ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն սկսել է իր աշխատանքները, որոնց կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ սահմանամերձ բնակավայրերի բնակչության անվտանգության տեսանկյունից ակնհայտ է: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը թվիթերյան իր պաշտոնական էջում գրել է, որ «ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում եւ կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում»: Մինչ այժմ հնչած մեկնաբանությունները ցույց են տալիս, որ այս նախաձեռնությունը դուր չի գալիս միայն Ռուսաստանին, Բաքվին ու Հայաստանի ռուսամետ շրջանակներին: Բայց ահա Իրանը, որի հնարովի «դիրքորոշմամբ», թե Թեհրանը դեմ է դրսի ուժերի՝ տարածաշրջան ներթափանցմանը, ոմանք վախեցնում էին Հայաստանի իշխանություններին, արդեն հայտարարել է, որ դեմ չէ ԵՄ-ի խաղաղ առաքելությանը եւ միայն ողջունում է խաղաղության հաստատման գործում ներդրված ջանքերը:
Ադրբեջանը մինչ օրս ոչ մի խաղաղապահից չի «քաշվել»՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու հայ ժողովրդի նկատմամբ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Արդեն երեք ամիս է՝ ռուս խաղաղապահների «քթի տակ» ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, մինչդեռ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով այդ ճանապարհի կենսագործունեության պատասխանատուն հենց Ռուսաստանն է, որի պաշտոնյաները ցանկացած առիթով մեջբերում են այդ համաձայնագիրը: Ինչպես երեւում է այդ փաստից, այն հայտարարություններից, որոնք վերջին շրջանում հնչեցնում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ու ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Ռուսաստանն ամենեւին էլ մտադիր չէ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: «Բաժանիր, որ տիրես» նշանաբանին մշտապես հավատարիմ Մոսկվան այսօր նույնպիսի քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում: Սերգեյ Լավրովը ՀՀ-ին օկուպանտ է անվանում, Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում Հայաստանին հասկացնում է, որ եվրոպական կառույցների ներգրավումը կհանգեցնի պետականության կորստի, իսկ Զախարովան էլ հայտարարել է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության գործարկումը «բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի», որը հեռու է Հարավային Կովկասում կարգավորման հետաքրքրություններից, եւ «այն փորձ է՝ դուրս մղելու ՌԴ-ին տարածաշրջանից եւ թուլացնելու նրա պատմական դերը՝ որպես անվտանգության գլխավոր երաշխավորի»: Դիվանագետը նշել է նաեւ, որ ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի բացասական գնահատականները հրապարակայնորեն անտեսվում են:
Զախարովան ավելացրել է նաեւ, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության ու անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների համալիր պայմանավորվածությունները:
«Դրանց համակողմանի իրականացման, ներառյալ՝ հաղորդակցային ենթակառուցվածքների բացման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, հասարակությունների, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների միջեւ շփումների հաստատման, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի կնքմանը միտված բանակցությունները տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենաուղիղ ճանապարհն են: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում նույնպես ամեն կերպ աջակցել դրան»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակին անհրաժեշտ է բացատրել, որ եթե ռուս խաղաղապահները, առաջնորդվելով 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով, արագ բացեին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, 2021 թ., երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, եւ երկկողմ, եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված փաստաթղթերի համաձայն՝ օպերատիվորեն արձագանքեր իրավիճակին, ինչպես այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ն մեկ օրվա ընթացքում զորք մտցրեց Ղազախստան, տարածաշրջան լրացուցիչ դիտորդների հրավիրման կարիք պարզապես չէր լինի: Քանի որ Հայաստանը հնարավոր բոլոր քայլերը կատարել է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու, ադրբեջանցիների կողմից գրավված ՀՀ տարածքներն ու գերիներին վերադարձնելու ուղղությամբ, եւ դրանք արդյունք չեն ապահովել, Հայաստանն այլ ելք պարզապես չուներ: ՌԴ-ն արդեն երեք ամիս իր պաշտոնյաների միջոցով ասում է, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը շուտով կբացվի, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, իսկ այդ ժամանակահատվածում արցախահայության առջեւ ծառանում է հումանիտար ճգնաժամի սպառնալիքը: Եվ Հայաստանն օգտագործել է իր անվտանգության ապահովման մյուս հնարավոր գործիքները՝ դիմելով ԵԱՀԿ-ին ու ԵՄ-ին: Եվրամիության որոշ դիտորդներ արդեն եղել են Բերձորի միջանցքում եւ արձանագրել, որ միջազգային հարթակներում Ադրբեջանի ու ՌԴ-ի պնդումները, թե ճանապարհը բաց է, չեն համապատասխանում իրականությանը: Նրանք արդեն հրապարակել են այդ տեղեկությունը:
Ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչու դիտորդները, ովքեր տեղակայվել են Հայաստանում, պետք է պայմանավորվեն երրորդ երկրի հետ: Ավելին՝ այն, ինչ պարտավոր էր Ռուսաստանը, բայց չի կատարում, մեկ ուրիշն է անում: Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներն առնվազն պետք է հասկանային, որ այլ տարբերակ չի մնում, եւ եթե այդպես շարունակվի, Հարավային Կովկասում անհրաժեշտաբար նոր խաղացողներ կհայտնվեն: Ես չեմ կարծում, որ ՌԴ ԱԳՆ-ն նոր-նոր է սկսում ընկալել, թե ինչպես է իրականացվում երկրի արտաքին քաղաքականությունը, ուստի համոզված եմ, որ պարզապես չեն ցանկանում լուծել հարցը: Իսկ Եվրոպան, հաշվի առնելով այն, ինչ այսօր տեղի է ունենում Կենտրոնական Եվրոպայում, ցանկություն է դրսեւորում մտնել Հարավային Կովկաս եւ ուժեղացնել իր ազդեցությունը, եւ դա միանգամայն տրամաբանական է ու, որ ամենակարեւորն է մեզ համար, այս պահին համապատասխանում է Հայաստանի հետաքրքրություններին: ՌԴ-ին այս հեռանկարը չի անհանգստացրել, եւ այդ հանգամանքը լրացուցիչ քննարկումների առիթ է տալիս:
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում ոչինչ չի ասվում այսպես կոչված «Զանգեզուրի միջնացքի» մասին: Այն, ինչը առաջ են քաշում ռուսաստանյան ու ադրբեջանական կողմերը «տրանսպորտային ուղիների ապաշրջափակման» եւ այլ ձեւակերպումներով, չի համապատասխանում ստորագրված փաստաթղթին եւ վկայում է նրանց հետին մտադրությունների մասին:
Ռուս խաղաղապահների ներկայությամբ, ինչպես պատկերավոր նշվում է քաղաքական շրջանակներում, մեր տարածքները «Փառուխ առ Փառուխ» հանձնվում էին Ադրբեջանին: Վերջինս 2021 թ. սեպտեմբերին հարձակում ձեռնարկեց Հայաստանի վրա եւ առայսօր ՀՀ-ի որոշ տարածքներ պահում է իր վերահսկողության տակ: Համբերության վերջին կաթիլը լցրեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակումը: Ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, Ադրբեջանն էլ ոչ միայն չի կատարում, այլեւ կանաչ լույս է նկատել իր ագրեսիվ պլանների իրականացման ճանապարհին: Եվ երբ Երեւանը պարզորոշ տեսավ, որ իր անվտանգության հաստատումը պարզապես պարտադրում է փնտրել նոր դաշնակիցների ու գործընկերների, անմիջապես ձեռնամուխ եղավ այդ աշխատանքների իրականացմանը, եւ այս ուղղությամբ նրա յուրաքանչյուր հաջողություն ուղեկցվում է ռուս-ադրբեջանական իշխանական շրջանակների նյարդային ցնցումներով: Օրերս ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը պատմական նշանակության փաստաթուղթ է, քանի որ դրանով նշանավորվել է երկու պետությունների հարաբերությունների նոր որակը:
«Սահմանվել են բոլոր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Ռուսաստանի եւ Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունները կայունացնող գործոն են թե տարածաշրջանում եւ թե միջազգային ասպարեզում»,-ասել է նա՝ շեշտելով, որ Մոսկվան ու Բաքուն աշխատում են այդ փաստաթղթերի դրույթների իրականացման վրա, իսկ «հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի կապակցությամբ մի շարք միջոցառումներ են ծրագրված»:
Իհարկե, ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչներն այժմ, երբ իրավիճակի վրա ազդելու փոխարեն պարզապես ստիպված են վազել նրա հետեւից, հասկանում են, որ բաց են թողել պահը, ուստի իրենց հայտարարություններով ոչ թե փաստում են ճշմարտությունը, այլ ձգտում են արդարանալ Հարավային Կովկասի նկատմամբ իրականացված քաղաքականության մեջ այն կոպիտ սխալների համար, որոնք հանգեցնում են Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս մղմանը: Ի վերջո, նրանք շատ լավ գիտեն, որ մի օր ստիպված են լինելու պատասխանել ապագա իշխանությունների այն հարցադրումներին, թե ինչու Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականությունը չի համապատասխանել ռուս ժողովրդի շահերին, եւ ինչու այդ երկիրը, որը բացառիկ հարգանք էր վայելում Հայաստանում, հանկարծ այնտեղ սկսեց ընկալվել որպես մի տերություն, որը մարտահրավերներ է գեներացնում հայ ժողովրդի գոյության համար:
Իհարկե, պարզ է, որ մեր ժամանակներում բոլորը զբաղված են իրենց խնդիրներով: Մոսկվան չի ուզում կորցնել իր հատուկենտ գործընկերներին, այդ թվում՝ Թուրքիային, ինչպես նաեւ Ադրբեջանին: Սակայն Ռուսաստանը լավ է հասկանում, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման դեպքում կզրկվի իր գլխավոր զենքից՝ հայ-թուրքական ատելության արդյունքում առաջացող հնարավորություններից: Մոսկվան կկորցնի իր ազդեցությունը բոլոր կողմերի վրա, իսկ դա դեմ է Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ նրա տեսլականին: Բայց հայ-թուրքական ատելության բացահայտ բորբոքումը նույնպես չի տեղավորվում մոսկովյան շահերի շրջանակներում: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը շարունակում է դիրքավորվել որպես Թուրքիայի գործընկեր՝ նրա դեմ ատելության բորբոքումը թողնելով ՀՀ-ում գործող ռուսամետ ուժերին: Սակայն վերջիններս պետք է հասկանան, որ հայ ժողովրդի համախմբման գործընթացն այլընտրանք չունի, որ ժամանակին իրենք արդեն կողմ են եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որ ռուսահաճո գործողությունները, անկախ դրանց պատճառներից, նրանց կդասեն անցած դարասկզբի հայ բոլշեւիկների շարքին, որոնց գործունեությունն առավել մահացու էր ՀՀ-ի համար, քան արտաքին թշնամիներինը՝ միասին վերցրած:
Քանի որ Եմ առաքելությունը տեղակայվել է Հայաստան-Ադրբեջան սահմանին, վերջինս, որ ստում էր, թե Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բաց է, սկսել է հարձակվել հենց Արցախի վրա, որտեղ հումանիտար ճգնաժամ է առաջացրել: Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային եւ արեւելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ եւ ապատեղեկատվություն տարածելով, թե, իբր, ԱՀ ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու եւ Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը:
Այսպիսով՝ Ադրբեջանը հարձակվում է այն ուղղություններով, որտեղ անպատիժ գործելու թույլտվություն ունի: Արցախում լուրջ հարցեր են առաջանում, իսկ շատերը կոչ են անում վերջապես «երկնքից երկիր իջնել»: