Հայկական կողմն արձանագրում է, որ վերջին բանակցությունների ընթացքում խաղաղության փաստաթղթի երկու կետի վերաբերյալ դրական արդյունքներ են գրանցվել: Հատկանշական է, որ այդ մասին հայտարարվում է Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ ՀՀ ԱԳ նախարարի համատեղ ասուլիսում: Գաղտնիք չէ, որ անգլիական խոշոր նավթավերամշակող եւ հանքարդյունահանող ընկերությունը զգալի մասնաբաժիններ ունի ադրբեջանական նավթագազային, հանքային արդյունաբերության ոլորտներում, եւ այդ պետությունն ավանդաբար սերտ գործընկերային հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ: Ավելորդ չէ հիշեցնելը, որ նույնիսկ բոլշեւիկյան հեղափոխությունից հետո խորհրդային Ադրբեջանից նավթը շարունակել է արտահանվել Անգլիա:
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ, բնականաբար, շեշտադրվել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, որի շրջանակներում էլ վերջինս հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի երկու կետի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, իսկ որոշների մասով մոտեցվել են կողմերի դիրքորոշումները: Հայաստանի ԱԳ նախարարը բրիտանացի նախարարի հետ քննարկել է Մեծ Բրիտանիայի հնարավոր միջնորդական առաքելության իրականացման հարցերը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից բացի, նաեւ հումանիտար հարցերում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ: Նա նաեւ նշել է, որ խաղաղության փաստաթղթում դեռ կան կետեր, որոնց վերաբերյալ կարծիքների մոտեցման հարցում առայժմ դրական արդյունքներ չկան:
Այստեղ պարզ է, որ չհամաձայնեցված կետերի մասին խոսելիս փաստվում են բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Այս առումով Բաքվին իրականություն վերադարձնելու համար առաջնային նշանակություն ունեն միջազգային համապատասխան կառույցների գործողությունները, իսկ Ադրբեջանում տնտեսապես ահռելի ներկայություն ունեցող Մեծ Բրիտանիայի ակտիվությունը կարող է էական առաջընթաց ապահովել այդ խնդրում: Իսկ այն, որ վերջինս պետք է շահագրգռված լինի տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, առաջին հերթին բացատրվում է տարածաշրջանում ունեցած իր տնտեսական խոշոր շահերով: Տարածաշրջանի՝ նոր ծավալով ապակայունացումը, որին իր ապակառուցողական պահվածքով նպաստում է ադրբեջանական կողմը, լուրջ վտանգ է ներկայացնելու նաեւ բրիտանական ընկերությունների համար, եւ տրամաբանական է, որ վերջիններս պետք է լոբբինգ անեն Բաքվին կառուցողականության դաշտ բերելու հարցում:
Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող պետության հետ համագործակցության խորացումը տրամաբանորեն պետք է միայն դրական ազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա: Մյուս կողմից էլ Լեո Դոքերթիի այցը պետք է դիտարկել առաջին հերթին տարածաշրջանային այս գործընթացների համատեքստում: Հատկանշական է, որ բրիտանացի նախարարը Երեւանում հաստատեց նաեւ իր երկրի պատրաստակամությունը հարաբերությունների կարգավորման հարցում: Վերջինս հայտարարեց, որ իր պետությունը ռազմավարական երկխոսություն է սկսելու Հայաստանի հետ, որի մեկնարկը կտրվի տարվա երկրորդ կեսին:
Միանշանակ է, որ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը կդիտարկվի նաեւ ուկրաինական հակամարտության ֆոնին, առավել եւս, որ այն վերաբերում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող պետությանը, բայց Հայաստանի համար այստեղ առաջնայինը տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումն է, ինչին հասնելու հարցում շոշափելի արդյունք գրանցելու համար Երեւանը պարտադրված է դիտարկել բոլոր միջոցները եւ հնարավոր միջնորդներին: Այն բխում է ՀՀ ազգային անվտանգության շահերից: