Հայաստանից վերադառնալուց հետո ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (2009-2014 թթ.), Դանիայի նախկին վարչապետ, «Ժողովրդավարությունների դաշինք» հիմնադրամի հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենն ամերիկյան «Project Syndicate»-ում հոդված է հրապարակել, որում հիմնական առարկությունները ներկայացնում է Բաքվին ու Մոսկվային: Նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը կրկին սրվում է, նա շեշտել է, որ Եվրամիությունը պետք է ավելի ծանրակշիռ դեր խաղա Հարավային Կովկասում:
Չնայած որ համընդհանուր ուշադրությունը միանգամայն հիմնավոր կերպով բեւեռված է ուկրաինական ճգնաժամի վրա, դա արդարացում չէ՝ անտեսելու մեկ այլ հակամարտություն, որը եռում է եվրոպական շեմին: Ռասմուսենը համարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է:
«Ես այցելեցի Լաչինի միջանցք: Դա միակ ճանապարհն է, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը կապում է Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ: Դեկտեմբերից այդ միջանցքն արգելափակված է ադրբեջանցիների կողմից բնապահպանական բողոքի պատրվակով: Այդ ամենն ակնհայտորեն տեղի է ունենում Բաքվի ռեժիմի աջակցությամբ: «Ցուցարարներն» արգելափակել են քաղաքացիական եւ առեւտրային ողջ երթեւեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ, ուստի, ինչպես զգուշացնում է «Amnesty International»-ը, տարածաշրջանի մոտ 120.000 հայ բնակիչներ զրկվել են կենսական նշանակություն ունեցող ապրանքներից եւ ծառայություններից, այդ թվում՝ դեղամիջոցներից ու առողջապահությունից»,- գրել է Ռասմուսենը՝ հստակեցնելով, որ կրակի դադարեցման պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանը խոստացել է երաշխավորել այդ ճանապարհի երկայնքով տեղաշարժի ազատությունը երկու ուղղություններով: Խոստովանելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները՝ հրաժարվելով հանել շրջափակումը, ՄԱԿ-ի միջազգային դատարանը փետրվարի 22-ին որոշում է կայացրել, որում Ադրբեջանից պահանջել է արգելափակման վերացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Սակայն դրանից գրեթե մեկ ամիս է անցել, եւ ոչինչ չի փոխվել:
Ենթադրվում էր, որ այդ երթուղին պետք է պաշտպանեն ռուսական խաղաղապահ ուժերը, բայց նրանք չեն գործում: Ռասմուսենն ահազանգ է հնչեցրել, որ եթե միջազգային հանրությունը ճնշում չգործադրի Ադրբեջանի վրա՝ պահանջելով վերացնել արգելափակումը, այժմյան հումանիտար ճգնաժամը կվերածվի հումանիտար ողբերգության:
«Ադրբեջանն արգելափակում ու այլ միջոցներ է կիրառում Լեռնային Ղարաբաղը խեղդելու համար: Տարածքի բնակիչներին հաճախ չեն թույլատրում վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատում են առանց նախազգուշացման կամ բացատրության: Ակնհայտ է այդ գործողությունների նպատակը՝ առավելագույնս բարդացնել հայ բնակչության կյանքը: Կա նաեւ էթնիկ զտման մեծ վտանգ: Մենք չպետք է հայացքը հեռացնենք տեղի ունեցողից: Իր կողմից՝ ադրբեջանական ռեժիմը շարունակում է նվազեցնել շրջափակման հետեւանքները կամ նույնիսկ դրա գոյությունը: Սակայն միեւնույն ժամանակ նրանք հրաժարվում են ապահովել միջազգային դիտորդների մուտքը՝ իրավիճակի գնահատում կատարելու համար: Հենց այդ պատճառով միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի միջանցք ուղարկել փաստահավաք հատուկ առաքելություն ՄԱԿ-ի կամ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հովանու տակ: Մենք պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հստակ հասկացնենք, որ կբախվի հետեւանքների, եթե շարունակի խախտել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, որի կատարումը պարտադիր է»,- շեշտել է Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը, ով հիանալի գիտի ռազմական գործի բոլոր նրբությունները, փաստել է, որ «Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմը ցուցադրեց, որ Ադրբեջանը նկատելի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ շնորհիվ Ռուսաստանից, Թուրքիայից ու Իսրայելից գնած զենքի»: Այդ փաստը եւս մեկ անգամ հաստատվեց, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, այդ թվում՝ Ջերմուկի ռազմավարական դիրքեր՝ տարածքներ գրավելով ռազմական գործողությունների վերսկսումից ընդամենը երկու օր անց:
«Չնայած Հայաստանն առաջվա պես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, որը Ռուսաստանին կապում է 5 նախկին խորհրդային հանրապետությունների հետ, ոչ մի աջակցություն չստացավ, երբ օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ: Հայաստանը մենակ ու անպաշտպան մնաց: Իրավիճակը խորանում է այն հանգամանքով, որ Ադրբեջանը շարունակում է զորքերը պահել հայկական տարածքում ու հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին: Քանի որ խաղաղ բանակցությունները կանգ են առել, անհանգստացնող նախանշաններ կան, որ Ադրբեջանը հնարավոր է համարում ավելիին հասնել ռազմական միջոցների, այլ ոչ թե բանակցությունների օգնությամբ: Չի կարելի բացառել, որ առաջիկա ամիսներին Հայաստանի վրա հարձակումը կարող է վերսկսվել»,- գրել է Ռասմուսենը:
Փորձառու գործիչը, նկատի ունենալով, որ Ռուսաստանը՝ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը, չի կարողանում կամ չի ուզում օգնել, կարծում է, որ Եվրամիությունը պետք է սկսի ավելի ծանրակշիռ դեր կատարել հանուն տարածաշրջանում խաղաղության ու կայունության: Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հասկանում են դա եւ իրենց քաղաքական կապիտալի զգալի մասը ծախսել են խնդրի լուծման համար: Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիտորինգ իրականացնելու համար:
«Սակայն պետք է շատ ավելին անել,- վստահ է Ռասմուսենը:- ԵՄ-ի առաքելությունը, որն այսօր տեղակայված է միայն հայկական տարածքում, պետք է շատ արագ ընդլայնվի՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկյանքով մոնիտորինգ իրականացնելու համար: Եվրոպական առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիեւի կառավարության վրա, որպեսզի ԵՄ-ի ներկայացուցիչներին թույլատրվի մտնել ադրբեջանական տարածք: Այո, իհարկե, ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը չի կարող կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն նրա ներկայության ընդլայնումը լրացուցիչ ճնշում կստեղծի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ռազմական հակամարտության փոխարեն նախապատվությունը տա բանակցություններին»:
Անդերս Ֆոգ Ռասմուսենն անդրադառնում է նաեւ այն փաստին, որ վերջին տարվա ընթացքում Եվրամիությունը տնտեսական ավելի սերտ կապեր է հաստատել Ադրբեջանի հետ, որովհետեւ շտապ պետք է հրաժարվի ռուսական գազից ու նավթից: Բայց դա ԵՄ-ի ղեկավարներին չպետք է խանգարի՝ հստակ բացատրելու Ալիեւին, որ «ոչ ոք նրան չի թույլատրի անպատիժ գործել, որ Եվրոպայի կարճաժամկետ առեւտրային հետաքրքրություններն ավելի բարձր չեն, քան նրա արժեքները եւ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման երկարաժամկետ շահը»: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել իր միջազգային պարտավորությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը, ապա քաղաքական ու տնտեսական հետեւանքներ կունենա:
«Հայաստանը նոր ժողովրդավարության երկիր է՝ չափազանց խնդրահարույց հարեւանությամբ: Ռուսաստանի ազդեցությունը մարում է, այդ իսկ պատճառով Եվրոպան պետք է ավելի կարեւոր դեր խաղա տարածաշրջանում: Դա ինչ-որ բարեգործության ձեւ չէ: Յուրաքանչյուրի շահերից է բխում գործել հենց հիմա՝ մեր հետնաբակում եւս մեկ լուրջ հակամարտություն կամ նույնիսկ էթնիկ զտում կանխելու համար»,- եզրափակել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը: