Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Համազգային նվիրումի խորհրդանիշը

Մարզահամերգային համալիրը որակական նոր թռիչք էր

Ապրիլի 14, 2023
Հանրապետություն
Համազգային նվիրումի խորհրդանիշը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
205
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իր գոյության մեծ մասի ընթացքում հայ ժողովուրդը սեփական անվտանգության պաշտպանության խնդիր է լուծել՝ պայքարելով օտար նվաճողների դեմ: Իսկ պատերազմների միջև ընկած կարճատև շրջաններում, երբ ստեղծագործել-արարելու հնարավորություն է ստացել, պարզապես հրաշքներ է գործել՝ ստեղծելով փառահեղ ու հրաշակերտ արժեքներ, որոնք հավերժորեն իրենց տեղն են գտել համաշխարհային արժեհամակարգի գանձարանում: Նաև այդ կերպ է ապացուցել հավերժ ապրելու իր անկոտրում կամքը: Որովհետև յուրաքանչյուր արարում կենսականության հզոր ուղերձ է՝ նետված թշնամիներին: Երբ ժամանակին արաբ զորավար Բուղան տեսավ, որ իր շրջափակած Գտիչի բերդում հայերը կռվում են ու միաժամանակ եկեղեցի կառուցում, կորցրեց նրանց հաղթելու վերջին հույսը:

Նախորդ դարասկզբին պատերազմներից, ցեղասպանությունից ու տարբեր համաճարակներից ուժասպառ եղած հայության բեկորները Խորհրդային Հայաստանում արարելու հնարավորություն ստացան, և շուտով երկիրն սկսեց ոտքի կանգնել: Հայրենական մեծ պատերազմն ու մեր զոհերն էլ չկանխեցին հայի մտքի թռիչքը: Կյանքի տարբեր ոլորտներում առաջընթացի քայլերը պարզապես հսկայական էին: Հայ ժողովրդի հերոս ու հանճարեղ զավակներն իրենց խոշոր ներդրումն էին անում ԽՍՀՄ-ի պաշտպանության ու զարգացման գործում: Սովորել-արարելու ձգտումն աննախադեպ աշխուժություն առաջացրեց նաև Հայաստանում, և շուտով պարզ դարձավ, որ մեր ժողովուրդը պետք է որակական նոր թռիչք արձանագրի՝ իր ներքին ուժին, կարողություններին ու հզորությանը համապատասխանելու համար: Ստեղծվեցին տարբեր առողջական, գիտական, կրթադաստիարակչական, մարզական, մշակութային ու այլ կենտրոններ: Մարզական առաջնություններ հյուրընկալելու, միջազգային մշակութային միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը ծնեց մի գաղափար, որի արդյունքը պետք է դառնար Ծիծեռնակաբերդի բլրի վրա կառուցված մարզահամերգային համալիրը՝ բաղկացած երկու մեծ՝ մարզական ու համերգային սրահներից, համալիր, որը հետագայում պետք է կրեր իր ստեղծման գործի ամենամեծ նվիրյալի՝ հայ քաղաքական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունը:

Նման կառույց Հայաստանը դեռ չէր տեսել

Ի սկզբանե համալիրի կառուցման նպատակով փակ մրցույթ հայտարարվեց, որին մասնակցեցին 8 նախագծային կազմակերպություններ: Խնդիր էր դրված կառուցել սպորտի պալատ 10000 հանդիսատեսի համար: Նման պալատներ ԽՍՀՄ մի քանի հանրապետություններում արդեն կային:

Սպորտի պալատը ենթադրում էր ունենալ ծածկած դահլիճ՝ հոկեյի դաշտով: Նախագծեր են արվում մի քանի վայրերի, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի համար: Տարբերակներից մեկն էլ Կասկադի տարածքն էր, որն այն ժամանակ պարզապես բլուր էր: Դիտարկվել էր նաև Ազգային ժողովի հետևի տարածքը: Քննարկումներից հետո ընտրվեց Ծիծեռնակաբերդի տարբերակը:

Մրցույթում հաղթեց «Հայպետնախագիծ» ինստիտուտը, որի տնօրեն Կորյուն Հակոբյանը հանձնարարեց շարունակել նախագիծը և ընդլայնել աշխատանքային խումբը: Դրանում ընդգրկվեցին ինքը՝ Հակոբյանը՝ որպես ղեկավար, և ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Մուշեղյանն ու Հակոբյանը, ի դեպ, միասին աշխատել էին նաև «Հրազդան» մարզադաշտի նախագծի վրա:

Մարզամշակութային համալիրի նախագիծը մի քանի ամիս գտնվում էր երևանյան ու մոսկովյան գրասենյակներում: Ի վերջո, շինարարության բյուջեն հաստատվեց 35 մլն ռուբլու չափով: Դա, իհարկե, բավարար գումար չէր. Մոսկվան հանրապետություններին սովորաբար ստիպում էր հնարավորինս քիչ ծախսել, բայց իր տարածքում նման կառույցների համար ոչինչ չէր խնայում: Բավական է հիշել, որ ԽՍՀՄ Պետպլանը «Լուժնիկի» մարզադաշտի կառուցման համար հատկացրել էր 100 մլն ռուբլի:

Բոլորը հասկանում էին, որ բյուջեի հաստատումը թելադրում է արագացնել նախագծման գործընթացը: Ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը Կորյուն Հակոբյանի ու Գուրգեն Մուշեղյանի հետ 1976 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հեղինակում են համալիրը: Կարեն Դեմիրճյանն ու Կորյուն Հակոբյանն ընդունում են առաջարկվող այն գաղափարը, որ նպատակահարմար է կառուցել տրանսֆորմացվող դահլիճներ՝ դրանք առավել հաճախ օգտագործելու համար: Երբ նախագիծն արդեն պատրաստ էր, նախագծող խմբին այցելում են Կարեն Դեմիրճյանը, Կորյուն Հակոբյանը և ԽՍՀՄ Պետշինի նախագահ Ֆոմինը: Նախագիծը հավանության է արժանանում, և աշխատանքներն սկսվում են: Նման կառույց Հայաստանը դեռ չէր տեսել: Կոնստրուկտորներն էին Իգոր Ծատուրյանը և Գրիգորի Ազիզյանը: Ստեղծվեց առանձին արվեստանոց՝ 40 մասնակցով:

Շինարարությունը վստահվեց «Հիդրոէներգոշին» կազմակերպությանը: Համալիրի յուրահատկությունն այն էր, որ այն ոչ թե սոսկ շենք պետք է լիներ, այլ հսկայական մեխանիզմ: Դա էր պատճառը, որ դեռևս համալիրի նախագծման ժամանակ համագործակցություն էր հաստատվել ԽՍՀՄ-ի մոտ 40 կազմակերպությունների հետ: Կառուցվելիք երկու դահլիճներն իրար էին միանում պտտվող 1000 տեղանոց տրիբունայով, ինչը որոշակի ձև էր ապահովում: Նախասրահն ընդհանրացնելու նպատակով սառցադաշտը բարձրացվեց վերև, և ֆոյեները միացվեցին իրար: Դա հանճարեղ որոշում էր, որովհետև նույնիսկ մեր օրերում նախասրահն ավելի հաճախ է օգտագործվում, քան հենց դահլիճը: Մասնագետների վկայությամբ՝ մարզահամերգային համալիրի սառցադաշտը լավագույններից մեկն էր ողջ ԽՍՀՄ-ում:

Համալիրը երկու պաշտոնական բացում ունեցավ: Նախ 1983 թ. բացվեց մարզական բաժինը, երբ Երևանը պետք է ընդուներ աշխարհի ծանրամարտի առաջնությունը: Բացումից երկու ամիս առաջ Մոսկվայից պատվիրակություն է ժամանում Երևան, ծանոթանում շինարարության ընթացքին և Կարեն Դեմիրճյանին հայտնում, որ նախատեսված ժամկետներում «հնարավոր չէ համալիրը շահագործման հանձնել, անհրաժեշտ է փոխել առաջնության անցկացման վայրը: Կարեն Դեմիրճյանը պնդում է, որ Հայաստանը կհասցնի դա անել: Այդպես էլ եղավ, բայց առաջնությունը, այնուամենայնիվ, անցկացվեց Մոսկվայում:

Չնայած հայ մարզասերները հնարավորություն չունեցան Երևանում հետևել մրցաշարի զարգացումներին, միևնույն է, հիացած էին նրա արդյունքներով: Հայաստանի ներկայացուցիչներ Հոկսեն Միրզոյանը, Յուրի Սարգսյանն ու Յուրի Վարդանյանը աշխարհի չեմպիոններ դարձան: Ընդ որում՝ Հոկսեն Միրզոյանը հաղթեց բուլղարական ծանրամարտի ծագող աստղ Նաում Շալամավովին, ով տարիներ անց փախավ Թուրքիա և դարձավ Նաիմ Սուլեյմանօղլուն:

Երկրորդ՝ համերգային մասի բացումը տեղի ունեցավ 1984 թ. հրդեհից հետո, որը բռնկվել էր համերգային դահլիճում, որտեղ դեռ շարունակվում էին շինարարական աշխատանքները: Մոսկվայից ժամանած հակահրդեհային պաշտպանության մասնագետների կարծիքով՝ վարկած կար, որ հրդեհը կազմակերպվել է, սակայն Կարեն Դեմիրճյանը հայտարարել էր, որ այն կապված է եղել էլեկտրական սարքերից մեկի հետ:

Համալիրի կառուցումը ոգևորություն էր առաջացրել հայ ժողովրդի մեջ: Համերգային մասի բացումից առաջ շինարարներն աշխատում էին երեք հերթափոխով: Մարդիկ ցանկանում էին ամեն կերպ օգտակար լինել գործին, իսկ հրդեհի ժամանակ պարզապես արտասվում էին: Կարեն Դեմիրճյանը չկոտրվեց և խոստացավ, որ հետևանքները շատ արագ կվերացվեն: Նա հավատարիմ էր իր խոստմանը:

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի կարծիքով՝ մարզահամերգային համալիրն ինքնատիպ է թե ճարտարապետական, թե շինարարության ծավալների, թե ֆունկցիոնալ իմաստով, և այդպիսի նոր կառույց Հայաստանը դեռ երկար ժամանակ չի ունենա:

Մոսկվան ոչնչի չէր հավատում

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը, մի առիթով խոսելով համալիրի կառուցման մասին, շեշտել է, որ 1975 թ. է Հայաստանի կառավարությունը դիմել Մոսկվային՝ մարզահամերգային համալիր կառուցելու թույլտվություն ստանալու համար:

«Չնայած Մոսկվան հաստատել էր նախագիծը, միևնույն է, չէր հավատում, որ մեզ կհաջողվի իրականացնել այն: Հաշվարկները ստուգեցին Մոսկվայի ու Կիևի երկու փորձագիտական կազմակերպությունները: Ութ ամիս տևեց միայն նամակագրությունը, որի ընթացքում մանրամասնում էինք մեր բոլոր խիզախ կոնստրուկտորական քայլերը: Մոսկվայից մեզ ասում էին, որ այն, ինչ մենք նախագծել ենք, իրենք նախատեսում էին իրականացնել միայն երկու տասնամյակ հետո: Այս կառույցի համար մեր ստեղծագործական խումբը ստացավ հեղինակային իրավունքի պատենտներ, այդ թվում՝ պտտվող բեմի նախագծման և կառուցման համար»,- նշել է Գրիգոր Ազիզյանը:

Պատճառներ էին որոնվում՝ Դեմիրճյանին մեղադրելու համար

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի կարծիքով՝ մարզահամերգային համալիրը շատ «ծանր» օբյեկտ էր, որը հսկայական ճանապարհ է անցել: Նա համոզված է, որ համալիրի ստեղծման համար առաջին հերթին պետք է երախտապարտ լինենք Կարեն Դեմիրճյանին:

«Գորելյեֆի էսքիզների վրա սկսել եմ աշխատել 1980 թ., աշխատանքս ավարտել եմ 1984-ին,- նշել է նա:- Գորելյեֆը պատրաստված է Լենինականի Գյուլբուլաղի տուֆից, թեման Հայաստանը և մեր երկրի վերածնունդն է: Քանդակի բարձրությունը 6 մետր է, երկարությունը՝ 60 մետր: Ընդհանուր ֆիգուրների քանակը 330 է:

Կենտրոնում պատկերված է Վահագնի ծնունդը, եզրերին՝ քոչարի պարը, երգչախումբ, գիտություն, բերքահավաք, առատություն, հեղափոխության ամբոխ… և այդ բոլորը միասին Հայաստանն է: Մի հատվածում պատկերել եմ մեր ստեղծագործական խմբի անդամներին. կենտրոնում Արթուր Թարխանյանն է, կողքին՝ Հրաչ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, կոնստրուկտորներ Գրիգոր Ազիզյանը, Իգոր Ծատուրյանը և ես:

Մտածում էինք, թե ում քանդակենք ձախ հատվածում: Որոշեցի պատկերել այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել համալիրի ստեղծման գործում` Կարեն Դեմիրճյանին, Ֆադեյ Սարգսյանին, Հրանտ Հայրապետյանին»:

Ի վերջո, Կարեն Դեմիրճյանն ու Ֆադեյ Սարգսյանը Ֆերդինանդ Առաքելյանին հանձնարարում են քանդել իրենց պատկերող քանդակների դեմքերը, քանի որ «մեծ քաղաքը» դժգոհություն է հայտնել: Նրան ոչինչ չէր մնում, քան քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հետ արձանների դեմքերը տաշելը:

«Բացումից մի քանի ամիս հետո ինձ կանչեցին Կենտկոմ՝ երկրորդ քարտուղար Գենադի Անդրեևի մոտ: Ներս մտա, նա ինձ շատ ջերմ ընդունեց: Նստած էր նաև Կարեն Ղամբարյանը և 3-4 ռուսներ: Սկսեցին ինձ գովել, ասացին, որ շատ են հավանել գորելյեֆը: Վերջում հանկարծ հարցրեց. «Իսկ Կարեն Սերոբիչը տեղյա՞կ էր, որ դուք իր դեմքն եք քանդակել»: Պատասխանեցի, որ, այո, տեղյակ էր: «Իսկ նա դրա համար հատուկ կեցվա՞ծք էր ընդունել»: Պատասխանեցի, որ ոչ, լուսանկարից եմ քանդակել: Հասկացա, որ Դեմիրճյանին ուզում էին մեղադրել «անհատի պաշտամունքի» մեջ: Մի քանի ամիս անց դեպքը կրկնվեց, Մոսկվայից ժամանեց մի խումբ, ինձ կրկին կանչեցին և սկսեցին հարցաքննել, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց Կարեն Սերոբիչին առաջադրել այդ անհիմն մեղադրանքները: Ի դեպ, նախատեսվում էր նաև շատրվանները զարդարել քանդակներով, սակայն ամեն ինչ արեցին, որ այդ մտահղացումը չիրականանա: Ենթադրում էին, որ ցանկանում ենք կառուցել «Կարենգոֆ» (ակնարկելով Պետերգոֆի անվանումը)»,- փակագծեր է բացել Ֆերդինանդ Առաքելյանը՝ ավելացնելով, որ մի ժամանակահատված է եղել, երբ համալիրի կառուցման գործընթացը լիովին սառեցվել է: Ֆինանսական խնդիրների պատճառով Մոսկվայի որոշմամբ կոնսերվացիայի էին ենթարկվել ԽՍՀՄ-ի տարածքում կառուցվող բոլոր նման օբյեկտները:

«Դեմիրճյանն ասաց, որ մենք կանգ չենք առնի և կշարունակենք մեր գործը: Շուտով մեզ մատնեցին, և Մոսկվան, առանց Հայաստանի կառավարությանը զգուշացնելու, հանձնաժողով ուղարկեց՝ իրավիճակը զննելու նպատակով: Սակայն հանձնաժողովի՝ Երևան ժամանելուն պես օդանավակայանի տնօրինությունը կապվեց Ֆադեյ Սարգսյանի հետ և տեղեկացրեց, որ «հյուրեր» են սպասվում: Նա էլ անմիջապես կարգադրեց, որ համալիրում գտնվող  բոլոր բանվորները թաքնվեն անտառում՝ մինչև հանձնաժողովի մեկնելը: Եթե ինչ-որ մեկն այդ պահին անտառ մտներ, կմտածեր, որ հայտնվել է պարտիզանների մասին ինչ-որ կինոնկարում:

Հանձնաժողովի անդամների զարմանքը բավական մեծ էր, երբ սպասված «եռացող» աշխատանքի փոխարեն նրանք ամայի շինհրապարակ տեսան:

Հետագայում Դեմիրճյանը մեկնեց Մոսկվա, որտեղ նրան հաջողվեց ստանալ ոչ միայն աշխատանքը շարունակելու թույլտվությունը, այլև լրացուցիչ ֆինանսական  միջոցներ»,- շեշտել է քանդակագործը:

Նրանք անցել են այս համալիրով

Համալիրը հյուրընկալել է հանրահայտ արվեստագետներ Թոմաս Անդերսին, Միշել Լեգրանին, Դեմիս Ռուսոսին, Յան Գիլանին, «Լա Սկալա» օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին, «Բոնի էմ» խմբին, Յանիին, ռուսական էստրադայի աստղեր Ալլա Պուգաչովային, Իրինա Ալլեգրովային, Ստաս Միխայլովին և այլոց: Մարզահամերգային համալիրում են անցկացվել նաև Շախմատի միջազգային օլիմպիադան, Եվրոպայի ուշուի առաջնությունը, բասկետբոլի համահայկական խաղերը, ինչպես նաև ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, գեղասահքի տարբեր առաջնություններ:

2008 թ. վերանորոգումից հետո մարզասրահում տեղի է ունեցել հայ երգիչ Հարութ Փամբուկչյանի համերգը, իսկ համերգասրահը հյուրընկալել է աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված համերգը։ Հանդես են եկել նաև Ֆլորա Մարտիրոսյանը, Պիտեր Գեբրիելը, Պեդրո Էուստեշը, Ալան Փարսոնսը, Բորիս Գրեբենշչիկովը և ուրիշներ։ Համալիրում նաև բազմաթիվ համերգներ են կայացել Պոլ Բաղդադլյանի, Անդրեի, Հայկոյի, Արման Հովհաննիսյանի և այլ հայ երգիչների կատարմամբ։

Կանադացի Գարուն մարզահամերգային համալիրում երգել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում։ Այստեղ հանդես են եկել բրիտանական ռոք խումբ «Ջեթրո Թալը», բրիտանական ռոք խումբ «Uriah Heep»-ը, ամերիկյան ջազ երաժիշտ և երգիչ Ջորջ Բենսոնը: Անգլիական ռոք խումբ «Deep Purple»-ը բարեգործական համերգով հանդես է եկել ավելի քան 10.000 երկրպագուների համար։ Համալիրում ելույթ է ունեցել ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը՝ «System of a Down» խմբի հետ։

Այնուհետև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգել են անգլիացի Ջո Քոքերը, Լարա Ֆաբիանը, Շառլ Ազնավուրը, ամերիկյան ջազ երաժիշտ Մարկուս Միլլերը՝ «Երևան Ջազ Ֆեստ 2017» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում:

Մարզասրահը հյուրընկալել է աշխարհի հոկեյի առաջնությունը։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը պաշտպանել է IBO-ի վարկածով չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Էվանս Մբամբային։

Համալիրում կայացել են «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը, «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը։

2022 թ. սեպտեմբերի 5-10-ն ընկած ժամանակահատվածում այստեղ տեղի է ունեցել «Սթարմուս 4» փառատոնը՝ «50 տարի Մարսի վրա» խորագրով։ Փառատոնի ընթացքում բեմին էին Սերժ Թանկյանը, «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը, «Sons of Apollo» ռոք խումբը և նշանավոր այլ երաժիշտներ։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համազգային նվիրումի խորհրդանշան է, այն բանի ապացույցը, որ բնակչության բոլոր շերտերի միասնությունը կհաղթահարի ցանկացած փորձություն և կստեղծի մթնոլորտ, որտեղ բոլոր նպատակները ստորադասված կլինեն ազգային ու պետական շահերին:

Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրրական է

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    104 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist