ՀՀ վարչապետը վերջին ասուլիսում որոշ փակագծեր բացեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ ընթացող բանակցություններից՝ հայտարարելով, թե պաշտոնական Բաքուն փորձում է խաղաղության հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձեւակերպել, ինչպես նաեւ Արցախում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաեւ նշեց, որ Բաքվից եւ Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններից բռնագաղթած քաղաքացիները նույնպես դիմում են ՀՀ կառավարություն՝ իրենց բնակության հիմնական վայրեր վերադառնալու հարցով:
Հրապարակային այս խոսքերը թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագրով առաջ քաշել Հայաստանից 90-ականներին առանց բռնությունների հեռացած ադրբեջանցիների վերադարձի հարցը, եւ խաղաղության պայմանագրում նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման համատեքստում ամրագրել Արցախի ժողովրդի իրավունքների հետագա քննարկման բացառումը:
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի բովանդակային կողմից նաեւ բացահայտում արեց Ալիեւը օկուպացված Թալիշում իր դեմ կանգնած ադրբեջանցի զինծառայողներին ուղղված ելույթում՝ հայտարարելով, թե Հայաստանն Արցախի Հանրապետությունը պետք է ճանաչի Ադրբեջանի մաս, իսկ սահմանագծումն իրականացվի իրենց պահանջով, այլապես խաղաղության պայմանագիր չի լինի: Այլ կերպ ասած՝ Բաքվի բռնապետը հերթական անգամ սպառնում է պատերազմով՝ միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու նպատակով:
Թողնենք մի կողմ, որ Ալիեւի հերթական ելույթի հիմնական նպատակը պատերազմի իրական կողմը տեսած եւ իր կաշվի վրա զգացած ադրբեջանական հասարակությանը հաղթանակի զգացում ներշնչելն էր, այստեղ էականն այն է, որ Ադրբեջանի ղեկավարը Հայաստանին հրապարակայնորեն սպառնում է պատերազմով՝ քաջ գիտակցելով, որ սանձազերծելու դեպքում այն շատ արագ վերածվելու է տարածաշրջանային ռազմական խոշոր հակամարտության: Ադրբեջանի հերթական հարձակման դեպքում միջամտելու մասին բացահայտ հայտարարել է հարեւան Իրանը, ինչն էլ, իր հերթին, անխուսափելի է դարձնելու Իսրայելի եւ դաշնակիցների միջամտությունը: Մյուս կողմից էլ՝ Հայաստանում է ռուսական 102-րդ ռազմաբազան, որն իրադարձությունների նման զարգացման դեպքում կա՛մ պետք է կատարի իր առաքելությունը, կա՛մ լքի ՀՀ տարածքը: Նման իրավիճակների համար Հայաստանում կա նաեւ երրորդ գործոնը՝ ԵՄ երկարաժամկետ դիտորդական խոշոր առաքելությունը՝ հստակեցված նպատակներով:
Հոռետեսական սցենարների զարգացման հավանականության ֆոնին այսօր ուրվագծվում է հստակ միտում՝ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն աստիճանաբար այնպիսի պայմաններ է առաջ քաշում, ինչը բանակցային գործընթացը հեռացնում է վերջնական ստորագրման փուլից: Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների երաշխավորներից է՝ այսօր արդեն ՌԴ-ի հետ միասին, բայց ոչ նրա փոխարեն որոշում ընդունողը:
Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի տարածքի նախկին բնակության վայրեր ադրբեջանցիների վերադարձի պայմանը, ինչը միանշանակ ենթադրում է նաեւ հայ բնակչության վերադարձ Ադրբեջանի իրենց պատմական բնակության վայրեր, ընդհուպ՝ մինչեւ Բաքու: Այստեղ կա նաեւ մեկ այլ հարց, որը պակաս կարեւոր չէ. ադրբեջանցիները հիմնականում վաճառել են Հայաստանում գտնվող իրենց տները եւ հեռացել, մինչդեռ հայերը Ադրբեջանից հիմնականում փախել են իրենց կյանքերը փրկելու նպատակով, եւ նրանց ունեցվածքն այդ երկիրը յուրացրել է ու տրամաբանորեն պետք է վերադարձնի: Արցախյան հասարակական կազմակերպություններն արդեն բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին՝ կոչ անելով հետեւողական լինել Արցախի ու հարակից հայաբնակ շրջաններից եւ բնակավայրերից բռնագաղթած հայ բնակչությանն իր բնակության վայրեր վերադարձի հարցում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթով սահմանված ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո: Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման առաջարկներ ստանում են նաեւ Ադրբեջանի այլ բնակավայրերի հայազգի նախկին բնակիչներից:
44-օրյա պատերազմը եւ դրանից հետո չդադարող ռազմական սադրանքներն առավել քան բավարար հիմքեր են տալիս պնդելու, որ մոտ ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում հայերի ու ադրբեջանցիների համակեցությունն անհնարին է, դրա համար առնվազն ժամանակ է պետք, ինչպես նաեւ պաշտոնական Բաքվի համապատասխան կառուցողական պահվածքն է պահանջվում: Հակառակ դեպքում ստացվում է, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած հերթական պահանջն ընդամենը խաղաղության պայմանագրի ստորագրումը տորպեդահարելու նպատակ է հետապնդում: Հետեւաբար, կարծում ենք՝ միջազգային հանրությունը պետք է գործուն միջոցներով արձագանքի Բաքվի բռնապետի ռազմատենչ հայտարարություններին՝ տարածաշրջանային նոր աղետները կանխելու նպատակով: