2020 թ. 44-օրյան ավարտվեց՝ փաստացի չավարտվելով։ Թե ինչ եղավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերի հետ, գիտենք։ Ցավոք, միակ բանը, որ այս պահին անում է ՀՀ-ն, անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին «դրամական աջակցությունն» է, որ մտադիր է մի քանի ամիս էլ շարունակել՝ փոփոխություններ կատարելով կառավարության 2021 թ. փետրվարի 4-ի թիվ 112-Լ որոշումում։ Եթե ավելի պարզ, ապա Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը կլինի մինչեւ 2023 թ. հուլիսը՝ ներառյալ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2021 թ. փետրվարից մինչեւ 2022 թ. նոյեմբերը ներառյալ, շահառուներին տրամադրվել է միանվագ 300 հազար դրամ եւ ամենամսյա 68 հազար դրամ։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեից 2022 թ. դեկտեմբերի 12-ի գրությամբ ստացվել է տեղեկություն՝ Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերում գտնվող եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված անձանց համար կառուցվող բնակելի անշարժ գույքը շահագործման հանձնելու ընթացքի վերաբերյալ: Ըստ այդմ, Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թ. սեպտեմբերի 30-ը, սակայն նշված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել, եւ աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. հունիսի 30-ը: Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, քաղշինկոմիտեի կողմից առաջարկվել է միջոցառման շրջանակներում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները նույնպես երկարաձգել մինչեւ 2023 թ. հուլիսը՝ ներառյալ:
Բայց նախատեսվում է հստակեցնել միջոցառման շահառուների կազմը։ Եվ, ըստ ԱՍՀ նախարարության, այն դեպքում, եթե լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվի, որ 2021-2022 թթ. աջակցություն ստացած անձը միջոցառման շահառու չէ, ապա աջակցությունը 2022 թ. դեկտեմբերից մինչեւ 2023 թ. հուլիս ամիսների համար չի վճարվի։
Սյունիքի մարզպետարանից 2022 թ. դեկտեմբերի 16-ի գրությամբ ստացված տվյալների համաձայն՝ 2021 թ. դեկտեմբերի 16-ի դրությամբ աջակցության շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 19.10.2022-ին ծնված երեխա է: Ըստ այդմ, 1 երեխայի համար պետք է վճարվի նաեւ միանվագ դրամական աջակցություն՝ 300 հազար դրամ եւ ամսական օգնություն՝ հոկտեմբերից սկսած:
Ծրագրում ընդգրկված՝ 2022 թ. հունվար-նոյեմբեր ամիսների համար օգնություն ստացած 37 անձի համար ութ ամսվա ընթացքում անհրաժեշտ կլինի 20 մլն 128 հազար դրամ։ Նաեւ՝ հաշվի առնելով, որ դրամական աջակցությունը նոր ծնված երեխաների համար վճարվում է ծննդյան ամսվանից սկսած, ըստ այդմ, 2022 թ. հոկտեմբերի 19-ին ծնված մեկ երեխայի համար անհրաժեշտ կլինի հատկացնել 980 հազ. դրամ գումար (1×10 x 68000+300000=980.0 հազար դրամ):
Այսպիսով՝ ծրագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի 21 մլն 108 հազար դրամ, որն առաջարկվում է հատկացնել 2023 թ. պետական բյուջեով նախատեսված՝ կառավարության պահուստային ֆոնդից: