35 տարի առաջ փետրվարի 20-ին ազդարարվեց Արցախյան ազատագրական շարժման մեկնարկն ու իրավական ձեւակերպում տրվեց Մայր հայրենիքի հետ վերամիավորվելու արդար պահանջին։ Այն միակ ելքն էր ազգային ինքնությունը, ֆիզիկական գոյությունը պահպանելու եւ էթիկ ձուլման վտանգից խուսափելու համար։ Ազատագրական պայքարի մեկնարկին հետեւեց Խորհրդային Ադրբեջանում բնակվող հայերի բռնի արտաքսումը, որն ուղեկցվում էր սպանություններով, խոշտանգումներով ու գույքի, ունեցվածքի բռնազավթմամբ։ 1988-1990 թթ. ընթացքում բռնագաղթեց 450 հազար հայ, տարբեր տվյալների համաձայն, այդ թիվն անցնում է կես միլիոնից։ Ադրբեջանի իշխանությունների վարած էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության հետեւանքով արտաքսված հայերից մոտ 420 հազարն այդ շրջանում հաստատվեցին Հայաստանում։
Մարդկային, նյութական, բարոյահոգեբանական կորուստներն առայսօր չեն փոխհատուցվել, ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են կատարվածը եւ իրենց իսկ կատարած հանցագործությունները վերագրում մեզ։ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներն ավելի սանձարձակ եւ հավակնոտ դարձրեցին Բաքվի ծրագրերը։ Անցած տարվա հոկտեմբերի 10-ին հրապարակվեց այսպես կոչված «Վերադարձի հայեցակարգ» փաստաթուղթը, որը ենթադրում է Հայաստանի տարածքից իբր «վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը»։ Նշենք, որ 1989 թ. ստեղծվել էր «Ադրբեջանի փախստականների ընկերություն» կազմակերպությունը, որը 2022-ին անվանվեց «Արեւմտյան Ադրբեջանի համայնք», որով արդեն ծրագրային դրույթներով, նախապատրաստական եւ այլ միջոցառումներով նախաձեռնել են Հայաստանի տարածքների ոչ ռազմական ճանապարհով բռնազավթումը։
Պատմական կեղծիքն ու խեղաթյուրումն ընկած են այդ պետական միավորի հիմքում, սակայն անցյալի խմբագրումը չի մնում միայն տեսության մակարդակում, այլ վերածվում է կոնկրետ գործողությունների։ Եթե մինչ այս արհեստականորեն ստեղծված «Ադրբեջանը» մեկ դար շարունակ խաթարում էր տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը՝ վարելով բնիկների ուծացման, ձուլման, բնաջնջման քաղաքականություն, ապա հերթական կեղծիքը՝ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանը», նոր խնդիրներ է ստեղծելու տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանի համար։
Վերոնշյալ հայեցակարգը սպառնում է մեր ազգային-պետական անվտանգությանը։ Ծրագրային քայլերից մեկն օրինակ հայ զինվորականների, մասնավորապես Արցախյան պատերազմի մասնակիցների եւ հերոսների նկատմամբ իրավական հետապնդման հասնելն է, մեր հերոսների հուշարձանների քանդումը, հայկական տեղանունների «ադրբեջանականացումը» եւ այլն։
Մինչ Խորհրդային Ադրբեջանում հայերը ենթարկվում էին հալածանքների, խոշտանգումների ու բռնի արտաքսման, Հայաստանում բնակվող «ադրբեջանցի» արհեստական ինքնանվանումը վերցրած ժողովրդի ներկայացուցիչները կարողացան հանգիստ հեռանալ՝ վաճառելով կամ փոխանակելով իրենց բնակարաններն ու տները, իրենց հետ վերցնելով ունեցվածքը։ Եվ այսօր փորձում են հանգիստ, խաղաղ կերպով հեռացածներին ստիպողաբար բնակեցնել Հայաստանի ամբողջ տարածքում։ Այս քաղաքականության նպատակներն ակնհայտ են՝ օգտագործելով իրենց բնորոշ բնական աճի տեմպերը փոխել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական պատկերը։ Այդ ճանապարհով Ադրբեջանը լրացուցիչ լծակներ կստանա մեր պետության ներքին գործերին միջամտելու համար, իբր «համայնքի ներկայացուցիչների շահերը» պաշտպանելու նպատակով։ Սփյուռքի պես «հարմարավետ գործիքից» արդյունավետ օգտվում է նաեւ Թուրքիան, հատկապես եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելիս։ Սակայն Բաքուն ավելի հեռուն է որոշել գնալ եւ ծրագրում է «համայնք» կոչվածի միջոցով մասնակցություն ունենալ ՀՀ-ի իրավաքաղաքական դաշտի մշակմանը. հայեցակարգում նշվում է Հայաստանի իրավական համակարգում «արեւմտյան ադրբեջանցիների՝ անհատապես եւ հավաքականորեն» գործունեություն ծավալելու մտադրության մասին։ Եվ ոչ միայն, «պահանջում» են նաեւ իրենց լեզուն օգտագործել ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմիններում։
Եթե այս կետը Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավեր է առավել երկարաժամկետ կտրվածքով, ապա անմիջական վտանգ են ներկայացնելու իբր «անվտանգության» ապահովմանն ուղղված պայմանները։ Այսպես՝ իրականում գոյություն չունեցող համայնքի ճարտարապետները նախատեսում են «համապատասխան մանդատով միջազգային անվտանգության առաքելության տեղակայում» այն տարածքներում, որտեղ մտադիր են բնակեցում իրականացնել։ Ի դեպ, նախապայման է այն, որ այդ ուժերը պետք է վստահելի լինեն Ադրբեջանի համար եւ տեղակայվեն մինչ բնակեցումը։ Ավելին, Ադրբեջանի համար «վստահելի առաքելությունը», որը բնականաբար ենթադրելու է Թուրքիայի անմիջական ներգրավումն արդեն ՀՀ-ում, պետք է նաեւ «վերահսկողության տակ վերցնի համապատասխան տարածքները, ունենա քաղաքացիական-ռազմական կապեր, ոստիկանական եւ քաղաքացիական կառավարման լիազորություններ եւ գործի այնքան ժամանակ, որքան համայնքն անհրաժեշտ կհամարի»: «Հաշվի առնելով, որ իրավապահ եւ արդարադատության հարցերում համարժեք մասնակցությունը նախապայման է, ադրբեջանցիների համար պետք է պայմաններ ստեղծվեն տեղական անվտանգության ուժեր ձեւավորելու եւ դատարաններում համապատասխան դերակատարում ունենալու համար»,- նշված է փաստաթղթում։ Այլ կերպ ասած, Ադրբեջանի հանցագործ իշխանությունները Թուրքիայի հետ միասին նախատեսում են ինքնիշխան պետություն հանդիսացող Հայաստանի տարածքում ստեղծել հանցագործ զինված խմբավորումներ, որոնք իբր «խաղաղ բնակիչների» պաշտպանության անվան տակ կզբաղվեն իրենց բնույթին եւ էությանը հարիր գործունեությամբ՝ ահաբեկչությամբ, սպանություններով ու այլնով։
Պետական մակարդակով այս խեղկատակությանը Ադրբեջանը նախատեսում է ներգրավել եւ մասնակից դարձնել միջազգային հանրությանը միջազգային կազմակերպությունների եւ կառույցների միջոցով։ Այդ նպատակով ակնկալում է ոչ միայն իրավական-քաղաքական օժանդակություն, այլեւ՝ ֆինանսական։ Եթե այս ցնորամիտ թվացող ծրագիրը, որի իրականացման ուղղությամբ Բաքվի իշխանություններն արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքներ կատարել, կյանքի կոչվի, ապա մոտ ապագայում չի բացառվում, որ արթնանանք «արեւմտյան Ադրբեջանում»։ Նման ողբերգությունից խուսափելու համար պետք է նախ գիտակցել մեր ազգին եւ պետությանը սպառնացող իրական վտանգները։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի կանխել այդպիսի զարգացումը։ Եվ չմոռանանք, որ կրկի՛ն «լուսավոր» եւ «առաջադեմ» 20-րդ դարավերջին չկանխվեց հայության դեմ հերթական ցեղասպանությունը, որի հետեւանքով շուրջ կես միլիոն հայ ստիպված հեռացավ իր բնակավայրերից։ Իսկ այսօր «խաղաղության» մասին խոսող Ալիեւը շարունակում է Բաքվի բանտերում խոշտանգել եւ անարգել հայ գերիներին, որոնք դեռեւս 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պե՛տք է վերադառնային հայրենիք։