Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաեւի հետ: Հանդիպումը կայացավ մարզում «Հայաստանի մշակույթի օրերի» մեկնարկի շրջանակներում:
Դեսպանն ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության հետագա ամրապնդումը: Ինչպես նշել է հայ դիվանագետը, մշակութային օրերի ծրագիրը նախատեսված է անցկացնել նաեւ ՌԴ տարբեր մարզերում:
«Յարոսլավլի մարզի համար մեծ պատիվ է այս մշակութային ծրագրի իրականացումը,- իր հերթին, ընդգծել է Մ. Եվրաեւը:- Մենք Հայաստանի հետ համագործակցության վաղեմի ավանդույթներ ունենք: 2008 թ. ստորագրվել է համաձայնագիր Յարոսլավլի եւ ՀՀ Արմավիրի մարզի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության մասին»:
Հայաստանի մշակութային օրերի բացման առիթով Յարոսլավլի «Միլենիում» համերգային կենտրոնում տրվել է գալա համերգ: Երեկոյի պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել ՌԴ-ում Հայաստանի դեսպանն ու նահանգապետ Մ. Եվրաեւը: «Հատկանշական է, որ Հայաստանի օրերն այս տարի մեկնարկում են Ռուսաստանի պատմական քաղաքների «Ոսկե օղակի» երթուղու սրտում՝ հրաշալի Յարոսլավլում: Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդի հարուստ մշակույթը հենց այստեղ: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը հրաշալի առիթ է միմյանց առավել լավ ճանաչելու համար»,- ասել է դեսպանը:
Նույն օրը Վ. Հարությունյանը նշյալ մարզ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է նաեւ Յարոսլավլի մարզային դումայի նախագահ Միխայիլ Բորովիցկու հետ: Կարեւորելով երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային գործակցության զարգացումը՝ դեսպանը կարեւորել է հայ համայնքների դերակատարումն այդ գործընթացներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Բորովիցկուն տարածաշրջանում գործադրված ջանքերի համար, որոնք նպաստում են ազգային ինքնության պահպանմանն ու տեղի համայնքի հետ ինտեգրմանը:
Վաղարշակ Հարությունյանը Պերեսլավլ-Զալեսկի քաղաքում հանդիպել է նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, խոսել հայ-ռուսական արդի հարաբերությունների մասին, անդրադարձել տարածաշրջանում առկա իրավիճակին, պատասխանել մեր հայրենակիցներին հետաքրքրող հարցերին: Նա այցելել է նաեւ Յարոսլավլ քաղաքի «Սուրբ Գեւորգ» Հայ առաքելական եկեղեցի, եկեղեցուն կից հայկական մշակութային կենտրոն եւ կիրակնօրյա դպրոց: