Լաչինի միջանցքում՝ արդեն առանց կեղծ էկոակտիվիստների ադրբեջանական անցագրային կետեր տեղադրելու միջոցով Արցախի շրջափակումը խստացնելու ֆոնին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարության նախաձեռնությամբ անցկացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններ: Արցախը Հայաստանին կապող «կյանքի ուղու» փակումն առաջին հերթին Արցախը հայաթափելու էթնիկ զտման նպատակ է հետապնդում, սակայն այն նաեւ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունավետության առաջին նախադրյալի՝ կառուցողականության ցուցիչին է վերաբերում:
Գերագույն ցանկության դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ բանակցություններում փոխընդունելի լուծումներ կնախանշվեն, երբ կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ պաշտոնական Բաքուն, կոպտորեն ոտնահարում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ անտեսում միջանցքը բացելու բազմաթիվ հորդորներ: Վաշինգտոնյան հանդիպումից առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր խոր մտահոգությունն էր հայտնել միջանցքի փակման եւ անցակետի տեղադրման առիթով: Միջանցքի փակումը դրականորեն չէր ընդունել նաեւ ՌԴ ԱԳՆ-ն: Դատելով բանակցությունների վերաբերյալ տարածվող պաշտոնական հաղորդագրություններից՝ դրանց ժամանակ նույնպես քննարկվող առանցքային հարցերից մեկը Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանքն է:
Այն այս դեպքում առաջնային կարեւորություն է ստանում երկու առումով: Առաջին՝ ցույց է տալու, թե ադրբեջանական կողմը որքանով հետեւողական կլինի ձեռք բերվող պայմանավորվածությունների կատարման հարցում: Երկրորդ՝ թե պաշտոնական Բաքուն որքանով է պատրաստ հարգելու Արցախի ժողովրդի իրավունքները եւ չսպառնալու նրա անվտանգությանը: Վերջին կետն առանձնապես առանցքային է, քանի որ կարգավորվող հակամարտության պատճառն է, եւ եթե այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը շարունակելու է նախորդ դարի 90-ականներից սկսած իր քաղաքականությունը, որը հակամարտության պատճառ դարձավ, ապա անհույս է խոսելը բանակցությունների արդյունավետ արդյունքների մասին:
Այսօր ադրբեջանական կողմը հայտարարում է, թե Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ կվարի միայն վերջինիս՝ իր տարածքում ինտեգրելու համատեքստում: Արցախից բոլոր մակարդակներով հայտարարում են, որ Բաքվի հետ ուղղահայաց հարաբերություններ չեն կարող ունենալ, դրանք կարող են լինել միայն զուգահեռ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ իրար բացառող երկու նման սկզբունքները մոտեցնելու համար փոխզիջում է հարկավոր, իսկ դրա համար անհրաժեշտ են բանակցություններ, քանի որ հանրահայտ իրողություն է, որ 44-օրյա պատերազմը ոչ միան չլուծեց հիմնահարցը, այլեւ ավելի խորացրեց այն: Եթե Բաքուն հրաժարվում է Ստեփանակերտի հետ անմիջականորեն խոսել Արցախի ժողովրդի առաջ քաշած իրավունքների մասին, ապա պետք է ներդրվի կա՛մ միջազգային բանակցային ձեւաչափ, կա՛մ այդ հարցը պետք է ընդգրկվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Վաշինգտոնում ընթացող բանակցություններում, ամենայն հավանականությամբ, չի շրջանցվում նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը՝ Լաչինի միջանցքի բացման խնդրի դիտարկումից բացի: Այդ մասին են վկայում վաշինգտոնյան հանդիպումների վերաբերյալ տարածվող սահմանափակ տեղեղեկությունները: Մասնավորապես՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը բանակցությունների առաջին իսկ օրը հայտարարեց. «Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է: Դա այն է, ինչ մենք փնտրում ենք՝ խաղաղություն եւ կայունություն այս երկու երկրների միջեւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»: Հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ բանակցություններն ընթանում են Արցախի հիմնահարցի համատեքստում կարգավորումների վերաբերյալ, ինչն օրինաչափ է:
Ելնելով այն փաստից, որ վաշինգտոնյան բանակցությունները տեւելու են մի քանի օր, կարելի է ենթադրել, որ դրանցում որոշակի արդյունքներ են նախանշվելու եւ ամրագրվելու: Վերջիններս էլ, իրենց հերթին, փաստում են, որ դրանք անխուսափելիորեն ներառելու են Արցախի ժողովրդի իրավունքները՝ մեծ հավանականությամբ ապագայում վերջնական լուծումներ տալու առնվազն ճանապարհային քարտեզի տեսքով: