Երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած ծանրագույն մարտահրավերները հաղթահարելու եւ երկարաժամկետ, կայուն լուծումներ գտնելու, այդ լուծումների շուրջ համընդհանուր համահայկական գիտակցություն եւ փոխըմբռնում ձեւավորելու նպատակով դեռեւս 2021 թ. «Ապագա հայկականը» նախաձեռնությունը սկսել էր 15 համահայկական նպատակների մշակումը։ Այդ նպատակներն ավելի առարկայական դարձնելու եւ միս ու արյուն հաղորդելու նպատակով. «Ապագա հայկականի» գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի խոսքով, նախաձեռնեցին աննախադեպ գործընթաց հայկական իրականության մեջ եւ որդեգրելով միջազգային մասնակցային ժողովրդավարության հայտնի մոդելներից մեկը՝ քաղաքացիական ասամբելան, որոշեցին անցկացնել նախ փորձագիտական, ապա նաեւ քաղաքացիական քննարկումներ։ Վերջինս «Ապագա հայկականի» համաժողովն է, որն անցկացվեց այս տարվա մարտի 10-12-ը Երեւանում։
Հայաստանի ամերիկյան համալսարանի գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում մայիսի 19-ին տեղի ունեցավ «Ապագա հայկականի» առաջին համաժողովի արդյունքների ամփոփումը, ներկայացվեց ամփոփիչ զեկույցը, ինչպես նաեւ հանդիպում եղավ նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանի եւ Արթուր Ալավերդյանի հետ։ Նախաձեռնության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Ռիչարդ Ազարնիան, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը միացան առցանց՝ համապատասխանաբար Արցախից, Ֆրանսիայից եւ Իտալիայից:
Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Արցախի հետ կապված հարցերը մեծ ազդեցություն են թողնելու ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ հայկական աշխարհի վրա։ Նա վստահություն հայտնեց, որ այդ ճանապարհը պետք է միասին անցնենք, որովհետեւ Արցախի անվտանգությունը եւ անկախությունը պաշտպանելը միայն արցախցիների խնդիրը չէ։ «Տասնյակ տարիներ Նուբար Աֆեյանի հետ փորձում ենք քննարկել ոչ միայն այսօրվա, այլեւ երկարաժամկետ խնդիրներն ու մեր առջեւ կանգնած մարտահրավերները։ Երբ սկսեցինք 2020-ի ծրագիրը, շատերը հարցնում էին, թե ինչպես կարելի է երկարաժամկետ խնդիրների մասին խոսել, երբ այսօ՛ր շատ խնդիրներ ունենք։ Արցախում պարզ երեւաց, թե որքան կարեւոր է այն միտքը, գաղափարը, երբ երկարաժամկետ կտրվածքով ես նայում քո առջեւ կանգնած նպատակին հասնելու ճանապարհին։ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը շատ կարեւոր էր հատկապես պատերազմից հետո, այն ցույց տվեց, որ մեր հասարակության մեջ իսկապես այդ գաղափարների շուրջ քննարկումներ կազմակերպելու, համախմբվելու, իրավիճակը հասկանալու խնդիր կա։ Մենք կանգնած ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ, երբ զուգահեռ երեք մեծ փոփոխություններ են տեղի ունենում՝ տեխնոլոգիաների հետ կապված, պայքար ռեսուրսների համար եւ քաղաքակրթական պայքար։ Առանց երկարաժամկետ նպատակների եւ դրանց շուրջ քննարկումների շատ դժվար է համախմբվել»,- ասաց նա՝ շեշտելով, որ ամենակարեւորը անտարբեր չլինելն է: Վարդանյանը հավելեց, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետք է պայքարել ազգովի, ու պայքարը միայն զենքով չէ, այլեւ խոսքով եւ բոլոր այն գործողություններով, որոնցով կարող ենք աջակցել Արցախին։ Արտակ Ապիտոնյանը ցավով նկատեց, որ մի կողմից Արցախում մեր հայրենակիցները ֆիզիկական անվտանգության սպառնալիքի առջեւ են, սահմանամերձ շրջաններում զինվորը եւ խաղաղ բնակիչը թշնամու ուղիղ նշանառության տակ են, բայցեւ միեւնույն ժամանակ հանրության մի հատվածն անհաղորդ է այդ ամենին։
Համաժողովի ամփոփիչ զեկույցի համահեղինակ, համաժողովի կազմակերպման գործում խորհրդատվություն տված բրիտանական OSCA եւ ISWE ընկերությունների նախագահ Ռիչարդ Ուիլսոնի խոսքով՝ իր համար հետաքրքիր փորձառություն էր հայաստանյան համաժողովը. «Հայաստանում աշխատելով՝ միանգամայն հստակ դարձավ, որ անվտանգության հարցերը, մարտահրավերներն ու ծրագրերն ազդում են ամբողջ աշխարհի վա։ Տեղականն այսօր գլոբալ է դարձել եւ գլոբալը՝ տեղական։ Արդեն ջնջվում են տարբերության սահմանները։ Նախկիններից (այլ երկրներում անցկացված քաղաքացիական ասամբլեաները.- խմբ.) ոչ մեկը նման չէր հայկականին, քանի որ սա ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլեւ սփյուռքը։ Այլ երկրներում հետաքրքրվում են հայաստանյան փորձով։ Սա շրջադարձային, պատմական պահ էր»։
Ռիչարդ Ուիլսոնի համար հայկական համաժողովի մյուս առանձնահատկությունն այն էր, որ որեւէ այլ տեղ քաղաքացիական ասամբլեան կարող էր անմիջականորեն ենթակա լինել անվտանգային սպառնալիքներին։ «Անհավատալիորեն ազդված էի այս գործընթացից, երբ տեսա օրակարգը եւ Եռաբլուրը։ Ժնեւում մյուս շաբաթ ներկայացնելու եմ այս ամենը։ Ձեր մարտահրավերները իրական են, սուր եւ անմիջական»,- ասաց նա՝ ընդգծելով, որ փորձելու են ստեղծել ենթակառուցվածքներ, հաստատություններ, որոնց օգնությամբ հայկական հնագույն քաղաքակրթությունը կկարողանա պահպանել գոյությունը։ Նշենք, որ կազմակերպությունն աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մակարդակով կազմակերպել է մի շարք քաղաքացիական ասամբլեաներ։
Արթուր Ալավերդյանի համար ոգեւորիչ էր համագործակցային մթնոլորտում կայացած քննարկումը։ Նրա խոսքով՝ համաժողովի մոդելը՝ որպես միասին որոշումներ կայացնելու նոր ձեւաչափ, աշխարհում բարդագույն մարտահրավերներին ի պատասխան նոր ձեւավորվողներից է. «Քսաներկու երկրներից մասնակիցներ կային եւ բոլորն ուժով ու եռանդով էին մասնակցում։ Համաժողովը ցույց տվեց, որ այդ նորարարական մոտեցումը մեզ մոտ աշխատում, է եւ հակառակ կարծիքներ ունեցող մարդիկ կարող են բարդ խնդիրների շուրջ գալ միասնական որոշման։ Այդ մոդելը պետք է շարունակվի։ Համաժողովն ընդամենը երեք խնդիրների շուրջ էր, բայց դեռ ունենք մյուս հարցերը, որոնք նույնպես պետք է քննարկենք»։
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, պատասխանելով հայության պառակտվածության մասին հարցին, ասաց, որ համահայկական երկխոսության հիմնական խթանիչ ուժը կարող է լինել բոլորիս սերը հայրենիքի հանդեպ, եւ որ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը փորձել է ստեղծել դրան նպաստող միջավայր. «Փորձագիտական քննարկումներում ընդհանուր եզրեր գտնելը դժվար չէր։ Տարբեր վայրերից տարբեր մտածելակերպ, տարբեր դաստիարակություն ունեցող անհատները միատեղ կարողացան ազատ, քաղաքավարի եւ խաղաղ մթնոլորտում արտահայտել եւ քննարկել սեփական կարծիքները, մտքերն ու գաղափարները։ Եվ ամենակարեւորը՝ ընդհանուր մոտեցումներ ընդունվեցին եւ ներկայացվեցին համաժողովին»։
Ռիչարդ Ազարնիան այս պահին ամենակարեւորը համարում է միավորվելը։ Միայն համատեղ ջանքերով, ռեսուրսներով, գիտելիքներով է հնարավոր կյանքի կոչել «Ապագա հայկականի» մատնանշած բոլոր 15 կետերը. «Համաժողովի ընդունած գաղափարներին միասին պետք է հետեւենք, որովհետեւ դրանք մեր հավաքական գաղափարներն են»։
Նուբար Աֆեյանի համոզմամբ՝ ապագայում ինչպես ամբողջ մարդկության պարագայում է, մեզ դատելու են մեր արածների եւ չարածների համար. «Երբ խոսում ենք ապագայի մասին, պետք է գիտակցենք, որ մեզ էլ են դատելու։ Մեզ դատելու է ոչ թե ինչ-որ վերին ուժ, այլ մեզ դատելու են ապագայի այն մարդիկ, ում մենք փոխանցում ենք մեր արածն ու արածի հետեւանքները։ 22 տարի Ռուբենի հետ աշխատում ենք, որպեսզի նախաձեռնենք ապագայի մասին երկխոսություն, հա՛յ լինելու ապագայի մասին։ Մեզ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ ենք մտածում ապագայի մասին՝ խորհուրդ տալով մտածել ներկայի մասին, որտեղ շատ խնդիրներ կան։ Ըստ այդ մարդկանց՝ ապագան էական չէ ներկայի հետ համեմատած, եւ երբ ներկան լավը լինի, կմտածենք նաեւ ապագայի մասին։ Դա իրականում աշխարհի թյուրըմբռնում է, քանի որ եթե ներկայի հրատապության մեջ չենք կարող քննարկել, երեւակայել մի ապագա, որին բոլորս կարող ենք մեզ մասնակից զգալ, եւ ապագա, որի համար արժի ներդրումներ, զոհողություններ, փոխզիջումներ անել, որոնք անհրաժեշտ են այդ ապագային հասնելու համար, ապա մենք կմնանք կանգնած ներկայում։ Ընդհակառակը, նույնիսկ անցյալ կվերադառնանք։ Ապագան կանխորոշված է լինելու այսօրվա մեր արարքներով»։
Համաժողովն ազգային օրակարգով համահայկական քաղաքացիական երկխոսության, ազգի ապագան միասնաբար լուծելու առաջին փորձն էր։ Եռօրյա քննարկումների ընթացքում կայացված գլխավոր որոշումներից էին Հայաստանի եւ սփյուռքի համար գործարարների համագործակցության ցանց, հայկական ժառանգության միասնական ցանկ ստեղծելու, ինչպես նաեւ ներգաղթի կազմակերպման ու քարոզչության գործակալություն ստեղծելու առաջարկները։ Իսկ ամենաազդեցիկ քվեարկությունը վերաբերում էր Արցախին, մասնակիցների 92,7 տոկոսն այն համարում է համայն հայության խնդիրը («ՀՀ»-ն համաժողովին անդրադարձել է մարտի 10-ի եւ 14-ի համարներում)։ Համաժողովի ընթացքում բազմաթիվ ծրագրային առաջարկներ են հնչել բոլոր երեք ուղղություններով։
Համաժողովի ձեւաչափով շարունակվելու են քաղաքացիական քննարկումները երկրի եւ ազգի կենսական մարտահրավերներին դիմակայելու լուծումներ փնտրելու ուղղությամբ: Զուգահեռաբար ջանքերը կենտրոնացած են լինելու ինստիտուցիոնալ գործողությունների իրականացման, համագործակցային ցանցի ակտիվացման, ինչպես նաեւ կառավարման մեջ քաղաքացիական ներգրավվածության ավելացման վրա: Կազմակերպիչները վստահ են, որ համաժողովը ձեւավորել է համահայկական միասնականության յուրօրինակ նախադեպ, որն ապացուցեց նորարարական խորհրդատվական փորձի առավելությունը եւ բացահայտեց հայության հավաքական միտքն ու ներուժը՝ առկա մարտահրավերները հավաքականորեն լուծելու գործում: Համաժողովի արդյունքների ներկայացումից հետո միջոցառման մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին նախաձեռնության հիմնադիրներին։