Համաշխարհային ՀՆԱ-ի աճի կեսն այս տարի բաժին կհասնի Չինաստանին եւ Հնդկաստանին, իսկ ԱՄՆ-ի եւ եվրագոտու բաժինը ընդամենը 10 տոկոս կլինի։ Այսպիսի գնահատական դեռ տարեսկզբին հնչեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինշան՝ տեսակետն արտահայտելով սինգապուրյան մամլո ասուլիսում։ Չինաստանի ՀՆԱ-ն 2023 թ., ըստ ԱՄՀ-ի, կաճի 5,2 տոկոսով, ընթացիկ օրացուցային տարում Հնդկաստանի տնտեսության աճի տեմպը սպասվում է 5,4 տոկոսի սահմաններում: ԱՄՆ ՀՆԱ-ն այս տարի, ըստ կանխատեսումների, կաճի 1,4 տոկոսով, եվրոգոտունը՝ 0,7 տոկսով միայն։
ԱՄՀ-ի հունվարյան կանխատեսումները ապրիլին չփոխվեցին։ 2023 թ. համաշխարհային տնտեսության ընդհանուր աճի կեսից ավելին կգա երկու երկրներից՝ Չինաստանից եւ Հնդկաստանից։ Միեւնույն ժամանակ, համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի աճը մինչեւ այս տարվա վերջը պետք է լինի 3 տոկոսից պակաս։ Սրանք ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւայի խոսքերն են։ «Չնայած զգալի ճկուն աշխատաշուկաներին եւ սպառողական ծախսերին շատ առաջադեմ տնտեսություններում եւ Չինաստանի տնտեսական աճի վերականգնմանը, մենք ակնկալում ենք, որ 2023 թ. համաշխարհային տնտեսության աճը 3 տոկոսից չի անցնի։ 2023 թ. համաշխարհային տնտեսության աճի կեսը բաժին կհասնի Հնդկաստանին ու Չինաստանին»,- նշել է Գեորգիեւան։
Միաժամանակ, նախորդ տարվա արդյունքներով, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ 6,1 տոկոսից հասնելով 3,4 տոկոսի։ Նվազումն առաջին հերթին պայմանավորված է 2022 թ. փետրվարի վերջին Ուկրաինայի հակամարտության սրմամբ։ Միաժամանակ՝ այս տարի միտումը շարունակվում է։ «2021 թ. հաստատուն վերականգնումից հետո Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի եւ դրա լայնածավալ հետեւանքների պատճառով տեղի ունեցավ լուրջ ցնցում, որի արդյունքում էլ համաշխարհային աճը կրճատվեց մինչեւ 3,4 տոկոսի: Աճի դանդաղումը շարունակվում է նաեւ այս տարի»,- հայտնել է Գեորգիեւան։
Ապրիլի 6-ին ԱՄՀ փորձագետները հայտարարել են, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածությունը հանգեցնում է «աշխարհի ֆրագմենտացիայի» եւ արտադրանքի տեղափոխմանը այլ երկրների իրավասություններին։ Սա կարող է կարճաժամկետ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը, որը կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի 1 տոկոսը 5 տարում եւ 2 տոկոսը երկարաժամկետ հեռանկարում:
Առանց ԱՄՀ-ի այս կանխատեսման էլ, դատելով համաշխարհային ՀՆԱ-ի աճի կեսից ավելին «վերցրած» նշյալ երկու երկրների տնտեսական ու արտաքին քաղաքականություններից (նոր չեն դրա հիմքերը դրվել), բարդ չէր հասկանալ, որ հաջողելու են։ Եվ գուցե չանդրադառնայինք սրան, եթե հատկապես 44-օրյայից հետո Չինաստանից ու Հնդկաստանից պարբերաբար «մեսիջներ» չստանայինք՝ փոխգործակցության մակարդակը բարձրացնելու։ Ինչքանով ենք այդ «մեսիջներն» ընկալում եւ աշխատեցնում, դարձյալ բարդ չէ հասկանալը՝ դատելով մեր արտաքին քաղաքական շարժերից։ Երբ Հայաստանում Չինաստանի դեսպանը հոդված է գրում եւ նշում, որ հնագույն «Մետաքսի ճանապարհին» Հայաստանը պատմականորեն կարեւոր կանգառ էր, եւ որ «բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա», պետք է հասկանալ, որ սրանք պարզապես խոսքեր չեն, այլ՝ երկկողմ հարաբերություններին նոր որակ տալու կանչ, պատրաստակամություն։ Բայց այո, դրանք պարզապես խոսքեր են մնում, եթե «մեսիջ» ուղարկող կողմը «մեսիջը» ստացող կողմից որեւէ արձագանք չի ստանում, որ պատրաստ է քննարկման, առաջարկի, ծրագրի, գործնական քայլի։ Երբ դեսպանն ասում է, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունները, անկասկած, ավելի պայծառ ապագա կունենան՝ «վստահ եւ հասուն շեշտադրմամբ», դա «մեսիջ» է հրավիրվող կողմին՝ վստահ լինելու։ Բայց այդ ամենին պետք է նախորդի աշխատանքը, որովհետեւ հենց այնպես վերկենալու եւ վստահ քայլելու «իրավունքը» մեզ ոչ ոք չի տալու…
Նույնը՝ Հնդկաստանի մասով։ Այո, մենք պատմական ու մշակութային կապեր այս երկրի հետ միշտ ենք ունեցել, նույնիսկ երբ ԽՍՀՄ կազմում էինք, Հնդկաստանն ամենաբարձր մակարդակով այցելում էր ՀԽՍՀ։ Պետք է հասկանալ՝ հիմա Նյու Դելին, որ աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով ամրացնում է իր դիրքերը համաշխարհային դերակատարների շարքում, ինչու Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությունը ցույց տալ չի խուսափում։ Պետք է հասկանալ խորքային, որովհետեւ Հնդկաստանը արդյունավետ համագործակցում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Բայց սա չի խանգարում, որ Ադրբեջանը ամեն պահի ծաղրի հայ-հնդկական հնարավոր՝ նոր մակարդակի քաղաքական օրակարգը՝ նշելով, թե Հնդկաստանը հարց լուծող լիներ, Քաշմիրի հարցը կլուծեր։ Նյու Դելին Երեւանին 44-օրյայից հետո մեկ անգամ չէ, որ հասկացրել է երկկողմ հարաբերություններին մշակութային ու պատմական հանդերձից զատ նաեւ ռազմաքաղաքական ու տարածաշրջանային աստառ տալ։ Եվ խոսքը 1-2 դրվագի մասին չէ, այլ՝ փոխադարձ լրջագույն աշխատանքի նաեւ միջազգային հատվածներում։ Ստիպված ենք մեջբերելու Թուրքիա-Ադրբեջան-Պակիստանի՝ ընդդեմ Հայաստանի միասնական գործելու օրինակը։ Այսինքն՝ եթե ձեւավորվի Ռուսաստան-Իրան-Հնդկաստան առանցքը (նշմարելի է,- Ա. Մ.), Հայաստանն այդ առանցքում կկարողանա՞ տեղ կամ հօգուտ հայկական շահի դերակատարում ստանձնել, թե՞ կշարունակի սնվել միայն թյուրքական կողմի հետ թվացյալ խաղաղության պատրանքով։
Սրանք հարցեր են, որոնց ճիշտ պատասխանը պիտի տրվի։ Պատասխան, որ ոչ մի դեպքում չպետք է վտանգի մեր (Հայաստան եւ Արցախ) ազգային շահը։ Բայց դրա համար մենք արտաքին քաղաքական եւ անվտանգության օրակարգերում պետք է ճկուն ու նախաձեռնող լինենք։ Հակառակ պարագան մեր իրականությունն է։ Որը, անշուշտ, փոխել կարող ենք՝ մեր անուժ-անկարող լինելու բարդույթը թոթափելով միայն։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ