Աշխարհաքաղաքական ծավալումները ցույց են տալիս՝ քաղաքականությունն ու տնտեսությունն այնքան են միաձուլված, որ հաճախ անհնար է տարբերակել՝ քաղաքական շա՞հն է որոշում տնտեսական զարգացումների ելակետը, թե՞ տնտեսությունն է թելադրում քաղաքական շահը։ Այս հարցերը, սակայն, կարող ենք առաջադրել բնականոն զարգացումների պարագայում։ Երբ խոսքը վերաբերում է Հայաստանին եւ Թուրքիային, պատասխանը միանշանակ է՝ քաղաքականությունն է որոշում ամեն ինչ։ Այս իսկ պատճառով անհասկանալի է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համոզմունքը, թե Թուրքիայի սահմանի բացումը ՀՀ-ի տնտեսության համար վտանգ չէ, այլ հնարավորություն։ Որովհետեւ սա պնդելու համար պետք է վստահ լինել, որ տնտեսությունն է թելադրողը, ոչ թե քաղաքականությունը։ Մինդեռ ճիշտ հակառակ պատկերն է։
90-ականներից սկսած պաշտոնական վիճակագրությունը եթե աչքի ենք անցկացնում, տեսնում ենք՝ Թուրքիայից ե՛ւ ներմուծում կա, ե՛ւ դեպի Թուրքիա արտահանում։ Ներմուծումը, իհարկե, անգամներով գերազանցում է արտահանման թվերին։ Ինչո՞ւ։ Թուրքական քաղաքականության շնորհիվ. մեր ապրանքները միշտ էլ տեղ չեն ունեցել թուրքական շուկայում բարձր մաքսատուրքերի եւ այլ պատճառներով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համառորեն շրջանցում է այս փաստը եւ կարծում, որ երբ սահմանը բացվի, մեր հնարավորություններն էլ կբացվեն։
Խորհրդատվական աջակցության կարգով ուզում ենք հակափաստարկ նշել։ Երբ թուրքական քաղաքականությանը ձեռք է տալիս, նա խոչընդոտներ չի ստեղծում։ Օրինակ՝ 2022 թ./ ամռան երկու ամիսներին արտահանումը միլիոնավոր դոլարների էր հասել. հունիսին արտահանումը կազմել էր շուրջ 20.2 միլիոն դոլար, հուլիսին՝ 27.2 միլիոն։ Օգոստոսին արդեն ցուցանիշը նվազեց՝ դառնալով 4.3 միլիոն։ Միանգամից ասենք, որ հունիս-հուլիսին թուրքական իշխանությունների հանկարծ, իբր, բարիանալու պատճառը հայկական ոսկին էր, ոսկու փոշին։ Վերջ, երկու ամսում ստացան այն, ինչ պետք էր, կրկին կիրառեցին իրենց գործիքը՝ մեր արտահանման համար արհեստական խոչընդոտների ստեղծմամբ։ Եվ, ընդհանրապես, մշտական պատկերը սա է՝ Թուրքիայից ներկրում ենք 100-ից ավելի, արտահանում 10-15 անուն ապրանքներ։ Սահմանի բացվելու պարագայում ի՞նչն է փոխվելու. հայկական ընկերությունները թուրքական շուկա հասանելիությո՞ւն են ունենալու։ Դատելով թուրքական քաղաքականությունից՝ բնավ ո՛չ։ Եթե դեռ փակ սահմանների պարագայում մեր շուկան ամենուրեք լցված է թուրքական ապրանքով, բաց սահմանների դեպքում արդեն շուկան խեղդվելու է թուրքական ապրանքով։ Իսկ հայկական ապրանքները թուրքական շուկա կմտնեն նշյալ՝ երկու ամսվա օրինակով, եթե թուրքական իշխանություններին որեւէ բան պետք լինի, իսկ եթե ոչ՝ խոչընդոտ ստեղծելը կա ու կա։
Ընդհանրապես՝ սահմանի բացումը ենթադրում է, որ երկու կողմերում գտնվողներն էլ կարգավորում են ուզում։ Իսկ կարգավորումը ենթադրում է երկուստեք փոխշահավետ հիմք։ Թուրքիայի պարագայում այդպես չէ միանշանակ։ Այս պետությունն իրեն հարմար պայմաններով է կարգավորում ուզում, ադրբեջանական պայմաններն էլ հայ-թուրքական հարաբերություններում կարմիր գիծ է համարում։ Թուրքական կողմը ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը կապում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ։ Թուրքիան այդ մասին օրեցօր ավելի կոշտ հռետորաբանությամբ հիշեցնում է պարբերաբար։ Թուրքիայի ԱԳ նախարարը մեկ անգամ չէ, որ ասել է, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում: Թուրք նախարարը բացահայտ ասել է, որ հայ-թուրքական կարգավորումն իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենց քայլերը Ադրբեջանի հետ են համակարգում: «Դուր է գալիս սա Հայաստանին, թե ոչ, սա է իրականությունը»,-շեշտել էր նա:
Այսինքն՝ Թուրքիան մեզ հետ հարաբերությունների կարգավորում է ուզում պայմաններ թելադրելով։ Պայմաններ, որոնք հակասում են մեր ազգային ու պետական շահերին։ Եթե սրա անունը կարգավորում է, ուրեմն մենք, մեղմ ասած, խորը մոլորության մեջ ենք, ինչը հետո, առանց չափազանցության, հանգեցնելու է մեր պետականության կորստին։ Մոլորություն է նաեւ այն մտայնությունը, թե կարելի է սկսել, հետո որոշել ձեռնարկվելիք քայլերը։ Հավասարի իրավունքով մեզ հետ կգործակցեն միայն այն դեպքում, եթե տեսնեն, որ տեր ենք մեր իրավունքներին կամ գոնե կամք ունենք տեր լինելու։ Արցախը 100 օր է շրջափակված է, 100 օր է համայն հայության պատվախնդրության ցուցիչն է դարձել, իսկ հայկական կողմը լավագույն դեպքում միջազգային այս կամ այն կառույցին հորդորներ է հղում։ Թյուրքական կողմը ցույց է տվել, որ թքած ունի միջազգային կոչերի վրա եւ դեռ մեզ էլ պայմաններ է առաջադրում։ Այս հիմքով ինչ փոխգործակցության մասին կարող է խոսք լինել։ Եվ, վերջապես, այդ ինչ ենք ուզում արտահանել, որ այլ շուկա չենք կարողանում, ու մեզ հենց թուրքական շուկան է պետք։
Միամիտ չլինենք՝ կարծելով, թե տնտեսությունը միայն փողի դաշտ է, եւ այստեղ տեղ չունեն ազգային պատիվն ու արժանապատվությունը, պետության կամքն ու որոշելիքը։ Ամեն ինչում միջազգային փորձ մեջբերելու սիրահարները հապա ինչու հիմա այդ նույն փորձին չեն դիմում։ Կա՞ որեւ երկիր, որ թշնամի պետության հետ պատրաստ է համագործակցության՝ առանց սեփական շահերը հաշվի առնելու։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, եւ հիմա նույնպես այդ զարգացումների ականատեսն ենք, որ քաղաքականությունն ու տնտեսությունը սերտաճած են, եւ, անկախ երկրի չափից ու բնակչության թվից, այստեղ ձայնի իրավունք են ունենում կամայինները։ Մենք դա ցույց ենք տվել 90-ականներին եւ էլի կարող ենք. հողը մեկ անգամ չեն ազատագրում։