Սյունիքի Տեղ գյուղի մոտ ապրիլի 11-ին իրականացված ադրբեջանական ագրեսիան, որին զոհ են գնացել ինժեներական աշխատանք կատարող 4 հայ զինծառայողներ եւ վիրավորվել 6-ը, հերթականն էր եւ, դժբախտաբար, վերջինը չի լինելու։ Այդ մասին են վկայում Ադրբեջանի տխրահռչակ նախագահի հայտարարություններն ու ելույթները։ Նման զարգացումներն իրատեսական է համարում նաեւ հայկական կողմը, մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում չի բացառել, որ Ադրբեջանը կարող է նոր սադրանքներ ձեռնարկել։
Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը հասկանալու համար անհրաժեշտ է միջադեպերը դիտարկել ամբողջության մեջ, որպես մեկ ամբողջական ծրագրի արարներ։ Ի տարբերություն 2020-ի պատերազմի, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում իրականացրեց, դրանից հետո ընտրել է տեղային, փոքր հարձակումներով վերջնանպատակին հասնելու մարտավարությունը։ Ի՞նչ է անում իրականում Ադրբեջանը՝ թիրախային հարձակումներով գծում է իր նպատակներին եւ ծրագրերին համապատասխան քարտեզը։ Իսկ ինչ է ենթադրում այն՝ զավթել կամ առնվազն վերահսկողություն ունենալ հայկական բոլոր ռազմավարական բարձունքների, դիրքերի ու ճանապարհների նկատմամբ, ինչի արդյունքում լուծված կարելի է համարել «Զանգեզուրի միջանցք» կոչվածի ստեղծումը։ Ի դեպ, ադրբեջանական ծրագրի նախորդ քայլերից մեկն էլ տեղի էր ունեցել մարտի 30-ին։ Այդ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ վերահսկողություն է հաստատվել Լաչինի միջանցքի մոտ գտնվող մի քանի բարձունքների նկատմամբ։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված՝ հսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, հիմնական եւ օժանդակ ճանապարհներ, ինչպես նաեւ Լաչինի շրջանի Ջաղազուր եւ Զաբուխ (Աղավնո.- խմբ.) գյուղերի միջեւ ընկած սահմանային ընդարձակ տարածքը»։ Այս հաղորդագրությունից ժամեր անց Արցախի ներքին գործերի նախարարությունը հաստատեց ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը եւ նշեց, որ Լաչինի շրջանի Աղավնո եւ Սյունիքի մարզի Տեղ գյուղերը կապող ճանապարհը վերահսկողության տակ է վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Ինչպես տեսնում ենք, Բաքուն «Զանգեզուրի միջանցքի», իսկ գլոբալ առումով «թուրանական միջանցքի» ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում դեռեւս արեւելյան կողմից։ Նախիջեւանի կողմից ակտիվությունը հայտարարությունների եւ ռազմական ներուժի ցուցադրման միջոցով ճնշում է Իրանը։
Հայ հասարակությունը բնականաբար վրդովվում է, հուզվում, ափսոսանք հայտնում, ցավ ապրում հերթական (դժբախտաբար՝ հերթական) զոհերի եւ վիրավորների համար, սակայն ագրեսիայից մի քանի օր անց մոռանում տեղի ունեցածը եւ անցնում կենցաղային խնդիրների լուծմանն ու սեփական առօրյայի կազմակերպմանը։ Այս իրավիճակը երբեմն պատկերավոր համեմատում են գորտին սառը ջրում դանդաղ եփելու հետ, երբ կենդանին չի զգում, որ վախճանը մոտ է։ Իրավիճակի ճիշտ գնահատման համար անհրաժեշտ է նախեւառաջ ունենալ հստակ պատկերացում, թե ինչ ենք ուզում, որն է ապագայի մեր տեսլականը, որն է մեր շահը եւ ընդհանրապես մեր հայրենի երկրում ապագա ունենալու գրավականը։ Միայն դրանից հետո՝ իրավիճակի եւ մեր քայլերի համադրման միջոցով է հնարավոր համարժեք գնահատական տալ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել։
Ինչեւէ, շատերն իրական վտանգը չեն զգում, չեն տեսնում։ Անկախության սերունդը վայելում էր մեր հայրերի՝ կյանքի եւ արյան գնով նվաճած հաղթանակը, հայրենիքի մի կտորի ազատագրումը, սակայն դրա արժեքը քչերը հասկացան։ Խաղաղությունը թերեւս ամենացանկալին է, սակայն չի կարող լինել խաղաղություն, երբ թշնամին օղակը գցել է վիզդ եւ քարշ է տալիս դեպի կախաղան։ Խաղաղությունն արժանապատիվ կյանքի, ստեղծագործելու եւ ապրելու հնարավորությունն է, երբ վստահ ես, որ վաղվա օրը գալու է, որ վաղը երկինքը պարզ է լինելու, եւ գերակշռելու են բնության ձայները, այլ ոչ թե վառոդի հոտը։
Ադրբեջանական ագրեսիայի շարունակական լինելուն նպաստում է միջազգային արձագանքը կամ դրա բացակայությունը։ Երբ միջազգային լրահոսում հայտնվում են «հայ-ադրբեջանական սահմանին բախում է տեղի ունեցել» վերտառությամբ կամ դրա նմանությամբ տեղեկատվական նյութեր եւ չկա ագրեսիայի համար դատապարտվող կոնկրետ կողմ, ապա այդ իրավիճակը հուշում է Բաքվին, որ հերթական ագրեսիան «մարսել» է։ Տարիներ շարունակ հավասարության նշան է դրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ցանկացած միջադեպ եւ ագրեսիա չի ստացել միջազգային հանրության համարժեք գնահատականն ու արձագանքը։ Եթե նախկինում արդարանում էին, թե իբր Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, եւ իրենք չեն ցանկանում խառնվել հակամարտության լուծման գործընթացին, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա ներկայումս նման «արդարացումներն» առնվազն զարմանալի են։ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը Հայաստանի Հանրապետության՝ միջազգային սուբյեկտի ճանաչված տարածքներում են, հետեւաբար անտրամաբանական կլիներ երկու կողմերին հանդարտության կոչեր ուղղելը։ Օտար պետության զինված ուժերի ներկայացուցիչը չի կարող մուտք գործել մեկ այլ երկրի ինքնիշխան տարածք եւ որեւէ գործողություն կատարել, առավել եւս այնպիսին, որի հետեւանքով զինվորներ են սպանվում եւ վիրավորվում։ Ի վերջո, միջազգային գործընկերների, կառույցների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում խիստ անհրաժեշտ է բարձրաձայնել Ադրբեջանի ագրեսիայի, հանցագործությունների եւ խաղաղության հետ որեւէ առնչություն չունեցող քաղաքականության մասին։
Նշենք, որ երեկ Ադրբեջանում էր ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։ Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ նախագահը ժամանելու է նաեւ Վրաստան եւ Հայաստան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը նշել է, որ «Հայաստանի հետ խաղաղության բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ. նախ, դա Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերի վերաինտեգրումն է։ Երկրորդ ճանապարհը Երեւանի հետ ուղղակի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելն ու հարաբերությունների կարգավորումն է»։ Այլ կերպ ասած, Բաքվի բռնապետը մեկ անգամ եւս վերահաստատել է Արցախն ամբողջությամբ բռնակցելու, իսկ Հայաստանի Հանրապետության հետ բացառապես իր պայմաններով փաստաթղթի ստորագրման մտադրության մասին։ Իրական խաղաղության մասին չի՛ կարող խոսք լինել։