1998-ից սկսած՝ գրեթե ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Հայաստան են այցելում «Միություն ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպության թուրք եւ քուրդ անդամները։ Երեք տարվա ընդմիջումից հետո այս տարի եւս Երեւան է ժամանել կազմակերպության 6 հոգանոց պատվիրակությունը։
Հիշեցնենք, որ կազմակերպությունն ավելի քանի 20 տարի ակտիվ գործունեություն է ծավալում Գերմանիայում, մասնավորապես՝ Ֆրանկֆուրտում, այլ երկրներում։ Միության գերագույն նպատակն է պայքարել Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայի Հանրապետությունում կատարված ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման համար։ Միությունը երբեմն հանդես է գալիս տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ դասախոսություն-սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ։ Ստեղծման հենց առաջին տարում նրանք կազմակերպել եւ հավաքել են մոտ 10 հազար ստորագրություն եւ ուղղել Թուրքիայի խորհրդարան՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ 2021 թ. կազմակերպության հիմնադիր Ալի Էրթեմի անժամանակ մահից հետո սա առաջին այցն է միության անդամների կողմից։
Նախօրեին Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում հանդիպում տեղի ունեցավ կազմակերպության անդամների հետ, որի ընթացքում նրանք ներկայացրեցին իրենք կատարած աշխատանքները ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ։ Հարց ու պատասխանի ընթացքում մեկ անգամ եւս բարձրաձայնվեց Թուրքիայի կողմից սեփական պատմության մութ էջերին առերեսվելու անհրաժեշտության, ինչպես նաեւ առայսօր շարունակվող ժխտողականության ծանր հետեւանքների, մասնավորապես՝ Արցախի եւ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մասին։ Շեշտվեց, որ իրենց հասցեական լսարանը թուրք հասարակությունն է, նպատակը՝ հանուն հոգու եւ խղճի հանգստության սեփական պատմությանն առերեսվելը։
«Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության անդամ Էլիֆ Սելայ Էրթեմը՝ Ալի Էրթեմի այրին, նշեց, որ վերջին երեք տարվա ընթացքում արտակարգ դեպքեր են տեղի ունեցել, խոսքը վերաբերում է արցախյան պատերազմին, հինգ հազար զոհերին. այդ ցավը կիսում են եւ խոնարհվում նրանց հիշատակի առաջ։ «Այս տարիներին, ցավոք, Թուրքիան կարծես վերադարձավ իր նախկին դիրքին, արցախյան պատերազմի ժամանակ թուրք հասարակությունն առանձնապես ճիշտ չտեղեկացվեց, եւ մենք, որպես կազմակերպություն, այնքան էլ մեծ գործ չկարողացանք կատարել այդ ուղղությամբ»,- ասաց նա։ Տիկին Էրթեմն իր եւ կազմակերպության անունից համերաշխություն հայտնեց Արցախում ապրող հայ ժողովրդին՝ դատապարտելով Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի կողմից արցախահայության ու Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը։ Նա ափսոսանք հայտնեց, որ Թուրքիայի ժողովրդավար համարվող շրջանակները նույնպես լուռ են տեղի ունեցող գործողությունների մասով։ Նախագահ Ալի Էրթեմը փորձում էր գործ կատարել արցախյան պատերազմի օրերին Թուրքիայի հասարակական կարծիքը ձեւավորելու ուղղությամբ, սակայն նրա մահվամբ գործը կիսատ մնաց, ինչը նրա այրին մեծ կորուստ է համարում նաեւ իրենց միության համար. «Գիտենք, որ դժվար է այս գործը, բայց կարծում ենք, որ առերեսումը շատ կարեւոր է թուրք հասարակության համար, եւ չենք հրաժարվելու մեր պայքարից»։
Հանդիպմանը ներկա էր նաեւ Ալիս Կոստանյանը (Ալիյե Ալթ), որի խոսքով՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով մենք շատ ենք ուշացել։ Նա մի շարք լեզուներով հրապարակված աշխատություն ունի՝ նվիրված համշենահայերին, իսկ այդ թեմայով հայերեն լեզվով հոդվածը դեռեւս 2005 թ. լույս է տեսել Հայկազուն Ալվրցյանի կողմից Սոչիում կազմակերպված գիտաժողովի շրջանակներում։ Ալիյե Ալթը ծնվել է Թուրքիայում, 1973-ին տեղափոխվել է Գերմանիա եւ միայն 43 տարեկանում է պարզել, որ հայ է։ Մինչ այդ նա իրեն թուրք է համարել, նույնիսկ ազգայնամոլ է եղել, իսկ Ֆրանկֆուրտի համալսարանում ծանոթանալով հայերի հետ՝ հասկացել է, որ համշենցիները նույնպես հայեր են։ «Հիմա 74 տարեկան եմ, շատ ծանր ապրումներ եմ ունեցել ճշմարտությունն իմանալուց հետո, ընտանիքիս հետ նույնպես ծանր զրույցներ են եղել։ Առաջին անգամ 1999-ին եմ եկել Հայաստան՝ Սելայի եւ Ալիի հետ։ Մինչեւ այդ պահը չէի գիտակցում, զգում, թե ինչ է հայ լինելը, սակայն Հայաստան ոտք դնելով՝ բոլորովին այլ ապրումներ ունեցա, զգացի, որ տանն եմ, հայրենիքում»,- պատմեց նա։ Ալիս Կոստանյանը նկատեց, որ չափազանց ծանր է Թուրքիայում ասիմիլացված հայերի վիճակը, նրանց ապրումները, քանի որ ասիմիլացումը, որպես երեւույթ, նույնպես ցեղասպանություն է, եւ այնտեղ ապրող հայերը շարունակում են ենթարկվել ցեղասպանության ասիմիլացման ճանապարով։
Կազմակերպության անդամ Գյուլսեն Այթանը ծնվել եւ մեծացել է Բեռլինում, բժշկագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է։ Միության մեջ ունի հայ եւ հույն ընկերներ, որոնց հետ համատեղ նախագծեր է իրականացնում։ Դրանցից մեկի շրջանակներում անդրադարձել են այն պատճառներին, որոնք ընկած են եղել ուրացման հիմքում, եւ արձանագրել են, որ խնդիրն առավելապես հոգեբանական է։ Վարժարանում սովորելու տարիներին նույնպես անդրադարձել է այդ թեմային, սակայն հանրության հետ անմիջական աշխատանքները սկսել է 2018-ին Տեսսա Հոֆմանի «Ցեղասպանությունը թող ճանաչվի» ՀԿ-ի հետ ծանոթանալուց հետո։
Պատասխանելով այն հարցին, թե ինչը պատճառ դարձավ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ գործունեություն սկսելու համար, երիտասարդ աղջիկը նշեց, որ անձամբ ինքը ոչ թե որպես թուրք, այլ որպես մարդ խղճի հանգստության համար իր պարտքն է համարում այդ ուղղությամբ գործունեություն ծավալելը։ «17 տարեկանում մի հայուհու հանդիպեցի, երբ նրան ասացի, որ Թուրքիայում բավականին հայեր են ապրում, հետաքրքրվեց, թե տեղյա՞կ եմ արդյոք ցեղասպանության մասին։ Այդ ժամանակից սկսեցի հետաքրքրվել, փաստագրական ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ։ Մինչ այդ քրդերի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ ուսումնասիրություններ էի կատարել։ Արդյունքում սկսեցի քննադատել թուրքական մոտեցումները, գաղափարները, վերաբերմունքն այլ ազգերի նկատմամբ, եւ զայրույթ առաջացավ, հասկացա, որ ամեն ինչ ստի վրա է հիմնված եղել, եւ խղճիս առջեւ անհանգիստ էի,- խոստովանեց Այթանը, ապա շարունակեց.- Հասկանալի է, թե ինչու պետությունը չի ճանաչում ցեղասպանությունը, բայց մեր աշխատանքներն ուղղված են թուրք հասարակությանը։ Եթե թուրք հասարակությունն ունենա առերեսման անհրաժեշտության գիտակցումը, ապա պետությունը ստիպված կլինի ինչ-որ չափով հաշվի առնել դա։ Թուրք հասարակության զարգացման առջեւ գտնվող ամենամեծ արգելքը, պատնեշը հենց դա է՝ առերեսվել սեփական պատմության մութ էջերին»։
Սելայ Էրթեմը նշեց, որ կազմակերպության գրեթե բոլոր անդամներն ապրում են արտասահմանում, Թուրքիայում չեն մնացել մարդիկ, որոնք մասնակից են իրենց գործունեությանը։ Երբ դիտարկում է Հրանտ Դինքի սպանությանն անմիջապես հաջորդած 10-15 տարիները եւ այսօրվա իրողությունները, ապա հասկանում է, որ իրենք հետընթաց են ապրել։ Առերեսման անհրաժեշտության գիտակցումը դեռեւս չկա թուրքական հասարակությունում։ «Թուրքականությունը հենց ժողովուրդների գերեզմանի վրա կառուցված ինքնություն է, այդ պետությունը պահպանողը հենց այդ թուրքականությունն է»,- ընդգծեց Էրթեմը։
Կազմակերպության անդամ Էրան Գյունդյուզի խոսքով՝ Ալի Էրթեմի մահից հետո միությունը վերակազմակերպվելու գործընթացում է։ Նա կարեւորեց հատկապես երիտասարդներին այս աշխատանքներում ներգրավելու հարցը, քանի որ ստի դեմ պայքարի հարցում երիտասարդ սերունդը մեծ անելիք ունի։
Նշենք, որ «Միություն ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ ակցիաներ է իրականացնում Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի կամ Գերմանիայում Թուրքիայի այլ ներկայացուցչությունների մոտ՝ հիշեցնելով գործած մեծ ոճիրների մասին։ Նման մեծ ակցիա կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, 2015 թ. ապրիլին Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ։ Մասնավորապես՝ կազմակերպության անդամները, ապրիլի 24-ին նահատակված հայ մտավորականների լուսանկարները բռնած, բողոքի ակցիա իրականացրեցին Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց։ 2019 թ. գարնանը Ալի Էրթեմը եւ միության մյուս անդամները Երեւան էին եկել իրենց զավակների հետ՝ ցանկանալով ցեղասպանությունների եւ մարդկության դեմ գործած մյուս հանցագործությունների դեմ պայքարի ջահը փոխանցել գալիք սերնդին։