Հայաստանի հարցում Թուրքիայի մոտեցումները հստակ են եւ անմիջականորեն առնչվում են «մեծ թուրան» նախագծին։ Այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին «TRT World»-ում հրապարակված հոդվածում անդրադարձել էր տարածաշրջանային զարգացումներին՝ Հայաստանի մասով մոտեցումները փաթեթավորելով «հարաբերությունների լիարժեք կարգավորում» տրամաբանության մեջ։ Հատկանշական է, որ հարաբերությունները դիտարկվում են եռանկյան ձեւաչափով, այսինքն՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչը հերթական անգամ արձանագրում է, որ Հայաստանի վերաբերյալ բոլոր գործողությունները փոխկապակցված են Ադրբեջանի հետ եւ արտահայտում են այդ երկու հանցագործ պետությունների եւ նրանց ղեկավարների օրակարգը։
Հոդվածում երկու առանցքային հարց է քննարկվում, որոնցից մեկը տարիներ շարունակ Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված նախապայման է եղել։ Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցը այսպես ասած «պատմաբանների» հայեցողությանը թողնելուն, պատմական անցյալ, որի արյունոտ հետքը հանգիստ չի տալիս ցեղասպան թուրքի այսօրվա հետնորդներին։ Ձեռնպահ կմնանք Թուրքիայի պաշտպանության նախարարի պատմական փաստերն ու իրողությունները խեղաթյուրելուն ուղղված հայտարարություններն ու «եզրակացությունները» մեջբերելուց, սակայն պետք է շեշտենք, որ դրանք արտահայտում են ավելի քան մեկ դար ձգվող թուրքական ժխտողական քաղաքականությունը։ Իրականում «պատմաբանների համատեղ հանձնաժողովի» ստեղծումը ճահիճ կդառնա, որտեղ կթաղվի ճշմարտությունը։ Ի դեպ, այս օրերին Անկարայում անցկացվում է խորհրդաժողով, որտեղ քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ընդհանրապես բարձրաձայնման դեմ պայքարելու համար ուղեցույց մշակելու հարցը։
Ցեղասպանությունը մեկանգամյա գործողություն չէր, այն շարունակական գործընթաց է, որը անպատժելիության պատճառով չի կանխվում առայսօր: Նկատենք, որ խնդիրը միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցը չէ։ Անպատժելիությունն ու ժխտողականությունը նպաստել են, որպեսզի առաջադեմ համարվող 20-21-րդ դարերում տեղի ունենան այլ ժողովուրդների ցեղասպանություններ եւս։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանն իր հոդվածներից մեկում գրում է. «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վերածվել է հսկայական «արդյունաբերության», որը հիմնված է գիտական անազնվության, կեղծ տեղեկատվության, քաղաքական ճնշումների ու սպառնալիքների վրա եւ ֆինանսավորվում է թուրքական իշխանությունների կողմից»։ Այդ կերպ թուրքական իշխանությունները նախեւառաջ փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ առաջնորդվելով ռասիզմի եւ հայատյացության շարժառիթներով։ Նույն գործելաոճը նկատվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ Գ. Սթենթոնն առանձնացնում է ցեղասպանության գործողության 10 փուլ. ժխտումը ցեղասպանության 10-րդ փուլն է, որը մշտապես հաջորդում է յուրաքանչյուր ցեղասպանության: Բազմաթիվ գիտնականներ կարծում են, որ հայտնի ցեղասպանությունների ծրագրված ժխտումը վտանգավոր գործողություն է եւ պետք է հավասարեցվի իրական ցեղասպանության անմիջական կամ ոչ անմիջական աջակցության հետ։ «Կազմակերպված, կանխամտածված ժխտումն ագրեսիայի ձեւ է, որը պետք է դիտվի որպես աջակցություն իրականացված ցեղասպանությանը»,- գրում է Գզոյանը: Թե ինչպես է ցեղասպանության ժխտումն ուրիշների հանդեպ բռնություն, անդրադարձել է հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին, մասնավորապես՝ նա նշում է, որ ցեղասպանության ժխտումը թաքցնում է հանցագործության սահմռկեցուցիչ բնույթը եւ արդարացնում դրա մեղավորներին: Այս գաղափարն այնուհետեւ արծարծվել է Հոլոքոստը վերապրած Դեբորա Լիփշտադի կողմից, ըստ որի՝ ցեղասպանության ժխտման նպատակն է վերաձեւել պատմությունը` հանցագործներին արդարացնելու եւ զոհերին մեղադրելու համար: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքն ու հետագա տարիները ապացուցեցին, որ ժխտումն իրապես վտանգ է ներկայացնում, քանի որ պարարտ հող է դառնում անցյալի հանցագործությունների վերստին նյութականացման համար։
Վերադառնալով Հայոց ցեղասպանության հարցը «պատմաբանների» հայեցողությանը թողնելու թուրքական առաջարկին՝ ընդգծենք, որ աշխարհի բազմաթիվ երկրների կողմից արդեն իսկ ճանաչվել է, իսկ որոշ երկրներում ժխտումը քրեորեն պատժելի է համարվում։ Այդպիսով՝ ցեղասպանության ժխտումը զուտ պատմական տիրույթից անցնում է նաեւ իրավական դաշտ։ «Ցեղասպանության ժխտման դեպքում դատարանի դերը պատմական ճշմարտությունը քաղաքական քարոզչությունից տարանջատելն է: Հենվելով այս տրամաբանության վրա` ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ որոշ երկրների ներպետական օրենսդրությունները քրեորեն պատժելի են համարում ցեղասպանության, ինչպես նաեւ մարդկության դեմ իրականացված եւ պատերազմական այլ հանցագործությունների ժխտումը»,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրենը: Հետեւաբար, պատմությունը խեղաթյուրելուն եւ սեփական ժխտողական գիծը առաջ տանելուն ուղղված թուրքական առաջարկն ապտակ է ոչ միայն Հայաստանին եւ հայությանը, այլեւ միջազգային հանրությանն ու միջազգային իրավունքին։
Ինչ վերաբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի հոդվածում Հայաստանին առնչվող մյուս առանցքային խնդրին, ապա կրկին բարձրաձայնվում է «թուրանական միջանցք» կամ «մեծ թուրան» ստեղծելու էրդողանյան երազանքի հարցը։ Այսպիսով Հայոց ցեղասպանության ժխտումը հեռանկարային կտրվածքում, իսկ «թուրանական միջանցքի» ստեղծումն արդեն անմիջական սպառնալիք է՝ ուղղված հայոց պետականությանը։