Գործադիրը երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հաստատեց կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ըստ ֆինանսների նախարարության (ամբողջ տեղեկությունը պետական այս կառույցինն է), վերջին տարիներին տեղի ունեցած տնտեսական ճգնաժամերի հետեւանքով մեծացել է հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության դերը, որն ուղղված է ճգնաժամերի բացասական հետեւանքները մեղմելուն: Բազմաթիվ երկրների կառավարություններ ստեղծել են կայունացման հաշիվներ կամ կանխիկի բուֆերներ։ Սա հարկաբյուջետային քաղաքականության մեխանիզմ է՝ ուղղված տնտեսական լավ շրջանում միջոցները խնայելուն եւ տնտեսական անկման շրջանում այդ միջոցներն օգտագործելուն։ Շատ դեպքերում դրանք հարկաբյուջետային խափանումները կարգավորելու լավագույն միջոց են եղել: Կայունացման հաշիվներ ստեղծվել են բազմաթիվ երկրներում։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների մեծ մասը՝ 38-29 երկիր ստեղծել է կանխիկի բուֆեր, օրինակ՝ Լեհաստանը, Հունգարիան, Պորտուգալիան, Դանիան եւն։ Վերջին տասնամյակում ավելի ու ավելի շատ երկրներ են որդեգրել եւ իրականացնում կայունացման հաշվի կամ կանխիկի բուֆերի քաղաքականություն, որոնցից են Մոլդովան, Տաջիկստանը, Ռումինիան, Ուրուգվայը, Բրազիլիան։
Հայաստանի պարագայում արդեն կատարվել են համապատասխան փոփոխություններ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում, որով գանձապետական միասնական հաշվում որպես դեպոզիտային հաշիվ բացված կայունացման հաշվի մնացորդի համար սահմանվել է սահմանաչափ եւ պահանջ է ներկայացվել մշակելու կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգ։ Դրանով կարգավորվելու են կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կանոնների սահմանման հետ կապված հարաբերությունները:
Գանձապետական միասնական հաշվում, որպես դեպոզիտային հաշիվ, դեռ 2009 թ. բացվել է կայունացման հաշիվը, որի նպատակը սկզբնական շրջանում Ռուսաստանից ներգրաված 500 ԱՄՆ մլն դոլարի (185 մլրդ դրամ) կայունացման վարկի միջոցների օգտագործման առանձնացված հաշվառման ապահովումն էր: «Կայունացման հաշվի առկայության անհրաժեշտությունն ու նշանակությունը էական է եղել 2009 թ. ի վեր տնտեսական շոկերին հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման եւ մակրոտնտեսական ու հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու տեսակետից: Կայունացման հաշվի կարեւորությունը հիմնավորվել է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությամբ»,- նշում է ֆիննախը: Իսկ այդ փորձը ցույց է տալիս, որ «պետական բյուջեի կատարման եւ կառավարության կանխիկ հոսքերի կառավարման ոլորտում ընդունված պրակտիկա է կանխիկի բուֆերի կամ կայունացման հաշվի առկայությունը, որը կարեւոր գործիք է նաեւ տնտեսական հնարավոր շոկերի եւ ցնցումների ազդեցությունը մեղմելու համար»:
Շոկերին արձագանքելուց զատ կայունացման հաշվի նպատակներից են կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկը մեղմելը, շուկայի վստահությունը կառավարության ֆինանսական կարողությունների նկատմամբ ամրապնդելը եւ ֆինանսավորման աղբյուրների ընտրությունը առավել ճկուն դարձնելը։
Երեկ հաստատված որոշման նպատակը կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները օրենսդրորեն կարգավորելն է։ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանվում է, որ կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը պետք է լինի կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված համախառն ներքին արդյունքի 1-2 տոկոս միջակայքի սահմաններում, որտեղ 1 տոկոսը ստորին շեմն է, իսկ 2 տոկոսը՝ առավելագույն շեմը։ Միաժամանակ, հիմք ընդունելով օրենքի 15-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված լիազորող նորմը՝ սահմանվում են արդեն կայունացման հաշվի միջոցների նպատակային միջակայքի ստորին եւ վերին շեմերից թույլատրելի շեղումները՝ նպատակ ունենալով աջակցելու հարկաբյուջետային եւ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության իրականացմանը:
Կայունացման հաշիվը համալրվում է պարտքային աղբյուրներից ներգրաված միջոցների եւ այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին։ Հաշվի կառավարումն իրականացնում է ֆինանսների նախարարությունը:
Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը չի գործի կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ «պայմանավորված խոշորածավալ տարերային եւ տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների առկայությամբ»: