանցքն էլ կբացեր։ Սակայն՝ ոչ, Թուրքիան մտադիր չէ հրաժարվել իր հայաջինջ ծրագրից եւ դա չի էլ թաքցնում, ու այդ մասին ոչ թե «մեսիջ» է ուղարկում, այլ՝ հստակ ասում է։ Բացի այդ՝ բացված սահմանը բաց կմնա՞, թե՞ նորից կփակվի, երբ Թուրքիան ուշքի կգա երկրաշարժի հետեւանքներից։ Թեեւ մեր պարագայում բացն ու փակը էական չեն, որովհետեւ նախ՝ սահմանի բացումը սահմանի վերացում չի ենթադրում եւ հետո՝ բաց թե փակ՝ թուրքական նպատակները չեն փոխվում։ Հիշում ենք, չէ՞, թե 2020 թ. դեկտեմբերին Բաքվում, «Հաղթանակի շքերթի» ժամանակ ինչ ասաց Էրդողանը. «Ադրբեջանական հողերի (հայկական Արցախի մասին է այսպես խոսում,- Ա.Մ.) ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։ Թե ինչ է նշանակում «պայքարն ավարտված չէ», հաջորդող խոսքում է երեւում, թե պատերազմում իրենց արածը Էնվերի հոգին է փառավորել։ Սա ոչ այլ ինչ էր, քան հստակ խոսք թուրքական ծրագրի մասին, այն է՝ Էնվերի ծրագրի թարմացում։
Հիմա եթե այս ամենից հետո հայ հանրության շրջանում թեկուզ չնչին տոկոսային հարաբերությամբ կարող է տեղ գտնել Թուրքիաի հետ սահմանի բացման հետեւանքով «բարձր տնտեսական աճի» մասին սինաբանությունը, ուրեմն պատրաստ պետք է լինենք մեր իսկ հաշվին Էնվերի հոգին մեկ անգամ եւս փառավորելու։ Նկատի ունենանք՝ թշնամին հիմար չէ, եւ եթե նա հնարավորություն ունի մեր հանդեպ կրկին ամենատարբեր գործիքակազմ կիրառելու՝ տնտեսականից սկսած մինչեւ ռազմական ու դիվանագիտական, նա դա անում է ու անելու է։ Մեր գործը նրան այդ հնարավորությունից զրկելն է։ Կարող ենք։ Եթե միայն չմարսենք գայլի դեմ դիմաց անկրակ կանգնելու անմտությունը։