Հիմա հաճախ է խոսվում բանկերի կողմից վարկառուներին վարկերը ներելու մասին։ Ինչ խոսք, շատերի համար է դա հաճելի։ Բայց արդյո՞ք չի խախտվի երկրի ֆինանսական (իմա՝ բանկային ոլորտ) վիճակը, կամ՝ ի՞նչ ձեւով է դա պետք անել եւ ի՞նչ ռիսկեր կան։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումը «ՀՀ»-ն ստացավ տնտեսագետ Կարեն Սարգսյանից։
«Այո, պետք է փաստել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, ի թիվս այլ գործոնների, լուրջ բացասական ազդեցություն է գործում բնակչության կողմից վարկերի վերադարձելիության հիմնախնդիրը,– ասաց նա:- Տնտեսական անորոշություններով պայմանավորված՝ տնտեսապես անապահով բազմաթիվ քաղաքացիներ չկարողանալով հաշվարկել իրենց ֆինանսական հնարավորությունները՝ ձեռներեցությամբ զբաղվելու, ընթացիկ պարտավորությունները մարելու կամ կենցաղային հոգսերը հոգալու նպատակով դիմեցին առեւտրային բանկերին եւ վարկային կազմակերպություններին՝ վարկեր ստանալու համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանում վարկերի տոկոսադրույքները զգալի բարձր են այլ երկրների համեմատ, ուստի մայր գումարի եւ տոկոսադրույքների մարումը մեծ ֆինանսական բեռ է քաղաքացիների համար: Արդյունքում, Հայաստանում համատարած բնույթ են կրում այն դեպքերը, երբ վարկառուն դիմում է նոր վարկ ստանալու՝ նախորդը մարելու համար, իսկ բավարար եկամուտ չունենալու պարագայում սա փաստացի հանգեցնում է անվերջ վարկային բեռի ավելացման: Վերը նշվածի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն չունենալով ժամանակին մարելու վարկային ժամանակացույցով նախատեսված գումարները՝ բացի մայր գումարի ու տոկոսների գումարներից՝ կուտակել են նաեւ բավականաչափ տույժեր ու տուգանքներ, որոնք նույնպես զգալի գումար են կազմում եւ ավելի են մեծացնում վարկառուի ֆինանսական բեռը: Հայաստանում գործող օրենսդրության համաձայն՝ այն վարկերը, որոնց գծով խախտվել է վարկային պայմանագրով սահմանված վճարման ժամանակացույցը, դասակարգվում են, եւ այդ խնդրահարույց վարկառուները հայտնվում են առեւտրային բանկերի «սեւ ցուցակում», ինչը վերջիններիս զրկում է հետագայում նոր վարկեր ստանալու հնարավորությունից»:
Տնտեսագետը բացատրում է, որ վարկերի համաներումն ընդհանուր առմամբ մի ծրագիր է, որի նպատակն է՝ բարելավել վարկառուների ֆինանսական վիճակը։ Վարկային համաներման շրջանակում կարող են իրականացվել հետեւյալ միջոցառումները. ժամկետանց վարկերի տոկոսադրույքների նվազեցում, վարկերի ուշացման համար գանձվող տույժերի ու տուգանքների վերացում, վարկի վերադարձելիության ժամկետի երկարաձգում, սկզբում վարկի մայր գումարի ամբողջական մարում եւ այնուհետ նոր միայն տոկոսների վճարում, վարկային դրական պատմության վերականգնում: Կ. Սարգսյանը, խոսելով համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային արձակուրդների կամ վարկային պայմանների այլ կերպ վերանայումների մասին, նկատեց. «Սա բնականաբար ամբողջական եւ համատարած վարկային համաներում չէր, սակայն այս կերպ եւս փորձ կատարվեց մեղմել վարկառուների ֆինանսական վիճակը»։
Մասնավորապես, անցած տարվա հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ, վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր: Բայց եթե տոկոսային հարաբերակցությամբ ներկայացնենք, ապա վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30 տոկոսը։ 2020 թ. վերջի դրությամբ վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 4.1 տրիլիոն դրամ։ Վարկային պորտֆելի շուրջ 40 տոկոսը կազմում են մանրածախ վարկերը, այդ թվում սպառողական եւ հիփոթեքային։ Ընդ որում՝ սպառողական վարկերի ծավալը մոտ 1.1 տրիլիոն դրամ է, իսկ հիփոթեքային վարկերինը՝ մոտ 500 մլրդ դրամ։ Խնդրահարույց կամ չաշխատող վարկերի ցուցանիշը վերջին տարիներին 4-5 տոկոսի միջակայքում է։ Այսինքն, մոտավորապես շուրջ 200 մլրդ դրամի չափ։
«Սա բավական մեծ գումար է,- շեշտեց մեր զրուցակիցը,- որի վրա համաներում տարածելու դեպքում՝ կամ պետությունն իր վրա պետք է վերցնի այդ գումարի փոխհատուցումը, կամ առեւտրային բանկերը պետք է դա վերցնեն իրենց վրա, որի տվյալ պահին համատարած կերպով իրականացումը, կարծում եմ, իրատեսական չէ»։
-Ո՞րն է ճիշտ, վարկի ինչ-որ շեմ սահմանելն ու ներե՞լը, այսինքն՝ համընդհանո՞ւր, թե՞ անհատական մոտեցումը։
-Իրականում վարկային համաներման ծրագրի շրջանակում, ինչպես արդեն նշեցի, կարող են իրականացվել բազմաթիվ միջոցառումներ, որոնցից անհրաժեշտ է ընտրել Հայաստանի Հանրապետության համար առավել օպտիմալ տարբերակը: Տվյալ իրավիճակում կառավարությունը կարող է խրախուսել վարկերի համաներումը առեւտրային բանկերի կողմից, դրանց մասով հարկվող շահույթից համապատասխան չափով նվազեցում թույլ տալով, ինչպես դա արվեց անցած տարի կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների հաղթահարման շրջանակում։ Ավելին անելն այս պահին իրատեսական չէ ֆինանսական հնարավորությունների, ինչպեսեւ՝ նախադեպ ստեղծելու առումով։ Առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները լիովին ազատ են ցուցաբերելու անհատական մոտեցում տարբեր դեպքերի համար, ինչն ավելի մոտ է իրականությանը։
-Միջազգային պրակտիկայում վարկային համաներման փորձերից խոսենք, օրինակ՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի օրինակներից։
-Վարկային համաներման ծրագրեր բազմիցս իրականացվել են արտերկրում: Մասնավորապես, 2007-2009 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում ԱՄՆ գլխավոր ֆինանսական կառույցը՝ դաշնային պահուստավորման համակարգը բանկերին կոչ արեց ներել հիփոթեքային վարկերի մայր գումարները՝ անշարժ գույքի շուկայական գների էժանացմանը համամասնորեն: Այս քայլը նախատեսված էր որպես լրացուցիչ միջոց վարկային դեֆոլտների աճը կանխելու ուղղությամբ: Անդրադառնալով հետխորհրդային երկրներին, պետք է նշել, որ ՌԴ-ում 2009-ից ի վեր կիրառվել է վարկային համաներումը, սակայն դա նախաձեռնել են առանձին բանկեր: Այսպես, «Խնայբանկը» իր ցածր վճարունակություն ունեցող հաճախորդների համար 2009-ից պարբերաբար իրականացրել է վարկային համաներում՝ վարկերի ժամկետների երկարաձգման եւ ուշացման համար տույժերի ու տուգանքների զրոյացման միջոցով: Դրանով բանկը ոչ միայն օժանդակում է իր վճարունակության խնդիրներ ունեցող հաճախորդներին, այլեւ օպտիմալացնում է սեփական վարկային պորտֆելը: Այդ օրինակին հետագայում հետեւել են նաեւ բազմաթիվ այլ ռուսական բանկեր: Ինչ վերաբերում է համապետական մակարդակով վարկերի համաներմանը, ապա այդպիսի փորձ առկա է Ղազախստանում, որտեղ 2015 թ. ընդունվեց համապատասխան օրենք: Դրանով նախատեսված էր վերացնել խնդրահարույց վարկերի տույժերն ու տուգանքները, իսկ բանկերը պետք է անհատապես հաճախորդների հետ կազմեին վարկերի մարման նոր ժամանակացույցեր: 2018 թ. վարկերի համաներման մասին օրինագիծ է ներկայացվել ՌԴ Պետդումա, որով նախատեսվում է վարկային համաներում տարածել անվճարունակ ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների վրա: Այդ օրինագծով նախատեսվում է ուշացած վարկերի գծով տույժերի վերացում, տոկոսների նվազեցում եւ վարկային վատ պատմության վերանայում: Սակայն այս օրինագիծը մերժվել է օրենսդիրի կողմից։ 2021 թ. կրկին առաջարկներ են ներկայացվել Պետդումա համաներման համար՝ ելնելով կորոնավիրուսի ճգնաժամի ազդեցություններից։
-Միջազգային փորձը մի կողմ՝ Հայաստանում ո՞ր դեպքում ո՛ր տարբերակը ճիշտ կաշխատի։ Կամ՝ հիմա բանկային հատվածը նման քայլ անելով՝ ի՞նչ ռիսկերի առաջ կկանգնի։
-Այստեղ մեդալի երկու երեսն էլ պետք է նայենք։ Մի կողմից՝ վարկային համաներումը կնպաստի ոչ միայն ազգաբնակչության ֆինանսական վիճակի բարելավմանը, այլեւ կնպաստի բանկերի ակտիվների առողջացմանն ու ֆինանսական միջոցների շրջանառելիության արագացմանը: Վերջինս հիմնավորվում է նրանով, որ բանկերը ժամկետանց պարտավորությունների պահուստներին ավելի քիչ գումարներ կուղղեն եւ հնարավորություն կունենան արդեն իսկ այդ պահուստներում կուտակված որոշակի ռեսուրսներ շրջանառության մեջ դնել, քանի որ վերաձեւակերպված վարկերն արդեն չեն համարվի ժամկետանց: Մյուս կողմից՝ վերոթվարկյալ միջոցառումների իրականացումը չի ենթադրում նույն անձի համար դրանց բոլորի միաժամանակյա պարտադիր կիրառում, քանի որ տարբեր վարկառուներ գտնվում են տարբեր իրավիճակներում: Ավելին, արդարության սկզբունքի ապահովման նկատառումներից ելնելով՝ վարկային համաներումը չպետք է տարածվի բոլոր ժամկետանց պարտավորություններ ունեցող քաղաքացիների վրա, այլ անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել՝ տարբերակելու համար իրականում ֆինանսական վատ վիճակում գտնվող քաղաքացիներին տարաբնույթ խարդախությունների դիմած անձանցից: Այլապես սա կդառնա նախադեպ եւ կնպաստի հետագայում վարկային պարտավորությունների գծով բարեվարքության անկմանը։ Ընդհանրապես, վարկային համաներման ծրագիրը պետք է լուրջ քննարկումների առարկա դառնա կառավարության, կենտրոնական բանկի, առեւտրային բանկերի եւ հասարակության ներկայացուցիչների հետ: Խնդրին ավելի օբյեկտիվ լուծում տալու համար նպատակահարմար կլինի ձեւավորել հատուկ հանձնաժողով՝ դրանում ընդգրկելով պատգամավորների, կառավարության, կենտրոնական բանկի, առեւտրային բանկերի ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք կդիտարկեն վարկային համաներման գծով միջոցառումների իրականացման հնարավորություններն ու փոխշահավետ ճիշտ լուծման կհանգեն: