Մինչ Հայաստանի հասարակությունը բուռն քննարկումների մեջ է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշի այրման «ճիշտ» կամ «սխալ» լինելու հարցում, այս երկիրը շարունակում է սողացող պատերազմը Հայաստանի դեմ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 16-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չունի: Հիշեցնենք, սակայն, որ օրեր առաջ Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինվորականների ուղղությամբ ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել էր 4 հայ զինծառայող։
Ադրբեջանի կողմից հարձակումները թիրախային են, եւ, ինչպես ցույց է տալիս փորձը, դրանք շարունակական են լինելու։ Դրանով իրականացվում է ռազմավարական նշանակության բարձրադիր դիրքերում եւ բնակավայրերի ուղղությամբ դիրքավորումը, ինչը առավել վտանգավոր եւ ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ հետագայում, եթե, իսկ իրականում՝ երբ Ադրբեջանը դիմի լայնածավալ հարձակման։ Ի դեպ, այդ երկրի լրատվամիջոցները հաստատում են, որ մարտի 28-ի լույս 29-ի գիշերը ադրբեջանական զինուժը նոր դիրքեր է գրավել Տեղ գյուղի մոտակայքում։ Տեղ բնակավայրից դեպի Ստեփանակերտ գնացող ճանապարհն օգտագործելու թույլտվություն հայկական կողմն ուներ մինչեւ ապրիլի 1-ը, որից հետո ճանապարհը պետք է անցներ Կոռնիձոր գյուղի տարածքից։
Որքան էլ միջազգային գործընկերները նշեն հայ-ադրբեջանական հարաբերությունների «խաղաղ կարգավորման» անհրաժեշտության մասին, հյուծող, սողացող պատերազմը շարունակվում է։ Հանրային մակարդակում դիմադրողականությունը քայքայման եզրին է, վտանգի իրական ծավալն ու աստիճանը չի գիտակցվում, հաճախ նկատվում է «փախուստ իրականությունից», որը դրսեւորվում է այլ՝ ոչ կենսական խնդիրների շուրջ կենտրոնացմամբ կամ անտարբերությամբ։ Առավել խնդրահարույց են ագրեսիան հանրույթի ներսում պարպելու եւ հայրենակիցների նկատմամբ դրսեւորելու միտումները։ Այդ առումով այնքան անհրաժեշտ միասնականության նշույլները հօդս են ցնդում սոցիալական հարթակներում գեներացվող ատելության մթնոլորտի ֆոնին։ Իսկ վտանգը չափազանց մեծ է եւ սպառնում է Հայկական լեռնաշխարհի բնիկներին՝ հայերիս ֆիզիկական գոյությանը։ Արցախի կորստով նվազագույն ռազմավարական խորությունից զրկված Հայաստանի Հանրապետությունն առավել խոցելի է դարձել թե արեւելքից, թե արեւմուտքից սեղմվող թուրանական աքցանում։ Այստեղ տեղին է հիշել Նուրի փաշայի խոսքերը. «Մենք ստեղծել ենք մի պետություն, որը գտնվում է պարկի մեջ, իսկ այդ պարկի բերանը մեր ձեռքին է։ Ցանկացած ժամանակ մենք կարող ենք փակել պարկի բերանը, եւ Հայաստանը շնչահեղձ կլինի»։ Մեկ պատմական փաստ եւս. 1920 թ. նոյեմբերի 8-ին Անկարայից Կարաբեքիրը գաղտնի փաստաթուղթ՝ հրաման է ստանում, որտեղ բառացիորեն գրված էր. «Հայաստանը պետք է ոչնչացվի թե՛ քաղաքականապես եւ թե՛ իրապես»: Սա այն է, ինչն ամփոփում է թուրքական ծրագիրը եւ նպատակները հայկական պետականության մասով, որն այս պահին իրականացվում է Ադրբեջանի արյունոտ ձեռքերով։ Չնայած միջազգային մի շարք շրջանակների կողմից դատապարտմանը, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարմանը ենթակա որոշմանը, Ադրբեջանն արդեն 128 օր շարունակում է Արցախի շրջափակումը։ Երկու ամիս շարունակ դադարեցվել է Արցախ գազամատակարարումը, շուրջ հարյուր օր սահմանափակվել է նաեւ էլեկտրաէներգիայի սպառումը (հովհարային անջատումներ են լինում), ինչը պայմանավորված է ադրբեջանցիների կողմից Հայաստանից Արցախ տրամադրվող էլեկտրաէներգիայի մատակարարման խափանմամբ։
Ստեղծված իրավիճակի հետ «ընտելացման», համակերպման իրողությունը հուշում է, որ որպես ամբողջականություն չենք կարողացել հաղթահարել հետպատերազմյան սթրեսը։ Արտաքին միջավայրից օգնություն եւ աջակցություն ստանալու ակնկալիքները նվազեցնում են մեր սեփական ուժերով ոտքի կանգնելու դժվար, բայց միակ արդյունավետ լուծումը։ Երեք տասնամյակ շարունակ մեր անվտանգությունն ապահովվել է Հայկական բանակի շնորհիվ։ Ադրբեջանական հետագա հարձակումներն ու ոտնձգությունները կդադարեն միմիայն հայկական ուժին բախվելուց հետո։ Այդ ժամանակ էլ տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն։