Ընթացիկ տարվա պետբյուջեով «Բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում եւ պահպանում» ծրագրի «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման մասով նախատեսված է 118 163.2 հազար դրամ, որի դիմաց նախատեսված է մաքրել 155 հա տարածք։
Մինչդեռ նշված ցուցանիշները, ըստ շրջակա միջավայրի նախարարության (ամբողջ տեղեկությունը պետական այս գերատեսչությանն է՝ առանց մեկնաբանության,- Ա. Մ.), կրկնում էին նախորդ տարվա նույն ցուցանիշները, որոնց համար մինչ օրս հիմք են եղել 2019-2021 թթ. համար նախատեսված շրջակա միջավայրի նախարարության «Անտառային մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմած նախագծա-նախահաշվային փաստաթղթերը։ «Հաշվի առնելով նախորդ տարիներին կատարված մաքրման աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները՝ անհրաժեշտություն առաջացավ ձեռք բերել Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար անտառների գույքագրման նոր խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ նոր նախագծային աշխատանքներ»,- նշում է ՇՄՆ-ն: Այդ նպատակով նախարարության կողմից 2022 թ. 48800.0 հազար դրամ բյուջետային վերաբաշխմամբ ձեռք բերվեցին նոր նախագծային փաստաթղթեր, համաձայն որոնց` մինչեւ 1901.5 նիշն ընկած ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքները կազմում են 857.85 հա, իսկ աշխատանքների իրականացման համար պահանջվող գումարը՝ 453071.61 հազար դրամ։
Միաժամանակ 2023 թ. պետբյուջեի «Սեւան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների կատարում» միջոցառման շրջանակներում «Սեւան» ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից նախատեսված է 89 հա ջրածածկ անտառտնկարկների մաքրում՝ մոտ 128.1 մլն դրամ գումարի չափով, որի համար նույնպես հիմք են ծառայել 2019-2021 թթ. նախագծա-նախահաշվային փաստաթղթերը։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել ֆինանսական միջոցների վերաբաշխում, ինչպեսեւ՝ մաքրման ենթակա տարածքների ծավալների վերանայում (կառավարության երեկվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկով հենց այս խնդիրն էր դրված)։
2023 թ. հիմքում ունենալով նոր նախագծային փաստաթղթերը՝ նախատեսվում է «Սեւան» ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից մաքրել Փամբակ եւ Ախթամար տեղամասերը՝ ընդհանուր 28.06 հա, որի համար անհրաժեշտ գումարը կկազմի 37.7 մլն դրամ։ Այս ցուցանիշի ընտրության համար հիմք են դարձել ազգային պարկի տեխնիկական համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմների առկայությունն ու դրանց հնարավորությունը, որոնք ձեռք էին բերվել 2021 թ. «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված գումարի վերաբաշխման հետեւանքով, եւ մեկ միավոր տեխնիկա տրամադրվել էր «ԵՄ-ն Սեւանի համար» ծրագրի շրջանակներում։
«Սեւան» ԱՊ» ՊՈԱԿ-ին 2023 թ. պետբյուջեով հատկացված 431.9 մլն դրամ դրամաշնորհի՝ Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով նախատեսված 128.1 մլն դրամ գումարից՝ 1. մոտ 77.5 մլն դրամը կուղղվի «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառմանը՝ կապալառուի կողմից 7 տեղամասում ընդհանուր 395.0 հա աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Կապալառուի ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով, 2. մոտ 11.2 մլն դրամը կուղղվի «Սեւան» ԱՊ» ՊՈԱԿ-ի «Նորաշեն» արգելոցի կահավորմանը (ապրանքների գների ձեւավորման համար հիմք են ընդունվել տվյալ ապրանքների շուկայական գործող գները), 3. մոտ 1.6 մլն դրամը կուղղվի «Նորաշեն» արգելոցի 300 գծմ ցանկապատի ընթացիկ վերանորոգմանը։
ՇՄ նախարարությունը նշում է, որ «Նորաշեն» արգելոցի համար 2022 թ. հուլիսի 6-ից սահմանվել է մուտքավճար՝ կիրառելով ծառայությունների մատուցման նոր մոտեցում։ 2022 թ. «Սեւան» ԱՊ» ՊՈԱԿ-ի մուտքերն ավելացան շուրջ 5.0 մլն դրամի չափով՝ ապահովելով ավելի քան 3000 այցելու։ Հիմա արգելոցի տարածքն ունի կահավորման «խիստ անհրաժեշտություն»։
ՇՄՆ-ն համոզված է՝ «տարածքի առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից առաջնահերթ խնդիր է կահավորման հարցը։ Միջոցառման իրականացման արդյունքում կապահովվի այցելուների թվի կրկնակի աճ եւ «Սեւան» ԱՊ» ՊՈԱԿ-ի մուտքերի ավելացում ավելի քան եւս 5.0 մլն-ով։ Ստացված եկամուտները կուղղվեն պարկի բնականոն գործունեության բարելավմանը»։
Հարցը քննարկվել եւ համաձայնեցվել է ֆինանսների նախարարության հետ։ Ակնկալվում է 2023 թ. Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների ընդհանուր 556.8 հեկտար մաքրված տարածք ունենալ։ Որոշման ընդունմամբ պետբյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ նախատեսված չեն: