Ռուսաստանյան քաղաքական մտքի «անճարները», ում համար ադրբեջանական նավթադոլարները կարծես թե սոսկ փող չեն, այլ մեծ աստվածություն, հերթական սնունդն են ստացել Հայաստանի դեմ: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշել է, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Իսկ Միջազգային քրեական դատարանը դրանից մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել…
Նշված շրջանակները հարց են հնչեցնում, թե ինչով է առաջնորդվել Երեւանը, երբ նման որոշում է կայացրել այն բանից մեկ շաբաթ անց, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: Եվ սկսվել է «խրախճանքը». թերուսները վայնասուն են բարձրացրել, թե Նիկոլ Փաշինյանը այդ քայլով դավաճանել է Ռուսաստանին (փորձում են կոծկել Ռուսաստանի դավաճանության բազմաթիվ օրինակները), որ այժմ պետք է համագործակցել Ադրբեջանի հետ՝ ընդդեմ Հայաստանի (կարծես նոր պիտի համագործակցեն) եւ այլն: «Քարոզչական պատերազմի» առաջնագիծ է նետվել քաղաքագետ հորջորջված Սերգեյ Մարկովը. նարիշկինների օրինակով մեծանում է Բաքվի փողերից օգտվել ցանկացողների բանակը` ի դեմս ռուսական քաղաքական մտքի «գերհանճարի», ով, ի դեպ, ժամանակին բուհը չի ավարտել «չհասցնելու» պատճառով: Թե հետագայում ինչ ճանապարհով է այդ «սահմանափակ ուղեղը» ԽՍՀՄ-ում բարձրագույն կրթության վկայական ստացել, արդեն կարելի է պատկերացնել: Ի դեպ, զարմանալի է, որ այս անգամ խոսնակի դերում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն չէ: Հավանաբար, Իրան կատարած այցի ընթացքում նրան բացատրել-հասկացրել են ոչ միայն դիվանագիտության այբուբենի հետ կապված հարցերը, այլեւ բարեվարքության կանոնները:
«Նրանք ահա հատո՞ւկ ընտրեցին այս պահը, որպեսզի վերջնականապես միանան Միջազգային քրեական դատարանին, երբ այն ուզում է ձերբակալել Վլադիմիր Պուտինին: Դա Ռուսաստանին հասցված ապտակ է Հայաստանի կողմից»,- գրել է Մարկովն իր տելեգրամյան ալիքում՝ շեշտելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լկտիություն» է դրսեւորել, որ «Հայաստանը դաշնակիցների կարգից տեղափոխվում է Ռուսաստանի դավաճանների կարգ»: «Հիմա Փաշինյանը գոհ ժպտում է՝ խորհելով Հայաստանում Պուտինի հիպոթետիկ ձերբակալության եւ Միջազգային քրեական դատարանին հանձնելու մասին: Դավաճաններ»,- գրել է նա:
ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայտնի «հայասեր» Կոնստանտին Զատուլինը, ում մուտքը Հայաստան արգելվել է, հայտարարել է, թե «Հայաստանի Սահմանադրական դատարանում ինչպես էլ բացատրեն նման որոշումը, պետք է հասկանան, թե դա ինչպիսի տպավորություն կգործի Ռուսաստանում»: «Հետաքրքիր կլինի հերթական անգամ Հայաստանի վարչապետից լսել Ռուսաստանի նախագահի հետ իր ավանդական մտերիմ ու աննախադեպ բարեկամական հարաբերությունների մասին: Բայց ես կարծում եմ, որ նա ելք կգտնի, կասի, որ Սահմանադրական դատարանը երկրում միանգամայն անկախ է»,- ենթադրել է պատգամավորը՝ շեշտելով, թե Ռուսաստանը «որոշակի եզրակացություններ կկատարի, ընդ որում՝ ոչ միայն ՍԴ-ի որոշման հիմքի վրա»: «Հայաստանի վարչապետն ու նրա քաղաքական դաշնակիցները, աստիճանաբար դեն նետելով իրենց դիմակները, ռուսամետությունից անցում են կատարում արեւմտյան ուղղվածության»,- կարծում է Կոնստանտին Զատուլինը:
Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Սվետլանա Ժուրովան այն կարծիքին է, որ Միջազգային քրեական դատարանի գործունեությունը վավերացրած ոչ բոլոր երկրներն են կատարում նրա որոշումները: «Հայաստանի դեպքում զգուշացնում է այն, որ նրանք այն վավերացրեցին այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել: Ամեն դեպքում՝ այդ քայլը նվազագույնը շատ տարօրինակ է»,- նշել է Ժուրովան:
Այս Մարկով կոչեցյալն ասել է նաեւ, որ եթե Հայաստանն իսկական դաշնակից լիներ, «կուղղեր այս ընթացակարգը եւ կհետաձգեր Հռոմի ստատուտի ճանաչման գործընթացը: Բայց նրանք չուզեցին դա անել, թեեւ հիանալի հասկանում են, որ դա վիրավորական է Պուտինի եւ Ռուսաստանի համար: Սա հստակ նշան է, որ Հայաստանը ոչ թե դաշնակից է, այլ Ռուսաստանի դավաճան»,- նշել է նա:
Եթե որեւէ մեկին թվում է, թե նա Պուտինի պաշտպանության դիրքերում է, սխալվում է: Պուտինը պարզապես միջոց է Հայաստանի վրա հարձակվելու եւ Ադրբեջանի օգտին եւս մեկ անգամ արտահայտվելու համար: Կա եւս մեկ հանգամանք. թերարժեքության բարդույթում հայտնված որոշ թերուսներ փորձում են գտնել այնպիսի զոհերի, որոնց դեմ հարձակումները կբավարարեն իրենց «կայսերական մեծության» մորմոքը: Այս Մարկովին ասենք, որ Պուտինի պաշտպանության պատասխանատուն ինքն է, այլ ոչ թե Հայաստանը: Եվ բազմաթիվ հասցեներ կան, որոնց դեմ կարող է մտովի ճակատամարտ տալ, ցուցադրել սեփական «հանճարեղությունն» ու հաղթանակներ տանել: Հայաստանն ունի այլ խնդիրներ, եւ նրա գերխնդիրը ոչ թե Պուտինի պաշտպանությունն է, այլ սեփական անվտանգության խնդրի լուծումը: Ի դեպ, հուսով եմ, որ «սահմանափակ ուղեղները» այս միտքն էլ Հայրենական մեծ պատերազմ սկսելու առիթ չեն համարի:
Ռուսաստանյան որոշ քաղաքական գործիչների խորհուրդ ենք տալիս սեփական ուղեղների պարունակության հարստացման համար հասկանալ, թե ինչու է Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել, եւ եթե կռիվ ունեն, թող նրա հետ անեն: Հայաստանի «դավաճանության» մասին խոսելիս կփորձեն, վերջապես, հասկանալ, թե ինչ է նշանակում դաշնակից բառը, ում, հետ համապատասխան պայմանագրեր են ստորագրվել, կփորձեն հասկանալ, թե ինչ է նշանակում հրաժարումը պայմանագրային պարտավորություններից: Թե չէ՝ այնպիսի տպավորություն է ստացվում, որ, ըստ նրանց դատողության, ռուսներին թույլատրվում է դավաճանել… Արդեն 300 տարի ՌԴ-ն «հաղթում» է իր դաշնակցին՝ Հայաստանին: Վաղուց արդեն ժամանակն է նոր հայացք նետել այս ժամանակաշրջանի իրադարձություններին ու բացահայտել դրա իրական պատմությունը: Ռուսաստանի պարագայում զգուշացնում է այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխությունների չենթարկելու դեպքում իրական դավաճանները կշարունակեն մեզ դավաճանել, ավելին՝ նրանք մեզ կմեղադրեն դավաճանության մեջ՝ իրենց հայասպան քաղաքականությանը չենթարկվելու համար: Ամեն դեպքում՝ դա նվազագույնը շատ տարօրինակ է:
2021 թ. սեպտեմբերին Ադրբեջանը Ռուսաստանի թույլտվությամբ տարբեր ուղություններով հարձակվեց ինքնիշխան Հայաստանի վրա: ՀՀ-ի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի ձեւաչափերով համապատասխան պայմանագրեր ստորագրված ՌԴ-ն ոչ միայն չկատարեց ստանձնած պարտավորությունները, այլեւ նույնիսկ գնահատական չտվեց տեղի ունեցածին: Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր դաշնակից Հայաստանին օկուպանտ անվանեց: Այս, ինչպես նաեւ այլ իրադարձություններ, որոնց ռուսական քաղաքական միտքը գերադասում է չանդրադառնալ, մատնացույց են անում ակնհայտ դավաճանին: Հայաստանը չի ձգտում ռուս զինվորին ներգրավել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, այլ պահանջում էր կատարել միասնական ՀՕՊ պայմանագրի կետերը եւ գնահատել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Ուստի ոչ մի գին չունի ռուսների այն արդարացումը, թե Հայաստանն ուզում է, որ իր փոխարեն կռվի Ռուսաստանը: Երեւանն անհրաժեշտաբար պետք է եզրակացություններ կատարի Մոսկվայի դաշնակցության վերաբերյալ:
Հիմա վերադառնանք ստատուտին, որի վավերացումն ամենեւին էլ չի նշանակում, թե Հայաստանը պարտավոր է ձերբակալել Վլադիմիր Պուտինին նրա այցի դեպքում, քանի որ Միջազգային քրեական դատարանը նրա ձերբակալության միջազգային օրդեր է տվել: Միջազգային իրավունքում կա միջազգային անձեռնմխելիության եւ իրավասությունից ազատման ինստիտուտ, որն ամրագրված է նաեւ ՀՀ օրենսդրությամբ եւ, մասնավորապես, ՀՀ քրեադատավարության կոդեքսով, եւ կան քրեական գործերով միջազգային համագործակցության պարտավորություններ. դա Միջազգային քրեական դատարանի ստատուտն է, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթեր, որոնք նախատեսում են պետությունների համագործակցություն միջազգային իրավական ոլորտում: Խոսքը տարբեր տեսակի հանցագործությունների դեմ պայքարի, արտահանձնման հարցերի եւ այլնի մասին է։ Իրավական երկընտրանք է առաջանում՝ մի կողմից միջազգային իրավունքը ենթադրում է, որ պետությունն ունի անձեռնմխելիություն, իսկ մյուս կողմից՝ պետությունը ներկայացնող անձինք նույնպես օգտվում են այդ անձեռնմխելիությունից։ Այս կարգավիճակը եւ անձեռնմխելիության տեսակը նախատեսված են մի շարք միջազգային պայմանագրերով, օրինակ՝ Վիեննայի հատուկ առաքելությունների մասին կոնվենցիայով, ինչպես նաեւ ընդհանուր միջազգային իրավունքով։ Դա հաստատված է նաեւ Արդարադատության միջազգային դատարանի պրակտիկայում։ Նշանակում է, որ միջազգային իրավական ոչ մի հնարավորություն չկա՝ միջազգային-իրավական հայցով կամ այլ պետության դատարանի որոշմամբ ձերբակալելու պետության ղեկավարին, պատվիրակության ղեկավարին, դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին, եթե դա նախատեսված է հյուպատոսական համաձայնագրով, միջազգային կազմակերպությունում պետական ներկայացուցչության ղեկավարին, ով այդ պետության տարածքում է:
Փորձը ցույց է տալիս, որ մինչ այժմ չի եղել մի դեպք, որ երկրի գործող ղեկավարը ձերբակալվի ու հանձնվի Միջազգային քրեական դատարանին: Մի քանի դեպք է եղել, երբ գործող նախագահի ձերբակալման օրդեր է տրվել: Բոլոր դեպքերում էլ ձերբակալություններ եղել են միայն այն ժամանակ, երբ նրանք ավարտել են պաշտոնավարումը: Ղեկավարի կարգավիճակում նրանք շրջել են ստատուտը վավերացրած երկրներում ու չեն ձերբակալվել:
Եթե պետությունը ստորագրել է միջազգային պայմանագիր, այդ թվում՝ ստատուտը, ունի պարտավորություններ՝ չկատարելու այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այս միջազգային պայմանագրի սկզբունքներին եւ նպատակներին։ Դա պարտավորություն է, որը բխում է Վիեննայի պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայից, ինչպես նաեւ ընդհանուր միջազգային իրավունքից: Միեւնույն ժամանակ այդ պարտավորությունները ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես օրենքով նախատեսված հատուկ պարտավորությունների կատարման պարտավորություն, օրինակ՝ դատարանի պահանջով հանձնման մասին:
Ռուսաստանի քաղաքական գործիչները, իսկ ավելի ճիշտ՝ քարոզչագործիչները, հաշվի չեն առնում, որ Հայաստանը ելնում է այն քաղաքական իրավիճակից, որում հայտնվել է այդ թվում Մոսկվայի՝ ՀՀ-ի նկատմամբ դավաճանական, թշնամական գործողությունների պատճառով: Սա ամենեւին էլ արդարացում չէ, այլ Մոսկվայի թրքահաճո եւ ադրբեջանահաճո դիրքորոշման արձանագրում: Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Հռոմի ստատուտի ճանաչումը պայմանավորված է «այդ թվում Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայով»: Կառավարության տելեգրամյան ալիքում հիմարություն են անվանվել այն ենթադրությունները, թե «Հայաստանը ստատուտը վավերացրել է, իբր, Պուտինին ձերբակալելու համար»:
«Նման ենթադրությունների անհեթեթությունը զարմացնում է թեկուզ միայն այն պատճառով, որ Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել 2023 թ. մարտի 17-ին, իսկ Հայաստանի կառավարությունը վավերացման գործընթացն սկսել է 2022 թ. դեկտեմբերի 29-ին»,- նշված է կառավարության տելեգրամյան ալիքում:
Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին հնարավորություն է տալիս հայց ներկայացնել Ադրբեջանի իշխանությունների դեմ եւ նրան պատասխանատվության կանչել կատարած ռազմական հանցագործությունների համար: Ռուսական շրջանակների արձագանքն ամենեւին էլ Պուտինի անձեռնմխելիության ապահովման գործոնով չէ պայմանավորված: Որքան կրճատվում են Հայաստանի դեմ Ադրբեջանի հանցագործ գործողությունների հնարավորությունները, այնքան լարվում-ձգվում են ռուսական որոշ քաղաքական գործիչներ: Այս դեպքում ոմանք կասկած են հնչեցնում, որ, ըստ երեւույթին, Ռուսաստանը գուցե մասնակցել է այդ ռազմական հանցագործություններին եւ կարող է պատասխան տալ «դաշնակցի դեմ» կատարած արարքների համար: Առայժմ սա ենթադրություն է, որի հավանականության մասին խոսում է ռուսական քարոզչական շրջանակների վայնասունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի դեպ, հրավիրվել է մասնակցելու ԲՐԻԿՍ-ի հավաքին, որտեղ նույնպես նման իրավիճակ է առաջացել: Հարավաֆրիկյան Հանրապետության առումով արդեն կա նախադեպ, որ այն դեմքերը, որոնց ձերբակալման օրդեր է տրվել, գտնվել են ՀԱՀ-ի տարածքում եւ չեն ձերբակալվել, քանի որ պաշտոնական անձի կարգավիճակում են եղել: Ուստի միջազգային իրավունքի մասնագետները կարծում են, որ լրատվական այս ողջ աղմուկն ու Միջազգային քրեական դատարանի հետ կապված պատմությունը՝ կապված Պուտինի ձերբակալության հետ, պետք է դիտարկվեն քաղաքական, այլ ոչ թե իրավական հարթության մեջ:
Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ «ի գիտություն են ընդունում Պուտինի ձերբակալության օրդերի մասին տեղեկատվությունը», որի այցը, կապված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հետ, սպասվում է այս տարվա օգոստոսին: Ավելի ուշ «Bloomberg»-ը գրել է, որ ՀԱՀ-ն ուսումնասիրում է «բոլոր տարբերակները»՝ խուսափելու համար Միջազգային քրեական դատարանի որոշման կատարումից: