Հայաստանը պատմականորեն կարեւոր կանգառ էր հնագույն «Մետաքսի ճանապարհին». ծավալուն հոդվածում գրել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը՝ նշելով, թե «բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»։ Դեսպանն անդրադառնում է հայ-չինական դարավոր կապերին, Հայաստանի անկախությունից հետո երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին։ Եվ վստահություն է հայտնում, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունները, անկասկած, ավելի պայծառ ապագա կունենան՝ «վստահ եւ հասուն շեշտադրմամբ»։
Երբ տարիներ առաջ արծարծվեց «Մետաքսի ճանապարհի» վերականգնման գաղափարը, Չինաստանը կարեւորում էր այդ պատմական ճանապարհի պատմակա՛ն ուղով գծումը։ Բնականաբար, հրապարակ նետվեց Թուրքիան եւ, պատմակեղծարարի իր ոճի համաձայն, սկսեց «ապացուցել», որ «Մետաքսի ճանապարհը» երբեք Հայաստանով չի անցել։ Այդ ժամանակ նրա ջանքերն ապարդյուն անցան, որովհետեւ «Մետաքսի ճանապարհի» պատմական երկու դերակատարները՝ Չինաստանն ու Հայաստանը, ամենաբարձր մակարդակներում խոսեցին այդ ճանապարհի ու Հայաստանի անջնջելի կապերի մասին։
Ինչ ճանապարհ է սա, ինչու է Հայաստանը անքակտ կապված այս ճանապարհին, ինչ դեր է այն խաղացել ժամանակին։
Հնում Չինաստանը Առաջավոր Ասիայի եւ ապա՝ Եվրոպայի հետ կապող առեւտրային մայրուղին էր «Մետաքսի ճանապարհը», ավելի ստույգ՝ սկզբում՝ առեւտրաքարավանային մայրուղին: Այն, այսպես ասենք, պաշտոնապես բացվեց Ք. ծ. ա. 2-րդ դարից եւ գործեց մինչեւ 16-րդ դարը: Իսկ «Մետաքսի ճանապարհ» էր կոչվում, որովհետեւ սկզբում փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր։ Ներկայիս քարտեզային անվանումներով, «Մետաքսի ճանապարհն» սկիզբ էր առնում Կենտրոնական Չինաստանից եւ Լանչ-ժոուով անցնելով Դունխան՝ երկատվում էր։ «Մետաքսի ճանապարհի» մի հատվածն Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախիջեւավան եւ Արտաշատ, այնտեղից՝ Սեւ ծովի նավահանգիստները։ Երբ «Մետաքսի ճանապարհը» նոր-նոր էր գործում, առեւտրի միջնորդության գերակշիռ դերը ստանձնելու համար սուր պայքար ծավալվեց տարբեր երկրների միջեւ: Սկզբում Հռոմի եւ Պարթեւստանի առեւտրական վերնախավերն էին միմյանց միջեւ պայքարի մեջ, հետո արաբ առեւտրականները ոտքի ելան: Ծովագնացության զարգացմանը զուգահեռ «Մետաքսի ճանապարհի» ցամաքային ուղուն ծովայինն էլ ավելացավ:
Արեւելքն Արեւմուտքին կապող այս ուղին միայն տնտեսական չէր, այլեւ՝ մշակութային, նաեւ քաղաքական. խոշոր առեւտրաքարավանային այս ճանապարհի շնորհիվ միմյանց հետ սկսեցին առեւտուր անել այսպես ասած հին ու նոր աշխարհները՝ հին Չինաստանը, Հնդկաստանը, Մերձավոր Արեւելքը մտան Եվրոպա, նոր Եվրոպան էլ հասավ մինչեւ «աշխարհի ծայրը»: Եվ այս հին ու նոր աշխարհները առեւտուր էին անում միջնորդ երկրներում, օրինակ՝ Հայաստանում եւ, մասնավորապես, Արտաշատում: Այստեղ հայտնաբերված տարբեր երկրների մետաղադրամները լավագույնս կարող են խոսել այն մասին, թե որ երկրների առեւտրականներն են Արտաշատով ելումուտ արել տարբեր աշխարհամասեր: Մետաղադրամներից զատ, հայտնաբերված արքայական տարբեր երկրների դրոշմակնիքներն էլ են խոսուն: Արեւելքն ու Արեւմուտքը միմյանց էին կապում հայ վաճառականները, որոնք ժամանակին լուրջ պայմանագրեր էին կնքում տարբեր երկրների հետ: Ի դեպ, հայ վաճառականության պատմությանը ծանոթները գիտեն, որ հայերը վստահելի գործընկերներ են եղել ամենուր, եւ ժամանակի աշխարհներում արքայական դրոշմակնիքներով եւ հայ վաճառականի «ազնիվ խոսքով» հստակ պայմանագրեր են կնքվել: «Մետաքսի ճանապարհի» այլ երկրների վաճառականները լավ գիտեին, որ Հայաստանում կարող են հանգիստ լինել, որովհետեւ այստեղ ճանապարհները հսկվում էին եւ հատուկ հյուրատներ՝ քարավանատներ էին գործում: Չէ՞ որ Արեւելքից Արեւմուտք ճանապարհը երկու տարի էր տեւում: Շատ հաճախ վաճառականները Հայաստանից հետ էին դառնում՝ Եվրոպային խոստացված ապրանքը հայ վաճառականներին հանձնելով՝ վստահ լինելով, որ իրենց կնքած գործարքները չէին տապալվի: Հայաստանը դարձել էր երկու աշխարհամասերի համար կարեւոր ու, ընդգծում ենք, վստահելի խաչմերուկ, այնքա՛ն վստահելի, որ «ազնիվ խոսքի» հանգամանքը հստակ գործում էր։
Ժամանակի ընթացքում «Մետաքսի ճանապարհի» դերը, ծովային նավագնացության զարգացմանը զուգահեռ, թուլացավ։ Եթե չլիներ Կիլիկյան Հայաստանը, այդ ճանապարհի փառահեղ պատմությունն ավելի շուտ կավարտվեր։ «Մետաքսի ճանապարհի» անվտանգությունն ապահովելը գնալով դժվարանում էր, որովհետեւ ծովահենությունն էր մտել իր տարերքի մեջ։ Կիլիկիան, որ հայկական թագավորություն էր՝ առեւտրային ու ռազմական նավատորմերով հանդերձ, փոխեց վիճակը, եւ արեւելքից ձգվող «Մետաքսի ճանապարհի» ծովային դարպասը դարձավ դեպի Եվրոպայի նավահանգիստները: Հայկական այս թագավորությունը ժամանակի միջազգային ծովային օրենսդրությունում փոփոխություններ կատարեց, որոնք իրապես բարեփոխումներ դարձան: Խոսքն «Ափի իրավունքի» մասին է: Այդ տարիներին այս իրավունքը կիրառվում էր եվրոպական երկրներում եւ ենթադրում էր խորտակված նավերի, դրանց բեռների, անգամ ուղեւորների սեփականացում ափատիրոջ կամքով: Այս «Ափի իրավունքը» գործել է նաեւ միջերկրածովյան ավազանի արեւելյան երկրներում: Իսկ Կիլիկյան Հայաստանը պայքար մղեց այս իրավունքի դեմ: Եվ այդ պայքարը մղեց այդ իրավունքից հրաժարվելով: Հայտնի է, որ Լեւոն արքան «Ափի իրավունքից» հրաժարվել է Վենետիկի օգտին: Հետագայում այդ նորմը գործածեցին նաեւ Հեթում 1-ինը եւ Լեւոն 3-րդը: Եվ աշխարհի վաճառականության համար Կիլիկյան Հայաստանը դարձավ ծովային առեւտրի վստահելի գործընկեր: Հայկական դրոշի տակ շատ նավեր էին ծով դուրս գալիս Մադրասից, Կալկաթայից, Բոմբեյից… Հայ վաճառականների ծառայություններից սկսեցին օգտվել ֆրանսիացիները, իսպանացիները, անգլիացիները, պորտուգալացիները, հոլանդացիները: Ի դեպ, եվրոպական երկրների արխիվներում պահված ժամանակի ծովային փաստաթղթերում այս մասին հիշատակություններ կան:
Պատմական հարթակից թե գանք մեր ժամանակներ, պիտի խոսենք 2000-ականներից, երբ միջազգային հարթակում «Մետաքսի ճանապարհի» մի քանի տարբերակներ «գցվեցին»։ Թյուրքական կողմից, օրինակ, գցվել էր «Երկաթյա մետաքսի ճանապարհը», որը երկաթուղային ճանապարհ էր ենթադրում։ Ըստ Էրդողանի, որ այդ ժամանակ Թուրքիայի վարչապետն էր, երկաթյա այս ճանապարհի նախագծում ներգրավված էին լինելու 28 երկրներ (իհարկե, առանց Հայաստանի), եւ նոր նախագծի տրանսպորտային տարածքը կազմելու էր մոտ 81 հազար կմ: 2014 թ. Էրդողանը կրկին խոսեց այդ «Երկաթյա մետաքսի ճանապարհի» մասին։ Արեւմուտքն էլ ուներ իր տարբերակը՝ «Մետաքսի ճանապարհի» սեւծովյան միջանցքի գաղափարը: Եվ 2014 թ. նոյեմբերի 7-ին ազդարարվեց Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Հունաստանի գործընկերների «Մետաքսի ճանապարհի» սեւծովյան միջանցքի պաշտոնական միջտարածաշրջանային բացումը։ Միջոցառմանը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը ասել էր, որ սա «Մետաքսի ճանապարհի» մի հատված է՝ Սալոնիկից մինչեւ Մեղրի: Թուրքիան, տեսնելով, որ «Երկաթյա մետաքսի ճանապարհի» գաղափարը չի կարողանում իրացնել, առաջ քաշեց «Նոր մետաքսի ճանապարհի» նախագիծը… Ինչեւէ, ասպարեզում մնաց «Մետաքսի ճանապարհի» չինական «հեղինակային իրավունքը»։ Եվ Չինաստանը միշտ շեշտադրել է Հայաստանի կարեւորությունը։ Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնի ժամանակ փայլուն հաջողության հասան հայկական գեղարվեստական ֆիլմերը: «Մետաքսի ճանապարհի» մշակութային շերտին հաջորդեց եվրասիական քաղաքականության երանգը: Այս տարեսկզբից շրջանառվեց «Մետաքսի ճանապարհի» եվրասիական հատված եզրույթը, որը ոչ այլ ինչ է, քան ԵՏՄ-ի եւ «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու նախագծերի միավորում: 2015 թ. ՀՀ-ում Չինաստանի դեսպանը Գյումրիում խոսեց «Մետաքսի ճանապարհի» դերակատարության մասին։ Դեսպանը հստակ շեշտադրել էր, որ «Մետաքսի ճանապարհի» վերականգնումը ոչ միայն պատմական դարավոր ավանդության վերածնումն է, այլեւ նորից միջազգային առեւտրի կապող օղակ ստեղծելը, ինչպես նաեւ այդ ճանապարհային քարտեզի մեջ մտնող երկրների ու քաղաքների տնտեսական զարգացմանը նպաստելը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ելույթով հանդես էր եկել Չինաստանում ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովում, շեշտել էր, որ «Հայաստանը Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող մի երկիր է, որը հազարամյակներ շարունակ կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջեւ, եւ որտեղ միաձուլված են արեւելյան եւ արեւմտյան արժեքները: Այդ կապի առարկայական պատկերը պատմական Մետաքսի մեծ ճանապարհն է, որի անքակտելի մաս է կազմել Հայաստանը: Եվ պատահական չէ, որ մեզ համար այդքան գրավիչ է նախագահ Սի Ծինփինի՝ ժողովուրդներին միավորող այդ ուղին վերականգնելու առաջարկը»:
Հաջորդող տարիներին «Մետաքսի ճանապարհի» հետ կապված միջոցառումները շարունակվեցին միջազգային հարթակներում, բայց Հայաստանն արդեն ձեռքը զարկերակին չպահեց՝ ճիշտ պահին եւ արագ արձագանքելու ճանապարհի վերականգնման հետ կապված բոլոր գործընթացներին: Չինաստանի դեսպանի նշյալ հոդվածային անդրադարձը կրկին հստակ «մեսիջ» էր Հայաստանին առ այն, որ հայ-չինական բարեկամությունը պետք է բերել բոլորովին նոր մակարդակի ու նոր որակի՝ փոխադարձ հարգանքի, փոխշահավետության հիմքով։ Հայաստանն ու Չինաստանը կարող են համագործակցել այլ ճակատներում եւս (բայց սա արդեն քննարկման այլ թեմա է)։ Չինական կողմից պատրաստակամությունը կա, մնում է, որ Հայաստանը գործուն քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ՝ հասկանալով երկկողմ փոխշահավետ գործակցության խորքային պատճառներն ու զարգացման լավ հիմք ունեցող հեռանկարները։