Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշակոթող-աղբյուրի բացման փաստից Բաքվում ահաբեկվել են: Հարեւան երկրի արտաքին գործերի նախարարությունը շտապեց հայտարարություն տարածել՝ դատապարտելով հուշարձան-աղբյուրի բացումը: 20-րդ դարասկզբին եւ դարավերջին, ինչպես նաեւ 21-րդ դարում հայ ժողովրդի, մասնավորապես՝ արցախահայության նկատմամբ պատերազմական բազմաթիվ հանցագործություններ կատարած եւ կատարող պետության քաղաքական ղեկավարությունը «Նեմեսիս» գործողությունը որակում է «ահաբեկչական» ակտ:
Մի կողմ թողնենք փաստը, որ ժամանակին Հայոց ցեղասպանությունն ընդունել է հենց քեմալական Թուրքիայի զինվորական դատարանը եւ հեռակա կարգով մահապատժի դատապարտել ցեղասպանությունը կազմակերպած եւ իրագործած պարագլուխներին: Այստեղ էականն այն է, որ, ըստ էության, Բաքվում քաջ գիտակցում են մեր օրերում իրենց կատարած հանցագործությունները եւ մտահոգված են սեփական կաշվի համար: Լիովին օրինաչափ էր, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացնողներին եւ դա այնուհետեւ Բաքվում շարունակողների արդար դատավճիռն ի կատար ածած հայորդիների հիշատակն ու գործը հավերժացնող հուշարձանի բացումը պետք է ցավով ընդուներ հենց մեր օրերի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը:
Բաքուն փորձում է հանիրավի մրոտել մի գործողություն, որը ողջունել են ժամանակի առաջադեմ մարդիկ եւ երկրները: Նույնիսկ Թուրքիայի մշտական դաշնակից Գերմանիայի դատարանն արդարացման վճիռ կայացրեց Թալեաթին գնդակահարած Թեհլերյանի հանդեպ, իսկ Անգլիայի կառավարությունը դեռ այն ժամանակ ձերբակալեց Մալթա աքսորված թուրք մեղսագործներին:
«Նեմեսիս» գործողության ժամանակ մահապատժի ենթարկվեց 20-րդ դարասկզբին Բաքվում հայ բնակչությանը կոտորած ադրբեջանցի պատասխանատուների ճնշող մեծամասնությունը: Այսօր հայորդիների արդար վրեժը որպես «ահաբեկչություն» է փորձում ներկայացնել մի երկիր, որը պետական մակարդակով է ահաբեկչություն իրականացնում արցախահայության նկատմամբ՝ պատերազմական ժամանակ խաղաղ բնակիչներին մորթելու հետ մեկտեղ վարելով հայրենազրկման հստակ գործողություններ: Պաշտոնական Բաքվի գործողություններն այսօր լիովին տեղավորվում են «ահաբեկչություն» ձեւակերպման բոլոր բնութագրիչների տակ:
«Նեմեսիս» գործողության ուղերձն այն է, որ մարդկության դեմ կատարած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ դրանք կատարողները անպայման պետք է պատասխան տան մարդկության գրված եւ չգրված օրենքների առաջ: Մերօրյա պատմությունը փաստագրվում է, եւ տեղեկատվական աննախադեպ հոսքերի դարաշրջանում որեւէ ռազմական կամ մարդկության դեմ գործած այլ հանցագործություն չի կարող թաքցվել: Ցանկացած հանցագործություն, ի վերջո, ունենում է իր տրամաբանական վերջնահանգրվանը, եւ յուրաքանչյուր հանցագործ ստանում է իր արժանի պատիժը: Թերեւս, այդ բացարձակ ճշմարտության առիթով մտահոգությունն է ընկած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության ենթատեքստում:
Նման հայտարարություն է տարածում Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտումների գործողություններ ձեռնարկած պետությունը, իսկ հայրենազրկումը ցեղասպանությանը հավասարազոր գործողություն է միջազգային իրավունքում: Միջազգային իրավունքի նորմերն աղավաղելը պատմություն խեղաթյուրելու գործընթացին նման չէ, որին լծված է Ադրբեջանը, եւ այն սպասված արդյունքների չի հանգեցնի:
Չնայած Հայոց ցեղասպանության կազմակերպիչները ստացել են իրենց արժանի պատիժը, բայց ոճրագործությունը չի ստացել ամբողջական գնահատական: Եթե հանցագործությունը համարժեք գնահատական չի ստանում եւ հետեւանքներ չի ունենում այն իրականացնող սուբյեկտի՝ պետության համար, ապա այն չի կարող ավարտվել:
Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ թյուրքական պետությունների ցեղասպանական գործողությունները շարունակվում են, ինչը փաստեց Թուրքիայի առաջնորդ Էրդողանը, երբ Բաքվում «հաղթանակի զորահանդեսի» ժամանակ հայտարարեց, թե Հայոց ցեղասպանությունն իրականացրած պարագլուխների հոգիները «փառավորվեցին» արցախյան վերջին պատերազմի արդյունքներով: Բայց պատմությունը փաստում է, որ մարդկության դեմ կատարած յուրաքանչյուր հանցագործություն ունի իր հեղինակը, հետեւաբար՝ նաեւ պատասխանատուն: