Հայաստանն ու Արցախը գնալով ավելի են սեղմվում թյուրքական աքցանի մեջ։ Սա հետեւանքն է, իսկ պատճառները շատ են, որոնց մասին նաեւ շատ խոսել ենք։ Բայց հերթական անգամ կուզեինք անդրադառնալ չափազանց կարեւոր մի հարցի, որի տիրույթում բազմաթիվ սխալներ է թույլ տալիս հայկական կողմը։ Մենք դիվանագիտական լեզվի հիանալի հմտությունները չենք օգտագործում, եւ այստեղ արդեն էական չէ՝ գիտելիքի պակասի, թե մտածված չգործածելու գործոնով պայմանավորված։ Կարեւորը փաստն է, իսկ այդ փաստի «արդյունքը» հօգուտ մեզ չէ։ Դիվանագիտական բառամթերքը շարադրության բառապաշարի պես չէ, որ ուզածդ բառի ուզածդ հոմանիշը «դնես»։ Դիվանագիտական լեզվում հոմանիշները նրբերանգներով կարող են այնքան տարբեր իմաստներ արտահայտել՝ կախված թեմայից, բանախոսից ու այն շրջանակից, որի համար «նետվում» է այդ բառը։ Եվ առավելեւս պետք է զգույշ լինել այն բառերի հետ, որոնք առնչվում են Հայրենիքին։
Օրինակ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքների վրա տարբեր պետություններ են հիմնվել, բայց դրանից Հայկական լեռնաշխարհի հայապատկանելությունը չի փոխվում։ Արցախի մեծ մասն այսօր ադրբեջանական կողմից օկուպացված է, բայց դրանից Արցախի հայապատկանելությունը չի փոխվում։ Բերձորի միջանցքը, 2020 թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության տեքստի համաձայն, ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո է. «…Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Բայց սա չի ենթադրում, թե այդ միջանցքը պատկանում է ՌԴ-ին, ինչպես հնչել էր հայկական կողմից։ «Վերահսկողություն» ու «պատկանելություն» բառերը հոմանիշներ չեն, տարբեր իմաստներ ունեն։ Դրանք խառնելն անթույլատրելի է։ Այլ խնդիր է, որ ադրբեջանական կողմն իր քայլերի շնորհիվ, ըստ էության, այս պահի դրությամբ, տիրացել է Լաչինի միջանցքին, բայց դա չի ենթադրում, որ այն ադրբեջանական է։ Իրականում դա նշանակում է, որ Լաչինի միջանցքի իրավունքի ու պատասխանատվության տերը՝ հայկական կողմը, եւ 44-օրյայից հետո վերահսկողը՝ ռուսական կողմը, իրենց գործը լավ չեն անում։ Եվ փոխարենը հաջողում է թյուրքական կողմը։
Մեկ այլ օրինակ. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի հետ հանդիպումից հետո թվիթերում գրառել է, թե հագեցած հանդիպում է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով։ Երբ Ադրբեջանի նախագահն է հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարարին, ասել է, որ «Հայաստանը թույլ չի տալիս Նախիջեւանի հետ միջանցք ստեղծել», «իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից», «Լաչինի միջանցքն օգտագործում է դեպի Ղարաբաղ զենք, զինամթերք եւ զինտեխնիկա տեղափոխելու համար»։ Հիմա եթե նայում ենք հայկական կողմի հետ հանդիպման «հագեցվածությունը» եւ ադրբեջանական կողմի խոսույթը, հարց է ծագում՝ ֆրանսիական կողմի հետ հանդիպումներից հետո ում «հագեցվածությունն» է բավարարվել։
Մյուս օրինակը. Ֆրանսիայի ներկայացուցիչը Հայաստանում ասել է, թե Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, Հայաստանի կողքին է, եւ այս երկրի հետ իրենք շատ բաներ են կապում, եւ իրենք մեր կողքին են կայուն խաղաղության որոնումներում: Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել է, թե Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը Ադրբեջանի «ինքնիշխան իրավունքն է եւ տարածքային ամբողջականության ապահովման միջոց»։ ՀՀ ԳՇ պետը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացրել է, թե սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետեւանքով թշնամին որքան է ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք. «Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60.06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ էին հետապնդում դուրս գալ Ջերմուկ քաղաքի վրա եւ տնտեսական լուրջ հարվածներ հասցնել Հայաստանին։ Ընդ որում՝ 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց քայլերն սկսվել էին 2021-ի մայիսի 12-ից: Այդ ժամանակ գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիա էին Հայաստանի հանդեպ: Հակառակորդի գործողություններն անմիջական հրթիռային, ռեակտիվ, հրետանային, նաեւ ԱԹՍ-ների օգտագործմամբ հարվածներ են հասցրել ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլեւ տնտեսական օբյեկտներին: Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, նաեւ զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչեւ հիմա չի գործում ճոպանուղին: Նրանց գործողությունները ոչ միայն Վայոց ձորի ու Ջերմուկի ուղղությամբ էին, այլ նաեւ Սյունիքի մարզում 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում 2 ուղղություններով, ընդհանուր՝ 5 ուղղությամբ»:
Փաստորեն, ադրբեջանական կողմն անընդհատ հարձակվում է՝ ցույց տալով, որ խաղաղություն չի ուզում, բայց ո՞ւմ են աջակցում «կայուն խաղաղության որոնումներում», իհարկե՝ Հայաստանին: Եթե դուրս գանք դիվանագիտական լարախաղացային լեզվից, ապա՝ միջազգային հանրություն կոչվածը ստիպում է (ոչ թե աջակցում,- Ա. Մ.) խաղաղության գնալ այն կողմին, որն ինքը խաղաղությանը դեմ չէ։ Մինչդեռ պետք է ստիպեին այն կողմին, որ դեմ է խաղաղությանը։ Եթե ստիպում են խաղաղությանը դեմ չեղող կողմին՝ այսինքն՝ մեզ, դա նշանակում է մի բան. ստիպելու են, որ զիջումները նույնպես անի հայկական կողմը։ Իսկ իրականում թյուրքական կողմի ուզածը Հայաստանի միջոցով կապը չէ. Ադրբեջանն ու Թուրքիան այսպես թե այնպես այդ կապն ունեն միմյանց հետ Վրաստանի միջոցով։ Թյուրքական կողմի ուզածը հենց Հայաստանի՛ տարածքով միջանցքն է, հենց Սյունի՛քը եւ, ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության մեկուսացումը։
Այնպես չէ, որ միջազգային հանրույթում հստակ, հասցեական գնահատականներ չկան։ Երբ ապրիլի 27-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը տոնել է թագավոր Վիլեմ Ալեքսանդրի ծննդյանը օրը, միջոցառման ժամանակ Հայաստանում Նիդերլանդների դեսպանը նշել է, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, օկուպացրել տարածքը, իսկ Լաչինի միջանցքը մնում է շրջափակված: Հասցեական ու հայանպաստ հայտարարություններ շատ կան նույն ֆրանսիական կողմից, ԱՄՆ-ից, եվրոպական կողմից եւն։ Բայց այդ հայտարարություններն անգամ մեզ ոչինչ չեն տա, եթե մենք հաշվարկված քայլեր չձեռնարկենք։
Իսկ հաշվարկված քայլն այն է, որ՝ այն, ինչ մերն է, մերն է, եւ զիջման մասին խոսք լինել չի կարող։ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» հիմարության աստիճանի հայրենադավ թեզի հայաստանյան կրողները տեսան, թե այդ «տալու» հետեւանքով ինչ եղավ Հայաստանի հետ։ Եթե շարունակենք «տանք՝ ապրենք»-ի կրողը լինել, հաստատ ստանալու ենք առաջին բաղադրիչը, բայց՝ ոչ երկրորդը՝ տալու ենք ու չենք ապրելու։ Քարշ ենք տալու մեր գոյությունը, մինչեւ… այլեւս տալու բան չունենանք։
Աքսիոմա է՝ մասը զիջողից ոչ թե ուզում են մեկ այլ մաս եւս, այլ պոկում են ամբողջը։ Հիմա մեր որոշելիքն է, մաս առ մաս զիջո՞ւմ ենք, թե՞ պայքարում ամբողջի համար։ Խաղաղություն, միեւնույն է, չի լինելու, իսկ, այ, սուգ լինելու է միշտ։
Այո, սա կարող է ճշմարտության վերջին ճիչը չլինել, բայց դրա համար պետք է լինի պայքար։ Անզիջու՛մ պայքար։