Երեւանում երեկ մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը, որին մասնակցում են շուրջ 200 մասնակիցներ Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաեւ Արցախից։ Եռօրյա միջոցառման ընթացքում քննարկվելու են «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-սփյուռք միասնականություն» եւ «Բնակչության աճ»: Նախաձեռնությունը ձեւավորվել է դեռեւս 2021 թ.՝ նպատակ ունենալով հայկական աշխարհում ձեւավորել միասնական գիտակցություն հանուն համահայկական նպատակների եւ գաղափարների։
Բացման խոսքում «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը նշեց, որ 2020 թ. ծանր իրադարձությունները եւ պատերազմը ստիպեցին եւս մեկ անգամ խորհել այնպիսի կարեւորագույն հարցերի շուրջ, թե ինչպիսի Հայաստան եւ ինչպիսի հայություն ենք ուզում ունենալ եւ որ ամենագլխավորն է, թե ինչպե՞ս պետք է կառուցենք այդ Հայաստանը: Ի վերջո շուրջ երկու տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներում առանցքային մտքերից մեկն այն է եղել, որ Հայաստանի եւ հայության արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերով։ Պատահական չէ, որ նախաձեռնությանն արդեն իսկ միացել են ավելի քան 110 հազար հայրենակիցներ աշխարհի 108 երկրներից. «Այսօր մենք բացում ենք նոր էջ «Ապագա հայկականը» նախաձեռնության պատմության մեջ: Մենք սկսում ենք հանրային քննարկումների շատ կարեւոր փուլ, որը սովորաբար աշխարհում ընդունված է անվանել քաղաքացիական ասամբլեա: Սա որոշ առումով նոր փորձ է հայկական դաշտում, բայց մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով կհասնենք հաջողության»:
«Ամենակարեւոր հարցերից է ոչ թե պարզապես գոյություն պահպանելը, այլ հասկանալը, թե նոր իրավիճակում ո՞ւր ենք գնում, ի՞նչ պատասխաններ պետք է տանք մարտահրավերներին։ Ութ տարի առաջ Նուբար Աֆեյանի հետ միասին հենց այս օրը տվեցինք «Ավրորայի» սկիզբը։ Եվ հիմա լինելով Արցախում՝ ես ավելի սուր եմ զգում կարեւորությունն այն բաների, որոնց շուրջ միավորվել ենք Նուբարի հետ»,-Արցախից տեսակապով բացման խոսքով հանդես եկավ «Ապագա հայկականը» հիմնադրամի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Վարդանյանն ընդգծեց, որ Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ հայ մարդը մտածում է ոչ թե ուտելու, այլ գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու մասին. «Հայը պետք է հավատա, որ կարեւոր է իր գոյությունը որպես հայ։ Պետք է հավատա առաջնորդներին, եւ դա չես կարող անել խանութներն ուտելիքով լցնելու կամ փողի մասին խոսելու միջոցով։ Գաղափարն է կարեւոր։ Պայքարն Արցախում ամեն օր շարունակվում է։ Վստահ եմ, որ առանց գաղափարի եւ ազգային արժեքներին վերադառնալու ոչինչ չի ստացվելու»։
«Ապագա հայկականը» եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունների համահիմնադիր Նուբար Աֆեյանի խոսքով, ընդհանրապես մեր ապագան ուրիշներն են ստեղծել, իսկ մենք շարունակել ենք ուրիշների ուղին: Թեեւ ավելի քան 30 տարի առաջ հնարավորություն տրվեց, որպեսզի մե՛նք զբաղվենք մեր ապագայով, սակայն, դժբախտաբար, հաջողություն չունեցանք։ «Տագնապների պատճառով մենք երբեք չկարողացանք ապագայի տեսլականի մասին մտածել: Այժմ պետք է որոշել հայ ժողովրդի համար կարեւոր նպատակները»,- ասաց Աֆեյանը: «Մենք արմատներ ունենք աշխարհի տարբեր կողմերում։ Իմ ընտանիքն Ուրֆայից է եկել հարյուր տարի առաջ։ Երբեք չէինք երեւակայի, որ նման համաժողով կլինի։ Իրենց 100 տարի առաջվա եւ մեր այսօրվա երազանքը նույնն է՝ համախմբվել, կազմակերպվել եւ անկախ Հայաստան ստեղծել»,- ասաց նա։ Անդրադառնալով նախաձեռնության աշխատանքներին՝ Աֆեյանը հույս հայտնեց, որ լուրջ աշխատանք է տարվելու, եւ եռօրյա քննարկումները լուրջ արդյունքներ կտան։
Համաժողովին ողջույնի խոսք էր հղել Ամենայն հայոց կաթողիկոսը, որը ներկաների համար ընթերցեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: «Միայն միասնականությամբ ի զորու կլինենք հաղթահարելու առկա ճգնաժամը եւ փորձությունների մեջ տարուբերվող մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի խաղաղ ու ապահով կյանքի հանգրվաններ: Մեր միասնականության մեջ պետք է դրսեւորվի հայրենիքի ու ազգի շահը մեր անձնականից վեր դասելու գիտակցությունը։ Համատեղ ջանքերով պետք է հոգ տանենք մեր հայրենի երկրի մասին, որը երաշխավորն է մեր հարատեւության։ Այս հավատով մեր ժողովուրդը հայրենիքում եւ սփյուռքում պետք է ձեռնամուխ լինի հայրենանպաստ եւ ազգօգուտ նախաձեռնության։ Նույն նախանձախնդրությամբ մեր եկեղեցականներն իրականացնում են իրենց առաքելությունը»,- ասված է կաթողիկոսի ուղերձում։
Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշեց, որ իրենց հանձնախմբի առաջին դիտարկումն այն է, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը պետք է շարունակել՝ ոչ իբրեւ պարզապես անցյալի հանդեպ պարտք մատուցելու միտում, այլ նոր ցեղասպանությունները կանխարգելելու միջոցների փնտրտուք»։ «Ցեղասպանության խնդիրը հայ ժողովրդի եւ պետականության գոյության հարցն է։ Հնարավոր չէ խոսել դրա մասին նույն կերպ, ինչպես նախկին տարիներին է խոսվել։ Նոր մոտեցումներ պետք է փնտրել»,- ասաց նա։ Հանձնախմբի առանձնացրած երկրորդ դիտարկումը վերաբերում է ՀՀ-Արցախ անվտանգության ապահովմանը։ «Հայաստանում եւ սփյուռքում բոլորն են պատասխանատու հայրենիքի անվտանգության եւ Արցախի խնդիրների լուծման համար։ Ինչի՞ առաջ ենք այսօր։ Ինչպե՞ս լուծել խնդիրները։ Այս հարցերի պատասխանները պետք է միասնական ռազմավարությամբ գտնենք։ Պետականության պահպանումը ամբողջ հայության պատասխանատվության հարցն է»,- շարունակեց բանախոսը։ Երրորդ դիտարկումը վերաբերում է հայկական ժառանգության պահպանմանն ու ճանաչելիության ապահովմանը, իսկ չորրորդը ապագա սերունդներին հայ պահելու պատասխանատվությունն է։ «Եթե ուզում ենք երիտասարդներին հայ պահել, պետք է ճանաչենք նրանց։ Լեզուն մեր ինքնության կարեւոր ազդակներից է, եւ շատ տեղերում կատարյալ հայերեն սովորեցնելն անհնար է թվում։ Բայց երիտասարդը պետք է իմանա հայի լեզուն, փորձի սովորել ու արտաբերել, զգալ, որ դա իր լեզուն է»,- եզրափակեց արքեպիսկոպոս Պարսամյանը՝ հավելելով, որ մեր բոլորի պարտականությունն է սովորեցնել եւ դաստիարակել լուսավոր դեմքեր, որոնք օրինակ կլինեն բոլորի համար՝ ներկան եւ ապագան կերտելու համար:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաժողովը կարեւոր ազդակ է այսօրվա պայմաններում, որպեսզի բոլորս մտածենք եւ խորհենք ոչ միայն անտեսանելի ապագայի, այլեւ հատկապես մեր ներկան կառուցելու մասին։ «Անցյալի մտքով ապրելը շատ հեշտ է, որովհետեւ այնտեղ պատասխանատվություն չունես, նույն կերպով հեշտ է ապրել ապագայում, որովհետեւ դարձյալ տեսանելի չէ պատասխանատվության չափը։ Դժվարը ներկայում ապրելն է եւ այդ ներկայի միջոցով գալիքը կառուցելը։ Այսօր արվածի պտուղները վաղն ենք քաղելու։ Ներկայումս բազմաթիվ մարտահրավերների առջեւ ենք կանգնած, եւ բնականաբար ամենամեծ մարտահրավերը անվտանգային խնդիրն է, հայրենական հարցի կարեւորագույն բաղադրիչը հանդիսացող Արցախի խնդիրը, մեր ժողովրդագրական իրավիճակը եւ սփյուռքի ներգրավվածությունը»,- ասաց նա։
Հաջողելու համար պետք է միասնական լինել, իսկ դրա համար էլ պետք է համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որովհետեւ ամենափոքր միավորներն անգամ ձախողում կամ հաջողում են նպատակի չգոյությունից կամ գոյությունից։ Բագրատ սրբազանն ընդգծեց, որ կարեւոր է ուժեղ ազգային նկարագրով պետություն ունենալը, քանի որ բոլոր հարցերի լուծումը պետականությունն է, իսկ անհատները, որքան էլ լավը լինեն, միայն իրենց շրջապատը կարող են փոխել. «Ամեն ինչի հիմքը արժեքներն են: Օրինակ, 13-րդ դարում, երբ մենք պետականություն չունեինք, մեկ մարդով, մեկ վանքով եւ մեկ դպրոցով 300 տարի շարունակաբար հայոց կյանքը շարունակվեց: Ես խոսում եմ Մխիթար Գոշի մասին: Պետք է գնալ խորքերն ու հասկանալ՝ մեր հայրերը ինչպես են վարվել, ինչ գործիքներով ու ինչ հիմքով: Երբ մենք խոսում ենք լավ պետության մասին ու չենք սահմանում, թե որն է այդ լավ պետությունը, դա ձախողում է: Սա նշանակում է լավագույն դեպքում շատ փող աշխատել եւ վերջ՝ ոչ մի պատասխանատվություն, ոչ մի առաջնորդություն»: Խոսելով միասնականության մասին՝ Բագրատ սրբազանն ասաց. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդը մարդուն չի վստահում, բայց մարդն ամենաշատը մարդու կարիքն ունի»։
Նշենք, որ համաժողովը դառնալու է «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի առաջին կիրառումը հայկական իրականությունում։ Համաժողովի մոդելը ձեւավորվել է ճգնաժամային հասարակությունների օրինակով, կիրառվել է անգամ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի մակարդակով։ Հասարակության ձայնը լսելի դարձնելու համար գործընթացն ունի երեք փուլ՝ ուսումնասիրություն, քննարկում եւ որոշումների ընդունում։ Համաժողովի կազմակերպիչները հույս ունեն, որ քննարկումների արդյունքում կլինեն լուծումներ, որոնք կանցնեն իրագործման փուլ։