«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» խորագրի հյուրն է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորին գերազանցություն Նորա Արիսյանը
-Տիկին Արիսյան, ի դեմս Ձեզ՝ ցավակցում ենք Սիրիայի ժողովրդին այն ողբերգությունների կապակցությամբ, որոնք պատուհասել են երկրին վերջին տասնամյակում ու, մասնավորապես, ավերիչ երկրաշարժից հետո: Եվ կխնդրեինք անդրադառնալ երկիրը մասնատած պատերազմին ու դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին: Ի՞նչ ուղիներ է տեսնում Սիրիան ստեղծված դրությունից դուրս գալու համար:
-Ավելի քան 10 տարի Սիրիան պատերազմ է մղում ահաբեկչության դեմ: Իր ինքնիշխան տարածքում սիրիական ժողովուրդը դիմագրավեց տասնյակ երկրների զինյալ ահաբեկիչների, ընդհանրապես՝ ազատագրական արժանապատիվ պայքար մղեց տասնյակ երկրների դեմ: Այս առումով, ցավոք, պետք է հատուկ առանձնացնեմ Թուրքիայի բացասական դերակատարությունը՝ ԱՄՆ-ի, Արեւմուտքի աջակցությամբ: Անկարայի դերակատարությունը հարկ է գնահատել որպես պրոքսի պատերազմ, որը նա իրականացնում էր այսպես ասած Արեւմուտքի, ԱՄՆ-ի, ինչու չէ, բացահայտ կասեմ, Իսրայելի նկրտումները, գաղափարները, տեսակետները եւ ծրագրերը ի կատար ածելու համար: Այս ամենը դրսեւորվեց մի շարք գործոններում:
-Որո՞նք են այդ գործոնները:
-Ես պետք է շեշտեմ, որ Թուրքիան խախտեց Սիրիայի սահմանները եւ ներխուժեց երկրի տարածք: Դուք գիտեք, որ հյուսիսային մասում բավական երկար սահման ունենք Թուրքիայի հետ: Երկրորդ՝ Անկարան ոչ միայն խախտեց Սիրիայի տարածքային ամբողջականությունը, այլեւ հնարավորություն տվեց որոշ զինյալ խմբավորումների ու ահաբեկիչների՝ բացված ճանապարհով ներթափանցելու Սիրիա: Երրորդ գործոնը, որը նույնպես կարեւոր է, այն է, որ Թուրքիան ուղղակի ֆինանսավորեց այդ խմբավորումներին, աջակցեց, որպեսզի հասնեն իրենց երազած ու պլանավորած ծրագրերի կատարմանը: Այս ամենի արդյունքում, բնական է, Սիրիայի տնտեսությունը թուլացավ: Այսօր ԱՄՆ-ն բռնազավթել է տարածքներ, Թուրքիան օկուպացրել ու թալանել է հյուսիսարեւելյան որոշ շրջաններ: Թալանվել են Սիրիայի նավթը, բամբակը եւ հացահատիկը, որոնց արդյունահանումն ու արտադրությունը Դամասկոսը համարում է ռազմավարական ուղղություններ, որոնք շատ կարեւոր են երկրի տնտեսության համար: Արդյունքում Սիրիան այլեւս նավթի արդյունահանում ու բամբակի եւ ցորենի արտադրություն չի իրականացնում: Ավելին՝ ստիպված է դրանք ներկրել այլ երկրներից, որպեսզի Սիրիայի տնտեսությունն աշխատի:
Պատերազմը քիչ էր, այժմ էլ Սիրիայի ժողովուրդը բախվել է տարերային աղետի հետեւանքների հետ: Զոհերը, վիրավորներն ու ավերածությունները հսկայական մեծ թիվ են կազմում: Բայց երկրաշարժը նաեւ առիթ էր, որպեսզի մենք շատ ավելի ճիշտ տարբերենք իրական բարեկամներին ու հակառակորդներին: Թշնամի բառը սովորաբար չենք գործածում, որովհետեւ բաց ենք երկրների ու ժողովուրդների առջեւ, բայց նաեւ չենք կարող չասել, որ ոմանց վերաբերմունքը Սիրիայի նկատմամբ իսկապես թշնամական է: Ես ավելի հաճույքով կխոսեմ Սիրիայի բարեկամ երկրների մասին, որոնց թվում լավագույններից մեկը Հայաստանի Հանրապետությունն է՝ իր նախագահով, կառավարությամբ ու, ընդհանրապես, հասարակությամբ: Երկրաշարժից հետո հայ ժողովրդի մարդկային դրսեւորումը շատ բարձր էր, օժանդակություն հասցնելու արձագանքը շատ արագ էր, որոնողափրկարարական ջոկատը շատ արագ մեկնեց Սիրիա: Երեւանը Սիրիա ուղարկեց երկու ինքնաթիռ, որոնցից յուրաքանչյուրում, եթե չեմ սխալվում, 30 տոննայից ավելի մարդասիրական օժանդակություն կար. ինքնաթիռները վայրէջք կատարեցին Հալեպում ու Դամասկոսում: Այնուհետեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Սիրիա, հանդիպումներ ունեցավ նախագահ Բաշար Ասադի ու արտգործնախարար դոկտոր Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Այս ամենը Սիրիայի ու Հայաստանի ամրապնդված, բարեկամական հարաբերությունների լավագույն դրսեւորումն է եւ վստահություն է ներշնչում, որ ապագայում կողմերի միջեւ համագործակցությունն անխափան կլինի:
Պետք է նշեմ նաեւ, որ պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի Սիրիան կարողանա այս իրավիճակից դուրս գալ: Գլխավորը վերատիրանալն է Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանին: Սա նշանակում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն պետք է դուրս բերեն իրենց զինված ուժերը, որից հետո հնարավոր կլինի ձեռնամուխ լինել Սիրիայի վերականգնման աշխատանքներին: Չթաքցնեմ՝ անցյալ տարվա փետրվարից Սիրիայի կառավարությունը բավական լավ ծրագրեր է մշակել ու սկսել է ներդրումներ ապահովել: Սիրիայի վերականգնման ծրագրում ներառված է նաեւ Երեւանը: Մենք մեծ ցանկություն ունենք, որ Հայաստանը տնտեսական ոլորտի մասնագետների, ընկերությունների միջոցով, անկախ նրանից՝ դրանք մասնավո՞ր են, թե՞ պետական, իր լավ փորձառությունը ներդնի Սիրիայի վերականգնման գործում: Մեր երկրների միջեւ տնտեսական ու առեւտրական ակտիվ համագործակցությունն իրացման մեծ ներուժ ունի:
-Ինչպե՞ս եք գնահատում Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո միջազգային հանրության դրսեւորած վերաբերմունքը՝ հաշվի առնելով երկրի տնտեսական ու հումանիտար դրությունը: Եվ կարո՞ղ ենք, արդյոք, զուգահեռներ անցկացնել ավելի քան 100 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի շուրջ ստեղծված վիճակի եւ Սիրիայի նկատմամբ միջազգային հանրության դրսեւորած վերաբերմունքի միջեւ:
-Կարծում եմ՝ շատ դիպուկ հարց է: Որովհետեւ վերջին 10 տարում Սիրիան ոչ միայն պատերազմ մղեց ահաբեկչության դեմ, այլեւ ստիպված էր դա անել շրջափակման պայմաններում՝ պայմանավորված Արեւմուտքի որոշումներով: Դուք տեղյակ եք, անշուշտ, որ Սիրիան տարիներ շարունակ շրջափակման մեջ է, որ Սիրիայի ժողովուրդը ենթարկվում է տնտեսական պատժամիջոցների: Այսօր Սիրիայում գործող հիվանդանոցները, դեղորայքի գործարանները հիմնականում այլեւս չեն գործում: Պատճառն Արեւմուտքի պատժամիջոցներն են: Մեր երեխաները մնացին առանց կաթի, մեր հիվանդները՝ առանց դեղորայքի, Սիրիայի ժողովուրդը զրկվեց կենսական անհրաժեշտության ամենատարրական պաշարներից ու պայմաններից: «Զրկանք», «շրջափակում» բառերը հենց այնպես չեմ օգտագործում: Դա այն է, ինչին բախվում է նաեւ Արցախի ժողովուրդը: Եթե անդրադառնանք 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, որոնք փաստում են Սիրիայի եւ Հայաստանի՝ նույն խրամատում լինելու հանգամանքը, պետք է արձանագրենք մի շատ կարեւոր ճշմարտություն. մեր ժողովուրդները մի քանի մարտահրավեր ունեն: Դրանք համանման մարտահրավերներ են եւ երկու երկրի՝ Հայաստանի ու Սիրիայի դեպքում էլ կապ ունեն Թուրքիայի հետ: 100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության: Երկար է տեւում այդ ցեղասպանության հետեւանքների վերականգնման գործընթացը: Ես, որ նաեւ սփյուռքահայ եմ, կարող եմ հստակ նշել, որ սփյուռքը, դժբախտաբար, այդ հետեւանքներից մեկն է: Մենք, իհարկե, փորձում ենք օգտագործել այն լուսավոր կետերը, որոնք ունի սփյուռքը:
Վերադառնալով Հայաստանի, Արցախի ու Սիրայի միջեւ զուգահեռների թեմային ու փորձելով կրկին չօգտագործել թշնամական բառը՝ պետք է շեշտեմ, որ նկրտումներ ունեցող երկրներն ու իշխանություններն այսօր ուղղակի նույնացված ձեւով են գործում: Շատ ճիշտ է այն միտքը, որ այժմ պատերազմների բնույթը փոխվել է: Ավելի ու ավելի հաճախ զենքով չեն պատերազմում, այլ շրջափակումներով, տնտեսական պատժամիջոցներով, որպեսզի ժողովուրդներն ապրեն ոչ խաղաղ պայմաններում, որպեսզի ժողովուրդներն ու նրանց ղեկավարները ստիպված զիջումներ կատարեն:
-Իսկ Սիրիայից ի՞նչ զիջում էր ակնկալվում:
-Թուրքիան ճնշում էր գործադրում Սիրիայի վրա, որպեսզի հնարավորինս շատ զիջումներ կորզի, բայց այդպես չեղավ: Մենք որեւէ զիջում չկատարեցինք եւ, կարծում եմ, երբեք էլ չենք անի: Թուրք-սիրիական հարաբերությունների հնարավոր կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն սիրիական պայմաններով: Մենք, իհարկե, ցավում ենք, որ հայ ժողովուրդը տառապում է եւ նման շրջափակման է ենթարկվել:
-Տիկին դեսպան, վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Մոսկվայում պլանավորվում է հանդիպում Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով: Ընդ որում՝ մինչեւ վերջին պահը թվում էր, թե այն տեղի կունենա, սակայն, ի վերջո, հանդիպումը հետաձգվեց: Սա այնպիսի իրադարձություն է, որն առաջացնում է մի շարք հարցեր: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն նախապես հնարավոր այդ հանդիպումն անվանել էր ցածր մակարդակի հանդիպում: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Թուրքիան պլանավորվող հանդիպումը դիտարկում էր ոչ թե որպես իրական հաշտեցման հնարավորություն, այլ սոսկ նախընտրական խաղաքարտ:
-Մենք կարծում ենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում Թուրքիայի տարածաշրջանային ու Սիրիային առնչվող շարժումները, այո, նախընտրական փուլի հետ կապված գործոններ են, մանավանդ որ Սիրիայի վստահությունը Թուրքիայի նկատմամբ զգալիորեն թուլացել է: Որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, այս 10 տարվա ընթացքում Թուրքիայի դերակատարությունը խիստ բացասական է: Այսօր մենք շատ մեղմ բառեր օգտագործեցինք: Խորքային իմաստով Անկարայի դերն ուղղակի կործանարար է: Տեսեք՝ 2009-2011 թթ. ժամանակահատվածում բավական լավ հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, նրա առջեւ բացեցինք մեր դռները տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու համար: Ամեն շաբաթ թուրք գործարարների մասնակցությամբ եւ այլ ձեւաչափերով հանդիպումներ էին տեղի ունենում Հալեպում, որը Սիրիայի երկրորդ քաղաքն է, ինչպես մենք ենք անվանում, նրա տնտեսական մայրաքաղաքը: Թուրքիան աչքը տնկել է Հալեպի վրա եւ պարզապես օգտագործեց մեր բարիդրացիության, «բաց դռների» քաղաքականությունն ու բարյացակամությունը: Դամասկոսը հարգում է օրենքի գերակայությունը, միշտ արտահայտվում է ոչ միայն սեփական երկրի, այլեւ մյուս պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին: Սիրիայի հարաբերություններն այլ երկրների հետ հիմնված են միջազգային օրենքների վրա: Թուրքիան գործում է ոչ այս սկզբունքների շրջանակներում…
-Հանդիպումը չկայացավ, բայց նույն ժամկետում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնեց Մոսկվա: Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու տեսանկյունից Դամասկոսի վրա որոշակի ճնշում է գործադրվում…
-Նախ պետք է շեշտեմ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Մոսկվա պլանավորված էր նույնիսկ երկրաշարժից շատ առաջ, եւ հենց այդ օրերին նրա մեկնումը Ռուսաստանի մայրաքաղաք պարզապես համընկավ նույն Մոսկվայում արտգործնախարարների տեղակալների մասնակցությամբ պլանավորված եւ հետաձգված հանդիպման ժամկետների հետ: Պետք չէ զարմանալ. Սիրիայի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Մեզ համար Ռուսաստանը կարեւոր դաշնակից է, որի հետ համագործակցել ենք ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ այդ պատերազմում հաղթանակ տոնելուց հետո: Բազմաթիվ գագաթնաժողովներ են տեղի ունենում Մոսկվայում ու Դամասկոսում՝ կապված երկրի վերականգնման, փախստականների վերադարձի ու տնտեսական զարգացման հետ: Սրանք ապացույցներ են, որ մեր հարաբերությունները ջերմ են, փոխայցելությունները՝ շատ բնական: Ինչպես նախագահ Բաշար Ասադը հայտարարեց ռուսական երկու լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Սիրիա կատարած այցի վերջում, երկու երկրների հարաբերություններում շարունակական համագործակցություն պետք է տեղի ունենա նաեւ այլ ձեւաչափերով:
-Նախագահ Բաշար Ասադը հայտարարեց նաեւ, որ Թուրքիայի հետ որեւէ բանակցության մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ այդ երկիրն իր զորքերը դուրս չի բերել Սիրիայի ինքնիշխան տարածքից: Այնուհետեւ տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիան ու Սաուդյան Արաբիան կարգավորում են հարաբերությունները եւ պլանավորում են նաեւ դեսպանատներ բացել: Իր տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհին Սիրիան, որն աստիճանաբար վերահաստատում է իր կարեւոր տեղն ու դերակատարությունը նաեւ արաբական աշխարհում, կարող է եւ կարծրացնել դիրքորոշումը Թուրքիայի հետ հնարավոր երկխոսության առումով…
-Սիրիան միշտ պաշտպանում է իր ինքնիշխանությունը, եւ երկրի ներսում իշխանության ու ժողովրդի միասնությունն է, որ մեզ դեպի հաղթանակ առաջնորդեց այսպիսի երկարատեւ պատերազմում: Սիրիայի կառավարության դիրքորոշումը միշտ հստակ է՝ պաշտպանել երկրի ինքնիշխանությունը: Նպատակը ոչ թե կոշտ դիրքորոշումն է, այլ այնպիսի մոտեցումը, որը կբխի Սիրիայի ժողովրդի շահերից: Իշխանության բոլոր ճյուղերի համար սա առաջնահերթություն է: Եվ եթե նույնիսկ հարկ լինի կարծրացնել դիրքորոշումը, ապա միայն՝ հանուն ժողովրդի շահերի:
Առաջին անգամը չէ, որ նախագահ Բաշար Ասադը խոսում է թուրքական զորքերի դուրսբերման մասին: Անցած տարի մի քանի անգամ տարբեր ելույթներում նա շեշտեց, որ մենք զիջումներ չենք անի: Երկրի ղեկավարը շատ լավ հասկանում է, որ Թուրքիան վաղուց նկրտումներ ունի սիրիական տնտեսության, սիրիական տարածքների հանդեպ: Թույլ տվեք փակագիծ բացել: Անկարան պատերազմից, այսինքն՝ 2011-ից առաջ «փափուկ ուժի» միջոցով փորձել է ներթափանցել սիրիական հասարակության մեջ: Այդ «փափուկ ուժը» Թուրքիան կիրառել է տարիներով: Եթե անկեղծ, այդ առումով տեղ-տեղ որոշակի հաջողությունների հասել է, տեղ-տեղ՝ ոչ: Այնուհետեւ անցել է այլ միջոցների կիրառման: Այնպես որ, մենք շատ լավ գիտենք Թուրքիայի նկրտումները, եւ դրա հիմքի վրա է, որ հանդես ենք գալիս այդ դիրքորոշմամբ: Դա, այո, միակ պայմանն է, որովհետեւ մենք լիովին գիտակցում ենք Թուրքիայի դերակատարությունը եւ տարածաշրջանում, եւ աշխարհում: Զորքերի լիակատար դուրսբերումն այլընտրանք չունի, իսկ այդ գործողության իրականացման տարբերակները կարող են քննարկվել մասնագետների կողմից:
Ինչ վերաբերում է վերջին զարգացումների վերաբերյալ հարցին՝ կապված Սիրիա-Սաուդյան Արաբիա փոխհարաբերությունների կարգավորման հետ, ապա ես կուզեի վերադառնալ այն հարցին, թե ինչպիսին էր միջազգային հանրության արձագանքը սիրիական իրադարձություններին: Պատերազմի ժամանակ արաբական երկրները տարբեր տեսակետներ, տարբեր դիրքորոշումներ ունեին Սիրիայի հանդեպ: Ոմանք դիրքավորվեցին այնպես, որ չպետք է օգնեն Սիրիային երկրաշարժից հետո, որովհետեւ ավելի քան 10 տարվա ընթացքում բացասական դեր են ունեցել Դամասկոսի նկատմամբ, նույնիսկ մասնակցել են ագրեսիա իրականացրած խմբավորումների ֆինանսավորման ու աջակցության գործին: Բայց կան նաեւ այնպիսի երկրներ, որոնք վերանայել են իրենց դիրքորոշումները՝ հասկանալով, որ Արաբական լիգան առանց Սիրիայի չի կարող ծաղկել եւ առաջընթաց ունենալ, քանի որ Դամասկոսը դրա հիմնադիրներից մեկն է: Նրանք ցանկություն են հայտնել, որ Սիրիան վերադառնա լիգա: Մենք տեսնում ենք, որ լիգան է վերադառնում Սիրիա, այլ ոչ թե հակառակը: Սաուդյան Արաբիան խոհեմ դիրքորոշում որդեգրեց եւ վերանայեց 10 տարի առաջ ձեւավորած վերաբերմունքը: Այդ երկրի կառավարությունը տասնյակ ինքնաթիռներ ուղարկեց Սիրիա՝ հումանիտար օգնությամբ: Նաեւ երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչների փոխայցելություններ տեղի ունեցան: Այս ամենը վկայում է այն մասին, որ այդ երկիրը վերանայել է իր մոտեցումները:
-Սաուդյան Արաբիան կարգավորում է իր հարաբերությունները նաեւ Իրանի հետ…
-Եվ՝ Չինաստանի միջնորդությամբ: Ընդհանրապես՝ այս զարգացումները վկայում են, որ, առանց չափազանցության, տարածաշրջանում թուլանում է ԱՄՆ-ի գերիշխանությունը:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ ներուժ ունեն հայ-սիրիական հարաբերությունները:
-Կարեւոր հարց է: Անցած տարի մեր երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն էր, եւ մենք փորձեցինք նաեւ գիտական ու դիվանագիտական մակարդակներով տոնել այն ազգային ակադեմիայի հետ միասին: Անդրադարձ եղավ նաեւ հայկական մամուլին: Ավելի քան 10 տարի համագործակցության հարցում որոշ դադար էինք վերցրել, անշուշտ, պատերազմի պատճառով, սակայն այս 30 տարվա մեջ շատ գեղեցիկ են դրսեւորվել երկու երկրների հարաբերությունները, որոնք ժողովուրդների դարավոր պատմության շարունակությունն են: Այն մասին վկայությունները, որ մեզ կապում են բազմադարյան հարաբերությունները: Երկու երկրներն այս 30 տարվա ընթացքում հաջողություններ են արձանագրել մի շարք ոլորտներում, սակայն առաջնակարգ դիրք են գրավում կրթությունը, մշակութային ոլորտում փորձի փոխանակումը: Կարող եմ ասել, որ մենք հիացած ենք Հայաստանի մշակութային, արվեստի ոլորտներով, Հայաստանի ժողովրդի կարողություններով: Ինքս նույնպես ցանկություն ունեմ գոնե կրթական ու մշակութային ոլորտներում վերականգնել մեր հարաբերությունները:
Անշուշտ, ուշադրություն ենք դարձնում նաեւ տնտեսական ոլորտին: Տնտեսությունը հանգիստ միջավայր է պահանջում: Այդ ապահով միջավայրը Սիրիան արդեն ունի: Ապահովության իմաստով խնդիր այլեւս չունենք, սակայն կա շրջափակման խնդիր, պատժամիջոցները զրկում են դրամական փոխանցումների հնարավորություններից: Այս բոլորն այնպիսի մանրամասնություններ են, որ կհետաքրքրեն առեւտրականներին ու տնտեսագետներին, ովքեր շահագրգռված են՝ ակտիվացնելու այդ հարաբերությունները: Սակայն մենք չենք հոգնի, նաեւ ձեր՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի միջոցով Հայաստանի տնտեսական, առեւտրային ընկերություններին ու անհատներին հրավիրելու այցելել Սիրիա եւ մասնակցել տեղի ունենալիք միջոցառումներին: Հաջորդ ամսին բազմաթիվ ցուցահանդեսներ պետք է կայանան՝ կապված երկրի վերաշինության հետ, եւ ցանկալի է, որ հայաստանյան ընկերությունները նույնպես մասնակցեն դրան: Սա նաեւ առիթ է, որ ԶԼՄ-ների միջեւ հարաբերությունները նույնպես զարգանան: Սիրիան լրատվական հարցերով հատուկ նախարարություն ունի, որ կարող է համակարգել այդ ամբողջ աշխատանքը:
Թույլ տվեք ասել, որ մենք տարբեր այլ ոլորտներում նույնպես համագործակցության ցանկություն ունենք, այդ թվում՝ առողջապահության եւ գյուղատնտեսության: Կփորձենք աշխատանքներ տանել նաեւ միջկառավարական հանձնաժողովի հանդիպման կայացման համար, որը պետք է տեղի ունենա Դամասկոսում: Սակայն հիմա այդ բոլոր փաստաթղթերը վերանայվում են: Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին կկարողանանք դա իրականացնել:
-Սիրիայի ժողովրդին բաժին հասած դժվարություններին բախվել է նաեւ սիրիահայ համայնքը: Այսօր ի՞նչ խնդիրներ ունի համայնքը: Մեր ժողովուրդն ինչպե՞ս է կարողանում մասնակցել Սիրիայի պաշտպանության գործին: Ինչպիսի՞ն է Սիրիայի ժողովրդի ու կառավարության վերաբերմունքը սիրիահայ համայնքի նկատմամբ:
-Ես նույնպես սիրիահայ եմ: Ինձ համար հարստություն է սիրիացի ու հայ լինելը: Իմ առաջին գրքում, խոսելով այդ մասին, դա ներկայացնում եմ որպես դրական երկվություն…
Հայերս Սիրիայում գրեթե ամենուր ենք, ունենք մեր եկեղեցիները, որտեղ հայերենով պատարագներ են մատուցվում: Ունենք ազգային մարզական, մշակութային, թատերական, բարեսիրական եւ այլ միություններ, որոնք, այո, որոշակի դանդաղությամբ, որոշակի նոսրացումով, բայց շարունակում են իրենց գործունեությունը՝ սփռելով հայաշունչ մթնոլորտ, քաջալերելով սովորել հայերենը: Այստեղ անհրաժեշտ է անպայման շեշտել, որ (բազմիցս արձագանքել եմ եւ բարձրացրել այս հարցը) մենք մեծ խնդիր ունենք՝ կապված արեւմտահայերենի հետ: Ընդ որում՝ ոչ միայն Սիրիայում, այլեւ Լիբանանում, Իրաքում, Պաղեստինում, Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում ու երկրներում: Դիմել եմ նաեւ սփյուռքի հանձնակատարի գրասենյակին: Մենք՝ սփյուռքահայերս, գուրգուրում ենք արեւմտահայերենը: Կարծում եմ՝ սփյուռքն էլ, արեւմտահայերենն էլ պետք է պահպանվեն համայն հայության ջանքերով: Արեւմտահայերենը մեր ազգային գերագույն արժեքներից մեկն է: Հարցի բարձրացումն ամենեւին էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ ես բանասեր եմ ու պատմաբան, պարզապես դա անչափ կարեւոր թեմա է, որին չի կարելի չանդրադառնալ: Արեւմտահայերենի մասնագետ ուսուցիչների խնդիր ունենք Սիրիայում: Այս եւ հարակից խնդիրները հնարավոր է լուծել միայն համատեղ ուժերով:
Շեշտեմ, որ սիրիահայ տղամարդիկ ծառայում են բանակում եւ լիարժեք մասնակցում են երկրի պաշտպանության գործին: Պատերազմի ընթացքում զոհվել են նաեւ հայ զինվորներ, կորուստներ ունենք նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: Հայ համայնքը նոսրացել է: Այո, նոսրացել է, բայց չի տկարացել: Հայության հիմնական հատվածն այժմ ապրում է Հալեպում, Լաթաքիայում, Քեսաբում, Դամասկոսում եւ Քամիշլիում: Սփյուռքի մեջ պետք է ուսումնասիրվի այս խնդիրը, եւ ես ձեր միջոցով հայաստանյան հասարակությանը պետք է իրազեկեմ, որ Սիրիան օժանդակում ու աջակցում է սիրիահայերին: Վերաշինության ենթարկվող հայկական եկեղեցիներին օժանդակություն է տրվել նախագահի հրամանագրով: Մի քանի հայկական դպրոցներ, վարժարաններ կամ ճեմարաններ վերանորոգվել կամ կահավորվել են պետության նյութական աջակցությամբ: Սրանք դրսեւորումներ են, որոնք ապացուցում են, որ պետությունը, հանձինս նախագահի ու կառավարության, փորձում է բոլոր միջոցներով նեցուկ լինել երկրում մնացող սիրիահայերին: Շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստան մեկնող սիրիահայերը, որոնց թիվը հաշվվում է հազարներով, փորձում են հաստատվել Հայաստանում: Լավ է, որ գոնե Հայաստան են եկել, այլ ոչ թե այլ երկիր, որտեղ կարող են ձուլվել ուրիշների հետ:
-Կա՞ ինչ-որ հարց, որը չհնչեց, բայց որին կցանկանայիք անդրադառնալ:
-Անկեղծ՝ շնորհակալ եմ: Ուզում եմ ձեր միջոցով շնորհակալություն հայտնել նաեւ Հայաստանի մյուս ԶԼՄ-ներին: Պատրաստ եմ մշտապես արձագանքել ձեզ հետաքրքրող այն թեմաներին, որոնք կապվում են Սիրիայի հետ:
-Թույլ տվեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի անունից մեր ողջույնները Ձեր միջոցով հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ նորին գերազանցություն պարոն Բաշար Ասադին եւ վստահություն հայտնել, որ մեր երկու երկրների ժողովուրդները պայքարում են հանուն հայրենիքի, եւ այդ պայքարում մեր ջանքերը կարող են մեկտեղվել: Երախտագիտություն ենք հայտնում Սիրիայի ողջ ժողովրդին՝ պատմական ծանր պահին հայ ժողովրդին աջակցելու համար: Սիրիայի նախագահին ու ժողովրդին համբերություն ու տոկունություն ենք մաղթում, իսկ մեր երկու ժողովուրդներին՝ վերջնական հաղթանակ:
-Ես նույնպես հավատում եմ այդ ձեւաչափին: Իմ ղեկավարները նույնպես հավատում են, քանի որ Հայաստանն իր ունեցած համբավով, իր ժողովրդով, անկախ այն հանգամանքից, որ փոքր երկիր է՝ փոքրաթիվ բնակչությամբ, շատ մեծ հնարավորություններ ունի: Հայաստանի հետ Սիրիայի հարաբերությունները վերջին տարիներին պատերազմի պատճառով փոքր-ինչ տկարացել են, բայց մենք գիտենք, որ կարող ենք եւ պետք է վերադառնանք Հայաստանի հետ համագործակցությանը: Սիրիան անցնում է ահաբեկչական պատերազմի միջով, Հայաստանն էլ ցավոտ շրջան է ապրում, եւ ես համաձայն եմ ձեզ հետ, որ իրար հետ ներդաշնակվելով՝ կարող ենք հաջողություններ արձանագրել: Քանի որ երկու երկրների ժողովուրդները եւ ղեկավարները ելնում են նույն հայեցակարգից, կարծում եմ, որ կարող ենք միասին խաղաղություն ապահովել մեր երկու ժողովուրդների համար, ավելի մերձեցված ու ավելի ամրապնդված բարեկամական հարաբերություններ ունենալ:
Հարցազրույցը վարեցին Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ եւ Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ