ՌԴ-ն Կրեմլի խոսնակի միջոցով կոշտ արձագանքեց Վաշինգտոնում ԱՄՆ նախաձեռնությամբ ընթացող Միրզոյան-Բայրամով բանակցություններին: Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե Արցախի հարցի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան՝ բացառությամբ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների: Այլ կերպ ասած, ՌԴ-ն վաշինգտոնյան հանդիպման մեջ տեսնում է կարգավորման գործընթացից իր հեգեմոնիայի դեմ քայլ, մասնավորապես՝ հայտարարության ենթատեքստը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում մի քանի օր տեւող բանակցությունների արդյունքում կարող է ստեղծվել արցախյան հիմնահարցի կարգավորման նոր իրավական հիմք:
Աշխարհաքաղաքական ներկայիս գործընթացները եւ ԱՄՆ նպատակային գործողությունները թույլ են տալիս ենթադրելու, որ վաշինգտոնյան հանդիպման արդյունքներով ընդունվելու է կարգավորման նոր իրավական փաստաթուղթ՝ այլ ձեւաչափով, ասենք, օրինակ, ճանապարհային քարտեզի տեսքով: Այս առումով Կրեմլի խոսնակի բերանով հնչեցված ռուսական կողմի մտահոգությունները հիմնավորված են, սակայն քննադատության թիրախը սխալ է ընտրված: Եթե Վաշինգտոնում կարգավորման նոր իրավական հիմք ընդունվի, ապա Հայաստանը դրան կգնա միայն մեկ դեպքում, երբ տեսնի, որ իր եւ Արցախի անվտանգային խնդիրների լուծումից է այն բխում: Վերջինս էլ իր հերթին կարող է պայմանավորված լինել իրավիճակի՝ գործող անվտանգային իրավական հիմքերի թերի լինելով կամ բացակայությամբ, եւ նորը կլրացնի այդ բացը:
Այլ կերպ ասած՝ կարգավորման նոր իրավական հիմքերի անհրաժեշտությունը կարող է հիմնավորվել, մեղմ ասած, միայն գործող փաստաթղթերի անկիրառելիությամբ: 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը հետեւողականորեն քայլեր է ձեռնարկում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը հերթով չեղարկելու ուղղությամբ, որի վերջնական հանգրվանը Լաչինի միջանցքի փակումն է: Հետեւաբար, հակամարտության կարգավորման նոր կամ արդեն ՌԴ-ի նախաձեռնածին մրցակցող ԱՄՆ-ի նախաձեռնությամբ լրացուցիչ իրավական հիմքի ի հայտ գալու համար մեղադրանքները պետք է ուղղվեն ոչ թե Հայաստանին ու ԱՄՆ-ին, այլ առաջին հերթին Ադրբեջանին, որն իր հետեւողական քայլերով չեղարկում է եռակողմ հայտարարությունն ու դրան հաջորդած ընդունված փաստաթղթերը, եւ հենց Կրեմլին, որը գործուն քայլեր չի անում գոնե Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ: Հայտնի ռուսական ասացվածք կա. «Սուրբ տեղը դատարկ չի մնում», հետեւաբար, ցանկացած վակուում օրինաչափորեն առաջ է բերում այն լցնելու հրամայական:
Հայաստանն այս իրավիճակում առաջնորդվում է իր անվտանգային համակարգում առաջացած բացերի փակման գործողություններով՝ զուգահեռ փորձելով լուծել Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերը: Այն ցանկացած պետության գոյության կենսական պահանջ է եւ չի նշանակում, թե Երեւանը դեմ է գործող եռակողմ հայտարարություններին: Հակառակը՝ այսօր Հայաստանը, թերեւս, միակ պետությունն է, որը հետեւողական է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու հարցում, թեեւ այն հայ ժողովրդի երազած փաստաթուղթը չէ, բայց Ադրբեջանի գործուն ջանքերով եւ ՌԴ ոչ գործուն հակաքայլերի պատճառով արդյունքների չի հասնում, հետեւաբար, խաղաղության լրացուցիչ մեխանիզմների ներգրավումը հայկական կողմի համար օրախնդիր է դառնում:
Գործընթացների այս համայնապատկերում հայկական կողմի համար առաջնային է, որ տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը միտված ցանկացած նախաձեռնություն կամ հնարավոր փաստաթուղթ ոչ թե հակադրվի արդեն գոյություն ունեցողին, այլ լրացնի միմյանց: Սա առաջնային գերխնդիր է, քանի որ հակառակ դեպքում տարածաշրջանային կարգավորման գործընթացը կտեղափոխվի ՌԴ-Արեւմուտք հակադրությունների եւ պայքարի տիրույթ, ինչը չի կարող դրական արդյունքներ ապահովել ընթացող կարգավորումների համար՝ մեծացնելով տարածաշրջանի ապակայունացման ռիսկերը: