Ապրիլի 11-ին սահմանային հերթական բախումը տեղի ունեցավ այս անգամ Սյունիքի մարզի Տեղ գյուղի այն հատվածում, որտեղ ադրբեջանական զինուժը դիրքավորվել էր միջազգայնորեն ճանաչված ՀՀ սահմանից 3 կմ ներս՝ առավելագույնս մոտենալով հայկական բնակավայրին եւ ներպետական ճանապարհին: Ռազմական գործողությունների վայրից ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեսագրությունում երեւում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում, բարձունքից բացի, ադրբեջանական ուժերը դիրքավորվել են նաեւ դրա դիմացի հատվածում՝ առավելագույնս մոտենալով Տեղ գյուղ գնացող ճանապարհին:
Ռազմական տեսության բոլոր կանոններով հայկական դիրքերը պետք է այնպիսի հատվածներում լինեն, որոնք պաշտպանության տակ կառնեն հայկական բնակավայր տանող ճանապարհը եւ բնականաբար կառուցվել են ադրբեջանական դիրքերի դիմաց, բավականին մոտ: Նման հեռավորության դիրքեր կան Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանամերձ մի շարք հատվածներում, ինչը, բնականաբար, ռիսկային է եւ սադրանքների պատճառ է դառնում, ինչպես եղավ վերջին ռազմական բախման ժամանակ: Բայց այստեղ էական փաստն այն է, որ ՀՀ զինված ուժերը դիրքավորված էին ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ ադրբեջանականն ապօրինաբար է դիրքավորվել այդ հատվածներում:
ՀՀ ՊՆ-ի տարածած տեսանյութից երեւում է, որ ադրբեջանցիներն են վտանգավոր հեռավորության վրա մոտեցել ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին եւ վիճաբանություն սադրել՝ հրազենից կրակ բացելով: Միջադեպի հետեւանքով հայկական զինված ուժերն ունեն 4 զոհ եւ վիրավորներ: Դատելով ադրբեջանական մամուլում տարածվող պաշտոնական տեղեկատվությունից՝ ադրբեջանական կողմի կորուստներն անհամեմատ ավելի շատ են, սակայն դա հայկական կողմի համար սփոփանք չէ, քանի որ մեր կորուստներն անգին են:
Իսկ միջադեպի պատճառը պաշտոնական Բաքվի վարած ագրեսիվ քաղաքականությունն է եւ, թերեւս, ադրբեջանական քարոզչամեքենայի ստեղծած կեղծ իրականությունը: Ադրբեջանում տարածվող միֆը, թե 44-օրյա պատերազմում հայկական բանակը «ջախջախվել է», հերքվում է հենց Ադրբեջանի հրահրած նման սադրանքներին տրվող պատասխաններով: Այդ միֆերին զոհ են գնում առաջին հերթին դրանց հավատացող հենց ադրբեջանական զինծառայողները, իսկ իրականությունն այն է, որ հայ զինվորը կանգնած է իր հողի վրա, ՀՀ ինքնիշխան տարածքում, որի թիկունքում՝ մի քանի հարյուր մետի վրա Սյունյաց հինավուրց գյուղն է:
Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունն հիմա էլ փորձում է իր կորուստները վերագրել իբր Իրանից ՀՀ ԶՈՒ-ի ստացած ԱԹՍ-ներին կամ Հնդկաստանից գնած հրթիռային համակարգերին՝ մոռանալով, որ եթե անգամ այդ զինատեսակներն առկա էլ են, ապա դրանք կիրառողը հայ զինվորն է: Իսկ իրականությունն այն է, որ հայոց պաշտպանի էության մեջ 44-օրյա պատերազմը ոչինչ չէր կարող փոխել, թերեւս, միայն նրան ավելի վճռական դարձնելով հայրենի հողը պաշտպանելու հարցում: ՀՀ սահմանն այսօր պաշտպանում է նույն զինվորը, որը կերտել է արցախյան առաջին եւ երկրորդ ազատամարտերը:
Սրանից բացի, ադրբեջանական կողմը շարունակում է շրջանառել այն քարոզչական թեզը, թե հայկական կողմն օգտվում է ԵՄ դիտորդների ներկայությունից եւ ավելի կտրուկ է իր հայտարարությունների ու գործողությունների մեջ: Նախ, տրամաբանություն չկա ադրբեջանական այդ քարոզչական խայծի մեջ, առավել եւս այնտեղ դժվար է որեւէ հիմք նշմարել: Անհասկանալի է, թե ՀՀ ԶՈՒ-ի գործողությունները ինչպես պետք է պայմանավորվեին դիտորդական եւ փաստահավաք առաքելություն իրականացնող կառույցով: Բացի այդ, օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունն իր տեղեկատվությամբ կիսվում է նաեւ ադրբեջանական կողմի հետ: Այս տեղեկատվությունը մոտ է իրականությանը, քանի որ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումը վերաբերում է նաեւ այդ երկրին, եւ նույնիսկ անհրաժեշտ է, որ առաքելությունը կապ հաստատի նաեւ ադրբեջանական կողմի հետ: Հետեւաբար՝ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա պաշտոնական Բաքվից տարածվող այս թեզի մեջ, այն միայն ցույց է տալիս, որ այդ պետությունը դեմ է որեւէ խաղաղապահ դիտորդական առաքելության, քանի որ այդ դեպքում կաշկանդված է լինելու հերթական սադրանքը եւ ագրեսիան կազմակերպելու հարցում:
Տեղ գյուղի հարակից հատվածում գրանցված միջադեպն ավելորդ անգամ փաստում է, որ մինչեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի ավարտը այնտեղ պետք է գործեն անվտանգության լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմներ, ընդհուպ չեզոք՝ ապառազմականացված գոտի ձեւավորելը կամ խաղաղապահ ուժեր ներգրավելը: Փորձը ցույց է տալիս, որ սխալ է հավատալը ադրբեջանական կողմի՝ սադրանքների չդիմելու պնդումներին, առավել եւս, երբ նրա գործողությունները հակասում են նման հայտարարություններին եւ ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին: