Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Կրթություն եւ կարիերա EXPO 2023»

Ապրիլի 7, 2023
Հանրապետություն
«Կրթություն եւ կարիերա EXPO 2023»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
223
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կրթություն եւ կարիերա EXPO 2023» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն արդեն 22 տարվա պատմություն ունի։ Կազմակերպվել էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ու «logos expo center» ցուցահանդեսային ընկերության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

Իր ողջույնի խոսքում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց. «Ցուցահանդեսը լայն հնարավորություն է տալիս ուսումնական հաստատություններին, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային եւ տեղական կազմակերպություններին ամփոփել եւ ներկայացնել կատարված աշխատանքները, նախատեսվող ծրագրերը, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, միաժամանակ ապահովում է եւ՛ մրցակցություն, եւ՛ համագործակցության զարգացման պլաններ»։ Նշեց նաեւ, որ ցուցահանդեսն առավել կարեւորվում է աշակերտների եւ ուսանողների համար։ Ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանում եւ արտերկրում գործող կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ եւ միջազգային դոնոր կառույցներ։ 22-ամյա պատմություն ունեցող եւ տարածաշրջանում խոշորագույն միջազգային ցուցահանդեսում ներկայացվող հիմնական թեմատիկ բաժիններն են՝ բարձրագույն կրթություն եւ ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ, միջին մասնագիտացված կրթություն եւ քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, օտար լեզուներ, ուսուցում արտերկրում, փոխանակման ծրագրեր եւ այլն։

Ընթացքում շրջեցի ցուցահանդեսում, զրուցեցի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացա ներկայացված թեմաներին։ Առավել հետաքրքրող էին ռազմական ուսումնական հաստատությունները, որոնք են հիմնականում ապահովելու Հայոց բանակի սպայական կազմը, անվտանգությունը։ 2017 թ. սեպտեմբերից Դիլիջան տեղափոխված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ակադեմիական ուսումնառության համար ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ։ Սաների կրթությունը, դաստիարակությունը, ռազմամարզական պատրաստությունը կազմակերպվում եւ իրականացվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների, զինվորական դաստիարակների եւ մարզիչների ուժերով: Վարժարանի ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, վարժարանի պետի կողմից: Այս ուսումնական կրթօջախի տաղավարում դասախոս, փոխգնդապետ Հակոբ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցել են նաեւ անցած տարիներին։ Նպատակն է՝ այցելու աշակերտներին, նրանց ծնողներին տեղեկացնել ուսումնարանի մասին, որպեսզի ցանկացողները դիմեն։ Հավելեց նաեւ՝ օրվա ընթացքում արդեն շատերն են մոտեցել, հետաքրքրվել ուսումնարանով եւ ցանկություն հայտնել սովորելու այդ կարեւոր ուսումնարանում։ Նշեց նաեւ, որ արտասահմանցիներ էլ են հետաքրքրվել եւ որոշել դիմել, քննություն հանձնել։ Ուսումնարանի 3-րդ կուրսի սովորող Գարիկ Կարապետյանը նշեց, որ ինքն ու իր ընկերները ռազմական եւ հանրակրթական ուսումնառություն են անցնում, եւ շատերը որոշել են ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել ռազմական ԲՈՒՀ։

«Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաները՝ հատուկ համազգեստ հագած, տնօրեն Սամսոն Մուրադյանի գլխավորությամբ իրենց հատկացված տաղավարում այցելուներին ներկայացնում էին զենքի հետ վարվելու կանոնները, քանդել-հավաքելը։ Նաեւ ներկայացնում էին իրենց դպրոցը, որտեղ սովորում են Հայոց բանակի ապագա զինվորներն ու սպաները։ Ս. Մուրադյանն ասաց, որ ցուցահանդեսին մասնակցում են հիմնականում նախազորակոչային տարիքի տղաներին ծանոթացնելու իրենց դպրոցին եւ ռազմական արվեստին։ Տաղավարը միշտ մարդաշատ էր, եւ շատ պատանիներ ու աղջիկներ էին մոտեցել, հետաքրքրվել, փորձել քանդել-հավաքել զենքը։ Դպրոցում ընդունելությունը կազմակերպվում է 7-17 տարեկան տղաների եւ աղջիկների համար, որտեղ կմասնակցեն ռազմահայրենասիրական դասընթացների` հրաձգություն, մարտարվեստ, թշնամու լեզու, առաջին բուժօգնություն, մորզեի այբուբեն, ռազմական պար։ Դասերը՝ շաբաթ եւ կիրակի, ժամը 10։00-15։00։ Ս. Մուրադյանը ներկայացրեց նաեւ իր սաներից Հովհաննես Տեր-Թադեւոսյանին՝ լեգենդար Կոմանդոսի թոռանը։ «Ապագա զինվոր» դպրոցի սանը կարեւորեց իրենց կրթօջախի դերը, իսկ մասնակցությունը ցուցահանդեսին լավ առիթ է՝ դպրոցի սաների շարքերը համալրելու համար։ Հովհաննեսն այժմ սովորում է 8-րդ դասարանում եւ որոշել է դառնալ հոգեբան։ Սակայն ռազմարվեստին տիրապետելը համարում է հայ բոլոր պատանիների խնդիրը։

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրականացնում է բարձրագույն ռազմական մասնագիտական կրթության բակալավրի աստիճանով կրթական ծրագրեր 4 տարի եւ 5 տարի տեւողությամբ` 13 մասնագիտություններով: Համալսարանի հիմնական խնդիրը ռազմական ավիացիայի, կապի եւ հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, բակալավրի աստիճանով սպաների պատրաստումն է։ Ռազմաուսումնական հաստատություն ընդունելությանը կարող են մասնակցել 18 տարին չլրացած քաղաքացիները, ինչպես նաեւ մինչեւ 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներ, զինծառայողներ, պահեստազորում հաշվառվածներ, իգական սեռի ներկայացուցիչներ։ Այս համալսարանի տաղավարում ներկայացված էին բանակին անհրաժեշտ սարքավորումներ՝ կապի միջոցներ, ավիացիոն սարքավորումներ, ինչպես նաեւ ԱԹՍ։ Համալսարանի ավիացիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գեւորգ Մուրադյանը Երեւանից է, ասաց, որ կյանքը կապել է ռազմարվեստի հետ։ Ներկայացրեց ցուցադրվող սարքավորումները եւ հպարտորեն նշեց՝ ցուցադրված անօդաչու թռչող սարքը, որը հետախուզական նպատակով է, արտադրված է իրենց համալսարանում։ Հարեւանությամբ մեր երկրի եւս մեկ կարեւոր ռազմական ԲՈՒՀ-ի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տաղավարն էր։ Ցուցահանդեսին մասնակցելու հիմնական նպատակն ապագա ուսանողների ընդունելությունն է։ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կազմավորվել է 1994 թ. հունիսի  24-ին` որպես բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարան: Համալսարանի բակալավրիատի կուրսանտների ընդունելությունն իրականացվում է «ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության եւ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման եւ «ՀՀ ՊՆ եւ օտարերկրյա պետությունների ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության վերաբերյալ հրահանգը եւ ընդունելության ընթացակարգը գործողության դնելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն: Համալսարանի ներկայացուցիչ, գնդապետ Վ. Խաչատրյանը նույնպես կարեւորեց ցուցահանդեսի դերը։

Ընթացքում ծանոթացա նաեւ մշակութային ուսումնական հաստատությունների գործունեությանը։ Երեւանի մանկապատանեկան կենտրոնը 100-ամյա պատմություն ունի, նախկին «Պիոներ պալատը» շարունակում է գործունեությունը։ Այստեղ սովորեցնում են պարարվեստ, երգարվեստ, երաժշտական գործիքներ, թատերարվեստ, կիրառական արվեստ։ Կարեւոր տեղ ունեն նաեւ կրթական հարթակը, մեդիա ոլորտը եւ սպորտային մասնագիտությունները՝ սուսերամարտ, կարատե եւ շախմատ։ Կենտրոնի կրթական հարթակի համակարգող Սոնա Դավթյանը տեղեկացրեց՝ ընդունելությունը կազմակերպվում է 3-18 տարեկան երեխաների եւ պատանիների համար։ Նաեւ ուսուցիչների համար կազմակերպում են վերապատրաստման դասընթացներ։ Կենտրոնն ապահովված է մասնագետներով, այստեղ հաճախում են նաեւ Երեւանի մերձակա բնակավայրերի երեխաներ։ Երեւանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում գործում են 6 մասնագիտություններ՝ գեղանկարչություն եւ քանդակագործություն (փայտյա գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, մետաղյա գեղարվեստական իրերի փորագրություն), ոսկերչություն, գոբելենագործություն, գեղ. ձեւավորման աշխատանքներ եւ դիզայն, խեցեգործություն, վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում։ Ուսումն անվճար է՝ 3 տարով։ Ուսումնարանի վարպետ Արման Սասոյանը տեղեկացրեց, որ ունեն 400-ից ավելի սովորող։ Իսկ ցուցահանդեսը հնարավորություն կտա ավելացնել սովորողների թիվը։ 1999 թ. Արարատի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը վերանվանվել է Արարատի պետական քոլեջ, իսկ 2002 թ. ՀՀ ԿԳՆ «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. դեկտեմբերի 3-ի հրամանի, վերակազմակերպվել է որպես ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատ պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի: Այստեղ միջին մասնագիտական կրթական համակարգում գործում են «Ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում», «Սպասարկման կազմակերպում», «Նախադպրոցական կրթություն», «Համակարգչային գեղարվեստական նախագծում», «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Շուկայաբանություն», «Կոսմետիկա եւ դիմահարդարման արվեստ» եւ «Դեղագործություն», իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական համակարգում՝ «Համակարգիչների շահագործում», «Վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում», «Խոհարարական գործ», «Կարի արտադրության տեխնոլոգիա» եւ «Գինեգործություն եւ հյութերի արտադրություն» մասնագիտությունները։ Քոլեջի ներկայացուցիչ, սպասարկման կազմակերպիչ Մարի Զոհրաբյանը եւ հիմնական ու միջնակարգ կրթության որակի պատասխանատու Ռուբեն Այվազյանը  տեղեկացրեցին, որ ունեն 600 սովորող։

Երեւանի Հյուսիսային համալսարանն ունի նաեւ բժշկական քոլեջ եւ ավագ դպրոց։ Այս բաժինների տնօրեն Արմինե Սարգսյանը ուրախությամբ նշեց, որ օրվա ընթացքում շատերն են հետաքրքրվել իրենց բուհով։ Տաղավարում բժշկական քոլեջի լավ սովորող սաներն այցելուներին ներկայացնում էին, թե ինչպես կատարել ներարկում, ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղի արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենց մասնաճյուղում կրթությունը, բնական է, ռուսաց լեզվով է, ունեն 500 ուսանող, ովքեր ստանալու են նույն դիպլոմը, ինչ տրվում է Մոսկվայում։ Այստեղ ուսանում են հիմնականում ՀՀ եւ ՌԴ քաղաքացիներ։ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները հանդես էին եկել ինտերակտիվ շոու-ներկայացումով եւ կրում էին տարբեր երկրների տարազներ։ Այստեղ եւս ներկայացված էին այն մասնագիտությունները, որոնք ուսուցանվում են՝ լեզվաբանություն, թարգմանչական գործ, միջմշակութային հաղորդակցություն, կիրառական լեզվաբանություն, օտար լեզուներ եւ գրականություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն եւ այլն։ Ուսուցանվում են հիմնականում՝ որպես առաջին լեզու, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, կորեերեն, չինարեն։ Երկրորդ եւ երրորդ լեզուների ցանկում նաեւ թուրքերեն, արաբերեն, ադրբեջաներեն, պարսկերեն եւ այլ լեզուներ կան։

Երեւանի «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի տաղավարում դասախոսներ Լեւոն Ալեքսանյանը եւ Նելլի Հայրապետյանը տեղեկացրեցին՝ լավ առիթ է ցուցահանդեսը, որ 150 սովորող ունեցող քոլեջը համալրվի նոր պատանիներով։ Հավելեցին, որ իրենց լավագույն սովորողներին տրվում է հնարավորություն՝ ուսումը շարունակել Բելառուսում, աջակցում են աշխատանքի ընդունվելու համար։ Քոլեջում գործում են 4 մասնագիտություններ՝ մանկաբարձություն, դեղագործություն, բուժքույրական եւ ատամնատեխնիկական։ Բացի միջին ու բարձրագույն ուսումնական հաստատություններից, ցուցահանդեսին ներկա էին նաեւ հանրակրթական դպրոցներ, օրինակ՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցը։ Այս կրթօջախի 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Անդրեասյանը տեղեկացրեց, որ դպրոցում գործում են տնտեսագիտական, պատմաիրավագիտական, լեզվաբանական, բնագիտական, ռուսական հոսքեր, դասավանդվում է նաեւ արհեստագործություն։ Տաղավարում ցուցադրված էին նրանց պատրաստած փայտե իրեր։ ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տաղավարում աշխատակիցներ Դավիթ Մնացականյանը եւ Տաթեւ Հարությունյանը տեղեկացրեցին, որ իրենց կենտրոնը փոխարինում է նախկին կրթության ազգային ինստիտուտին։ ԿԶՆԱԿ-ի կազմում գործում են ուսումնական բնագավառների մշակման եւ զարգացման, գնահատման մշակման եւ զարգացման, ուսումնական հաստատությունների զարգացման եւ կառավարման, կրթական նորարարությունների բաժինները եւ գրադարան։ ԿԶՆԱԿ հիմնադրամի նպատակն է խթանել կրթության ոլորտի զարգացումը եւ արդիականացումը՝ ի նպաստ սովորողների որակյալ կրթության ապահովման, առողջության եւ սոցիալական պաշտպանվածության բարելավման, մրցունակ անձի ձեւավորման եւ ինքնիրացման աստիճանի բարձրացման, կրթական մասնագիտական ներուժի զարգացման:

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist